Դեկտեմբեր 09, 2016 03:15 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ:

Իրանի ճարտարապետական երկնակամարում քիչ չեն այն հայ ճարտարապետները, որոնք չեն խնայել իրենց լավագույնը, Իրանի ճարտարապետական մնայուն կոթողներ կառուցելու գործում:

Հիշյալ փաղանգին է պատկանում հանգուցյալ Վարդան Հովհաննիսյանը, որի ծննդյան 120-ամյակի առիթով յուրահատուկ դասախոսական-գեղարվեստական միջոցառում էր կազմակերպվել դեկտ. 2-ի երեկոյան, Թեհրանում «Գոֆթեման-ե շահր եւ մեմարի» կենտրոնի պատմական նշանակության շենքում, որը ժամանակին կառուցվել է ճարտարապետ Վարդանի նախագծով:

Իրանի պետական հիմնով մեկնարկած հուշերեկոյին ողջույնի խոսք ասաց Նասեր Նասիրին եւ ընդգծեց, որ հիշյալ կենտրոնում կազմակերպված այս միջոցառումը առաջինն է, որի իրագործումը 12 հիմնարկների, ինչպես Ճանապարհաշինության նախարարության ու զանազան կազմակերպությունների, այդ թվում՝ Հայ ճարտարագետների ու ճարտարապետների միության համատեղ գործակցության արդյունքն է: Նա ընդգծեց, որ «Գոֆթեման-ե շահր եւ մեմարի» պատմական նշանակության տունը կառուցվել է 1946 թվականին՝ ճարտարապետ Վարդանի ջանքերով, եւ բացատրություններ փոխանցեց շենքի մասին:

Ընթացքում ցուցադրվեց ճարտարապետ Վարդանի կենսագրությունն ու գործունեությունը ներկայացնող տեսաֆիլմ, որը պատրաստել էր Խոսրո Սալարիանը:

Միջոցառմանը ելույթ ունեցան ճարտարապետ Բիժան Շաֆեին, ճարտարապետ Առլեն Ստեփանյանը եւ միջոցառմանը ներկա Վարդան Հովհաննիսյանի հորեղբոր դուստրը՝ դոկտ. Սոնիկ Հովհաննիսյանը:

Ծրագրում հայկական երգերի ու երաժշտության կատարմամբ ելույթ ունեցան Վարուժան Եդգարյանը եւ Արին Ավանեսյանը:

Նշենք, որ միջոցառմանը կազմակերպվել էր նաեւ ճարտարապետ Վարդանի գործերը ներկայացնող ցուցահանդես եւ վաճառվում էր նրա հիշատակին թողարկված նամակադրոշմները:

Արման Ստեփանյանի «Հանգստարան» (Արամեսթան) լուսանկարների ցուցահանդեսը

 

Դեկտեմբերի 2-ին, բազմաթիվ հեղինակավոր լուսանկարիչների ներկայությամբ, Թեհրանի «Աֆրանդ» ցուցասրահում մեկնարկեց Արման Ստեփանյանի «Հանգստարան» (Արամեսթան) անունը կրող լուսանկարների ցուցահանդեսը:

Ցուցադրության հանված շուրջ 20 լուսանկարները ընտրված են լուսանկարիչ Արմանի նույնանուն պրոեյկտի ավելի քան 50 լուսանկարների միջից, որոնցում լուսանկարիչը կադրը ներկայացնելով, որպես կյանքը պատկերող իմաստնություն եւ հիշողություն  փորձել է «Պանթեոնում» անցկացրած երկու տարվա ընթացքում պատկերածը ներկայացնել, որպես՝ տապանաքարերի վրա հիշողություններից գոյացած ապրումների հետքեր:

Ցուցահանդեսը գործելու է մինչեւ դեկտեմբերի 16-ը:

 

Մոկսվայում անցկացվեց Իրանի, Հայաստանի ու Ռուսաստանի պոեզիային ու երաժշտությանը նվիրված առաջին երեկոն: Երեկոյին մասնակցեցին գրողներ ու երաժիշտներ երեք երկրներից, ինչպես նաև հյուրեր` Տաջիկստանից ու Պակիստանից :

Կիրակի գիշեր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի «Գայդարով»-ի մշակույթի տանը կազմակերպված  երեկոյի ընթացքում իրենց վերջին ստեղծագործությունների ընթերցմամբ ու կատարմամբ ելույթ կունենան Իրանի, Հայաստանի ու Ռուսաստանի բանաստեղծներն ու երաժիշտները:

Ծրագրին մասնակցեցին պարսկերեն, հայերեն ու ռուսերեն լեզուների մի խումբ դասախոսներ, իրանագետներ ու արևելագետներ:

Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին տեսանյութեր` երեք երկրների պատմական ու մշակութային վայրեի վերաբերյալ:

Իրանի, Հայաստանի ու Ռուսաստանի պոեզիայի առաջին երեկոյի կազմակերպիչ և «Մեհրաբանան» երաժշտական խմբի ղեկավար Համիդռեզա Դադուն այդ գեղարվեստական ու մշակութային միջոցառման նպատակների մասին ասել է. «Երկրները միմյանց ծանոթացնելու լավագույն ճանապարհը պատմական, մշակութային, հասարակական ու կրոնական կապեր ունեցող ժողովուրդների ընդհանրությունների բացահայտումն է»:

Նկատի առնելով Ռուսաստանում պարսկերեն լեզվի ուսուցման տարածումը և լեզվի հանդեպ հետաքրքրության աճն, ամեն տարի Ռուսաստանի տարբեր քաղաքներում, հատկապես Մոսկվայում ու Սանկտ Պետրբուրգում, տեղի են ունենում տարբեր միջոցառումներ, այդ թվում` պոեզիայի երեկոներ, մշակութային ու ձեռարվեստի ցուցահանդեսներ և իրանական ֆիլմերի ցուցադրություններ:

Պալմիրա

 

Նոբելյան մրցանակի 5 դափնեկիր կոչ են արել անհապաղ միջոցներ ձեռնարկել մշակութային ժառանգության հուշարձանները փրկելու համար: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, հայտարարությունն ընդունվել է Աբու Դաբիում կայացած գագաթաժողովի ժամանակ: Որոշվել է ստեղծել 100 միլիոն դոլար գումարով հիմնադրամ՝ հակամարտությունների գոտիներում գտնվող մշակութային արժեքների պաշտպանության համար: 30 միլիոն կներդնի Ֆրանսիան: Միջոցները կուղղվեն մշակութային արժեքների պաշտպանությանը, տեղափոխմանը և վերականգնմանը:

Սիրիայում, Մալիում և Իրաքում գտնվող պատմական հուշարձանները շատ են տուժել վերջին տարիներին իսլամիստների գործողություններից, իսկ Սիրիայում և Եմենում հինավուրց կառույցները՝ հրետանային ու հրթիռային հարվածներից: Բացի այդ, մշակութային արժեքներին սպառնում են բնական երևույթները և բնապահպանական խնդիրները:

Հայտարարության տակ ստորագրել են Մյանմայի փաստացի առաջնորդ Աուն Սան Սու Չին, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը, գրողներ Օրհան Փամուկը և Մարիո Վարգաս Լյոսան: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցված մշակութային ժառանգության 1052 հուշարձաններից 55-ը, կազմակերպության տվյալներով, վտանգի տակ են:

«Երկրաշարժ»

 

Միջազգային կինոմամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխության պաշտոնական կայքն անդրադարձել է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կայքը գրում է, որ ֆիլմը հիմնված է 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի իրական պատմության վրա, որը խլել է շուրջ 25 հազար մարդու կյանք:

«Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի համար դա շատ հատուկ նախագիծ էր, որը ցանկանում էր իրականացնել կատարվածից 30 տարի անց` պատմելու պատմություն ոչ միայն մահվան և ավերածությունների, այլև մղձավանջի ժամանակ հույսի և համայնքի միության մասին»,- գրում է կայքը:

«Երկրաշարժ» ֆիլմը պատմում է 1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի մասին: Ֆիլմում բնական աղետի ֆոնին ծավալվում է երկու հերոսների` 45-ամյա Կոնստանտին Բերեժնոյի և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը։ Ճակատագրի դիպվածով` սա նրանց առաջին հանդիպումը չէ. տարիներ առաջ Բերեժնոյի մեղքով Ռոբերտի ծնողները զոհվել էին ավտովթարից։ Կոնստանտինը մի քանի տարի անցկացրել է բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտին ապաստան են տվել ազգականները։ Բերեժնոյը վերադառնում է իր ընտանիքի մոտ հենց սարսափելի երկրաշարժի օրը. նրան սպասում են կինը, աղջիկը, որդին և Ռոբերտը, որն այդպես էլ չի ներել նրան։ Ճակատագրի հեգնանքով հերոսները հայտնվում են նույն փրկարարական ջոկատում:

«Տներ առանց դռների»

 

Սիրիահայ ռեժիսոր Ավո Կապրեալյանի «Տներ առանց դռների» (Houses Without Doors) ֆիլմն Իտալիայում Տորինոյի 34-րդ կինոփառատոնում երկու լավագույններից է ճանաչվել «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում:

«Անելանելի իրադրության պայմաններում նա ցույց է տալիս այն, ինչն անհնարին է ցուցադրել. իր ընտանիքի տան պատշգամբից նա նայում է ողջ աշխարհին: Նա ստիպում է մեզ հավատալ, որ սիրիացի և հայ ժողովուրդները ողջ մարդկությունն են և որ կինեմատոգրաֆիայի գործիքները կօգնեն մարդկությանը գոյություն ունենալ և դիմադրել բոլոր ժամանակներում»,- ասել է Կապրեալյանին մրցանակ շնորհած ժյուրին:

«Տներ առանց դռների» ֆիլմը պատմում է բախումների ժամանակ Հալեպի հայաշատ Նոր Գյուղ շրջանում բնակվող մի հայկական ընտանիքի պատմությունը: Ֆիլմը նկարահանված է Կապրեալյանի տան պատշգամբից և ցույց է տալիս քաղաքացիական պատերազմի դառնությունները: Զուգահեռներ են տարվել Հայոց ցեղասպանության և սիրիացի ժողովրդի ներկա տառապանքների միջև:

Գուստավ Մալերի «Համբարձում» սիմֆոնիայի հեղինակային պարտիտուրան

 

Գուստավ Մալերի «Համբարձում» սիմֆոնիայի հեղինակային պարտիտուրան վաճառվել  է Sotheby's աճուրդային տանը երաժշտական ձեռագրերի համար ռեկորդային գնով՝ ավելի քան 5․6 մլն դոլարով, հայտնում է BBC–ն։

«Համբարձում» սիմֆոնիայի 232 էջանոց պարտիտուրան՝ հեղինակի կողմից արված   ուղղումներով ու նշումներով, վերջին 35 տարիներին աճուրդի դրված ամենաթանկարժեք երաժշտական ձեռագիրն է։

«Աշխատանքը պահպանել է այն տեսքով, որով այն թողել է Մալերը՝ արտացոլելով ու բացահայտելով կոմպոզիտորի աշխատանքային պրոցեսը», -ասվում է Sotheby's-ի հաղորդագրության մեջ։

Ձեռագիրը պատկանում էր գործարար Հիլբերտ Կապլանին, որը մահացել է այս տարվա հունվարին 74 տարեկանում։ Հիլբերտ Կապլանը 1960-ականների կեսերին  լրջորեն հրապուրված էր Գուստավ Մալերի ստեղծագործություններով։ Հատկապես նրան ոգեշնչում էր ավստրիացի կոմպոզիտորի «Համբարձում» սիմֆոնիան։

Նկարիչ Կիրոն Ուիլյամսոն

 

Նկարիչ Կիրոն Ուիլյամսոնն ընդամենը 12 տարեկան է: Նա սովորական տղա է, սիրում է խաղալ ֆուտբոլ, քշել հեծանիվ, անցկացնել ժամանակ ընկերների հետ: Իսկ ինչո՞վ է նա տարբերվում իր հասակակիցներից: Նկարելու անհավանական տաղանդով: Թերթերը նրան անվանում են «մինի-Մոնե», և իր վերջին ցուցահանդեսում Կիրոնը վաճառել է 40 կտավ՝ ստանալով 400 հազար ֆունտ ստերլինգ:

Կիրոնն արդեն միլիոնատեր է: Նրա ցուցահանդեսներին ներկա են լինում ամբողջ աշխարհից կոլեկցիոներներ:

2009-ին, երբ նա առաջին հարցազրույցն էր տվել, ընդամենը 7 տարեկան էր, ապրում էին փորքիկ բնակարանում: Արդեն 2011-ին իր նկարները վաճառելով՝ օգնել է ծնողներին ձեռք բերել նոր տուն՝  լճի մոտ:

Ժամանակի ընթացքում Կիրոնն էլ ավելի է վարպետացել, տեխնիկան փոխվել է, ակնհայտորեն, դեպի լավը:

Միխայիլ Պիոտրովսկի

 

Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին կարծում է, որ «ինտերնետի լեզուն»  չպետք է դառնա մշակույթի լեզու, քանի որ զանգվածային մշակույթը չպետք է կլանի հիմնարարը:

Ռիա նովոստիի հաղորդմամբ, ՌԴ նախագահին կից մշակույթի, արվեստի, ռուսաց լեզվի  խորհրդի նիստում  նա նշել է, որ լեզուն՝ գլխավոր ժառանգությունն է, բայց մշակութային կառույցները մարդկանց հետ հաճախ շփվում են պետական լեզվով:

«Այսպիսի բառ կա, որը մշտապես օգտագործվում է՝ «ծառայություն», իրականում մենք ոչ թե ծառայություններ ենք մատուցում, այլ իրականացնում ենք ազգային պետական ֆունկցիա»,- ասել է Պիոտրովսկին:

Պիոտրովսկին ընդգծել է, որ մշակութային անգրագիտությունը հաճախ վերաճում է ագրեսիայի, իսկ դրան պատասխանը՝ լուսավորությունն է: