Իրանական շուկա (20) Շինանյութեր. Շինարարական ու դեկորատիվ քարեր
Իրանում արտադրված քարերի գույնի, որակի ու նախշերի բազմազանության շնորհիվ այս ասպարեզում աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում այս երկիրը։ Այսօրվա հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք իրանական շուկայի այս հատվածը։
Երկրաբանության մեջ քար են կոչվում երկրակեղևի այն նյութերը, որոնք կազմավորվել են իրար միացած մեկ կամ մի քանի միներալներից։ Միներալները բնական, բյուրեղյա, միասեռ և հստակ քիմիական կազմությամբ պինդ մարմիններ են։ Մինչ այժմ բնության մեջ հայտնաբերվել են ավելի քան 3 հազար տեսակի միներալներ, որոնցից ավելի քան 20 տեսակը առատորեն հանդիպում են երկրակեղևի քարերում և հայտնի են որպես քարեր ստեղծող միներալներ։ Կազմության առումով քարերը բաժանվում են երեք խմբերի. Նստվածքային, հրաբխային և մետամորֆիկ քարերը։
Քարերը եղել են առաջին միջոցները, որոնց օգտագործել են մարդիկ գործիքներ ու ապաստարան կառուցելու և իրենց կարիքները հոգալու համար։ Թեև ներկայումս քարի ծանրության, արդյունահանման ու տեղափոխման դժվարությունների պատճառով տարբեր կիրառություններում, այդ թվում շենքերի կառուցապատումներում քարն իր տեղը զիջել է աղյուսի պես այլ շինանյութերի, այդուհանդերձ այն պահպանել է իր նշանակությունը բազմաթիվ դեպքերում, այդ թվում ծանր շինությունների՝ կամուրջների, թունելների, ձնահյուսի դեմ արգելապատնեշի և քարով շարված պատերի կառուցման ժամանակ։ Բացի այդ, շենքերի կառուցապատումներում էական նշանակություն ունի դեկորատիվ քարերի օգտագործումը, այնպես որ աշխարհում շինարարական ու դեկորատիվ քարերի արդյունաբերությունը շուրջ 15 միլիարդ տոննայի պաշարով ստեղծում է տարեկան ավելի քան 80 միլիարդ դոլարի ֆինանսական շրջանառություն։
Դեկորատիվ քարերը
سنگ های تزئینی
Իրանում քարերի արդյունահանումն ու օգտագործումն ունի երկար պատմություն։ Հին իրանցիները իրենց քաղաքակրթության ձևավորման առաջին հազարամյակներում շինարարական քարերն օգտագործում էին շենքերի կառուցման ու հարդարման համար։ Իրանի հյուսիսում յոթ հազար տարվա պատմություն ունեցող քարերով շարված տները վկայում են այդ երկրում քարերի օգտագործման վաղեմիության մասին։ Պատմական հուշարձանները, այդ թվում Պերսեպոլիսը, Պասարգադը, Լորեստանի նահանգում Փոլ-Շեքասթեհ (Շափուրի) կամուրջը, Գիլանի նահանգում Բանդբանի բերդը և բազմաթիվ այլ հուշարձաններ խոսում են այն մասին, որ Իրանում քարերի կիրառումը տարածված է եղել շինությունների կառուցապատումներում։
Ներկայումս Իրանն ունենալով 4 միլիարդ տոննա շինարարական ու դեկորատիվ քարերի պաշարներ, քարերի արդյունաբերության ոլորտում հայտնվել է աշխարհի 10 առաջատար պետությունների ցուցակում։ Համաշխարհային ռեյտինգավորումների համաձայն, դեկորատիվ քարերի պաշարների առումով Իրանն աշխարհում զբաղեցնում է 4-րդ տեղը։ Բազմազան շինարարական քարերի առումով այս երկիրը աշխարհի ամենահարուստ երկրներից է համարվում։ Չնայած մի շարք եվրոպական ու ասիական երկրներ ահռելի գործունեություն են ծավալում քարերի շուկայում, այդուհանդերձ ոչ մեկը չունեն իրանական քարերի բազմազանությունը, այնպես որ Իրանում արտադրված քարերի գույնի, որակի ու նախշերի բազմազանության շնորհիվ այս երկիրը աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը։ Իրանի քարի հանքերում հանդիպում են ավելի քան 100 տեսակի շինարարական ու դեկորատիվ քարեր։ Իրանում մոտ 1300 շինարարական քարի հանքերի, ավելի քան 5 հազար քարի մշակման օբյեկտների և մոտ 600 ստորադաս ու կողմնակի արդյունաբերական հիմնարկների, այդ թվում քարտաշության մեխանիզացիա արտադրող օբյեկտների առկայության շնորհիվ դեկորատիվ քարերի արտադրման ոլորտում Իրանը հայտնվել է աշխարհի 7 առաջատար պետությունների ցուցակում։ Իրանի բազմաթիվ նահանգներում, այդ թվում Սպահանի, Յազդի, Քերմանի, Ռազավի և Հարավային Խորասանի, Ֆարսի, Քուրդստանի, Լորեստանի, Արևելյան ու Արևմտյան Ատրպատականի նահանգներում առկա են որակյալ շինարարական ու դեկորատիվ քարերի հանքեր։
Տեսանյութ՝ Իրանի Մահալաթի քաղաքում իրանական քարերի 9-րդ միջազգային ցուցահանդեսի մասին
Տարբեր գործոններ իրար հետ միասին որոշում են քարի որակը։ Քարը պետք է դիմակայի միջավայրի ֆիզիկական ու քիմիական պայմաններին և դիմացկուն լինի արևի ճառագայթների, քամու, սառցակալումների, ջերմաստիճանի փոփոխությունների և էրոզիայի բոլոր գործոնների հանդեպ։ Որակյալ քարը զերծ է ակոսներից, ճաքերից, երակներից, մաշվածքներից ու թույլ շերտերից, ունի միասեռ գույն, մաքուր և զերծ է ցանկացած բնական ու արհեստական նյութերով աղտոտվածությունից։
Քարի արտադրումը՝ արդյունահանումից մինչև օգտագործումը բաղկացած է տարբեր փուլերից. Հետախուզում, արդյունահանում, տեղափոխում, կտրում, հղկում։ Հանքից արդյունահանված քարը, որը չունի որոշակի ձև, սահմանափակ կերպով օգտագործվում է հիմքաշինության և քարերի միջև եղած տարածությունը լցնելու համար։ Հաջորդ փուլում շինհրապարակում ուրագով մշակելու արդյունքում քարը ձեռք է բերում կանոնավոր ձև և կիրառվում փոքր ինչ երեսպատման աշխատանքներ պահանջող եզրաքարերի տեղադրման և հատակների պատման դեպքերում։ Մալոնը մի տեսակ քար է, որը ուրագով մշակելու արդյունքում ստացել է լիովին կանոնավոր ձև, մասնավորապես դրա մի կողմը ստացել է հարթ ձև։ Նշված քարը կիրառվում է թունելների, կամուրջների, եզրաքարերի, սալահատակների և աստիճանների կառուցման դեպքերում։ Շենքերի ներքին ու արտաքին հարդարման (երեսպատման) աշխատանքներում քարի օգտագործման նպատակով քարի մշակման արհեստանոցներում հանքաքարը կտրում են անհրաժեշտ հաստություններով, այնուհետև այն հղկում են մինչև ստանա փայլ և հայելու հատկություն։ Սովորաբար մատչելի գներով դեկորատիվ քարերը պատրաստում են տրավերտին քարից, իսկ թանկարժեք քարը՝ գրանիտից ու մարմարից։ Այս տեսակի քարերը կիրառվում են ծաղկամանի ու մոմակալի պես դեկորատիվ իրեր պատրաստելու համար։
Քարերի տեխնիկական բնութագրերը միմյանցից տարբեր են։ Այդ իսկ պատճառով չի կարելի շենքերի կառուցման ժամանակ օգտագործել տարբեր կիրառությունների համար նախատեսված ցանկացած տեսակի քար։ Օրինակ՝ գրանիտը հրաբխային տեսակի քարերից է, որը բավականին ամուր, կարծր, դիմացկուն, կոշտ և հղկվելու բարձր ունակությամբ քար է։ Գրանիտի փշրանքները կիրառում են բետոնների պատրաստման, ճանապարհների ու երկաթգծերի հիմքաշինության, իսկ այդ քարի շինարարական տեսակը՝ հուշարձանների, ենթակառուցվածքների, շենքերի ներքին ու արտաքին հարդարումների և հատակների կառուցման համար։ Շինարարական գրանիտի տեսակներից կարելի է նշել Գաբրո և Դիաբազ (սև գրանիտ) տեսակները։ Իրանի կենտրոնում գտնվող Յազդ նահանգի հանքերում առկա են մոտ 28 տեսակի գրանիտի քարեր։
Իրանական գրանիտային քարերի տեսակները
انواع سنگ های گرانیت ایران
Տրավերտինը նստվածքային ու դեկորատիվ տեսակի քարերից է, որը ձևավորվում է տաք ջրերի աղբյուրների ակտիվությունների հետևանքով։ Այս քարը գոյություն ունի տարբեր գույներով՝ սպիտակ, կրեմագույն և մոխրագույն։ Տրավերտինը օգտագործում են շենքերի ներքին ու արտաքին երեսապատումների համար։ Իրանում տրավերտին տեսակի քարի հանքերը գտնվում են Թեհրանի, Սպահանի, Արևելյան Ատրպատականի և Ֆարս նահանգներում։ Կարմիր գույնի տրավերտինը հազվագյուտ տեսակի շինարարական ու դեկորատիվ քարերից է համարվում։ Իրանի Արևելյան Ատրպատականում գտնվող Ազարշահրի շրջանը համաշխարհային համբավ ունի իր կարմիր տրավերտին քարերի շնորհիվ։ Աշխարհում կարմիր տրավերտինի միակ հանքաքարը նշված շրջանի Սարդարաբադ կոչվող հանքավայրն է։
Փոփոխության ենթարկված քարերի տեսակներից է մարմար քարը։ Մարմար քարը կիրառվում է շենքերի ներքին հարդարումների ու երեսապատումների՝ այդ թվում հատակի, պատերի ու արվեստի գործերի համար։ Մաքուր մարմար քարը լինում է սպիտակ գույնի։ Մարմար քարի լավագույն հանքավայրերը գտնվում են Իրանում և Իտալիայում, ընդորում գույների բազմազանության առումով իրանական մարմար քարը գերազանցում է։ Մարմար քարը լինում է տարբեր գույների՝ կարմիր, վարդագույն, մանուշակագույն, մեղրագույն, դեղին, մոխրագույն, կապույտ և մի շարք բաղադրյալ գույներ։ Քերման նահանգի ալիքաձև կանաչ մարմար քարը Իրանի ամենագեղեցիկ ու ամենադիմացկուն մարմար քարերից մեկն է։ Այս տեսակ քարը հավատք, խաղաղություն, առողջություն և կյանք խորհրդանշող իր գեղեցիկ գույնի շնորհիվ հիմնականում կիրառվում է սրբավայրերում։ Իրանական մարմար քարի լավագույն հանքերը գտնվում են Քերման նահանգի Ռոստոմ գյուղում և Քուրդստան նահանգի Ղորվեհ քաղաքում։
Իրանական մարմար քարի տեսակները
انواع سنگ مرمر ایران
Իրանական քարի մշակման գործարանների արտադրանքը, երկրի ներքին սպառումը բավարարելուց բացի, արտահանվում է մի շարք ասիական ու եվրոպական երկրներ մշակված կամ չմշակված տեսքով։ Մի շարք երկրներ, այդ թվում Իտալիան ու Թուրքիան մշակում են իրանական հումքային հանդիսացող քարը և շուկա ներկայացնում իրենց անվամբ։
Վերջին տարիներին ժամանակակից տեխնոլոգիաների ու նոր մեթոդների, այդ թվում ալմաստե կտրող մետաղալարերի ու կարծր մարմիններ կտրող մեքենաների կիրառմամբ մեծացել են այս ոլորտի արտադրության ծավալները։ 2016թ. Ռուսաստանի 17-րդ քարի միջազգային ցուցահանդեսում կատարված գնահատումների համաձայն, իրանական քարի արդյունաբերությունը հայտնվեց նշված ցուցահանդեսի մասնակիցների առաջատարների շարքում։ Այս մասնակցությունը, որն այդ ցուցահանդեսի պատմության մեջ իրանական քարի արդյունաբերության ոլորտում աշխատող ընկերությունների առաջին փորձառությունն էր, բավականին տպավորիչ էր, այնպես որ ցուցահանդեսի տնօրեն տիկին Մարիա Տերտիակովան այն մեծ առավելություն համարեց իրանական ընկերությունների համար նոր արտահանման շուկաներ ձեռք բերելու հարցում, նշելով. «Իրանական քարի արդյունաբերությանը հատկացված մասնավոր սրահի տաղավարներում ներկայացված որակյալ ու գեղեցիկ նմուշները հիացմունք են առաջացնում ցանկացած գնորդի մոտ»։