Փետրվար 19, 2017 14:04 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարը: Ինչպես արդեն նախորդ մի քանի հաղորդումների ժամանակ ենք ասել, պատմության որոշ ժամանակաշրջաններում մեծ է եղել Հնդկաստան գաղթած իրանցի մտավորականների թիվը, ուստի մի քանի հաղորդումներ հատկացրել ենք այդ թեմային և այսօր ևս խոսելու ենք այդ մասին: Ընկերակցեք մեզ:

 

Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ 

 

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Հնդկական թերակղզին տնտեսական, մշակութային ու քաղաքական առումով գաղթականներ ընդունող երկիր է: Քաղաքական տեսակետից Հնդկաստանում իշխանական կառույցը հազար տարի շարունակ ձևավորված է եղել գաղթի երևույթի վրա և Հնդկաստանի իշխանական կառույցներից շատերը կառավարվել են ոչ-տեղացի ու գաղթական գործիչների կողմից: Գաղթականների տարբեր խմբերի մեջ իրանցիները երկու երկրի միջև պատմական, մշակութային ու հասարակական կապերի բերումով եզակի դիրք են զբաղեցրել: Գաղթական իրանցիների առաջին խումբը զրադաշտականներն էին, որոնց ավելի մեծ թվով խմբեր իսլամը տարածաշրջան մուտք գործելուց հետո գաղթեցին այդ երկիր: Իրանի ու հատկապես մեծ Խորասանի դեմ մոնղոլական ավերիչ հարձակումներից հետո հազարավոր պարսկախոս գիտնականներ, գրողներ, արվեստագետներ ու արհեստավորներ Հնդկաստան գաղթեցին, ինչը շարունակվեց շուրջ մեկ դար: Այդ շրջանից հետո ամենախոշոր գաղթն արձանագրվել է Սեֆևյանների շրջանում: Տարբեր խմբեր գաղթեցին Հնդկաստան, որոնց մեջ էին գիտության ու գրականության գործիչներ, միստիկներ, սուֆիներ ու հեղինակավոր գործիչներ ու ղեզելբաշներ: Իրանցի միստիկներն ու սուֆիները Հնդկական ընդարձակ թերակղզում իսլամի տարածման ուղղությամբ ամենամեծ դերակատարությունն են ունեցել:

Իրանական մշակույթն ու արվեստը, որ իրանցի գաղթականների միջոցով Հնդկաստան մուտք գործեց, տարբեր տեսակետներից իր ազդեցությունն է թողել Հնդկաստանի մշակույթի ու արվեստի վրա: Համառոտ կերպով անդրադարձանք մշակութային ազդեցությանը, սակայն ուշագրավ է նաև գեղարվեստական ազդեցությունը:

Հնդկաստանում նկատելի է իրանական ճարտարապետական ոճի ազդեցությունը: Հնդկաստանի ամենահին շինություններից որոշներում, այդ թվում այսօր Փեթնայ անունով հայտնի Փաթլի Փոթրա քաղաքի Մորիայի թագավորների պալատներում կարելի է նկատել իրանական ճարտարապետական մեթոդների ուշագրավ ներազդեցությունը:

Մորիայի կայսրության պալատների մնացորդները

 

Աքեմենյանների հարստության կործանումից հետո իրանցի արհեստավորներ Մորիական թագավորության հիմնադրի հրավերով գաղթեցին Փաթլի Փոթրա և այնտեղ Թախթե Ջամշիդից, Ափադանայի ու Սադ Սոթունի պալատներից ներշնչված պալատներ կառուցեցին: Քծա երրորդ դարում Հնդկաստանում իրանական ճարտարապետության մեթոդների ազդեցությունը անվիճելի է և հետագա դարերում ու ժամանակաշրջաններում նույնությամբ շարունակվել է: Դոկտ. Թառաչանդը համոզված է, որ Աշուքայի ժամանակաշրջանի արձանագրություններն ու խոյակները Աքեմենյան շրջանի ճարտարապետության բացարձակ ընդօրինակումն են:

Աշուքայի ժամանակաշրջանին պատկանող Սարանաթի խոյակը

 

Շահրիար Նաղավին Իրանի ու Հնդկաստանի ճարտարապետական ոճերի միաձուլման կապակցությամբ համոզված է. «Մոլթան և Լահուր քաղաքներում Սասանյան ու Սելջուկյան շրջանի իրանական մզկիթների ու դամբարանների ոճով կառուցված մզկիթներ ու դամբարաններ կան: Նաև Դեհլի Մամալիք թագավորները կառուցել են «Ղոթբ Մենար»-ի, «Ղովաթ-էլ-էսլամի մզկիթ»-ի, «Ալաի Դարվազե»-ի ու «Մաղբարաթ-ալ-Թաթմեշ»-ի նման շինություններ: Նրանից հետո երբ տարբեր արքաներ իրենց թագավորությունները ստեղծեցին թերակղզու տարբեր տարածքներում սկսեցին գեղեցիկ ապարանքներ կառուցել, որտեղ միաձուլվելով իրանական ու հնդկական ճարտարապետության ոճերը, ծնունդ առավ «Իրանա-հնդկական» ոճը և իր գագաթնակետին հասավ Բաբերի թագավորների օրոք: Նույն շրջանում սալիկագործության արվեստն Իրանից Հնդկաստան փոխադրվեց և արժանացավ Հնդկաստանի ժողովրդի ուշադրությանը»:

Քարայրների պատերին հիշատակ մնացած որմնանկարներից կարելի է կռահել, որ նկարչության արվեստը Հնդկաստանում երկար անցյալ է ունեցել: Հինդուների պատմական շինություններից որոշների, այդ թվում «Աջենթա»-ի քարայրների ու Հնդկաստանի հարավում գտնվող տարբեր տաճարների պատերին նկարչության չափազանց հետաքրքիր նմուշներ գոյություն ունեն:

Որոշ հետազոտողներ համոզված են, որ գրքերի էջերում կատարվող մանրանկարչությունն այնպես ինչպես տարածված է Իրանում, Հնդկաստանում գոյություն չի ունեցել և 13-րդ դարում Իրանից Հնդկաստան է մուտք գործել: Օրինակ, կարելի է հիշատակել «Ամիր Համզե»-ի գիրքը, որը պարսկերեն լեզվով ասպետների մասին գրված պատմություններ են, որոնք գտնվել են Հնդկաստանի թագավորների ուշադրության կենտրոնում և նրանց հրահանգով պատկերազարդվել են:

«Ամիր Համզե»

 

Թեյմուրյան շրջանում առավել քան երբևե բացահայտ է դառնում հնդկական նկարչության վրա իրանական նկարչական ոճի ազդեցությունը և կարելի է նկատել իրանցի գաղթականների թողած հետքը: Իրանում Սեֆևյանների ժամանակաշրջանում գագաթնակետին հասած որմնանկարչությունն ու մանրանկարչությունը վարպետ Քեմալեդդին Բեհզադի միջոցով Հնդկաստան տարվեցին:

Բաբերի որդին՝ Հոմայունը Հնդկաստանի թագավորությունը կորցնելուց հետո մի առ ժամանակ բնակություն է հաստատում Շահ Թահմասբի արքունիքում: Նա Թավրիզում հանդիպում է իրանցի երկու հայտնի նկարիչներ Միր Սեյեդ Ալի Թաբրիզիին ու Խաջե Աբդոլսամադ Շիրազիին ու նրանից հետո երբ իրանական զորքի օգնությամբ վերականգում է Հնդկաստանում իր թագավորությունը, հիշյալ երկու նկարիչներին իր հետ տանում է Հնդկաստան ու նրանց պատվում է: Միր Սեյեդ Ալի Թաբրիզին և Խաջե Աբդոլսամադ Շիրազին Հնդկաստանում պատկերազարդում են «Ամիր Համզե» գիրքը և միասնաբար պատրաստում են այդ գրքի 1400 պատկերները: Հատկապես առաջին բաժնում ,Ամիր Համզե» գրքի պատկերները ազդված են Սեֆևյան ոճից, սակայն մոտենալով գրքի ավարտին այդ ոճի ազդեցությունը նվազում է և արվեստագետները հայտնվում են հնդկական ոճի ազդեցության տակ:

Շահրիար Նաղավիի համոզմամբ «Հոմայունի և Աքբար Շահի շրջանում Իրանից Հնդկաստան տարված նկարչության ոճը ազդվելով շրջապատից որոշ փոփոխություններ է կրում: Դրա արդյունքում ծնվում է «Հնդկաստանի մոնղոլական ոճ» անունով հայտնի նոր ոճ, որը Հնդկաստանից մեծ ազդեցություն կրած լինելու պատճառով հետագային հինդուների կողմից «Ռաջեսթանի ոճ» է կոչվում»:

Պատկերներ «Ամիր Համզե» գրքից

 

Ուշագրավ է նաև Հնդկաստանի թերակղզու և Պակիստանի երաժշտության իրանցի գաղթականների գործած ազդեցությունը: Երաժշտությունը հին ժամանակներից կրոնական բնույթ է կրել այդ տարածքում ու ժամանակի ընթացքում զարգացել ու կատարելագործվել է:Երբ այդ տարածքը եկան իրանցի գաղթականները, իրենց հետ նաև նվագարաններ բերեցին: Միևնույն ժամանակ հնդիկներն էլ երաժշտության բնագավառում հին ժամանակներից սկսած փայլուն անցյալ են ունեցել և այդ տարածքի երգիչների ուշադրության կենտրոնում էր գտնվում հատկապես բանաստեղծության գազելի կաղապարը: Երգիչները հնդիկ թագավորների պալատներում իրանցիների ոճով գազելներ էին երգում ու ռոբաբ էին նվագում: Այդպիսով իրանական երգն ու երաժշտությունը մուտք է գործում Հնդկաստանի իշխանավորների պալատներն ու այնուհետև նաև տարածում է գտնում հասարակ ժողովրդի մոտ: Դրանից ազդվել են նաև Հնդկաստանի երաժշտության վարպետները:

Հնդկաստանի երաժշտության մեջ հիմնական փոփոխությունն ու իրանական երաժշտական տարրերի Հնդկաստանի երաժշտություն մուտք գործելը հիմնականում իրականացվել է Ամիր Խոսրո Դեհլավիի ջանքերով: Այդ տարածքի պարսկագիր հայտնի բանաստեղծ Ամիր Խոսրո Դեհլավին, ով թերակղզում ճանաչված է, որպես գրական ու գեղարվեստական բարձր ու համապարփակ ճաշակի տեր անձնավորություն, ապրել է լուսնային հիջրեթի 651-ից 725 թվականներին: Նա հայտնի բանաստեղծ լինելուց բացի նաև լիարժեքորեն տիրապետել է իրանական ու հնդկական երգ ու երաժշտության ոգուն ու հմուտ է եղել ամեն տեսակի երաժշտության մեջ: Իրանական ու հնդկական երաժշտության բնագավառում նրա վարպետությունը պատճառ է դարձել, որ գեղարվեստական երկու համակարգերը հանգուցվեն իրար ու միաձուլվելով ծնունդ տան «Հեջդահ Բահար»-ի՝ «Տասնութ գարուն»-ի նման երգերի:

Ամիր Խոսրո Դեհլավի

 

Ամիր Խոսրո Դեհլավին «Թաբլե» և «Սիթար» նվագարանները պատրաստելուց բացի Հնդկաստանի երաժշտության մեջ մտցրեց «Լահ»-ն ու «Ղավալի»-ն կամ խմբային կատարումը: Նաև նրա ժամանակաշրջանում Հնդկաստանի հյուսիսային շրջանների երաժշտության մեջ տարածում գտան «Սեթար»-ն ու երգը: Դոկտ. Աբդոլհաղն իր «Օրդուի զարգացման ուղղությամբ սուֆիների դերակատարությունը» գրքում երաժշտության հանդեպ սուֆիների ցուցաբերած հովանավորության կապակցությամբ գրում է. «Բազմաթիվ սուֆիներ հովանավորել են երաժշտությունը և այդպիսով դերակատար են եղել դրա զարգացման գործում: Նրանից մի քանիսը նույնիսկ այդ բնագավառում վարպետի աստիճանի են հասել: Օրինակ Շեյխ Բահաեդդին Զաքարիա Մուլթանին և Շեյխ Բահաեդդին Բարթավին երաժշտության վարպետներից են համարվում: Միևնույն ժամանակ Խաջե Նեզամեդդին Օլիան այս բնագավառում Ամիր Խոսրո Դեհլավիի համառ հովանավորներից է եղել ու իր սիրելի աշակերտի ձայնը լսելով մեծ հրճվանք է ապրել»:

Դեհլի թագավորներն ու Բաբերի արքաները իրանական մշակույթի ու արվեստի և հատկապես երաժշտության տարածման բնագավառում ուշագրավ դերակատարություն են ունեցել և նրանց արքունիքը իրանցի երգիչների ու նվագիչների համախմբման վայր է եղել: «Աքբար Նամե» գրքի հեղինակը հիշատակել է պալատական արվեստագետների շարքում գտնվող 40 իրանցի երաժիշտների անուններ և ներկայացրել է նրանց: Նրա ընդգծմամբ Աքբար Շահի պալատի արվեստագետներից որոշները Իրանի Թավրիզ քաղաքից ու այլ տարածքներից են եղել: Պալատական իրանցի կամ հնդիկ բոլոր երաժիշտները երգել են պարսկերեն լեզվով և քանի որ պարսկերենը համարվել է այդ երկրի պաշտոնական ու գրավական լեզուն, պարսկերեն երգն ամենուր սիրված է եղել: