Փետրվար 05, 2017 14:00 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Նախորդ մի քանի հաղորդումների ընթացքում ձեզ ծանոթացրեցինք Սեֆևյան շրջանի իրանցի հայտնի բանաստեղծ և հնդկական դպրոցի կամ ոճի կարկառուն ներկայացուցիչ Աբութալեբ Քալիմ Քաշանիի հետ և խոսեցինք այդ բանաստեղծի Հնդկաստան գաղթելու մասին: Նկատի առնելով, որ պատմության որոշ ժամանակաշրջաններում մեծ է եղել Հնդկաստան գաղթած իրանցի մտավորականների թիվը, մի քանի հաղորդումներ հատկացրել ենք այդ թեմային:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Հնդկական թերակղզին տնտեսական, մշակութային ու քաղաքական առումով գաղթականներ ընդունող երկիր է: Քաղաքական տեսակետից Հնդկաստանում իշխանական կառույցը հազար տարի շարունակ ձևավորված է եղել գաղթի երևույթի վրա և Հնդկաստանի իշխանական կառույցներից շատերը կառավարվել են ոչ-տեղացի ու գաղթական գործիչների կողմից: Գաղթականների տարբեր խմբերի մեջ իրանցիները երկու երկրի միջև պատմական, մշակութային ու հասարակական կապերի պատճառով եզակի դիրք են զբաղեցրել: Գաղթական իրանցիների առաջին խումբը զրադաշտականներն էին, որոնց ավելի մեծ թվով խմբեր իսլամը տարածաշրջան մուտք գործելուց հետո գաղթեցին այդ երկիրը: Իրանի ու հատկապես մեծ Խորասանի դեմ մոնղոլական ավերիչ հարձակումներից հետո հազարավոր պարսկախոս գիտնականներ, գրողներ, արվեստագետներ ու արհեստավորներ Հնդկաստան գաղթեցին, ինչը շարունակվեց շուրջ մեկ դար: Այդ շրջանից հետո ամենախոշոր գաղթն արձանագրվել է Սեֆևյանների շրջանում: Տարբեր խմբեր գաղթեցին Հնդկաստան, որոնց մեջ էին գիտության ու գրականության գործիչներ, միստիկներ, սուֆիներ, հեղինակավոր գործիչներ ու ղեզելբաշներ:

 

Հնդիկ թագավորները կամ գրականության ու արվեստի սիրահարներ էին և կամ էլ իրենք ուղղակի զբաղվում էին արվեստով և կամ էլ հովանավորում էին արվեստի գործիչներին ու սիրահարներին: Հնդկաստանի արքաների հատուկ ուշադրությունը գեղագրության արվեստի հանդեպ պատճառ դարձավ, որ Իրանի առաջնակարգ շատ գեղագիրներ Հնդկաստան գաղթեն: 13-րդ դարում Իրանում տարածում գտած «Նաըսթալիղ» գիրը իրանցի գաղթական գեղագիրների կողմից տարածվեց Հնդկաստանում: Բաբերի արքաները ընդառաջեցին գեղագրությունը և նրանցից յուրաքանչյուրն իրենց հրամանագրերը գրի առնելու համար իրենց ծառայության վերցրին իրանցի մի քանի երևելի գեղագիրների: Աքբար Շահի արքունիքում ուշագրավ թվով իրանցի գեղանկարիչներ ու գեղագիրներ զբաղված էին պարսկերեն գրքերի արտագրմամբ ու պատկերազարդմամբ: Նրանք բոլորն էլ վարձատրվում էին շատ բարձր և տարբեր առիթներով ու հատկապես տոների ժամանակ բազմաթիվ պարգևների էին արժանանում: Այլ ճյուղերի արվեստագետներն էլ, այդ թվում նվագիչներն ու գեղանկարիչները Հնդկաստանի թագավորների պալատներում հատուկ ուշադրության էին արժանանում:

«Նաըսթալիղ» գրերի նմուշ Գուրքանյան թագավորների պալատի պատերին 

 

Պատմական փաստաթղթերը վկայում են, որ Դեհլիի ու Դաքանի պալատներում բնակվող իրանցի որոշ գաղթականներ հատուկ հմտություն ու հռչակ ունեին ավանդական բժշկության բնագավառում: Ասվում է, որ նույն այդ գաղթականները իսլամական բժշկությունը տարան Հնդկական թերակղզի ու Պակիստան: Հնդկաստանի մոնղոլ թագավորները շատ իրանցի բժիշկների ծառայության էին վերցրել բժշկության ու բուժման նպատակներով: «Հրեշտակի պատմությունը» արժեքավոր գրքի հեղինակը գրում է. «Աքբար Շահի պալատական բժիշկ Հեքիմ Էյն-օլ-Մալաք Գիլանին բուժման բնագավառում հրաշքներ էր գործում», ինչը վկայում է նրա վարպետ լինելու մասին:

Իսլամը Հնդկական թերակղզի մուտք գործելով իսլամական սուֆիզմն ու միստիցիզմը արագ տարածեցին այդտեղ: Թվում է, որ  սուֆիզմը լուսնային հիջրեթի 5-րդ դարում՝ փրկչական 11-րդ դարում ձևավորված պիտի լինի Մուլթանի մերձակայքում: Այդ տարածքում բնակություն հաստատած առաջին սուֆին Շեյխ Սաֆիեդդին Քազերունին է, որը Իրանի Շիրազ քաղաքի մերձակա Քազերունի տարածքից էր: Թոֆիղ Սոբհանիի համոզմամբ «1205 թվականին՝ Մուլթանում, Մահմուդ Ղազնավիի նվաճումները պատճառ դարձան, որ այդ տարածքի ու դրա քաղաքների հռչակը տարածվի այն ժամանակվա աշխարհում ու սուֆիներն իրենց համար հետևորդներ հավաքելու համար գտան ու չնվաճված տարածքներ բերեցին, որտեղ կարող էին քարոզչություն ու գործունեություն ծավալել: Հնդկաստանում տարածում  ուներ Հանաֆի դավանանքը  և շատ սուֆիներ մուսուլման մտավորականների ու ժողովրդի զանգվածների համար ներշնչման աղբյուր էին ծառայում: Հնդկաստանում սուֆիզմն իր առաքելությունը գտնում էր հոգևոր երջանկության ապահովման մեջ և հավատացած էր, որ քաղաքական իշխանության դիմաց նրանց հանձնարարված է հոգևոր իշխանությունը»:

Իրանական սուֆիզմը արմատ էր տարածել Հնդկաստանի ընդարձակ տարածքի թե գյուղերում, թե քաղաքներում: Ժողովրդի մոտ նրանց վայելած համակրանքն ու ազդեցությունն այն աստիճանի էր, որ գյուղական տարածքներն էլ վերածվել են քաղաքների: Մեծ թվով Խանղահներ են գոյություն ունեցել, որոնք ազդել են քաղաքական, հասարակական ու տնտեսական խնդիրների վրա: Սուֆի շեյխերը ոչ միայն ակտիվ են եղել իսլամական բնագավառում, այլ նաև աշխատել են դրա տարածման ուղղությամբ: Նրանց ազդեցությունն այն աստիճանի է եղել, որ Թոֆիղ Սոբհանիի համոզմամբ «Հնդկաստանի Թեյմուրյաններին գրավել է իսլամի կողմը և նոր շունչ է հաղորդել նրան»: 

«Քաշաֆ-ալ-Մահջուբ» արժեքավոր գրքի հեղինակ Աբոլհասան Ալի Իբն Օսմանը Ղազնավիների միջոցով

 Հնդկաստան մեկնած սուֆիներից է: Նա լուսնային 431 թվականին մեկնում է Լահուր և Հնդկաստանի թերակղզուն է նվիրում պարսկերեն լեզվով առաջին արձակ միստիկական ստեղծագործությունը: Նրանից հետո այլ սուֆիներ մեկնում են Հնդկաստան և սկսում են տարածել իրանական-իսլամական միստիցիզմն ու սուֆիզմը: Նրանք իրենց ելույթներով ու ուսուցումներով հազարավոր մարդկանց դարձնում են իրենց հետևորդը: Քյումարս Ամիրին Հնդկաստանում պարսից լեզվի ու գրականության վիճակի մասին կատարած ուսումնասիրության մեջ անդրադառնալով այդ կետին, գրում է. «Դա անվիճելի իրողություն է, որ Հնդկաստանի թերակղզում իսլամի ու սուֆիզմի տարածումն իրականության մեջ պայմանավորված է եղել արտասահմանից եկած գաղթականներով, որոնք հիմնվելով իրենց ուսուցումների վրա և հեռու մնալով քարոզչական աղմուկներից, իրենց Խանղահների անկյուններում անհրաժեշտ ուսուցումները փոխանցեցին»:

«Քաշաֆ-ալ-Մահջուբ» արժեքավոր գիրքը

 

Մոնղոլների արշավանքներից ու Իրանում առաջացած ավերածություններից հետո շատ միստիկներ ու սուֆիներ մեկնում են Հնդկաստան ու այնտեղ տարածում են իրենց գաղափարները: Նրանցից են Խաջե Մոինեդդին Չաշթին և Շեյխ Նեզամեդդին Օլյան: Իրանցի սուֆիները մեծ ներդրում են ունեցել Հնդկաստանում իսլամը քարոզելու և պարսից լեզուն տարածելու գործում, քանի որ նրանք մոտկից շփվել են այդ երկրի ժողովրդի հետ և քարոզել են կրոնը: Նրանց հետևորդները ճամբորդում էին Հնդկաստանի տարբեր տարածքները և իսլամի ուղերձն էին փոխանցում ժողովրդին ու երբեմն էլ գրքեր էին գրում:

Փրկչական 1383 թվականին երբ Իրանը կրկին Թեյմուրի հարձակման թիրախ է դառնում, Համադանից 700 սեյեդներ գաղթում են Քաշմիր: Ասվում է, թե Թեյմուրը նպատակ է ունեցել ոչնչացնել Համադանի ալեվի սեյեդներին, որոնք այդ թվականներին ուշագրավ ազդեցություն ու հզորություն ունեին: Այդ պատճառով էլ հիշյալ սուֆիները գաղթում են Հնդկաստան: Այդ խմբին գլխավորում էր Ամիր Քաբիր անունով հայտնի դարձած Միր Սեյեդ Ալի Համադանին: Քաշմիրի սուլթանը ողջունում է նոր գաղթականների ժամանումը և դա առիթ է ստեղծում ավելի մեծ գաղթականների Իրանից Հնդկաստան մեկնելու համար:

Հնդկաստանում իրանական սուֆիզմի տարածումը և Սոհրեվարդիեի ու Չաշթիեի նման կարևոր ուղղությունների ձևավորումը գրավչության այլ կիզակետ էր, որը Հնդկաստան էր գրավում սուֆիզմով հետաքրքրվողներին: Որոշ սուֆիներ անհատապես կամ խմբով մեկնում էին Հնդկաստան: Որոշ սուֆիներ էլ պալատական գործիչների հրավերով էին այդ երկիր ուղևորվում:

Պատմության մեջ ասված է, որ Սուլթան Ահմեդ Շահ Դաքանին լուսնային հիջրեթի 9-րդ դարի առաջին կեսին Շահ Նեըմաթոլլահ Վալիի որդուն Քերմանի Դաքանիին հրավիրում է Հնդկաստան և Շահ Նեըմաթոլլահ Վալին Դաքան է ուղարկում իր թոռանը: «Հրեշտակների պատմությունը» գրքի հեղինակ Հենդուշահն այդ մասին իր պատմության գրքում գրում է. «Ոմանք ասում են, որ Միր Նուրոլլահը վերադառնում է Իրան ու ոմանք էլ ենթադրում են և նրան վերադառնալու բախտ չի վիճակվում և վախճանվում ու հողին է հանձնվում Դաքանում»: