Գեղարվեստական հաղորդում (47)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Իրանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու Դոնալդ Թրամփի որոշման դեմ ի նշան բողոքի, իրանցի անվանի ռեժիսոր Ասղար Ֆարհադին բոյկոտել է «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը:
Ասղար Ֆարհադիի տարածած հաղորդագրության մեջ ասված է.«Այս տարի չեմ մասնակցելու «Օսկար» կինոմրցանակաբաշխության արարողությանը»:
Ֆարհադին հավելել է.«Ծայրահեղականները(Թրամփը) աշխարհն ընկալելու համար այն երկու մասի՝ «Մենք և ուրիշները» բաժանելուց բացի այլ ելք չունեն, քանի որ այդպիսով ուրիշներից սարսափելի պատկեր ստեղծելով, փորձում են իրենց սեփական ժողովրդին վախեցնել նրանցից»:
Իրանցի անվանի ռեժիսորը հավելել է.«Մի երկրի ժողովրդի անվտանգությունն ապահովելու պատճառաբանությամբ այլ ժողովուրդներին ստորացնելը նոր երևույթ չէ ,ինչը միշտ ենթահող է ստեղծել թշնամության առաջացման համար»:
«Ես այսպիսով իմ ատելությունն եմ հայտնում իմ հայրենակիցների և մյուս վեց երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու անարդար որոշման դեմ, որն ընդունվել է Թրամփի կողմից», ասել է Ֆարհադին:
Ասղար Ֆարհադիի «Վաճառողը» ֆիլմը Հունվարի 24-ին հայտնվեց «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում՝ հինգ թեկնածուների շարքում:
Իրանական «Վաճառողը» ֆիլմի դերասանուհի Թարանե Ալիդուսթին նույնպես ի նշան բողոքի բոյկոտել է Օսկարի մրցանակաբաշխությունը:
«Վաճառողը» ֆիլմի իրանցի դերասանուհին քննադատելով մի շարք երկրների մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելող Դոնալդ Թրամփի որոշումը, հինգշաբթի օրը հայտարարել է, որ չի մասնակցելու Օսկարի մրցանակաբաշխությանը:
Թարանե Ալիդուսթին թուիթերում թողած գրառման մեջ նշել է, որ իրանցիների համար մուտքի վիզան արգելող Թրամփի որոշումը ռասիզմի դրսևորում է և ի նշան բողոքի այդ որոշման դեմ, չի մասնակցելու Օսկարի մրցանակաբաշխությանը:
Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարն ասել է. «Իրանի կինոյի համաշխարհային հաջողությունների և համաշխարհային արտադրության ցանցին միանալու ջանքերը վկայում են, որ այսօր իսլամական Իրանի մշակույթի հաստաբուն ծառը Իրանի կինո կոչվող պտուղ է տվել»:
Շաբաթ գիշեր Թեհրանի «Միլադ» աշտարակի համաժողովների դահլիճում «Ֆաջր»-ի 35-րդ կինոփառատոնի բացման հանդիսության ժամանակ Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին ասել է. «Իրանի կինոն բարոյական արժեքներ է պարունակում, արտահայտում է հասարակական թերություններն ու խոցերը և միևնույն ժամանակ լուծում է առաջարկում և համահունչ է հասարակությանը»:
Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարի ընդգծմամբ, «Ֆաջր» կինոփառատոնը հասարակական ակտիվության, կենսունակության, հույսի ու կենսուրախության պատգամաբեր է և վկայում է Իրանի բարձրարժեք կինոյի հանդեպ մշակույթասեր ժողովրդի լուրջ ուշադրության մասին:
«Իրանի կինոն խոսուն ու ազդեցիկ լեզուն է այն հասարակության, որը իսլամական հեղափոխության չորս տասնամյակ տևած զարգացումներում առավել քան երբևէ, հասարակական կողմնորոշում է ունեցել»,-նշել է Սալեհի Ամիրին:
Իրանի «Ֆաջր»-ի 35-րդ կինոփառատոնը մեկնարկել է հունվարի 28-ին և շարունակվելու է մինչև փետրվարի 9-ը:
Հունվարի 24-ին, «Ֆաջր» թատերական փառատոնի շրջանակներում, իրանցի հանդիսատեսին ներկայացվեց Թուրքիայից ժամանած «Չիփլար այաքլար» (Ոտաբիբիկներ) թատերախումբը:
Պոլսահայ արվեստագետ Միհրան Թովմասյանի գլխավորությամբ «Չիփլար այաքլար»-ը կատարել է երկու ներկայացում:
Միհրան Թովմասյանը ծնվել է 1980 թվականին Ստամբուլում: Նա ավարտել է «Սինան ճարտարապետ»-ի անվան արվեստի համալսարանը, որից հետո հիմնել «Քիփլար Այաքլար» պարային ընկերությունը: «Քիփլար Այաքլար» մասնակցել է ավելի քան 30 միջազգային փառատոներին:
«Սար»-ը ներկայուցումը պատմում է Արարատ լեռան մասին, եւ թե ինչպես է հայ մարդն այն պահպանում իր հոգու խորքում:
Իսկ «Դու ձուկ չես» պարային կատարումը նվիրված է եղել Հրանտ Դինքին:
Պարտադրյալ պատերազմի հայ նահատակների եւ հայ-իրանական մշակութային ընդհանրությունների մասին նկարահանվում է փաստա-վավերագրական նոր ֆիլմ:
Այն Մազանդարան նահանգի մշակույթի եւ իսլամական լուսավորության գերատեսչության արտոնությամբ նկարահանում է ռեժիսոր Աբդոլռեզա Ռաշիդին: Ֆիլմը կոչվում է «Կը վերադառնա՞ն արդյոք Մարիամի զավակները»:
Ֆլիմի առաջին բաժինը վերաբերվում է հայ-իրանական մշակութային ընդհանրություններին, որի նկարահանումներն իրականացվել են Երեւանում:
Հայաստանյան նկարահանումներին աջակցել են ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակութային կցորդ Մաջիդ Մեշքին եւ Իրան-Հայաստան բարեկամության միությունը:
Նկարահանումները կատարվել են ԵՊՀ Արևելագիտական ամբիոնում, Մատենադարանում եւ Երեւանի թիվ 200 դպրոցում:
Ֆիլմի երկրորդ բաժինը առնչվում է իրանահայության դերակատարությանն ու ակտիվ մասնակցությանը 8-ամեայ պարտադրյալ պատերազմին: Այս բաժնի նկարահանումները տեղի են ունենալու «Հայկաշեն»-ում: Դրանց մասնակցելու են Իրան-Հայաստան բարեկամության միության նախագահ դոկտ. Դամավանդին եւ «Ուրասիա» ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ դոկտ. Վալի Քուզեգար Քալեջին:
Աբդոլռեզա Ռաշիդին նշեց, որ թեեւ ֆիլմը չունի որեւէ հովանավոր, սակայն ինքը նախաձեռնել է նկարահանումները, որպեսզի հանրությանը ներկայացնի հայ նահատակների սխրագործությունների մի մասը:
Աֆրուզ Ֆուրուզանդի «Մաֆիա» ներկայացումը շուտով հանդիսատեսին է ներկայանալու Թեհրանի «Թաաթրէ Բարան»-ում:
«Մաֆիա»-ն պատմում է մի խումբ երիտասարդների մասին որոնք երկրից արտագաղթելու նպատակ ունեն: Երիտասարդ ընկերները որոշում են խաղալ մի հոգեբանական խաղ որը կոչվում է «Մաֆիա», որից հետո առնչվում են մի շարք խնդիրների եւ հարցերի հետ:
«Մաֆիա»-ի դերասաններից են իրանահայ երիտասարդներ Թենի Ավագյանը եւ Էրվին Գալստյանը: Նրանք մարմնավորելու են իրանահայ երիտասարդների կերպարը:
Իրանցի երկու երեխաներ պատվո դիպլոմ և ոսկե մեդալ են շահել Բուլղարիայում անցկացված գեղանկարչության մանկական չորրորդ միջազգային ցուցահանդեսում:
Ֆաթիմա Ջամաշյանը ոսկե մեդալի է արժանացել Բուղարիայում անցկացված նկարչության ցուցահանդեսում:
Խուզեստանցի Անահիթա Աբուալին ևս պատվո դիպլոմի է արժանացել միջազգային այս մրցույթի կողմից:
Իրանի մանուկների ու պատանիների մտավոր զարգացման կենտրոնը 60 ստեղծագործություն էր ներկայացրել Բուլղարիայի Բանսկո քաղաքում անցկացվող գեղանկարչության չորրորդ միջազգային ցուցահանդես:
Երևանի «Նարեկացի» արվեստի միության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համագործակցությամբ ստեղծված նոր «Հայկական կինոյի էջերից» ծրագրի շրջանակում հունվարի 25-ին «Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրվեց Համո Բեկնազարյանի «Պեպո» կինոնկարը, որն առաջին հայկական հնչյունային ֆիլմն է: «Տարվա ընթացքում 24 ֆիլմ է ցուցադրվելու. ամեն ամիս երկու կինոնկար: Անդրադարձել ենք առաջին գունավոր, լայնէկրան, հնչյունային և այլ ֆիլմերին: Կինոժապավենների ցուցադրությունների ընթացքում մասնագետների հետ քննարկումներ կանցկացվեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նարեկացի արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը և հավելեց, որ իրենց նպատակը հայ մշակույթը ճանաչելի դարձնելն է:
Կինոգետ Սիրանուշ Գալստյանի խոսքով՝ Համո Բեկնազարյանը հայ կինոարվեստի կարկառուն ներկայացուցիչներից է: «Նա մեծ դեր է խաղացել նաև հարևան երկրներում ֆիլմարտադրության ստեղծման գործում: Իբրև բեմադրիչ երեք ֆիլմ է ստեղծել Վրաստանում: Կարծում եմ՝ նա կինոյի հայ աշխարհակալն է, և դա չափազանցություն չէ: Բեկնազարյանը 30 ֆիլմ է նկարել իր կյանքի ընթացքում»,-ընդգծեց կինոգետը:
Առաջին հայկական հնչյունային ֆիլմը հիմնված է Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի վրա։ Ֆիլմի ռեժիսորը Համո Բեկնազարյանն է, Պեպոյին մարմնավորել է Հրաչյա Ներսիսյանը, իսկ Զիմզիմովին` Ավետ Ավետիսյանը:
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում հին Թիֆլիսում։ Կինոնկարը պատմում է մի աղքատ ձկնորսի` Պեպոյի և խարդախ առևտրական Զիմզիմովի նրա դեմդիմակայության մասին։ Պեպոն փորձում է դատարանի միջոցով վերադարձնել այն գումարները, որոնք ժամանակին իր հայրը պարտքով տվել է Զիմզիմովին։ Սակայն դատավորի հետ դավադրության մեջ գտնվելով`Զինզիմովը ոչնչացնում է իսկական վկայականը և այն փոխարինում է կեղծ փաստաթղթի հետ։
Լոս Անջելեսում 91 տարեկանում մահացել է ամերիկահայ դերասան Մայք Քոնորսը՝ Գրիգոր Օհանյանը:
Մայք Քոնորսը ծնվել է 1925 թվականի օգոստոսի 15-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Մայք Քոնորսի ֆիլմային կարիերան սկսվել է 1950-ական թվականներից։ Քոնորսը դեր էր ստանում քննադատների կողմից ողջույնների արժանացած մի ֆիլմում՝ «Կղզին երկնքում» անունով, որտեղ նա տանում էր որոնողական-փրկարարական նավի նավաստու դեր։ 1967 թվականին CBS-ը նրան վարձել էր, որպեսզի «Մաննիքս» ֆիլմում խաղար դետեկտիվ Ջո Մաննիքսի դերը։ Ֆիլմը թողարկվել էր 1967-1975 թվականներին և մեծ հաջողություն ունեցել ամբողջ աշխարհով։ Մայք Քոնորսը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի 4 անվանակարգերում, սակայն հաղթել է միայն մեկում։
Քոնորսի դերասանական կարիերան տևում է վեց տասնամյակ, հեռուստատեսային աշխատանքին զուգահեռ, նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։
77 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դերասան Ջոն Հըրթը (John Hurt)։ Այդ մասին հայտնել է The Mirror-ը։ Ըստ աղբյուրի, նա պայքարում էր քաղցկեղի ու աղիքային հիվանդության դեմ։
Հըրթի ամենահայտնի ֆիլմը 1980-ին նկարահանված «Փիղ մարդը» ֆիլմն է, որտեղ նա մարմնավորել է իրականում գոյություն ունեցող Ջոն Մերիկին։ Վերջինը արտասովոր հիվանդությամբ էր տառապում, ինչի հետևանքով մարդու մարմինը դեֆորմացվում էր։ Այդ դերի համար Հըրթը «Օսկար»-ի հավակնորդ է եղել։
Նա նաև գլխավոր դեր է մարմնավորել Ջորջ Օրուելի վեպի հիման վրա էկրանավորված «1984», ինչպես նաև «Օտարը» ֆիլմում։
Վերջին ժամանակներում լայն հանրությանը Հըրթը առավել հայտնի դարձավ Հարրի Փոթերի մասին ֆիլմերից, որտեղ նա մարմնավորում էր միստր Օլիվանդերին։
Իսկ ահա 2017 թվականին լայն էկրաններ կբարձրանա «Ջեկի» ֆիլմը, որը նվիրված է Ժակլին Քենեդիին և որտեղ Հըրթը մարմնավորում է քահանային։