Հունվար 16, 2017 13:34 Asia/Yerevan
  • Իրանական շուկա (12) Հանքային նյութեր և արտադրանքներ (3) Երկաթաքար

Իրանը գտնվում է երկրագնդի այնպիսի կետում, որը հարուստ է տնտեսական ռեսուրսներով։ Իրանի հանքային պաշարների շարքում երկաթաքարի առատության առումով Իրանը գտնվում է առաջին տասնյակի երկրների ցանկում։ Այսօրվա հաղորդումը նվիրված է Իրանի երկաթաքարի պաշարներին ու պողպատի արդյունաբերությանը։

Իրանական շուկա

Մաքենզի տնտեսական հաստատության վերլուծությունների համաձայն, «չնայած Իրանն ունի  ամենախոշոր գազի  ապացուցված պաշարները  և չորրորդ ամենախոշոր նավթային ապացուցված պաշարները, այդ երկրի տնտեսությունը խիստ կախվածություն չունի նավթային ու գազային պաշարներից՝ իր տնտեսության բազմազանության շնորհիվ։ Մանրածախ առևտուրը, անշարժ գույքն ու կալվածքները, պրոֆեսիոնալ ծառայությունները և հանքային հսկայական պաշարները Իրանի տնտեսության ներուժի մաս են կազմում... Իրանում հայտնաբերված հանքերում բացահայտվել են ավելի քան 68 հանքանյութ, որի արժեքը գնահատվում է 700 միլիարդ դոլար։ Իրանի հանքային պաշարների շարքում երկաթաքարի պաշարների առումով Իրանը գտնվում է առաջին տաս երկրների ցանկում»։

Իրանում հանքերի բաշխման քարտեզը (Mineral Distribution Map of Iran)

Երկաթաքարը մի տեսակ հանքային քար է,որը երկաթ է պարունակում։ Երկաթը երկրագնդի ամենաառատ տարրերից մեկն է, որի օքսիդը երկրակեղևի գրեթե 5 տոկոսն է կազմում։ Այս մետաղը հանդիպում է բնության ավելի քան 300 միներալներում։ Երկաթաքարի ամենատարածված միներալներն են հեմատիտն ու մագնետիտը։ Հեմատիտը պարունակում է 70 տոկոս, իսկ մագնետիտը՝ 72 տոկոս երկաթ։

Երկաթաքարի մի նմուշ

Տարբեր կարծիքներ կան,թե ինչպես է անցյալում մարդը հայտնաբերել երկաթի մետաղը։ Ոմանք գտնում են, որ անցյալում մարդիկ երկաթաքարից ձեռքբերված երկաթը մաքրության տարբեր աստիճանով օգտագործում էին անհրաժեշտ իրեր պատրաստելու համար։ Պարզ չէ, թե որ ազգն ու ժողովուրդն է առաջինը հայտնաբերել և օգտագործել այս կարևոր տարրը։ Աշխարհի արևելյան կարևոր կետերում, որտեղ կազմավորվել են Միջագետքի (ներկայիս Իրաքի), Փոքր Ասիայի,Եգիպտոսի ու Չինաստանի պես մեծ քաղաքակրթությունները, փաստեր են ձեռք բերվել երկաթի օգտագործման վերաբերյալ։ Իրանի կենտրոնում գտնվող Քաշանի շրջանի Թափե-Սիլքի բլուրում կատարված հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են Մթա. 5-րդ հազարամյակին պատկանող բազմաթիվ երկաթյա գնդակներ՝ բնական հեմատիտի տեսակից։

Իրանի Քաշանում հայտնաբերված որոշ նյութեր

Երկրագնդի երեսին հազվադեպ է մաքուր երկաթ (երկաթի տարր) հանդիպում,քանի որ այն թթվածնի ու խոնավության առկայության պայմաններում հեշտությամբ օքսիդացվում է։ Մաքուր երկաթ ձեռք բերելու համար անհրաժեշտ է մշակել արդյունահանված երկաթաքարը, որպեսզի զտվեն դրանում առկա միացություններն ու ավելորդ նյութերը։ Հաշվի առնելով հայտնաբերված հնագիտական իրերը, թվում է թե հալեցումից ստացված երկաթի օգտագործումը սկսվել է մթա 2-րդ հազարամյակից։ Ժամանակի ընթացքում ստեղծվեցին երկաթե իրեր գործիքների, զենքի ու նույնիսկ զարդեղենի տեսքով։ Մթա առաջին հազարամյակում, երբ արիացիները մուտք գործեցին Իրան, երկաթի օգտագործումն ավելի տարածում գտավ նշված երկրամասում։ Հին իրանցիները երակաթը օգտագործում էին հատուկ ռազմական գործիքներ, այդ թվում թուր, նիզակ ու  նետ պատրաստելու համար։ Այնպես որ Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ատրպատականում գտնվող Հասանլուի շրջանում կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են Մթա 9-րդ դարին պատկանող ռազմական գործիքներ։

Թափե-Հասանլույում հայտնաբերված քարե գավազանների գլխամասերը

Հին Իրանում երկաթի օգտագործման կապակցությամբ կարելի է մատնանշել Աքեմենյանների ժամանակաշրջանին պատկանող Պասարգադում ու Պերսեպոլիսում պահպանված հուշարձանների սյունների խոյակներն ու դարպասների ճակատային մասերը, որոնցում առկա բծախնդրորեն տաշված  հսկա քարերը իրար են միացված երկաթե և փայտե ամրակներով։

Հնեաբանների փաստարկների համաձայն, հին ժամանակներում ևս շահագործվում էին Իրանի որոշ խոշոր երկաթի հանքավայրերը, ինչպիսիք են Չադորմալուի, Գոլ-Գոհարի և Սանգանի հանքավայրերը։ Մեծ պաշարներ ունեցող Սանգանի երկաթաքարի հանքը աշխարհի խոշոր երկաթաքարի հանքավայրերից է, որը գտնվում է Իրանի հյուսիս-արևելքում՝ Խորասան-Ռազավի նահանգում։ Սանգանի հանքավայրի տարբեր հատվածներում առկա թունելներից ու հորատումներից մնացած հետքերը վկայում են հին ժամանակներում այս հանքավայրում երկաթաքարի արդյունահանման մասին։ Փորձագետների գնահատումների համաձայն, այս հանքավայրում առկա է ավելի քան երկու միլիարդ տոննա երկաթաքարի պաշար։ Սանգանի երկաթաքարի հանքավայրի առանձնահատկություններից է դրա երկաթաքարի բարձր հարգը։

Սանգանի երկաթաքարի հանքավայրի ընդհանուր պատկերը

Երկաթաքարի հարգը, դրանում առկա ջրի քանակն ու խոնավությունը, անզուտ մասերը, հանքաքարի չափսերն ու դրա հարգի բարձրացման ունակությունը համարվում են հանքաքարի որակավորման առանձնահատկությունները։ Ուստի հանքագիտությունը մեծ նշանակություն ունի հանքաքարերի կիրառման գործում։ Հնարավոր է հանքաքարը երկաթի բարձր հարգ ունենա, սակայն հանքաքարի համակցության տեսակի պատճառով որոշ հանքաքարեր, այդ թվում մկնդեղ պարունակող և շրջակա միջավայրը աղտոտող հանքաքարերը, չեն օգտագործվում երկաթի ու պողպատի հումքի պատրաստման մեջ։ Այսօր երկաթաքարի հարգը բարձրացնելու և այն զտելու նպատակով կատարվում է հանքանյութի մշակման գործողությունը։ Ասում են հանքանյութի մշակման գործողության պատմությունը գալիս է քարե դարից, երբ մարդիկ քարե իրեր պատրաստելու համար պետք է ճանաչեին քարերն ու նրանց հատկությունները։ Հանքանյութի մշակումը բաղկացած է մի շարք գործողություններից, որոնք կատարվում են արդյունահանված հանքանյութի վրա։ Հանքանյութի մշակման գործողության նպատակը հիմնականում արժեքավոր հանքանյութի կամ հանքանյութերի տարանջատումն է հանքաքարի մաս կազմող խանգարող ու ավելորդ հանքանյութերից։

Իրանում հանքարդյունաբերության ավելացված արժեքի ցանցը զարգացնելու և կատարելագործելու, հանքանյութի՝ հումքային տեսքով վաճառքը կանխելու և մեկ շնչի հաշվով եկամուտը բարձրացնելու նպատակով ջանքեր են գործադրվում երկաթաքարից ստանալ մշակված արտադրանքներ, ինչպիսիք են երկաթաքարի գնդիկն ու կոնցենտրատը։  Երկաթաքարի կոնցենտրատը երկաթի բարձր հարգով մշակված արտադրանք է,  որը փոշու տեսք ունենալու պատճառով չի կարող օգտագործվել մեծ երկարություն ունեցող կամ կորաձև հնոցներում։ Ուստի այն դարձնում է գնդիկի տեսքով, որը հանքավայրից մինչև երկաթի ու պողպատի արտադրման հնոցների փուլերում ընկած միջանկյալ արտադրանք է։ Այդ գնդիկները երկաթաքարի կոնցենտրատից կամ մշակված հատիկներից ստեղծված գնդեր են, որոնք սկզբում հումքային են, ապա թրծվում և պնդանում են։ Այդ գնդերը հումք են հանդիսանում չմշակված և սպունգային երկաթ արտադրելու համար։

Իրանում սպունգային երկաթի և երկաթաքարի գնդիկի արտադրումը

Գոլ-Գոհարի հանքավայրը Իրանի խոշոր երկաթաքարի հանքերից մեկն է, որը գտնվում է երկրի հարավում՝ Ֆարս նահանգում։Գոլ-Գոհարի հանքավայրը, որի շահագործումն ունի առնվազն 900 տարվա վաղեմիություն, ավելի քան մեկ միլիարդ տոննա երկաթաքարի պաշար ունի։ Նշված հանքավայրում երկաթաքարի գնդիկների արտադրման նախագծեր ստեղծելով ու  գործարկելով, ջանքեր են գործադրվել պողպատի արտադրման ցանցը հավասարակշռելու և արտադրանքների ավելացված արժեքը մեծացնելու ուղղությամբ ապահովել երկրի պահանջարկն  այս ոլորտում։ Երկաթաքարի ստացած այլ արտադրանքներից է երկաթաքարի կոնցենտրատը։ Իրանի կենտրոնական անապատում գտնվող Չադորմալուի հանքավայրը այն հանքավայրերից է, որից ստացած երկաթաքարը օգտագործվում է կոնցենտրատի արտադրման գործում։

 

Չադորմալուի հանքավայրը՝ Իրանի ամենախոշոր երկաթաքարի կոնցենտրատի արտադրողը

Երկաթաքարը կարևորագույն հումքային նյութն է երկաթ և պողպատ արտադրելու համար։ Աշխարհում երկաթաքարի հանքավայրերից արդյունահանված երկաթի ավելի քան 90 տոկոսը կիրառվում է պողպատի արտադրման համար։ Հաշվի առնելով, որ երկաթի մետաղը փոքր ինչ կակուղ ու խոցելի է, դրան ավելացնում են որոշակի տարրեր, ինչպիսիք են ածխածինը, մանգանը և սիլիկոնը, որպեսզի ստացվի դիմացկուն համաձուլվածք, ինչպիսին պողպատն է։ Երկաթի հետ համեմատած պողպատը ավելի ամուր  և շատ ավելի դիմացկուն է։ Այսօր երկաթն ու դրա համաձուլվածքները, այդ թվում պողպատը աշխարհում մեխանիզացիայի տեխնոլոգիաների հիմքն են և լայն կիրառություն ունեն շինարարության, կամրջաշինության,ավտոշինության, նավաշինության և գնացքաշինության ոլորտներում։ Պողպատի արդյունաբերության նշանակությունը երկրների զարգացման ու բարգվաճման հարցում, շրջակա միջավայրի հետ այս արտադրանքի համատեղելիությունը և միջազգային կազմակերպությունների կանխատեսումներն առաջիկա տասնամյակներում պողպատի համաշխարհային պահանջարկի ավելացման վերաբերյալ պատճառ են դարձել, որ այս արդյունաբերությունում ներդրումները ողջունվեն պետությունների ու մասնավոր ներդրումային ընկերությունների կողմից։ Ներկայումս Իրանում պողպատի ու դրան կից արտադրանքների, այդ թվում մետաղաձողի, երկտավր հեծանների ու տարատեսակ թիթեղների արտադրման ոլորտում գործում են տասնյակ տնտեսական ձեռնաարկություններ, ինչպիսիք են՝ Սպահանի Ֆուլադ-Մոբարաքե համալիրը, Ֆուլադե Քավիանը, Բոնաբի պողպատի համալիրը, Սավեի թիթեղների ու պրոֆիլների գործարանախումբը, Խուզիստանի պողպատի ընկերությունը, Սեփահան արդյունաբերական խումբ-ընկերությունը։ Ներքին շուկան ապահովելուն զուգահեռ, Իրանի պողպատի արդյունաբերության արտադրանքները արտահանվում են նաև Միջին Արևելքի, Աֆրիկայի ու Եվրոպայի մի շարք երկրներ։

 

Չադորմալուի երկաթաքարի հանքավայրը