Հունվար 17, 2017 03:15 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ:

Հայաստանում հրատարակվել է «Քարե այգին» ժողովածուն, որում ներառված է Իրանի ժամանակակից բանաստեղծ Ալի Մուսավի Գառմառուդիի բանաստեղծությունների հայերեն թարգմանությունը:

Գիրքը հայերենի է թարգմանել  Էդվարդ Հախվերդյանը:

Ժողովածուն պարունակում է իրանցի ժամանակակից հանրահայտ բանաստեղծի 33 բանաստեղծությունները:

Սեյեդ Ալի Մուսավի Գառմառուդին ծնվել է 1945 թվականին: 1969 թվականից սկսել է իր գրական ու գեղարվեստական գործունեությունը: Նրա բանաստեղծություններն ունեն   կրոնական երանգ :

Նրա ստեղծագործությունները ամփոփված են «Վելայաթի արմավենու ստվերի տակ», «Տարափի երգը»,   «Խոժոռության անձրև» և «Փունջ» ժողովածուներում:

Անահիտ Բոստանջյան

 

Անցած շաբաթ վախճանվեց հանրահայտ բանաստեղծ, թարգմանիչ, Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ, Վրաստանի «Պատվո նշան» և ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանակիր, բազում արձակ, չափածո ժողովածուների և թարգմանությունների հեղինակ, հայ-վրացական գրական կապերի մեծ ջատագով Անահիտ Բոստանջյանը:

Անահիտ Բոստանջյանը ծնվել է 1949 թվականին Թբիլիսիում: 1966 թվականին ավարտել է Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 34 դպրոցը, 1972 թվականին՝Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։ 1972-1975 թվականներին դասավանդել է Կալինինոյի շրջանի Ղարաքիլիսա գյուղում։ 1975 թվականին վերադարձել է Թբիլիսի և Բենիկ Սեյրանյանի երաշխավորությամբ աշխատել Վրաստանի Գրողների միության «Մերանի» հրատարակչության նորաբաց հայերեն հրատարակությունների խմբագրությունում՝ նախ որպես սրբագրիչ, ապա՝ խմբագիր, հետո՝ ավագ խմբագիր։ Միաժամանակ դասավանդել է Թբիլիսիի Ալեքսանդր Պուշկինի անվան ինստիտուտի հայոց լեզվի ու գրականության ամբիոնում, ծավալել է լրագրողական ու թարգմանական գործունեություն։ 1988 թվականից Վրաստանի գրողների միության «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիրն է եղել, 1994 թվականից աշխատել է նաև հանրապետական «Վրաստան» թերթում՝ որպես թղթակից և բաժանորդագրության և տարածման բաժնի վարիչ, 2003 թվականից՝ ՀՀ Օքրո Օքրոյանի անվան «Աստված սեր է» գրական հիմնադրամի վրաստանյան ներկայացուցիչ, 2007 թվականից «Կամուրջ» գրական-մշակութային ՀԿ նախագահ: Թբիլիսիի Հայարտան խորհրդի անդամ էր, Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ (2012), Կալիֆորնիայի Հայ գրողների միության պատվավոր անդամ (2016), Վրաստանի գրողների միության հայկական վերաբացված մասնաճյուղի նախագահ (2016)։ Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, 10-ը բանաստեղծական ժողովածուների։ Թարգմանել է շուրջ 90 վրացի գրողների։ Հայերենից վրացերեն է թարգմանել Սոնա Վանի, Օքրո Օքրոյանի, Վարդան Հակոբյանի, Ավիկ Դերենցի, Սամվել Մարգարյանի և այլոց երկերը։ Թարգմանվել է վրացերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն լեզուներով:

ՅՈՒՆԵՍԿՕ

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնը միջազգային լուսանկարչական մրցույթ է հայտարարել` «Ոչ նյութական մշակութային ժառանգության համատեքստում» խորագրով: ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ, մրցույթին կարող են մասնակցել բոլոր քաղաքացիներն առանց տարիքային սահմանափակման, ովքեր կներկայացնեն լուսանկարներ ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր կենսունակ դրսևորումների, այդ ժառանգության կրողների ու մշակութային տարածքների վերաբերյալ:

Թեհրանի կենտրոնի հայտարարած առաջին միջազգային լուսանկարչական մրցույթին մասնակցելու դեպքում մասնակցի համառոտ ինքնակենսագրությունը, կազմակերպության անվանումը և լուսանկարչական աշխատանքներն անհրաժեշտ է մինչև 2017 թվականի հունվարի 11-ը ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարություն՝ [email protected] էլեկտրոնային հասցեով:

 

Եգիպտական մզիկիթներում գտնվող պատմական և գեղարվեստական արժեք ներկայացնող առարկաներն ու արտեֆակտերը  հանձնվելու են երկրի թանգարաններին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Եգիպտոսի հնությունների հարցերով նախարար Խալադ ալ-Անանին:

Նրա խոսքով՝ հնությունների հարցերով և կրոնական սեփականության հարցերով նախարարությունների միջև պատրաստվում է համաձայնագիր առարկաների տեղափոխման վերաբերյալ:

Նախարարը բացատրել է, որ առաջին հերթին դա վերաբերում է մահմեդական ամենահայտնի մզկիթներին: Բոլոր այն առարկաները, որոնք իրենց տեղը կզբաղեցնեն թանգարաններում, անպայման փոխարինվելու են կրկնօրինակներով: Նման միջոցառումներ, եգիպտացի նախարարի խոսքով, նախաձեռնում են, որպեսզի կանխեն արտեֆակտերի գողությունը և որ այդ հարցով իմամներն ու մզկիթները խնամողներն այլևս չանհանգստանան:

Անցած շաբաթ Ար-Րաֆաի մզկիթից, որը գտնվում է համաշխարհային ճանաչում ունեցող Ցիտադել համալիրի հարևանությամբ, գողացել էին վեց եզակի ապակե անոթ, որոնք ծածկված են տարբեր գույների էմալով՝ վրան մահմեդականների սուրբ գրքից գրություններ: Առարակները պատրաստված են 14-րդ դարում և գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում:

Եգիպտացի փորձագետների տվյալներով՝ երկրի տարբեր մզկիթներում գտնվում է ավելի քան 300 արժեքավոր արտեֆակտ, որոնք կարող են  ներկայացված լինել ցանկացած թանգարանում կամ ցուցահանդեսում: Բայց այժմ հայտնի է միայն 100 առարկայի գտնվելու վայրը: Մնացած գլուխգործոցների ճակատագիրը, որոնք պետք է զարդարեին Եգիպտոսի մզկիթները, փակ են նույնիսկ մասնագետների համար:

Լուվր

 

Նախորդ տարի Փարիզի հայտնի թանգարաններ՝ Լուվր և Օրսե, 13-15 տոկոսով նվազել է արտասահմանի զբոսաշրջիկների թիվը: Նաև Վերսալի այցելուների թիվն է նվազել:  Ժորժ Պոմպիդու արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի այցելուների թիվը 2016-ին ընդհակառակը՝ աճել է:

Փարիզյան թանգարանները հրապարակել են  վիճակագրություն:  2015 թ. նոյեմբերի 13-ի ահաբեկչությունից հետո Ֆրանսիայի մայրաքաղաք զբոսաշրջիկների թիվը զգալիորեն նվազել է: Ըստ Փարիզի քաղաքապետարանի՝ 2016-ին իրենց քաղաք հյուրերի ընդհանուր թիվը նվազել է 6 տոկոսով, արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը՝ 10 տոկոսով: Եթե ԱՄՆ-ից, Բելգիայից և Հոլանդիայից զբոսաշրջիկների թիվը նվազել է  աննշան, ապա ռուսներն ու ճապոնացիները Փարիզի հազվադեպ հյուրերն են դարձել: Ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է 65 տոկոսով, ճապոնացի՝ 47 տոկոսով:

Լուվրը 2016-ին ունեցել է 7,3 միլիոն այցելու, ինչը 2015-ի համեմատ 15 տոկոսով քիչ է: Թանգարանի տնօրենի խոսքով՝ Լուվրը կորցրել է գրեթե 10 միլիոն եվրո եկամուտ՝ արտասահմանցի զբոսաշրջիկների թվի նվազման պատճառով: France-Presse-ը գրում է, որ վերջին երկու տարվա ընթացքում Լուվրի այցելուների թիվը նվազել է գրեթե 2 միլիոնով, իսկ այժմ  նաև վտանգ կա, որ Լուվրը կարող է կորցնել «աշխարհի առաջատար թանգարան» կոչումը:

13 տոկոսով նվազել է նաև Օրսե թանգարանի այցելուների թիվը: 2016-ին այդ թանգարան է այցելել 3 միլիոն մարդ:

2016-ի վերջի երկու ամսվա ընթացքում Փարիզի թանգարանները գրանցել են այցելուների թվի աճ, և հույս ունեն, որ 2017-ին կվերականգնվի զբոսաշրջիկների հոսքը:

Աննա Ախմատովա

 

Ռուս բանաստեղծուհի Աննա Ախմատովան կարող էր 1966 թվականին ստանալ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը՝ հայտնի հեղինակներ Նելլի Զաքսի և Շմուել Ագնոնի փոխարեն: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին են վկայում Շվեդական ակադեմիայի կայքում հրապարակված փաստաթղթերը:

Զաքսը և Ագնոնը 1966-ին կիսել են մրցանակը: Ըստ կարգի՝ փաստաթղթերը գաղտնազերծվում են մրցանակը հանձնելուց 50 տարի անց: Համապատասխան հրապարակված փաստաթղթերի՝ այդ տարի Նոբելյան մրցանակակիրներ կարող էին դառնալ մի քանի ռուսալեզու հեղինակ, այդ թվում Ախմատովան, Կոնստանտին Պաուստովսկին և Վլադիմիր Նաբոկովը:

Հավակնորդների ցուցակում են եղել նաև հեղինակներ, որոնք ավելի ուշ են արժանացել դրան՝ Սեմյուել Բեքեթը, Պաբլո Ներուդան, Հենրիխ Բելլը և Յասունարի Կավաբատան:

 

Ֆրանսիայի ազգային հարստություն է ճանաչվել  վերածննդի իտալացի գեղանկարիչ Լեոնարդո դա Վինչիի՝  նախորդ տարի հայտնաբերված  գծանկարը, ինչը նշանակում է, որ այն այժմ մասնավոր սեփականատիրոջից ձեռք է բերելու հենց ֆրանսիական պետությունը:

Փորձագետները գնահատում են վարպետի այս աշխատանքը 15 միլիոն եվրո: Ֆրանսիական պետությանը, նախ և առաջ մշակույթի նախարարությունը, պետք է 30 ամսվա ընթացքում նման գումար գտնի: Tajan աճուրդային տանից հայտնել են, որ թանկարժեք ստեղծագործության ձեռք բերման շուրջ ներկայումս Լուվրի տնօրինության հետ բանակցություններ չեն վարվում: Լուվրն ունի սահմանափակ միջոցներ և հնարավորություն ունի այս դեպքում տրամադրել 2 միլիոնից ոչ ավելի գումար:

Դա Վինչիի վաղ շրջանի աշխատանքը  հայտնաբերվել է Tajan-ի փորձագետի կողմից անցած ամառ, երբ նա ուսումնասիրել է գրաֆիկական աշխատանքներով մի թղթապանակ, որը նրան տրամադրել էր ֆրանսիացի մի բժիշկ՝ վաճառք կազմակերպելու համար: Այդ աշխատանքները նա ժառանգություն էր ստացել հորից: 14 թղթերի մեջ փորձագետը տեսել է Սուրբ Սեբաստիանի պատկերը: Մանրազնինն ուսումնասիրելուց հետո ակնհայտ է դարձել, որ սա Սուրբ Սեբաստիանի՝  դա Վինչիի նկարած ութ պատկերներից մեկն է: Նախկինում այդ ութ աշխատանքից հայտնի էին միայն երկուսը: Փորաձագետները կարծում են, որ աշխատանքն արված է 1482-1485 թվականներին: Այն արված է մատիտով և  տուշով: Նրանք նաև պնդում են, որ գծանկարն արված է ձախ ձեռքով, դա Վինչին եղել է ձախլիկ:

Միքելանջելոյի Դավիթի մարմարյա քանդակը

 

Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Գեղարվեստի ակադեմիայում գտնվող Միքելանջելոյի Դավիթի մարմարյա քանդակը կարող է փլուզվել ավելորդ վիբրացիաների պատճառով, ինչը, ըստ փորձագետների, հնարավոր է կանխել քանդակի պատվանդանի մոտ հակասեյսմիկ նյութի շերտ ավելացնելով, հայտնում է The Times–ը։

Այս հռչակավոր քանդակը գնահատվում է 200 հազար եվրո։ Փորձագետների կարծիքով Իտալիայի իշխանությունները պատշաճ ուշադրություն չեն հատկացնում հուշարձանի պահպանմանը՝ չնայած արդեն 10 տարի է գիտեն այդ խնդրի մասին։

«Հաշվի առնելով Կենտրոնական Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժերը , հնարավոր չէ բացառել, որ ուժեղ երկրաշարժեր կգրանցվեն նաեւ հյուսիսում, հետեւաբար Դավիթի սեյսմիկ պաշտպանության խնդիրը չափազանց հրատապ է»,- ասել է փորձագետ Ալեսանդրո Մարթելին։

Արձանն արդեն ունի միկրոճեղքեր, որոնք կարող են ուժգնանալ ուժեղ երկրաշարժի հետեւանքով և արձանի փլման պատճառ դառնալ։