Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (120)
Ողջույն թանկագին բարեկամներ: Այս թողարկման ընթացքում կշարունակենք մեր զրույցը՝ Սեֆևյան շրջանի իրանցի հայտնի բանաստեղծ և հնդկական դպրոցի կամ ոճի կարկառուն ներկայացուցիչ Աբութալեբ Քալիմ Քաշանիի մասին: Այսօր անդրադառնալու ենք նրա բանաստեղծություններում ժամանակի քաղաքական ու հասարակական իրադարձությունների արձագանքին:
Ասացինք, որ Աբութալեբ Քալիմ Քաշանին ժամանակակից է եղել Սեֆևյան Շահ Աբբասին և կրել է Գուրքանյան Շահ Ջահանի պալատական բանաստեղծի տիտղոսը: Քալիմի կյանքի մանրամասնությունները մնացել են նրա ստեղծագործությունների վայելած համբավի ստվերի տակ ու նրա կենսագրության մեծ մասը մեզ համար անհայտ է մնացել: Նրա ծննդյան թվականը պարզ չէ, սակայն գիտենք, որ ծնվել և ուսումն ստացել է Քաշան կամ Համադան քաղաքներում և երիտասարդ տարիքում Սեֆևյան շրջանի շատ բանաստեղծների ու գրողների նման Հնդկաստան գնալով ներկայացել է Հնդկաստանի Գուրքանյան թագավորին ու արժանացել է պալատական բանաստեղծի կոչումին: Նա վախճանվել է լուսնային հիջրեթի 1061 թվականին Հնդկաստանի Քաշմիրում: Նրա դամբարանը գտնվում է Սերինեգարում՝ «Մազարաթ-ե Քաշմիր» կոչվող վայրում: Նախորդ հաղորդման ժամանակ զրուցեցինք Սեֆևյան ժամանակաշրջանի քաղաքական ու հասարակական իրավիճակի մասին, որի թագավորներից վեցի հետ Քալիմը ժամանակակից է եղել: Այդ ժամանակաշրջանում պոեզիայի ու բանաստեղծների հանդեպ պալատականների անուշադրության պատճառով պոեզիան դարձավ ժողովրդի սեփականությունը և դրա հետևանքով էլ գրական լեզուն կորցրեց իր նախկին սահունությունն ու կառուցվածային ամրությունը: Այդ շրջանում շատ բանաստեղծներ մեկնեցին այլ երկրներ, այդ թվում Հնդկաստան և մուտք գործեցին Հնդկաստանի ու Դաքանի թագավորների արքունիքը:
Քալիմի պոեզիան լուսամուտի նման է, որի միջոցով կարողացել է Սեֆևյան ժամանակաշրջանը տեսնել այնպես՝ ինչպես որ եղել է:
Քալիմը հասարակագետի նման գիտական հասարակագիտության վերլուծական մեթոդները կիրառում է իր բանաստեղծության մեջ և իր ստեղծագործություններում վերլուծում է հասարակությունը: Նա իր բանաստեղծություններում արտահայտում է ժողովրդի բոլոր ցավերը, տառապանքներն ու բարդությունները: Քալիմն իր բանաստեղծություններում պատկերել է նեխածությունը, բռնությունն ու չարագործությունը, ժողովրդի իրավունքների ոտնահարումը, իշխանավորների զեխությունն ու հասարակական թերությունները: Քալիմն ապրել է մի ժամանակաշրջանում, երբ իշխանության համակարգը բացարձակ թագավորություն է եղել և թագավորը համարվել է բացարձակ ուժի,նաև ժողովրդի կյանքի ու գույքի տերը:
Քալիմի ապրած միջավայրը չափազանց դաժան էր և այնտեղ իշխում էր իշխանավորի սուրը:
Քալիմը լավապես ըմբռնել է Իրանի այդ օրերի կացությունն ու յուրահատուկ պայմանները, որ ժամանակի իշխանավորների վարած քաղաքականությունների պատճառով բազմաթիվ վայրիվերումներ է ունեցել: Նա հավատացած էր, որ այն ժամանակաշրջանում, երբ դաժանությունը ամենատարածված յուրահատկությունն էր համարվում մահը կյանքի միակ լուծումն էր համարվում և մահվան հրեշտակը համարվում Երկիր մոլորակի ամենաբարի արարածը:
Անապահովությունն ու լարվածությունը, կեղծիքը, արժանավորների նվաստացումը և ստորների ու անազնիվների արժևորումը, խոսքի, պոեզիայի ու բանաստեղծության արժեզրկումը, գաղթն ու օտարության գնալը Քալիմ Քաշանիի ժամանակաշրջանի բարդություններից ու խնդիրներից են եղել, որոնք արտացոլվել են Քալիմի երկերի ժողովածուի մեջ: Քալիմ Քաշանիի երկերի ժողովածուի մեջ կարելի է նկատել հասարակության տարբեր կառույցները և դրանք ուսումնասիրելով ծանոթանալ բանաստեղծի ժամանակաշրջանի քաղաքական ու հասարակական միջավայրին: Քալիմի բանաստեղծությունների թեման նկատի առնելով նրա ստեղծագոծություններում առավել առանձնացվում են կրոնի, իշխանության և կրթության ու դաստիարակչության կառույցները:
Քալիմի տեսակետից իր ժամանակաշրջանում, երբ բանաստեղծները հեռացվում էին պալատներից, պարտադրում էր լռել ու եթե մեկը ցանկանում էր իր երազանքներն իրականացված տեսնել պիտի համակերպվեր օրվա պայմաններին և շատ պարագաներում այնպես ձևանար, թե տգետ է ու չի հասկանում: Քալիմի դիտանկյունից հասարակության մեջ տիրող չարագործության պատճառով մարդիկ վանդակում հայտնված հավքերի նման են ու նրանցից որևէ մեկը փրկության հույս չի կարող ունենալ:
Անլեզու եղիր: Միթե չես տեսնում
Գրիչը լեզու ունի ու կյանքը վտանգված է:
Քալիմը դժգոհում է իր ապրած ժամանակաշրջանից, քանի որ Իրանում որևէ օգուտ չի քաղել իր խոսքերից: Նա ապրել է մի ժամանակաշրջանում, երբ կյանքը բարդ է եղել բանաստեղծների ու գրողների համար: Նրա բանաստեղծությունները անտեսված գոհարներ են: Նրա համոզմամբ եթե Իրանում շատ բանաստեղծների խոսքերն գնահատանքի չեն արժանացել դա ոչ թե նրա խոսքն անարժեք լինելու այլ այն պատճառով է, որ ժամանակին նրանց խոսքն արժևորող մարդիկ չեն եղել: Նրա կարծիքով երկիրը կառավարել են նրանք՝ ովքեր բանաստեղծի ու գրողի արժեքը չեն ըմբռնել: Քալիմն իր բանաստեղծություններում պատկերել է մի ժամանակաշրջան, որտեղ օրենքի փոթորիկ է տիրել ու այս օրենքի համաձայն միայն կեղտ ու փոշի է բարձրացել: Անարժան, անգրագետ ու կեղծավոր մարդիկ իշխում, իսկ մտավորականներն ու արժանավորները տառապանքի մեջ հայտնվելով օտարության են մեկնում:
Հայրենի հողում հույսի նշույլ չի ծլում
Անտեղի չէ, որ Քալիմն այսքան ճամբորդում է:
Քալիմի ժամանակաշրջանում հետադեմների ու շողոքորթների ճնշման ներքո բանաստեղծներն ու անվանի գործիչներ բազմաթիվ տառապանքներ էին կրում ու այդ պատճառով էլ նա ասում էր «հայրենի հողում եղանակը հանդարտ չէ»:
Քալիմի բանաստեղծություններից կարելի է այնպես հասկանալ, որ ինչպիսի մարդիկ են իշխանության ղեկին եղել: Իշխանության են եղել այնպիսի մարդիկ, ովքեր կրոնի հավակնություն ունենալով հանդերձ, շաղախված են եղել մեղքով ու իրենց համարել են ժողովրդի կյանքի, ունեցվածքի ու պատվի տերն ու տիրականը: Կեղծ բարեպաշտները Քալիմ Քաշանիի ստեղծագործությունների գլխավոր թեմաներից են: Նրանք կրոնի հագուստի տակ թաքնված նեղում էին մարդկանց ու հասարակության մեջ սնոտիապաշտություն էին տարածում: Նրանք սնոտիապաշտության տարածման միջոցով ժողովրդի միտքը պատրաստում էին անհնարին ու երևակայական հարցերն ընդունելու և պաշտպանելու համար, որոնցից էր մարդկանց ճակատագրի վրա երկնային մարմինների ազդեցությունը:
Սեֆևյանների վարած քաղաքականության ու կրոնական պատերազմների ու նաև մշակութային ու գիտական կենտրոնների ոչնչացման պատճառով այդ շրջանի բանաստեղծությունների տեղեկության դաշտը սահմանափակ է եղել: Այս շրջանում սակավաթիվ են գրական ու ընդհանուր լայն տեղեկություններ ունեցող բանաստեղծները ու նրանցից շատերը նույնիսկ ծանոթ չեն եղել պարսկերեն լեզվի քերականությանը:Քալիմի դիտանկյունից տգիտության տարածումը պատճառ էր դարձել, որ փոքր ո տգետ մարդիկ իշխանության հովեր առնեն: Քալիմ Քաշանիի համոզմամբ նրա ապրած ժամանակաշրջանում ստորների իշխանության շրջանն է ու կեղծավորները գերազանցության են հասել: Այս շրջանում լուսանցքում էին գտնվում միստիկական գազելն ու բանաստեղծությունը, քանի որ Սեֆևյան թագավորները դրանցից հրաժարվում են:Քալիմի տեսակետով Սեֆևյան ժամանակաշրջանում արվեստագետներին քիչ ուշադրություն է ցուցաբերվել և գիտության ու արվեստի ծառը քիչ բերք է տվել: Նրա համոզմամբ արվեստագետ մարդիկ այնպիսի սև օրեր են ապրում, որ չնայած իրենց հոգում ցոլացող լույսին անկարող են լինում նույնիսկ իրենց ոտքերի առջևը տեսնել:
Ով կատարելիության հասավ, ստորացվեց,
Այո, գետին է տապալվում հասած միրգը: