Փետրվար 02, 2017 03:39 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Յաւրաքանչյուր տարի այս օրերին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի տոնակատարությունների հետ կապված կազմակերպվում են երաժշտության, թատրոնի և կինոյի «Ֆաջր» փառատոները: Այս շաբաթվա մեր հաղորդումը կսկսենք այդ կապակցությամբ կարճ լուրերով:

 

Իրանի 35-րդ «Ֆաջր» կինոփառատոնի, «Սոդայ-ե Սիմորղ» մրցույթում ընդգրկված է իրանահայ դերասան Լեւոն Հաֆթվանի դերակատարությամբ կինոն, որի ռեժիսորն է Քազեմ Մալային:

«Քուփալ»-ը, որը Քազեմ Մալայի առաջին ստեղծագործությունն է, պատմում է Նորուզի նախօրեին մի որսորդի եւ տաքսու վարորդի մասին, որոնք տարօրինակ խնդիրների են հանդիպում:

Ֆիլմում նկարահանվել են մի շարք հայտնի դերասաններ այդ թվում՝ Նազանին Ֆարահանին, Փուրիա Ռահիմի Սամը, Հոսեյն Շամս Աբադին եւ ուրիշներ:

Ռազմիկ Օհանյանի ղեկավարությամբ՝ Թեհրանի «Քոր» սիմֆոնիկ օրկեստրան

 

Անցած շաբաթ իր աշխատանքն ամփոփեց «Ֆաջր» երաժշտության փառատոնը:

Փառատոնին ինչպես արդեն տեղեկացրել ենք ելույթ ունեցավ հայ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Փառատոնին մասնակցեցին նաև այլ հայ երաժիշտներ:

Հունվարի 14-ի երեկոյան, Թեհրանի «Ռուդաքի» համերգասրահում, «Ֆաջր» երաժշտական փառատոնի շրջանակներում մայեստրո Ռազմիկ Օհանյանի ղեկավարությամբ՝ Թեհրանի «Քոր» սիմֆոնիկ օրկեստրան, ելույթով ներկայացավ հանրությանը:

Ծրագրի սկզբում, հնչեցին դասական երաժշտության կատարումներ՝ Մոցարտի, Ջորջ Գրեշուինի, եւ այլ անձանց ստեղծագործություններից: Ծրագրի երկրորդ բաժնում նվագախումբը հանդես եկավ Իրանական հեղափոխական, եւ այլ ֆոլկլոր կատարումներով, այդ թվում իրանահայ դասական երաժշտության աշխարհահռչակ վարպետ՝ Լորիս Ճգնավորյանի «Իրան» ստեղծագործությունը, եւ Գոլնուշ Խալեղիի «Ազադի»-ն:

Ծրագրի վերջին բաժնում, նվագախմբի ղեկավար մայեստրո Ռազմիկ Օհանյանը, «Իրան» ստեղծագործությունը հանդիսատեսին ներկայացնելու համար, բեմ հրավիրեց մայեստրո Լորիս Ճգնավորյանին, որպեսզի նրա ղեկավարությամբ հնչի այս կատարումը:

Հատկանշական է, որ Ռազմիկ Օհանյանի այս քայլը հանդիսատեսի բուռն ծափողջույնների եւ քաջալերանքի առիթ դարձավ:

«Արազ» նվագախումբը

 

հունվարի 16-ին երեկոյան, «Ռուդաքի» համերգասրահում, «Ֆաջր» երաժշտական փառատոնի շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունից ժամանած՝ «Արազ» նվագախումբը, ելույթով ներկայացավ հանդիսատեսին:

Համերգային կատարումների մաս էին կազմում՝ Էմանուել Հովհաննիսյանի եւ Արտեմ Խաչատրյանի ստեղծագործությունները, նաեւ ստեղծագործություններ հայկական ազգային ժողովրդական երաժշտացանկից:

«Արազ» խումբը հիմնվել է Էմանուել Հովհաննիսյանի եւ Արտեմ Խաչատրյանի միջոցով: Երաժշտական խմբի նպատակն է հայկական աշուղական երգարվեստի տարածումը աշխարհում: «Արազ»-ը հայկական ավանդական երաժշտության պահպանման, եւ տարածաման, համար արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների:

«Իմ հայրենի գույները» ցուցահանդեսը

 

Հունվարի 20-ին, Թեհրանի Հ.Մ.Ա.Կ.-ի Արվեստից եւ Երեցների միության համատեղ նախաձեռնությամբ, «Արարատ» մարզավանի «Խաժակ Արզումանյան»-ի անվան սրահում մեկնարկեց իրանահայ ճանաչված արվեստագետ-գեղանկարիչ Էդման Այվազյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

«Իմ հայրենի գույները» խորագրով ցուցահանդեսի բացմանը հրավիրված էին արվեստի հայ եւ պարսիկ գործիչներ:

Ցուցահանդեսը, որն անվանի արվեստագետի ստեղծագործությունների Թեհրանում կազմակերպված երկրորդ ցուցադրությունն է տևելու է 8 օր:

 

ՀՀ մշակույթի նախարարի հանձնարարականով ստեղծված հանձնաժողովը զբաղվում է երաժշտագիտական գրադարանի թվայնացման, տեղափոխման, վերակենդանացման հարցերով՝ մաքրելով ու թվայնացնելով երաժշտական գրադարանի արխիվը: Երաժշտագիտական գրադարանում պահպանվում է շուրջ 260 հազար միավոր գրականություն և 16.300 ձայնասկավառակ, որոնց մեծ մասը տեխնիկապես քայքայված է:

«Պետք է կարգավորել, փոխել մեր մշակութային մթնոլորտը»,-նշել է հանձնաժողովի անդամ, երգիչ Արթուր Իսպիրյանը: Երգիչը համոզված է, որ փոփոխությունների հարցում դրական մեծ դեր կարող է ունենալ մշակույթի նախարարությունը:

«Արմեն Ամիրյանին ճանաչում եմ վաղուց և մեծ հարգանք ունեմ նրա նկատմամբ, որովհետև նա գիտի և՛ անցյալը, և՛ ներկան, գիտի և՛ ճիշտը, և՛ սխալը: Նոր նախարարից շատերը հրաշքներ են ակնկալում նույն օրը, բայց այդպես չի լինում: Ես տեղյակ եմ, թե նա ինչպիսի աշխատանք է տանում, ճիշտ ուղու վրա է մշակույթի նախարարությունը, և բոլորս ականատես կլինենք դրական փոփոխությունների»,-ասել է Արթուր Իսպիրյանը:

Երգիչը ոչ միայն սպասում է դրական փոփոխություններին, այլև սիրով իր մասնակցությունն է բերում՝ փոփոխություններն իրականություն դարձնելու գործին: Հասարակական հիմունքներով նա աշխատում է այն հանձնաժողովում, որը նախարարի հանձնարարականով զբաղվում է Երաժշտագիտական գրադարանի թվայնացման, տեղափոխման, գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ վերակենդանացման հարցերով: Արթուր Իսպիրյանն օրեր շարունակ, ձեռնոցներ հագած, փորձում է աղբից զատել ու փրկել հայ երաժշտագիտության գանձերը:

«Այժմ իմ ամենասիրած «նախագծով» եմ զբաղված: Մենք մաքրում ու թվայնացնում ենք երաժշտական գրադարանի արխիվը: Հին մեթոդներով ձայնագրված, հանրությանն անհասանելի երաժշտական մեր գանձերն այսօր փորձում ենք ժամանակակից տեսքի բերել, նոր սերնդի համար մատչելի դարձնել: Առաջին հերթին փորձում ենք փրկել հայկական արժեքները, որովհետև մեր երիտասարդները դրանց կարիքը շատ ունեն: Նրանք պետք է հեշտությամբ՝ նոր տեխնոլոգիաների միջոցով, կարողանան օգտվել այդ ամենից, և ոչ միայն Երևանում, այլև մարզերում»:

Արթուր Իսպիրյանի համոզմամբ՝ այն, ինչով դաստիարակվում է այսօրվա սերունդը, անընդունելի է. «Մինչև անցյալը չիմանան ու չգնահատեն, նրանք չեն կարող ստեղծել լավ նորը: Երաժշտագիտական գրադարանը կարելի է համարել այն այբուբենը, որից էլ պետք է սկսել: Երաժշտական բացառիկ գրականություն, նոտաներ, ձեռագրեր, այս ամենից պետք է օգտվեն երիտասարդները, որոնց համար էլ արվում է ողջ աշխատանքը»:

Պալմիրա

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները ստացել են տվյալներ, որոնք հաստատում են, որ Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքում ահաբեկիչները ոչնչացել են ճարտարապետական համալիր Տետրապիլոնը և ամֆիթատրոնի նախաբեմը: ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել են միջազգաին կազմակերպությունից:

«Այս միտումնավոր ոչնչացումները նոր ռազմական հանցագործություն են և մեծ կորուստ սիրիական ժողովրդի, ամբողջ մարդկության համար»,- հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:

Նրա խոսքով, «մշակութային ժառանգությանը նոր հարվածը» հասցվել է «մի քանի ժամ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ հնագույն թատրոնի տարածքում զանգվածային  մահապատիժների մասին»:

«Սա խոսում է այն մասին, որ ծայրահեղականները ձգտում են ոչնչացնել նաև պատմական, մշակութային հուշարձանները, որպեսզի սիրիական ազգին զրկեն անցյալից և ապագայից», - ասել է  Ի.Բոկովան:

Պալմիրայի Տետրապիլոնը վկայում է հզորագույն մի ժամանակաշրջանի (մ.թ 270 թվականը) մասին, երբ Զենոբիա թագուհին հասավ իր իշխաության գագաթնակետին: Պալմիայի թատրոնը թվագրվում է մ.թ. 2-րդ դարով: Պալմիրան ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության ցանկում 1980 թվականին, իսկ 2013-ից ընդգրկվել է վտանգված հուշարձանների Համաշխարհային ժառանգության  ցուցակում:

Հիշեցնենք, որ 2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: 2016-ի  մարտի 27-ին սիրիական բանակը և աշխարհազորայիններն ամբողջությամբ ազատագրել էին քաղաքը ԻԼԻՊ-ից:

Այս տարվա հունվարի 18-ին ՌԴ ՊՆ տեղեկատվություն էր ստացվել, որ ահաբեկիչները Պալմիրա մեծ քանակությամբ պայթուցիկներ են տեղափոխել՝ քաղաքում պատմական մշակութային հուշարձանները ոչնչացնելու նպատակով:

«Ավրորա» գեղարվեստական մրցույթ

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար: Մրցույթին պետք է ներկայացնել գեղանկարներ, քանդակներ, փայտագործության և կերամիկական աշխատանքներ, բատիկ, թվային գրաֆիկական պատկերներ: Աշխատանքները պետք է արտահայտեն մարդկային կյանքի արժևորման, խիզախության, նվիրվածության, բարին գործելու և լուսավոր ապագայի մասին գաղափարները:

Գեղարվեստական աշխատանքները պետք է արված լինեն 2016թ. հունվարի 1-ից հետո: Աշխատանքները ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. մարտի 31-ն է:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2017թ. ապրիլին:

Մարկ Թվեն

 

Ամերիկացի նշանավոր գրող Մարկ Թվենի «Արքայազն Օլեոմարգարինի առեւանգությունը» (The Purloining of Prince Oleomargarine) երբեւէ չհրապարակված հեքիաթը հրապարակվելու է որպես առանձին գիրք, հայտնում է The Guardian–ը։

 «Արքայազն Օլեոմարգարինի  առեւանգությունը»  դստրերի համար գրողի հորինած միակ հեքիաթն է, որը նա գրի էր առել։ Մարկ Թվենը սովորություն ուներ երեխաներին պատմել իր հորինած պատմությունները, որոնք երբեք գրի չէր առնում։

Հեքիաթը ստեղծվել է Փարիզում՝ 1879-ին։ Այն մի տղայի մասին է, որը կարողանում էր խոսել կենդանիների հետ։ Մի քանի կենդանիների հետ միասին նա գնում է որոնելու առեւանգված արքայազնին։ Հրատարակիչների խոսքով պատմվածքը ազնվության ու համարձակության մասին է։

Հեքիաթը կհրատարակի Doubleday հրատարակչատունը2017-ին՝ Մարկ Թվենի առաջին գրքի հրատարակման 150-ամյակի կապակցությամբ։ Հեքիաթի տեքստը գտել են 2011-ին Բերքլիի համալսարանում գրողի արխիվային նյութերում։

 

Փարիզի օդանավակայանների ղեկավարությունը Ռուասսի Շառլ դե Գոլի օդանավակայանի  2Е տերմինալում բացել է իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Ընդհանուր առմամբ օդանավակայան է բերվել 35 բնօրինակ կտավ: Բոլոր նկարները տեղադրվել են բուտիկների մոտակայքում, որտեղ լինում են հարուստ այցելուները:

2Е տերմինալով օրական անցնում է 6 հազար ուղեւոր, որոնք հիմնականում մեկնում են ԱՄՆ եւ Ասիա: Օդանավականների ղեկավարությունը կարծում է, որ ուղեւորների 15-20 տոկոսը կայցելի անվճար ցուցահանդեսը:

Բոլոր աշխատանքները ներկայացրել է Փարիզում Պիկասոյի թանգարանը: