Դեկտեմբեր 24, 2016 07:25 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ:

Իրանական ձմեռնամուտի առիթով ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը 2016 թ. Դեկտեմբերի 20-ին, Հայաստանի Գրողների Միության դահլիճում կազմակերպեց իրանական ավանդական երաժշտության օրեր:

Միջոցառման ընթացքում ելույթ  ունեցավ «Փայար» համույթը:

Էմմա Բեգիջանյան

 

Իրանական գրականությամբ հետաքրքրվողների գրադարանը համալրվում է միանգամից երկու գրքով:

Էմմա Բեգիջանյանի թարգմանությամբ լույս են տեսել «Քարի այգի» և «Ինչո՞ւ էր ծովը փոթորկվել» պատմվածքների ժողովածուները, որոնց շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ին Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

«Քարի այգի» ժողովածուում զետեղված է Իրանի արդի գրականության ավագ սերնդի վեց արձակագիրների (Սիմին Դանեշվար, Ղոլամ Հոսեյն Սաեդի, Հուշանգ Գոլշիրի, Մահմուդ Դովլաթաբադի, Մոհամեդ Մոհամեդ Ալի, Զոյա Փիրզադ) տասներկու պատմվածք:

«Ինչո՞ւ էր ծովը փոթորկվել» ժողովածուում ներկայացված են 20-րդ դարասկզբի պարսիկ անվանի արձակագիրներ Մոհամեդ Ալի Ջամալզադեի, Սադեղ Հեդայաթի, Մոջթաբա Բոզորգ Ալավիի, Սադեղ Չուբաքի, Ջալալ Ալ-ե Ահմադի, Մոհամեդ Հեջազիի տասնչորս ստեղծագործություններ:

«Ընտրված գրողները ճանաչված են ոչ միայն Իրանում, այլև ողջ աշխարհում: Նրանցից շատերը թարգմանվել են տասնյակ լեզուներով: Բացառությամբ մեկ-երկուսի՝ այս գրողները առաջին անգամ են բնագրից հայերեն թարգմանվում»,- Cultural.am-ի հետ զրույցում նշեց Էմմա Բեգիջանյանը:

Թեհրանում ծնված և մոտ երկու տասնամյակ Իրանում ապրած թարգմանչի մեջ պարսիկ գրողների գործերը հայերեն թարգմանելու գաղափարն առաջացել է դեռևս այն ժամանակ, երբ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ‎ֆակուլտետի պարսից լեզվի և գրականության բաժնի ուսանող էր:

«Իմ թարգմանած գրողներից շատերի ստեղծագործությունները համալսարանական ծրագրում կային: Քանի որ ես լեզվակիր էի, առանց դժվարության կարդում էի դրանք բնագրով, բայց ուսանողներից շատերը կարդում էին միայն վերլուծականը: Այդ տարիներին որոշեցի, որ հենց ժամանակ ունենամ, թարգմանելու եմ»,- ասաց Բեգիջանյանը:

2009 թվականին նրա թարգմանությամբ լույս է տեսել պարսիկ արձակագիր Աբբաս Ջահանգրիի «Ֆարաբի» վիպակը, 2011-ին՝ պարսիկ արձակագիրների պատմվածքների «Ոտանահետքեր ծովափին» ժողովածուն, 2012-ին՝ «Մոլավի (Ջալալըդին Ռումի) Մասնավիի պատումները»։ Պարսկերեն է թարգմանել հայ ժամանակակից արձակագիրների պատմվածքների «Ծիածան» ժողովածուն:

«Հատկապես «Ոտանահետքեր ծովափին» ժողովածուն մեծ ընդունելություն գտավ: Դա ինձ ոգևորեց, որ ավելի շատ թարգմանեմ, մանավանդ որ Իրանում իսկապես մեծ գրականություն է ստեղծվում: Իրանական լավագույն ֆիլմերը հիմնականում իրենց արձակի հիման վրա են նկարահանվում, իսկ պոեզիան, անշուշտ, շատ հայտնի է:

Մյուս կողմից էլ գրականությամբ երկիր ես ճանաչում: Մեկը կարդաց «Ինչո՞ւ էր ծովը փոթորկվել» գիրքը, ասաց՝ ես պարսիկներին այլ կերպ գիտեի»,- պատմեց Էմմա Բեգիջանյանը:

Օհան Դուրյան

 

Հայաստանում պրոդյուսեր, նկարիչ, ռեժիսոր Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ցուցադրվեց Նամինի «Օհան Դուրյան. խորը զգացմունքների մասնագիտություն» վավերագրական ֆիլմը: «Օհան Դուրյանը հայ ժողովրդի պարծանքն է: Նա աշխարհի մակարդակով մեծանուն դիրիժոր էր, որի առջև խորնարհվում էին շատերը: Հիանալի ստեղծագործող, ով ցնցեց ողջ Մոսկվան` խորությամբ ներկայացնելով հզորագույն ստեղծագործությունները. զգում էր այն, ինչն ի զորու չէր զգալ որևէ մեկը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ստաս Նամինը:

Վավերագրական ֆիլմը նկարահանվել է Ստաս Նամինի պրոդյուսերական կենտրոնում: Ռեժիսորն Ալեքսեյ Կիսելյովն է: Կինոնկարի զգալի մասը դիրիժորի վերջին շրջանի գործունեության մասին է, երբ նա Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր և գլխավոր դիրիժորը:

Կինոնկարում մաեստրոյի արժանիքների մասին էին խոսում արվեստի ոլորտի բազմաթիվ գործիչներ: Կարծիքների համաձայն Դուրյանը եզակի դիրիժոր էր, որը կարողանում էր մինչև վերջ բացահայտել կոմպոզիտորին:

Օհան Դուրյանը ծնվել է 1922 թ. Երուսաղեմում։ Տեղում կոմպոզիցա և խմբավարություն ուսանած երաժիշտն այնուհետև համերգային շրջագայությունների է մեկնում Եվրոպա և զարմացնում իր ֆենոմենալ հիշողությամբ, խոր, զգայուն երաժշտականությամբ։

Մինչև 1950-ականները ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Հետագայում մեկնել է Եվրոպա։

1962-1969 թվականներին Օհան Դուրյանը իբրև հյուր դիրիժոր հանդես է գալիս Գևանդհաուսի նվագախմբի հետ, այդ համագործակցության արդյունքում կայացած 19 համերգները, որոնց ժամանակ չի գործածվում ոչ պարտիտուր, ոչ էլ դիրիժորական փայտիկ, դառնում են լայպցիգյան երաժշտական կյանքի բարձրակետը՝ հանդիսատեսի մեջ կենդանի թողնելով խոսուն ձեռքերի երաժշտության լեզուն։

Դուրյանը երկու անգամ Գևանդհաուսի երգչախմբի խմբավար է նշանակվում։ Մամուլում նրան սկսում են համեմատել Նիկիշի, Բեռնշտայնի, Կարայանի ու Տոսկանինիի հետ։ 1966-1968-ին Լայպցիգի օպերային թատրոնում նրա ղեկավարությամբ նաև «Դոն Կառլոսն» է ներկայացվում երաժշտասերների դատին։ Դուրյանն աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ։ Նա այն եզակի արվեստագետներից էր, ով արժանացել է ավելի քան 300 միջազգային երաժշտագետների բացառիկ դրական կարծիքների:

Վիգեն Չալդրանյան

 

ՀՀ մշակույթի նախարարության և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրինության  որոշմամբ` Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել ռեժիսոր, սցենարիստ Վիգեն Չալդրանյանը: Այդ մասին դեկտեմբերի 19-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Հարգելով և գնահատելով մեծ վարպետի` Սոս Սարգսյանի հիշատակը, ցանկանում ենք թատրոնին նոր շնչառություն հաղորդել, թարմ խաղացանկ և այն դուրս բերել միջազգային ասպարեզ: Համոզված եմ, որ Չալդրանյանն իր փորձով, անցած ուղիով և մասնագիտական բարձր վարպետությամբ մեծ օգուտ կբերի թատրոնին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը:

Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով` թատրոնի հիմնադիր և իրենց ուսուցիչ Սոս Սարգսյանից հետո անհնար էր թվում այլ գեղարվեստական ղեկավարի առկայությունը, քանի որ նրա դերը չափազանց մեծ էր իրենց կյանքում: «Կարծում եմ` գտել ենք այն ճիշտ մարդուն, ով կարող է ստանձնել այդ ծանր բեռը: Շնորհավորում եմ Վիգեն Չալդրանյանին և ցանկանում ասել, որ շատ սպասելիքներ ունենք իրենից»,-շեշտեց տնօրենը:

«Ես ոչ թե պաշտոն, այլ առաքելություն եմ ստանձնում: Այս ստեղծագործական խմբի հետ ցանկանում եմ ստեղծել առողջ ընտանիք և քայլել արվեստի ճանապարհով: Այդ առաքելությունը կարող եմ իրականացնել յուրաքանչյուրիդ աջակցությամբ»,-ընդգծեց Չալդրանյանը:

Նոր գեղարվեստական ղեկավարն ասաց, որ քաջ ծանոթ է թատերախմբի անդամների մեծամասնության հետ և կարծում է, որ լավագույններն են ներգրավված այնտեղ:

Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանում: Առավել հայտնի է «Ապրիլ», «Ձայն բարբառոյ…», «Տեր ողորմեա», «Լռության սիմֆոնիա», «Քրմուհին» կինոնկարներով։ 1994-ին «Ձայն բարբառոյ…» կինոնկարի համար արժանացել է Հյուսթոնի համաշխարհային կինոփառատոնի «Ոսկե մրցանակին»։ 2001-ին ՀՀ անկախության հռչակման 10-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։ 2006-ին ստացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Անահիտ» մրցանակը՝ հայ կինոյում մեծ ավանդ ներդնելու համար։ 2007-ին նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: Չալդրանյանը որպես ռեժիսոր և դերասան աշխատել է Հայաստանի գրեթե բոլոր թատրոններում:

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունների նոր հավաքածուն՝ Mozart 225

 

Թեև թվային տեխնոլոգիաների զարգացման պատճառով ձայնասկավառակները գնալով ավելի քիչ պահանջարկ են վայելում, այնուհանդերձ՝ CD-ները դեռևս գնորդներ ունեն:

Ինչպես նշում է billboard.com-ը, այս տարի ամենաշատ քանակությամբ վաճառված CD-ների ցանկը գլխավորում է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունների նոր հավաքածուն՝ Mozart 225: The New Complete Edition-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ թողարկվելուն հաջորդած առաջին 5 շաբաթվա ընթացքում վաճառվել է ձայնասկավառակի մեկ միլիոն 250 հազար օրինակ:

Նշվում է, որ CD-ն, որում ներառված են հանճարեղ կոմպոզիտորի բոլոր ստեղծագործությունները, թողարկվել է Universal Music Group-ի կողմից և ունի 240 ժամվա տևողություն:

Հայտնի է, որ Mozart 225: The New Complete Edition-ը նվիրված է տաղանդաշատ ավստրիացու մահվան 225-րդ տարելիցին:

 

Movie Mistakes պորտալը վարկանիշ է հրապարակել, որում ներկայացրել է 2016 թվականի` ամենաշատ սխալներ ու թերություններ պարունակող ֆիլմերը:

Lenta.ru-ն գրում է, որ վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Թիմ Միլլերի «Դեդփուլ» մարտաֆիլմը, որում ընդհանուր առմամբ 23 սխալ է հայտնաբերվել: Սյուժետային անհամապատասխանություններից բացի հաշվի է առնվել նաև նկարահանող խմբի և սարքավորման` կադրի մեջ հայտնվելը:

Վարկանիշի երկրորդ տեղում հայտնվել է Բայրոն Հովարդի և Ռիչ Մուրի «Կենդանապոլիս» մուլտֆիլմը, երրորդ տեղում` Ռուսո եղբայրների «Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ» ֆիլմը:

Վուդի Հարելսոն

 

«Լոնդոնում կորածը» ֆիլմը, որի պրեմիերան նախատեսված է 2017-ի հունվարի 19-ին, կդառնա պատմության մեջ առաջինը, որ նկարահանվել է իրական ժամանակի ռեժիմով: Լենտա.ռու կայքը գրում է, որ հանդիսատեսը կինոթատրոնում կտեսնի ֆիլմ՝ անմիջականորեն նկարահանման պահին:

Այդ ֆիլմը ամերիկացի դերասան Վուդի Հարելսոնի ռեժիսորական դեբյուտն է: 100 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվելու է մեկ տեսախցիկով և մեկ դուբլով:

«Արդեն գոյություն ունի պրակտիկա, երբ թատերական ներկայացումներն ուղիղ հեռարձակվում են: Բայց մերն այլ է՝ իսկական ֆիլմ 14 նկարահանման տաղավարից և 30 դերասանի մասնակցությամբ»,- իր  նախագծի մասին պատմել է ռեժիսորը:

Հարելսոնը ֆիլմում հանդես է եկել որպես դերասան՝ Օուեն Ուիլսոնի և Վիլլի Նելսոնի հետ: 55-ամյա Հարելսոնը հայտնի է մի շարք հանրահայտ ֆիլմերում խաղացած դերերով՝ «Մարդասպանի բնազդը», «Անպարկեշտ առաջարկ», «Խաբեություն», «Քաղցած խաղեր» և ուրիշներ:

Լեոնարդո դա Վինչի

 

Փորձագետները հաստատել են, որ ավելի վաղ հայտնաբերված էսքիզն իրոք պատկանում է իտալացի նկարիչ ու գիտնական Լեոնարդո դա Վինչիին, գրում է Artnet–ը։

Նյու Յորքում գտնվող Մետրոպոլիտեն թանգարանի տնօրենը հաստատել է ճեպանկարի իսկությունը, որտեղ պատկերված է նահատակված սուրբ Սեբաստիանը։ Փորձագետը նշել է, որ ճեպանկարը ստեղծողը ձախլիկ է եղել, ինչպիսին էր նաեւ դա Վինչին, նաեւ նկարի վրա մի քանի գրություն է հայտնաբերվել, որոնց ոճը Իտալիայում է մշակվել Վերածննդի դարաշրջանում։

Ճեպանկարը  ենթադրաբար ստեղծվել է 1482-1485 թթ․ ժամանակահատվածում։ Թանաքով արված ճեպանկարը 15․8 մլն դոլար են գնահատել։