Հունվար 08, 2017 04:17 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Շնորհավորելով Նոր տարվա և Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան ու Մկրտության կապակցությամբ ներկայացնում ենք 2017 թվականի ընթաքում մեր առաջին հաղորդումը: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Մնացեք մեզ հետ:

Հայաստանյան մշակութային կյանքը 2016-ին լի էր բազմաբնույթ իրադարձություններով: «Արմենպրես»-ն առանձնացրել է Հայաստանի մշակութային դաշտում տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունները:

Ապրիլի 24-ին մեկնարկեց «Ավրորա» մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը մրցանակներ շնորհվեցին Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին:

«Ավրորա» մրցանակը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է։ Մարդկանց ուշադրությունն աշխարհի ամենախոցելի խմբերի խնդիրների վրա կենտրոնացնելով եւ դրանց լուծման ուղղությամբ իրական ու նշանակալի գործ կատարած մարդկանց պարգեւատրելու միջոցով՝ հիմնադիրները փորձում են ձեւավորել համաշխարհային մարդասիրական նոր շարժում։

Այդ առիթով Հայաստան էին ժամանել աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը և հոլիվուդյան ճանաչված դերասան Ջորջ Քլունին, որը համաժողովի համանախագահն էր:

Մրցանակը հանձնվեց Մարգարեթ Բարանկիցեին, որը Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ժամանակ տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է փրկել,  խնամել որբերին եւ փախստականներին:

2016 թվականին Հայաստանի հանրային ռադիոն նշեց իր 90-ամյակը:

Հանրային ռադիոյի 90-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Հայաստանի հանրային ռադիոընկերություն: Հանրային ռադիոյի հարակից տարածքում՝ «Նվիրյալների արահետում», բացվեցին ՀՀ ժողովրդական արտիստներ Նառա Շլեպչյանի, Ռուբեն Մաթևոսյանի և այլ աշխատակիցների անվանական տախտակներ, ինչպես նաև Հանրային ռադիոյի 90-ամյակին և հեռուստաընկերության 60-ամյակին նվիրված հուշարձանը:

Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստատեսությունը նշեց իր 60-ամյա հոբելյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդ կապակցությամբ մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաև երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցների պարգևատրեց մեդալներով և պատվավոր կոչումներ շնորհեց:

Հոբելյանին նվիրված տոնական երեկոյի ժամանակ Նախագահը երախտավորներին հանձնեց պետական բարձր պարգևները, շնորհավորեց հեռուստաընկերության 60-ամյակի և պարգևների արժանանալու կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին Արմեն Ամիրյանին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիր ստորագրեց: Նորանշանակ նախարարի աջակցությամբ թատրոններում և օպերայում նոր ներկայացումներ բեմադրվեցին: Նա բազմաթիվ փոփոխություններ է պատրաստվում իրականացնել մշակութային կյանքի բոլոր ոլորտներում:

Հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Տոսկայի» պրեմիերան: Ներկայացման բեմադրող ռեժիսորը Նաիրե Ստեփանյանն է, բեմադրող դիրիժորը՝ Ջանլուկա Մարչիանոն: «Տոսկա»-ն ավելի քան մեկ դար ներկայացվում է աշխարհի հեղինակավոր թատրոններում՝ մշտապես մնալով ամենից սիրված օպերային ստեղծագործություններից մեկը: Առաջնախաղից քսան տարի անց «Տոսկան» արդեն ցուցադրվել էր 3000 անգամ: Այն մեծ խանդավառությամբ է ընդունվել, հատկապես, Իտալիայում:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքները երեք տարի տևեցին, և այն բացվեց 2016 թվականի նոյեմբերի 8-ին: Թանգարանը համապատասխանեցվեց ժամանակակից պահանջներին ու ապահովվեց անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ այցելուների բարձրակարգ սպասարկման և գիտական ու կրթական ծրագրերի իրականացման համար: Կատարված աշխատանքը բարձր գնահատեցին երկրի նախագահն ու մշակույթի ոլորտի պատասխանատուները:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերանորոգման աշխատանքներից հետո «Պեպո» ներկայացմամբ իր դռները բացեց թատրոնի երկրպագուների առաջ

Դեկտեմբերի 13-ին «Պեպո»-ի առաջնախաղով թատրոնն 94-րդ թատերաշրջանը բացեց՝ նոր տեխնիկայով վերազինված: Ներկայացումը դիտելու էին եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Բեմադրությունն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Ներկայացման բեմադրիչ-ռեժիսորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանն է:

Հայաստանի մշակութային դաշտը ակտիվացրեցին «Ոսկե ծիրան», «Ֆրեսկո», «ՌեԱնիմանիա», «Ռոլան» կինո և անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնները:

Քիչ չէին նաև թատերական փառատոնները՝ «Հայ ֆեստ», «Շեքսպիրյան միջազգային 12-րդ թատերական փառատոն», «Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոն»:

Նշանակալի էին երաժշտության բնագավառում աշխուժություն առաջացրած «Արամ Խաչատրյանի անվան» և «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնները: Իր աշխատանքները հաջողությամբ շարունակեց «21-րդ դարի հեռանկարներ» սիմֆոնիկ երաժշտության փառատոնը:

Այս միջոցառումների ժամանակ Հայաստանը հյուրընկալեց աշխարհի տարբեր ծայրերից ժամանած բազմաթիվ ստեղծագործողների, ովքեր, ելույթներին զուգահեռ, անցկացրեցին վարպետության դասեր, ունեցան հանդիպումներ արվեստասեր հասարակայնության հետ:

«Գրական մրցանակաբաշխություն-21-րդ դար»

 

«Գրական մրցանակաբաշխություն-21-րդ դար» համահայկական գրական ամենամեծ մրցանակաբաշխության դիպլոմների հանձնման արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 29-ին` Հայաստանի գրողների միությունում: Մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ անկախության 25 -ամյակին: «Հայտերն ընդունվել են սեպտեմբերին: Այս տարվա մրցանակաբաշխությունում ավելացվել են անվանակարգերը`պոեզիա, արձակ, դրամատուրգիա, մանկապատանեկան և երիտասարդական գրականություն: Հայտ է ներկայացրել 51 գրող: Ստեղծագործություններն անտիպ են և ծածկանվամբ են ներկայացվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիրմիր Աղայանի խոսքով` իրենց նպատակը Հայաստանում մտավորականության գործունեությունն ակտիվացնելն էր: «Կարծում եմ`  հաջողություններ ենք գրանցում և արդյունքի հասնում»,-ասաց Աղայանը և ընթերցեց Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի նամակն՝ ուղղված մտովորականության ներկայացուցիչներին, ինչից հետո հանձնվեցին դիպլոմները:

Արձակ անվանակարգում առաջին հորիզոնականն էր զբաղեցրել Արմեն Շեկոյանը, երկրորդը` Գրիգոր Ջանիկյանը, երրորդ տեղում էին Էդուարդ Խաչիկյանն ու Ալեքսանդր Թոփչյանը։

Պոեզիա անվանակարգում առաջին տեղին էր արժանացել Հուսիկ Արան, երկրորդ և երրորդ հորիզոնականներում էին Սամվել Կոսյանն ու Վահե Արսենը, որոնք հավասար միավորներ ունեին:

 Դրամատուրգիա անվանակարգում ամենաբարձր միավորներին էր արժանացել Գուրգեն Խանջյանը, երկրորդ տեղում էր Կարինե Խոդիկյանը, իսկ երրորդ հորիզոնականում էր Լիա Իվանյանը։

Մանկապատանեկան գրականության առաջին հորիզոնականում էր Ղուկաս Սիրունյանը, երկրորդ և երրորդ տեղերը հավասար միավորներով զբաղեցրել էին Լիպարիտ Սարգսյանն ու Էլֆիք Զոհրաբյանը։

Երիտասարդական գրականություն անվանակարգում արձակ ժանրում հաղթել է Նառա Վարդանյանը, իսկ պոեզիա ժանրում` Էդուարդ Հարենցը:

Մրցանակակիր Հուսիկ Արան ընդգծեց, որ ներկայացրել է վերջին ամիսներին գրված բանաստեղծությունները: «Գրքում ներկայացված են մեր կյանքի վերջին շրջանում կատարված կարևորագույն իրադարձությունները` քառօրյա պատերազմ… Իմ բանաստեղծություններում շեշտված  է  ժամանակը և դրա տրոփն ու բաբախը փորձել եմ փոխանցել ընթերցողներին»,-նշեց բանաստեղծը:

Գուրգեն Խանջյանի խոսքով` ինքը մեկ անգամ չէ, որ մասնակցել է մրցանակաբաշխությանը և «Ենոքի աչքը» վեպի համար «Արձակ» անվանակարգում ստացել է գլխավոր մրցանակը: «Մրցանակները միշտ էլ ոգևորում են գրողներին, սակայն ցանկալի է, որ դրանք դրամական պարգևների տեսքով լինեն»,-շեշտեց Խանջյանը:

«Սա իմ առաջին մրցանակն է որպես արձակագիր: Ինձ համար կարևոր էր, որ ծածկագրերով էինք ներկայացրել ստեղծագործությունները, այսինքն ժյուրիի անդամները չեն իմացել հեղինակներին և, ի տարբերություն այլ մրցանակաբաշխությունների, ծանոթության գործոնը չկար: Պատմվածքներս «Փողոցը» գրքից էին, որտեղ ներկայացրել եմ հին Երևանը, մեր մանկությունը, իրականությունը»,-ասաց Արմեն Շեկոյանը:

Հանձնաժողովի նախագահը գրականագետ  Աելիտա Դոլուխանյանն էր: Կազմում էին  արձակագիր Նորայր Ադալյանը, գրող Դավիթ Մուրադյանը, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, գրող Ֆելիքս Բախչինյանը, ՀԳՄ քննադատական սեկցիայի նախագահ Սուրեն Աբրահամյանը, մանկագիր Լյուդվիգ Կարապետյանը։

Տիգրան Օհանյան

 

Շուրջ երկու ամիս Ռուսաստանի «Կուլտուրա» ալիքի «Մեծ օպերա» միջազգային հեռուստամրցույթում Հայաստանը ներկայացնում էր հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակակիր, «Երիտասարդական օպերային ծրագրի» մասնակից Տիգրան Օհանյանը (ղեկավար` Լևոն Ջավադյան):

 Մրցույթի մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մոսկվայի Մեծ թատրոնում: ՀՀ մակույթի նախարարության տեղեկացմամբ, մրցույթի հեղինակավոր միջազգային ժյուրիի որոշմամբ` երիտասարդ տենոր Տիգրան Օհանյանն արժանացել է պատվավոր 1-ին մրցանակի:

«Բրեքզիթ»

 

Հոլիվուդյան Warner Bros. կինոստուդիան ու Միացյալ Թագավորության Անկախության կուսակցությունը (UKIP) բանակցում են Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միության կազմից դուրս գալու («Բրեքզիթ») թեմայով կատակերգություն նկարահանելու հարցի շուրջ:

Այս մասին հաղորդում է The Telegraph-ը՝ մանրամասնելով, որ ֆիլմի նկարահանման հավանականությունը քննարկվում է բրիտանացի միլիոնատեր Արոն Բենքսի հետ, ով «Բրեքզիթ»-ի գլխավոր հովանավորներից մեկն էր:

Հայտնի է, որ  ֆիլմի սցենարի համար կարող է որպես հիմք ծառայել Բենքսի ««Բրեքզիթ»-ի վատ տղաները» գիրքը: Նշվում է նաև, որ ապագա ֆիլմից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է բարեգործությանը:

«Կզաքիսով կինը»

 

Լեհաստանի մշակույթի նախարարությունը անհատ սեփականատիրոջից գնել է «Կզաքիսով կինը» կտավը։ Վարշավայում Չարտորիյսկի իշխանների հավաքածուի գնման պայմանագիր է ստորագրվել։ Այն ստորագրել են Չարտորիյսկի իշխանների հիմնադրամի ղեկավար, ազնվական Ադամ Կարոլ Չարտորիյսկին ու Լեհաստանի մշակույթի ու ազգային ժառանգության նախարար Պյետր Գլինսկին, հայտնում է Լեհաստանի ռադիոն։

Ըստ պայմանագրի՝ պետությունը գնում է Չարտորիյսկի իշխանների հիմնադրամին պատկանող թանգարանային ցուցանմուշների, կտավների ու գրքերի հավաքածուն։ Հավաքածուի ամենահայտնի ստեղծագործություններից են Լեոնարդո դա Վինչիի «Կզաքիսով կինը» ու Ռեմբրանդտի «Բնապատկեր բարի սամարացու հետ» նկարը:

Թայրուս Վոնգը

 

106 տարեկան հասակում մահացել է Disney մուլտիպլիկացիոն ստուդիայի նկարիչ Թայրուս Վոնգը: Այս մասին ասված է Walt Disney Museum-ի թվիթերյան էջում:

Վոնգը հայտնի է որպես էսքիզների հեղինակ, որոնք դարձան 1942-ին էկրան բարձրացած «Բեմբի» մուլտֆիլմի հիմքը: Նկարներին ուշադրություն էր դարձրել անձմաբ ստուդիայի հիմնադիր Ուոլտ Դիսնեյը:

Վոնգը Walt Disney-ում աշխատում էր 1938-1941 թվականներին, որից հետո անցել էր աշխատանքի Warner Brothers ստուդիայում: 2001-ին դա դարձավ «Դիսնեյի լեգենդներ» մրցանակի դափնեկիրը:

Վոնգը Չինաստանից ԱՄՆ էր տեղափոխվել 9 տարեկանում: