Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (116)
Ողջույն թանկագին բարեկամներ: Եթերում «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարն է: Այս թողարկման ընթացքում կշարունակենք նախորդ շաբաթներում սկսած մեր զրույցը՝ լուսնային հիջրեթի 6-րդ դարի իրանցի հայտնի միստիկ, սուֆի, մոհադես ու բանաստեղծ և Քոբրավիա ուղղության հիմնադիրներից ու առաջնորդներից Շեյխ Նաջմեդիին Քոբրայի մասին: Ընկերակցեք մեզ:
Ասացինք, որ Շեյխ Նաջմեդդին Քոբրան ծնվել է լուսնային հիջրեթի 540 թվականին Մեծ Խորասանի Խիվե քաղաքում: Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրում, իսկ գիտելիքները կատարելագործելու համար պարբերաբար ճամփորդությունների մեջ է եղել : Որտեղ մի գիտնականի ներկայության մասին լուր է ստացել մեկնել է այնտեղ և աշակերտել է նրան: Այդ պատճառով էլ Շեյխ Նաջմեդդինը միստիկ լինելուց բացի նաև եղել է Ղուրանի մեկնաբան, հադիսագետ, աստղագետ, իմաստուն, փիլիսոփա ու բառագետ: Լուսնային հիջրեթի 575 թվականին իր վարպետի կարգադրությամբ վերադառնում է ծննդավայր Խիվե քաղաքը և սկսում է դաստիարակել ճշմարտության սիրահարներին: Քոբրավիա ուղղության հիմնադիրներից Շեյխ Նաջմեդդին Քոբրան լուսնային հիջրեթի 618 թվականին՝ 78 տարեկան հասակում, հերոսաբար նահատակվում է մոնղոլ զավթիչների զորքի հետ առճակատման ժամանակ:
Նաջմեդդին Քոբրայի ժամանակաշրջանը կարելի է տարբեր ուղղությունների դարաշրջան համարել, որոնցից են «Ղադեսիա»-ի, «Յասույա»-ի, «Ռեֆաիա»-ի, «Հեյդարիա»-ի, «Սոհրեվարդիա»-ի, «Յեքթաշիա»-ի, «Մոլավիա»-ի, «Ղունիա»-ի, «Քոբրավիա»-ի և «Նաղշբանդիա» ուղղությունները: Շեյխ Նաջմեդդին Քոբրան «Քոբրավիա» ուղղության հիմնադիրն ու առաջնորդն է: «Քոբրավիա» ուղղությունն Իրանում սուֆիզմի գլխավոր ուղղություններից է, որը տարածված է եղել Խորասանից ու Միջին Ասիայից մինչև Շամ, Փոքր Ասիա և Չինաստան: Որոշ բանասերներ հավատացած են, որ սուֆիզմն ու հատկապես իրանական սուֆիզմը Նաջմեդդինից հետո մեծ տարածում են գտել: Նաջմեդդինն օժտված էր երկու գլխավոր յուրահատկություններով: Նախ սուֆիական խորիմաստ մտքերն ու զգացմունքներն արտահայտում էր ամենապարզ ու սահուն լեզվով: Երկրորդ՝ իր կատարելագործող խրատները տրամադրել է հետևորդներին, որպեսզի ինչպես աղբյուր նրանց կյանքի համար օրինակ ծառայի:
Կրոնի ընդգծումը և ներքին ու արտաքինը միմյանցից չտարանջատելը, ուղղության կարգերը, թիկնոցի անհրաժեշտությունը, վարպետին լիարժեքորեն հետևելու անհրաժեշտությունը, մենակյացության և «զիքր»-ի (ճիգածես) ներշնչանքի կարևորությունը և հասարակական լինելով հանդերձ լռության ու ճգնության վրա «Քոբրավիա»-ի դրած շեշտն այս ուղղության սկզբունքներից են:
«Քոբրավիա»-ի գլխավոր սկզբունքներից մեկը «զիքր»-ն է: Նաջմեդդին Քոբրան նորամուտ հետևորդների համար ուղղությանը մաս կազմելու տասը փուլեր է ներկայացնում, որոնց թիկունքում թողնելով հետևորդը կարող է աստվածային իմաստնություն ձեռք բերել: «Քոբրավիա»-ի ուղղության մեջ շարունակական «զիքր»-ը, մշտական ծոմապահությունը, շարունակաբար մաքրվելը, լռությունը, ճգնությունը և ուսուցչի ու վարպետի կողմից շարունակաբար առաջնորդվելը մեծ նշանակություն ունեն: Այս ուղղության տեսակետից մարդը պիտի հրաժարվի աստվածային պատվիրաններին ու կամքին ընդդիմանալուց և հավերժական շնորհների ու նաև դրախտի բարիքներին տիրանալու համար չպիտի անտեսի աղոթքն ու պաշտամունքը: Նաջմեդդին Քոբրան հավատացած էր, որ միստիկ անհատը կարող է իր էներգիան կենտրոնացնելով ու առաջնորդելով դեպի «կարելիների» աշխարհը «կարելի» դարձնել դրանց:
«Քոբրավիա»-ի ուղղության հիմքում ընկած է «զիքր»-ը: «Զիքր» բառացի նշանակում է հիշել ու արտահայտել և համարվում է սուֆիական հոգևոր ուղղությունների հիմքը: Աստված իր որոշ անվանումներն այդ թվում «Ֆաթահ»-ը, «Հայ»-ը, «Սոբհանալլահ»-ը, «Լա Էլահա Էլ-ալլահ»-ը սրբացրել է: Միստիկների համոզմամբ բոլոր պաշտամունքներն, այդ թվում Ղուրան կարդալն ու աղոթելը համարվում են բարեգութ Աստծո «զիքր»-ը կամ հիշատակումը: Սակայն գործնականում և սուֆիների մոտ «զիքր» նշանակում է Աստծո անվան կամ անվանումների հիշատակումը, որը կատարվում է հատուկ պաշտամունքի ձևով: Հետևաբար «զիքր»-ը տարբերվում է աղոթքից կամ պաշտամունքի այլ տեսակներից: Աղոթքն ընդհանրապես մի տեսակ խնդրանք է, սակայն «զիքր»-ի ժամանակ օգտագործվում են միայն արաբերեն անուններ և կամ Ղուրանից քաղված պարբերություններ ու հադիսներ: «Զիքր»-ն այս իմաստով նշանակում է կենտրոնանալ Աստծո անվան վրա և նրան չմոռանալ: «Զիքր»-ի իրական իմաստը նրա մեջ է, որ մարդ Աստծուց բացի մոռանա ամեն ինչ:
Աստվածային կրոններում Աստված չնայած իր վեհությանն ու նաև մարդկային գիտակցության սահմաններում չտեղավորվելուն, այնպիսի Աստված է, որ հայտնության, աղոթքի ու «զիքր»-ի միջոցով երկկողմանի կապի մեջ է գտնվում մարդու հետ: Միստիկները «զիքր»-ը և հատկապես դրա սրտից բխած տեսակը բառացի կամ առանց բառերի օգնության Աստծո և մարդու ուղղակի ու գիտակցաբար իրականացվող հանդիպում են համարում:
Սուֆիներն այն համոզման են, որ Աստված առեղծվածային կերպով ներկայություն է իրենց անունների մեջ: Անվան տիրոջը հասնելու համար, որն իրականության մեջ անվան էությունն է կազմում, սուֆիական ուղղություններ մուտք գործելուց և վարպետի միջոցով առաջնորդվելուց հետո պիտի սկսել աստվածային անվանումների հիշատակումը: Աստված անսահման է: «Քոբրավիա»-ի ուղղության միստիկների համոզմամբ մարդը չի կարող ուղղակի կերպով կենտրոնանալ անսահմանության վրա, սակայն կենտրոնանալով անսահմանության խորհրդանիշի վրա կարող է հասնել դրան: Աստծո անվանումների հետ կապակցությունը հանգեցնում է Աստծո հետ միացմանը:
Կենտրոնացման համար մարդուն խանգարում են նրա մտային աշխատանքները, որոնք շեղում են նրա միտքը և միայն սրբազան անուններն են, որ կարողություն են փոխանցում մարդուն, որպեսզի իր միտքը կենտրոնացնելով իր գոյության կենտրոնի, այսինքն հոգևոր սրտի վրա դրան մաքրի թերացումների ժանգից: Շեյխ Նաջմեդդին Քոբրան ասում է. «Աստծո անվան հիշատակումը դեմ է այն բոլորին, որոնք հակառակ են Աստծուն ու երբ հայտնվում է որևէ տեղ ոչնչացնում է այն ամենն ինչ հակառակ են իրեն»:
Իսլամական սուֆիզմի գլխավոր «զիքր»-երը, «Լա Էլահա Էլ-ալլահ»-ը, «Ալլահ»-ը և առավել բարձր փուլում «Հու»-ն են: «Քոբրավիա»-ի ուղղության մեջ շեշտը դրված է «Լա Էլահա Էլ-ալլահ»-ի վրա, որի կարևորությանն անդրադարձել են այս ուղղության բոլոր միստիկները և դա հանձնարարել են իրենց աշակերտներին: Իսլամ կրոնում «Լա Էլահա Էլ-ալլահ»-ը պարունակում է կրոնի բոլոր ուսուցումները, այսինքն միաստվածապաշտությունը, որը մարգարեի առաքելության մասին վկայության հետ միասին համարվում է մուսուլման դառնալու պայմանը: Իրականության մեջ Ղուրանը և իսլամի մյուս ուսուցումները համարվում են «Լա Էլահա Էլ-ալլահ»-ի իմաստի ընդլայնումը, որը կրոնական բոլոր ուսուցումների հիմնական սկզբունքի առանցքն է կազմում և հենց այդ պատճառով էլ Նաջմեդդինը շեշտը դնում է դրա վրա: Նաջմեդդին Քոբրան «Ֆավաթեհ-ալ-ջամալ» գրքում այս կապակցությամբ ասում է. «Ինքնությունը երկու տեսակ է լինում: Նրա ինքնությունը և քո ինքնությունը: Քո ինքնությունը ոչնչանում է ու նրա ինքնությունը գոյատևում է: «Լա Էլահա Էլ-ալլահ»-ն էլ ակնարկում է նրա ինքնությանը, որից բացի այլ ինքնություն չկա»: «Քոբրավիա» ուղղության միստիկները հավատացած են, որ «Լա Էլահա Էլ-ալլահ»-ի հիշատակումը անհատի երջանկության ու փրկության պատճառ է դառնում»:

Միստիկներն այն կարծիքի են, որ մարդը մոռացել է Աստծո հետ կնքած հավերժական պայմանը և «զիքր»-ը հիշեցնում է Աստծո և մարդու միջև կնքված այս պայմանն ու դաշինքը: «Քոբրավիա»-ի ուղղության մեջ այն համոզմունքը գոյություն ունի, որ այս «զիքր»-ն ու նաև մյուս «զիքր»-երը վերածվում են լույսի և վերականգնում սրտի լուսավոր բնությունը: «Զիքր»-ը լինում է թաքուն ու բացահայտ և «Քոբրավիա»-ի ուղղության մեջ գերադասությունը տրված է թաքուն ու սրտի խորքում կատարվող հիշատակությանը, որը տարբեր փուլեր ունի և ամենավերջին փուլում «զիքր» ասող անհատը նույնացվում է Աստծո հետ, արժանանում է նրա հանդիպմանը, նրա գոյության բոլոր ծալքերը միավորում են ու նա «Ալլահ, Ալահ» զիքրն է կարդում: