Փետրվար 11, 2017 00:02 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիայի վերաբերյալ հրամանագրի դեմ ի նշան բողոքի Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում Պաբլո Պիկասոյի, Անրի Մաթիսսի ու արևմտյան այլ վարպետների գործերը փոխարինել են իրանցի նկարիչների գործերով: Գրում է The New York Times-ը:

Հիմա սրահում կարելի է տեսնել ծագումով իրանցի Թալա Մադանի, քանդակագործ Փարվիզա Տանավոլի, Շիրան Շահբազի գործերը: Ցուցադրվել է նաև սուդանցի Իբրահիմ էլ Սալահի ու իրաքցի ճարտարապետ Զահա Հադիդի գործերից:

«Այս աշխատանքների հեղինակներն այն ազգերի ներկյացուցիչներն են, որոնց երկրների քաղաքացիներին արգելվել է մուտք գործել ԱՄՆ: Այս գործերը ցույց են տալիս, որ հյուրընկալության ու ազատության գաղափարները կարևոր դեր են խաղում ինչպես այս թանգարանի, այնպես էլ ողջ երկրի համար»,-նշել են թանգարանից:

 

Դերասաններ Քիրա Նայթլին, Դոմինիկ Ուեսթը, Գլեն Քլոուզն ու համաշխարհային կինոարդյունաբերության մոտ 50 առաջատար գործիչներ միավորել են իրենց ջանքերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը դատապարտելու համար, որն արգելում է առավելապես իսլամական բնակչություն ունեցող 7 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ:

Radio Times-ի հաղորդմամբ` կինոյի 48 գործիչ ստորագրել է Վեսթմինսթերի դուքս Հյու Գրոսվենորին ուղղված նամակը` խնդրելով թույլ տալ իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Վաճառողը» ֆիլմի ցուցադրությունը Լոնդոնում:

Թրամփի միգրացիոն հրամանագրի պատճառով դերասանները խնդրում են, որ ֆիլմի ցուցադրությունը կազմակերպվի «Օսկար»-ի անցկացման գիշերը Լոնդոնում:

Ֆարհադին, որը 2012 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմի համար, հայտնել է, որ ինքն ամեն դեպքում կբոյկոտի միջոցառումը:

«Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից Փարիզ» ցուցահանդեսը

 

Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում մարտի 25-ին բացվելու է «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից Փարիզ» ցուցահանդեսը: artguide.com-ը տեղեկացնում է, որ ներկայացվելու է 19 նկարչի 54 աշխատանք, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Սեդրակ Առաքելյանի կտավները: Աշխատանքները տարվելու են Հայաստանի Ազգային պատկերասրահից, Երևանի ռուսական արվեստի թանգարանից և մասնավոր հավաքածուներից:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հունիսի 4-ը:  Ցուցահանդեսի բացման առիթով տպագրվելու է նաև կատալոգ, բացի հայկական իմպրեսիոնզիմի մասին, որպես գեղարվեստական երևույթ, հոդվածներից, դրանում կներառվեն նաև կենսագրական էսսեներ ցուցադրությանը ներկայացված վարպետների մասին և հետաքրքիր փաստեր նրանց ստեղծագործությունների մասին:

Ցուցահանդեսն ուղեկցվելու է նաև դասախոսություններով, թեմատիկ քննարկումներով, երաժշտական երեկոներով և էքսկուրսիաներով:

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի Ազգային  պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ նման ցուցադրություն է բացվելու: «Ցուցահանդեսի հետ կապված բոլոր ծախսերը կատարում է ռուսական կողմը: Նաև գումար տվեցին մեր աշխատանքների ռեստավրացիայի համար, որոնք նաև ներկայացվելու են ցուցահանդեսում: Կարողացանք բանակցությունների ընթացքում  որոշել, թե որ նկարիչների ինչ աշխատանքներ են ներկայացվելու, որպեսզի ռուս հասարակությունն ավելի լավ պատկերացում կազմի հայ արվեստի անցած ճանապարհի մասին»,- ասել էր նա:

Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոն

 

Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը կանցկացվի Երևանում փետրվարի 15-28-ը: Այն ուղղված է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների պրոպագանդմանը, հայ կոմպոզիտորական դպրոցի ավանդույթների պահպանմանը և աշխարհով մեկ դրա արդի նվաճումների ներկայացմանը:

Երաժշտական տոնը յուրաքանչյուր տարի նվիրվում է հայ անվանի կոմպոզիտորներից մեկին և կրում է նրա անունը։

Այս տարի այն նվիրված է կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյակին և կրելու է «Հարո Ստեփանյան-ֆեստ» անվանումը։

Փառատոնն ընդգրկելու է 5 համերգ՝ սիմֆոնիկ և կամերային, հագեցած բազմազան ծրագրերով, հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներով։ Կներկայացվեն հայ կոմպոզիտորների գործեր։ Երաժշտական այս գեղեցիկ նախաձեռնության շրջանակներում հանդես կգան անվանի մենակատարներ, այդ թվում՝ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը։

Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի շրջանակներում թվայնացվել են Հարո Ստեփանյանի երբևէ չկատարված կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք կներկայացվեն ունկնդրի դատին առաջին անգամ:

Մշակութային այս իրադարձության կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։

Հարո Ստեփանյանը (1897-1966թթ.) տաղանդավոր և ինքնատիպ կոմպոզիտոր է, ով մեծ ավանդ է ունեցել հայ երաժշտական մշակույթի զարգացման գործում: Նա հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, բազմաթիվ երգեր, ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ։

«Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյան

 

«Հայ Փոքրիկ Երգիչներ»-ը չորս օրում պետք է ձայնագրեն 10 ստեղծագործություն ճապոներենով: Լրագրողների հետ  հանդիպմանը «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանն ասաց երգերը ձայնագրվում են ճապոնական հայտնի «Վիկտոր Էնթերթեյնմենթ» կազմակերպության հետ համագործակցության շրջանակում:

Ճապոնական կողմից Երևան է եկել 4 մասնագետ՝  կազմակերպության տնօրենը, հնչյունային ռեժիսորը, պրոդյուսերը,  լուսանկարիչը: Հյուրեն այս օրերին բացի ձայնագրման աշխատանքներին հետևելուց այցելում են տեսարժան վայրեր: Այս օրերին արված նկարահանումները հետագայում ֆիլմի կվերածվեն:

«Վիկտոր Էնթերթեյնմենթ» կազմակերպության պրոդյուսեր Հիրոշի Նագանոն պատմեց, որ փոքրիկ երգիչների կատարումները լսել է պատահաբար հեռուստատեսությամբ:

«Շատ տպավորված էինք, ցանկացանք, որ այդ երեխաներն անպայման երգեն ճապոնական երգեր»,-ասաց Նագանոն:

 

2016 թվականին Հայաստանից արտահանվել են 1 մլն  204.8 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել է ավելի քան 80 տոկոսով:

2015 թվականին Հայաստանից արտահանվել էին 660.3 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: 2014 թվականին ցուցանիշը կազմել էր 1 մլն 617.2 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2013 թվականին՝  1 մլն 745.6 հազար ԱՄՆ դոլար:

Հայտնաբերել է Ալեքսանդր Մակեդոնացու կտակը

 

Լոնդոնում գործող փորձագետ Դևիդ Գրանտը պնդում է, որ վերջապես հայտնաբերել է Ալեքսանդր Մակեդոնացու կտակն ու վերջին ցանկության վկայականը նրա մահից 2000 տարի անց:

Ինչպես հայտնում է Horizon Weekly-ն` վկայակոչելով The Daily Mail պարբերականի հրապարակումները, մակեդոնացի արքայի վերջին ցանկությունը, հավանաբար, գրառվել է հնագույն հայկական ձեռագրի տողերում:

Վաղուց փնտրվող կտակում Ալեքսանդր Մեծը ներկայացրել է իր ծրագրերը` կապված իր ղեկավարած հույն-պարսկական կայսրության հետ: Այն բացահայտում է նաև արքայի ցանկությունները  իր հուղարկավորության մասին, ինչպես նաև իր մեծ կայսրության իշխանավորներին:

Փորձագետի խոսքով` Ալեքսանդր Մակեդոնացու կտակը  հայտնաբերվել է հնագույն ձեռագրում, որը հայտնի է Alexander Romance անունով:

Փաստաթուղթը գրված է հին հայերենով և թարգմանվել է հունարենից: Տվյալ փաստաթուղթը հիմնված է Մակեդոնացու կտակի վրա, որը հին աշխարհի ամենահայտնի քաղաքական մանդատներից է:

Այն փաստը, որ «Ալեքսանդրի վարք»-ը հիմնված է մեծ մասամբ  առասպելների վրա, թույլ է տալիս ենթադրել, որ կտակի բնօրինակը դարերի ընթացքում փոփոխությունների է ենթարկվել: Հավանաբար, դրա վերջին տարբերակն է տեղ գտել վեպում:

Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովար

 

Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը ղեկավարելու է Կաննի կինոփառատոնի ժյուրին: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել են միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները:

«Ես շնորհակալ եմ, զգացված և մի քիչ ապշած: Կարող եմ միայն ասել, որ ես ինձ ամբողջությամբ, հոգով և մարմնով նվիրելու եմ այդ գործին»,- ասել է 67-ամյա ռեժիսորը:

Ժյուրիի ամբողջական կազմը և մրցութային հիմնական ծրագրերում ընդգրկված ֆիլմերը կհայտարարվեն ապրիլի կեսերին: Կաննի 70-րդ կինոփառատոնը կայանալու է մայիսի 17-28-ը:

Իսպանացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող և երգիչ Պեդրո Ալմոդովարը մեր ժամանակների ամենաշատ մրցանակ ստացած ռեժիսորներից է։ Ստացել է 92 տարբեր երկրների մրցանակ: Ընդհանուր թվով նկարահանել է 32 ֆիլմ, որոնց համար հիմնականում ինքն է գրել սցենար։ Խաղացել է 10 ֆիլմում, 11 ֆիլմի կոմպոզիտոր է, 13 ֆիլմի պրոդյուսեր է։

 

Բրիտանական Սուրեյ կոմսության Դորկինգ քաղաքում բնակվող Ալմա Դոյչերը 6 տարեկան հասակում արդեն վարպետորեն դաշնամուր և ջութակ է նվագել, ինչպես նաև` իմպրովիզներ արել ու երաժշտություն գրել: Այժմ աղջիկը համարյա 12 տարեկան է, և նրա ստեղծագործությունների թվում են սոնատներ, կոնցերտներ և նույնիսկ երկու օպերա:

Ալմայի խոսքով` ոգեշնչումը գալիս է, երբ ինքը հանգստանում է, մտածում փերիների և արքայադուստրերի մասին, երբեմն էլ` երբ քնած է լինում:

Այժմ Ալման տնային ուսուցում է ստանում, ժամերով զբաղվում երաժշտությամբ, բայց նաև սիրում է խաղալ և երազել:

Նշվում է, որ երիտասարդ դաշնակահարուհին, ջութակահարուհին և կոմպոզիտորը շատ ժամանակ է հատկացնում նաև իր ստեղծագործությունների կատարելագործմանը:

2012 թվականին բրիտանացի դերասան և գրող Սթիվեն Ֆրայն Ալմային համեմատել է Մոցարտի հետ` գրելով. «Ուղղակի անհավանական է… Ալմա Դոյչերը կատարում է իր ստեղծագործությունները: Նոր Մոցա՞րտ»: