Դեկտեմբեր 25, 2016 17:16 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Մեր այս հաղորդման ընթացքում ձեզ կծանոթացնենք Սեֆևյան շրջանի իրանցի հայտնի բանաստեղծ և հնդկական դպրոցի կամ ոճի կառկառուն ներկայացուցիչ Աբութալեբ Քալիմ Քաշանիին:

Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ

 

Գրականությունն ու արվեստը վայրիվերումներով լի ու տարբեր յուրահատկություններով շրջաններ են թիկունքում թողել: Յուրաքանչյուր երկրի գրականությունը ելնելով հասարակական, քաղաքական ու մշակութային զարգացումներից ու իրադարձություններից փոխվում է: Ցանկացած հասարակության կարիքները պատճառ են դառնում, որ բանաստեղծն ու գրողն օրվա խնդիրներն արծարծելու համար անցյալների սերունդներից տարբերվող ոճով հանդես գա: Փորձագետները արտահայտչաձևի այս փոփոխությունը ոճի փոփոխություն են անվանում:

Այլ խոսքով արվեստագետը հեռանում է իր նախնիների մոտ տարածված ոճից ու այլ ընթացք է ընդունում: Նախկին ոճից հրաժարվելու արդյունքում գրականության մեջ առաջանում է նոր լեզու, որն ունի իր յուրահատկություններն ու բառապաշարը: Պարսից գրականությունն էլ նման շրջաններ է ունեցել: Իրանի գրական կյանքի հոլովույթում մտքի արտահայտման համար ոճեր են առաջացել՝ սկսած Խոռասանիից մինչև Նիմայի ոճը:

Նկատի առնելով յուրաքանչյուր ոճում առկա զարգացումներն ու վայրիվերումները կարելի է քննարկել տվյալ ժամանակաշրջանի հասարակական, քաղաքական ու մշակութային հարցերը, ինչպես նաև այդ ոճի առաջացման նշանները, բարձրակետն ու նաև անկումը: Հնդկականն էլ պարսից պոեզիայում տարածված գրական ոճերից է եղել, որն առաջացել է յուրահատուկ պայմաններում և գոյատևել է Իրանի գրական որոշ ժամանակաշրջաններում: Պարսից պոեզիայի շատ դեմքեր ստեղծագործել են այս ոճով ու ապագա սերունդներին բանաստեղծություններ են ժառանգություն թողել: Նրանցից է Սեֆևյան Շահ Աբբասի ժամանակակից և Գուրքանյան Շահ Ջահանի արքունիքի բանաստեղծ Քալիմ Քաշանին:

Աբութալեբ Քալիմ Քաշանի

 

Թե կենդանության օրոք և թե վախճանումից հետո Քալիմ Քաշանիի զարմանալի համբավը պատճառ է դարձել, որ նրա կենսագրության հետ կապված մանրամասնությունները մոռացության տրվեն: Կենսագիրները Քալիմի անունը հիշատակելիս նրա վայելած համբավի պատճառով չեն անդրադարձել նրա կենսագրության մանրամասնություններին: Նրա երկերի ժողովածուի խմբագիր Փարթով Բեյզաիի համոզմամբ «Քալիմի կյանքի մանրամասնությունները թաքուն են մնացել նրա վայելած համբավի ստվերի ներքո ու հետզհետե դրա գլխավոր մասը մնացել է անհայտ, իսկ կենսագիրների հիշատակումներն էլ համառոտ են ու գրեթե նույնը»: Օրինակ մինչև այսօր պարզ չէ , թե նման մեծ բանաստեղծ, որի անունը հիշատակված է վերջին երեք դարերի պարսից գրականության գրեթե բոլոր աղբյուրներում և նրան տվել են «Խալեղ-ալ-մաանիի սանի» կոչումը, որտե՞ղ է ծնվել, ո՞վ է եղել նրա հայրը և արդյոք նրանից որևէ սերունդ գոյատևել է: Քալիմ Քաշանին ինքն էլ լռել է իր անձնական կյանքի մասին : Եթե որևէ մեկն էլ նրա մասին ակնարկ է կատարել, բավարարվել է նրա բարոյական արժանիքների հիշատակմամբ:

Ծնվելուց հետո նրա Աբութալեբ են կոչում: Նրա ծննդյան թվականը պարզ չէ: Որոշ փաստերի համաձայն պիտի ծնված լինի լուսնային հիջրեթի 980 թվականին: Կենսագիրները կասկածներ ունեն նրա ծննդավայրի կապակցությամբ: Ոմանք ասում են, թե նա ծնվել ու հասակ է նետել Քաշանում, իսկ ոմանք է էլ հավատացած են, թե ծնվել է Քաշանում, սակայն հասակ է նետել Համադանում: Նրա երկերի ժողովածուի խմբագիր Փարթով Բեյզաին հավատացած է, որ այդ հարցը նաև դրված է եղել իր ապրած ժամանակներում, սակայն ինքն ցանկացել է, որ ծննդավայրն անհայտ մնա:

«Թազքարե Աթաշքադե»-ի հեղինակ Լոթֆալի Բեյք Ազարը նրան քաշանցի է համարում և իր տեսակետն ապացուցելու համար հղում է կատարում Քալիմի որոշ բանաստեղծություններին, որոնց տողերում Քալիմը Քաշանը նշում է, որպես իր ծննդավայրը: Նասրաբադին իր հեղինակած կենսագրության մեջ հիմք ընդունելով Քալիմի երկերի ժողովածուում գտնվող մի այլ երկտող նրան համադանցի է համարում: Այդուհանդերձ կարևոր չէ, թե որտեղ է ծնվել ու ուսում ստացել Քալիմ Քաշանին: Կարևորը նրա իրանցի լինելն է: Հավանաբար նա ինքն էլ կարևորելով իր իրանցի լինելը ցանկացել է, որ իր ծննդավայրն անհայտ մնա:

Նրա մանկության ու պատանեկության շրջանի մասին տեղեկություններ չկան: Ասվում է, թե նիհար կազմվածք է ունեցել և չնայած իր նյութական կարողությանը, ճգնավորի կյանք է ապրել: Կենսագիրները գովեստով են արտահայտվել Քալիմի պահվածքի ու վերաբերմունքի մասին ու ասել են, թե նա ապրել է բանաստեղծի նման և քանի որ հակված է եղել ճգնավորության, չի ամուսնացել ու շատ միստիկների նման ամուրի է մնացել: Քալիմը ժամանակի գիտություններին տիրապետել է Համադանում ու Շիրազում: Մի քանի տարի անց Շահ Ջահանի հոր՝ Ջահանգիր Նուրեդդինի թագավորության շրջանում մեկնել է Հնդկաստան: Ըստ երևույթին այդ ժամանակ հազիվ 24 տարեկան է եղել: Այդ ուղևորության ընթացքում Քալիմը գրական տեսակետից այն աստիճան համբավ չի ունեցել, որ կարողանա մուտք գործել Ջահանգիր Շահի գրաքննադատներով լցված արքունիքը:

Քալիմը երկար ժամանակ ապրել է Դաքանում ու Հնդկաստանի այլ տարածքներում և լուսնային հիջրեթի 1028 թվականին՝ 38 տարեկան հասակում վերադարձել է Իրան: Մի առ ժամանակ Իրանում բնակվելուց հետո Քալիմը երկրորդ անգամ 1030 թվականին ուղևորվում է Հնդկաստան:

Շահ Ջահանի հայրը՝ Նուրեդդին Ջահանգիրը

 

Հնդկաստանում Քալիմի բնակություն հաստատելուց շուրջ 7 տարի անց վախճանվում է Ջահանգիր Շահը և նրա փոխարեն լուսնային 1037 թվականին գահ է բարձրանում Շահ Ջահանը: Այդ ժամանակ Քալիմը մի ռուբայի է ուղարկում Հնդկաստանի արքունիք: Նա իր բարեկամներից համարվող և Ռուհ-ալ-ամին կեղծանունով ճանաչված Միր Ջոմլե Շահրեսթանիի օգնությամբ ստանում է Հնդկաստանի Գուրքանյանների ամենամեծ արքայի Շահ Ջահանի պալատական բանաստեղծի կոչումն ու մինչև կյանքի վերջը պահում է այդ պաշտոնը: Նա ամեն տարի Հնդկաստանի արքունիքից ստացած ոսկին ու դրամը բաժանում էր կարիքավորների մեջ:

Քալիմ Քաշանին մասնավիի, կասիդայի, գազելի, թարքիբ բանդի, ղեթեի ու թարջի բանդի կաղապարում բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: Շուրջ 10 հազար երկտողերից բաղկացած նրա երկերի ժողովածուն պարունակում է գազելներ, կասիդաներ, ղեթեներ, մասնավիներ, թարքիբ բանդներ ու թարջի բանդներ: Նրանից նաև հիշատակ է մնացել Շահնամե կամ Փադեշահնամե մասնավին, որը նաև հայտնի է «Զաֆարշահ Ջահանի» անունով:

Այցելելով Հնդկաստանի ու հատկապես Աքբարաբադ քաղաքի պատմական կոթողները կարելի է նրանց արձանագրություններում նկատել Քալիմի բանաստեղծությունները, որոնցից կարելի է հիշել Ահմիրայում գտնվող Շահ Ջահանի մզկիթի պատմական արձանագրությունը և Աքբարաբադ քաղաքի Սորխ Աքբար ամրոցի արքայական ապարանքի կառուցման թվականը հիշատակող կասիդան:

Նա լուսնային հիջրեթի 1061 թվականին վախճանվեց Հնդկաստանի Քաշմիրում ու հենց այնտեղ էլ հողին հանձնվեց: Նրա դամբարանը գտնվում է Սերինեգարում՝ «Մազարաթ Քաշմիր» կոչվող վայրում: Նրա գերեզմանի վրա որևէ գրություն չկա  ու եթե շրջապատից նրա գերեզմանի վայրի մասին հարցնեք, նրա անունը չգիտեն: Իր 70-ամյա կյանքի նման, երբ չնայած իր հարստությանը համեստ կյանքով ապրեց, մահից հետո էլ հողին հանձնվեց ամենահասարակ կերպով ու ամենահասարակ վայրում: