Հունվար 24, 2017 04:39 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ:

Հունվարի 14-ի երեկոյան, Թեհրանի «ՀՈՒՍԿ» հաստատության նախաձեռնությամբ եւ Հ.Մ.Ա.Կ-ի համագործակցությամբ, Հ. Մ. Արարատ կազմակերպության «Կոմիտաս» սրահում տեղի ունեցավ, Շահեն Սարգսյանի մեծարման երեկոն եւ ռեժիսոր Ֆարզադ Ֆարահվաշիի՝ Շահեն Սարգսյանի կյանքի եւ գործունեության մասին նկարահանված «Ռոզանե աբի» փաստավավերգրական կինոյի շնորհանդեսը, որին ներկա էին մեծ թվով Իրանցի մտավորականներ, կինոյի եւ թատրոնի երևելի գործիչներ, արվեստագետներ եւ այլ հյուրեր:

Ծրագրի սկզբում, բացման խոսքով հանդես եկավ օրվա հաղորդավար Իսիկ Յունանեսյանը որից հետո, ցուցադրվեց ֆիլմից որոշ հատվածներ: Օրվա առիթով ելույթ ունեցան Իրանի «Թատրոնի տան» տնօրինության խորհրդի անդամ Բեհզադ Ֆարահանին, դասախոս, կինո քննադատ, ռեժիսոր եւ «Թամաշա» պարբերականի գլխավոր խմբագիր Նասրոլլահ Ղադերին ինչպես նաեւ իրանահայ ճանաչված արվեստաբան Լիդա Բերբերյանը: 

Իր խոսքերում, Բեհզադ Ֆարահանին մասնավորապես նշեց. «Շահենը մեզ սովորեցրեց թե ինչպես մտածենք, թե ինչպես ապրենք: Նա մեզ սովորեցրեց ամեն ինչ»: Իսկ Նասրոլլահ Ղադերին էլ ասաց. «Մենք չենք կարող մոռանալ, այն ամենը, ինչ Շահենը տվել է իրանական թատրոնին: Այդ բոլորն անմոռանալի է, քանզի նա մեզ հետ է մեր սրտերում եւ այժմ նրա ոգին սավառնում է այս դահլիճում»: Լիդա Բերբերյանն էլ անդրադարձավ Շահեն Սարգսյանի՝ որպես ռեժիսորի աշխատանքներին եւ գործելաոճի առանձնահատկություններին: 

Ծրագրի ընթացքում քնարի կատարմամբ հանդես եկավ Մերեդիթ Մովսիսյանը, իսկ երաժշտական կատարումներով՝  Հայ Կին միության կից «Անահիտ» միության «Զվարթնոց» երգչախումբը՝ Էդիկ Թամրազյանի ղեկավարությամբ: 

Վերջում բեմ հրավիրվեց «Ռոզանե Աբի» փաստավավերագրական կինոյի ռեժիսոր Ֆարզադ Ֆարահ Վաշիին: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցել են կինոյի պատրաստման գործում՝ ավելացնելով, որ 9 տարի տեւած ֆիլմի նկարահանումը անհնարին կը լիներ առանց իր հետ համագործակցած, իրեն աջակցած համախոհների խորհուրդների եւ քաջալերանքների:

Տիգրան Համասյան

 

Աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանն այս տարվա առաջին կեսին մեկ տասնյակից ավելի համերգներ է ունենալու աշխարհի տարբեր երկրներում:
Երգչի պաշտոնական կայքի համաձայն փետրվարի 25-ից մինչև մարտի 10-ը ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում ունենալու է ութ համերգ: Այնուհետև Համասյանը ելույթ է ունենալու Իտալիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Միացյալ Թագավորությունում, Իռլանդիայում, Նիդեռլանդերում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Նորվեգիայում, Էստոնիայում, Ավստրալիայում:

Տիգրան Համասյանը «An Ancient Observer» կոչվող ալբոմի համերգային շրջագայության շրջանակներում մայիսի 7-ին ելույթ է ունենալու նաև Հայաստանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:
Ալբոմի շնորհանդեսը կայանալու է մարտի 31-ին ամբողջ աշխարհում:
Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Ավարտել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև, ընդունվել` Պ. Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարան:
2000 թվականին կայացած Երևանյան երկրորդ միջազգային ջազային փառատոնի շրջանակներում շնորհաշատ երաժիշտը ծանոթացել է Չիկ Կորեայի, Ավիշա Քոհենի և ֆրանսահայ ջազային դաշնակահար, փառատոների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանի հետ, ում հրավերով էլ մեկ տարի անց` մասնակցել է մի շարք հեղինակավոր փառատոների: Տիգրան Համասյանը բազմիցս արժանացել է հեղինակավոր մրցանակների. 2003 թ.` երրորդ մրցանակի Փարիզի ջազային դաշնակահարների միջազգային մրցույթում, առաջին մրցանակների` Jazz a Juan Revelations և Montreux Jazz Solo Piano Competition մրցույթներում: 2005 թ. Մոսկվայի դաշնակահարների ջազային միջազգային մրցույթում արժանացել է երրորդ տեղի, իսկ 2006 թ. առաջին մրցանակների Մոնակոյի ջազային դաշնակահարների և Թելոնիուս Մոնկի (Thelonious Monk) անվան մրցույթներում, որի ժյուրիի կազմում հանդես են եկել Հերբի Հենկոկը, Էնդրյու Հիլը, Դանիլո Պերեզը, Բիլի Թեյլորը և Ռենդի Վեստոնը:

Հայաստանի Պատմության թանգարան

 

Հայաստանի Պատմության թանգարանը 2016-ին ունեցել է 68 հազար 500 այցելու: 2015-ի համեմատ, 2016-ին այցելուների քանակի աճ է նկատվել:

Այցելուների թվում շատ են նաև զբոսաշրջիկները:

Հայաստանի Ազգային պատկերասրահից հայտնել են, որ  2016-ին ունեցել են շուրջ 80 հազար 300 այցելու: Նշենք, որ 2015 թվականի ընթացքում Ազգային պատկերասրահ է այցելել 60 հազար 822 մարդ:

Անի

 

Այսօրվա Անին ուրվականների քաղաք է: Հիմա այնտեղ միայն փլատակներ են, որոնք ցույց են տալիս հնագույն Անիի փառքի ստվերը միայն: Արդեն մոտ 100 տարի այդ ավերակները գնալով ավելի շատ են քանդվում, եւ քաղաքի ավերակ պատերի ներսում միայն քամին է շրջում: Երբեմն-երբեմն հնագետներ են ժամանում Անի, գրում են խորվաթական Express եւ սերբական B92 պարբերականները:

«Ժամանակին Անին հայտնի էր որպես հազար ու մի եկեղեցիների քաղաք: Ենթադրվում է, որ 11-րդ դարում այնտեղ մոտ 100 հազար մարդ է ապրել: Հայ կառավարիչները հատկապես նախընտրում էին եկեղեցիներ կառուցել: Եվ թեպետ հազար ու մի եկեղեցին չափազանցություն է, հնագետները գտել են առնվազն 40 տաճարային շինության հետք:

Վարդագույն եւ սեւ տուֆից կառուցված Անիի  մայր տաճարը այժմ էլ է վեր հառնում քաղաքի վրա: Դրա գմբեթը փլուզվել է 1319 թվականի երկրաշարժից: Մի քանի տարի անց նոր երկրաշարժը կործանեց նաեւ տաճարի մյուս մասը: Բայց մինչեւ հիմա այն շարունակում է վեհության զգացողություն ներշնչել»:

«Roma Aeterna»

 

Տրետյակովյան պատկերասրահում Վատիկանի թանգարանի գլուխգործոցների՝ «Roma Aeterna» խորագրով ցուցադրության բոլոր տոմսերը մինչև փետրվարի 19-ը վաճառված են: Նման հայտարարություն իր էջում հրապարակել է պատկերասրահը:
«Եթե պատվիրված տոմսերի մի մասը չվճառվի, ապա դրանք կվերադարձվեն կայք»,-ասված է հաղորդագրության մեջ:

Պատկերասրահի աշխատակիցները հայտարարել են, որ մեկ օրում վաճառվել է 30 հազար տոմս:
Վերածնունդի դարաշրջանի նկարիչներ Ջովաննի Բելլինի,  Ռաֆայել Սանտիի, Միքելանջելո Կարավաջոյի գլուխգործոցների ցուցադրության բացումը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին:

Պանթեոն

 

Իտալիայի իշխանությունները մտադիր են վճարովի դարձնել Հռոմի գլխավոր եւ հնագույն տեսարժան վայրերից մեկի՝ Սուրբ Մարիամի եւ նահատակների եկեղեցու մուտքը, որն ավելի շատ հայտնի է որպես Պանթեոն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին: 

«Ամեն տարի Պանթեոն է այցելում 7 մլն զբոսաշրջիկ, բայց նրա վերանորոգման եւ պահպանման համար փողեր են ծախսվում, եւ ես կարծում եմ, որ մուտքի տոմսեր են անհրաժեշտ, թեկուզ էժան: Իրավիճակը բարդանում է նրանով, որ Պանթեոնը պաշտամունքային կառույց է, բայց մենք հիմա եկեղեցու հետ լավ հարաբերություններ ունենք»,- հայտարարել է նախարարը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մտածել, թե ինչպես են համադրելու հավատացյալների համար քրիստոնեական ծեսերի կատարումը եւ զբոսաշրջիկների համար վճարովի մուտքի ներդրումը: Դա պայմանավորված է նրանով, որ Պանթեոնը գործող եկեղեցի է:

Էլբֆիլհարմոնիա համերգասրահը

 

Դեկտեմբերի 11-ին գերմանական Համբուրգ քաղաքում բացվել է Էլբֆիլհարմոնիա համերգասրահը, որը համարվում է դարի ամենահեղինակավոր մշակութային նախագիծը երկրում: Համբուրգի նավահանգստի մոտակայքում գտնվող շինությունը ջրի վրա լողացող նավ է հիշեցնում:

Der Spiegel-ի հաղորդմամբ` նոր տեսարժան վայրի շինարարությունը սկսվել է 2006 թվականին` թեյի, ծխախոտի և կակաոյի պահեստի հիման վրա: Շինության նախագծի հեղինակը ճարտարապետ Ժակ Հերցոգն է:

Նշվում է, որ համերգասրահի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու նախագահ Յոախիմ Գաուկը: Արարողության ժամանակ կատարվել են Բեթհովենի, Կավալիերիի և Վագների ստեղծագործությունները:

Աղբյուրը մանրամասնում է, որ Էլբֆիլհարմոնիայի հիմնական սրահում 2.100 նստատեղ կա, և հանդիսատեսից յուրաքանչյուրը դիրիժորից գտնվելու է 30 մետրից ոչ հեռու տարածության վրա:

Կայքը գրում է, որ ճարտարապետներն Էլբֆիլհարմոնիան քաղաք են անվանել, քանի որ դրանում ռեստորաններ, հյուրանոց և աղյուսե ու ապակե շերտերի արանքում գտնվող 37 մետր բարձրությամբ պլազա կա, որից բացվում է քաղաքի համայնապատկերը:

Die Zeit-ի տվյալների համաձայն` նախագծի վերջնական բյուջեն կազմել է մոտ 790 միլիոն եվրո:

Համերգասրահում կկատարվի տարբեր ժանրերի երաժշտություն` ավանդական սիմֆոնիկ համերգներից և օպերաներից մինչև ժամանակակից իմպրովիզացիաներ և էլեկտրաերաժշտություն:

«Էլբֆիլհարմոնիայի կառուցումը Համբուրգն այցելելու, այս արտառոց շինությունը տեսնելու և երաժշտության ուժը զգալու հրավեր է աշխարհին», - ասել է Համբուրգի քաղաքապետ Օլաֆ Շոլցը:

 

Ուկրաինայի կինոյի հարցերով պետական գործակալությունը հայտնել է 2016-ի վիճակագրությունը, թե Ուկրաինայում քանի ռուսական ֆիլմի ցուցադրություն է թույլատրվել, քանիսինը՝ արգելվել, գրում է «Ուկրաինական լուրերը»։

Եվ այսպես, Ուկրաինայում արգելվել է 38 ռուսական ֆիլմի ու սերիալի ցուցադրություն, իսկ կինոթատրոններում թույլատրվել է միայն 7 ռուսական ֆիլմի վարձույթ։

Արգելված ֆիլմերից ու սերիալներից են մասնավորապես «Վարպետի վերջին գաղտնիքը», «Ճանապարհ դեպի տղամարդու սիրտը», «Խաղը», «Գիշերային պահակները», «Ինքնակոչը» եւ այլն։

Համեմատության համար ասենք, որ 2014-ին արգելվել էին 166 ռուսական ֆիլմեր, իսկ 2015-ին՝ 82։

Ջորջ Լուկաս

 

Ամերիկացի կինոռեժիսոր Ջորջ Լուկասը Լոս-Անջելեսում թանգարան կբացի, որտեղ կտեղակայի հանրահայտ «Աստղային պատերազմներ» ֆիլմերի նկարահանումներից պահպանված իրերի հավաքածուն: Այդ մասին հաղորդել է քաղաքի քաղաքապետ Էրիկ Գարսեթը Twitter-ի միկրոբոլգի իր էջում:

«Մենք շատ ուրախ ենք այդ զարմանալի թանգարանը ստանալու համար: Այն նոր աշխատատեղեր կստեղծի»,- գրել է Լոս-Անջելեսի ղեկավարը, նշելով, որ ամեն տարի այն կդառնա հարյուր հազարավոր մարդու այցելության վայր:
Ըստ Los Angeles Times-ի տվյալների՝ նախագծի արժեքը կազմում է 1.5 մլրդ դոլար, որը համաշխարհային համբավ ունեցող ռեժիսորի կարողության 1/3-րդն է: Նրա կարողությունը գնահատվում է 4.6 մլրդ դոլար: