Իրանական շուկա (21) Արդյունաբերական և դեղորայքային բույսերից ստացված արտադրանքներ
Դեղաբույսերն այն բնական պաշարներից են, որոնք պատմության ընթացքում կարևոր դերակատարություն են ունեցել մարդկանց առողջապահության ու բուժման հարցերում։ Իրանը հանդիսանում է տարբեր տեսակի դեղաբույսերի հիմնական օրրաններից մեկը։ Հենց այս մասին ենք խոսելու իրանական շուկա հաղորդաշարի այս թողարկման ընթացքում։
Նախամարդիկ, ճանաչելով դեղաբույսերի ազդեցությունները, դրանք օգտագործել են իրենց ֆիզիկական ու հոգեբանական ցավերը բուժելու և ցավազրկելու համար և սերնդեսերունդ փոխանցելով իրենց փորձառությունները, հարստացրել են իրենց գիտելիքներն ու տեղեկությունները դեղաբույսերի հատկությունների մասին։ Բուսաբանությունն ու բույսերի հատկությունների ճանաչումը, ինչպես մյուս գիտությունները, ծագել են տարբեր քաղաքակրթությունների և երկրների ժողովուրդների փորձառություններից ու ձգտումներից։ Թեև յուրաքանչյուր տարածաշրջանի աշխարհագրական դիրքից ու պայմաններից ելնելով տարբերվում են բուսականության տեսակը, քանակն ու բազմազանությունը, այդուհանդերձ բազմաթիվ երկրներ քիչ թե շատ վայելում են այս աստվածային բարիքը։
Դեղաբույսեր են կոչվում այն բույսերը, որոնք ուղղակի կամ անուղղակի, մասնակի կամ ամբողջովին կիրառվում են առողջապահական, հիվանդությունների կանխարգելման ու բուժման նպատակներով։ Եթե դեղաբույսերի բերքահավաքից հետո դրանք ինչ որ կերպ առնչություն են ունենում արդյունաբերության հետ, կոչվում են նաև արդյունաբերական բույսեր, ինչպիսիք են՝ յուղատու կուլտուրաների սերմերը, շաքարի բույսերը, թելքավոր բույսերը և այլն...
Դեղաբույսերը կարող են օգտագործվել թարմ, չորացված կամ դրանցից ստացվող ներգործող նյութերի տեսքով։ Հիվանդությունների բուժման հարցում ներգործող նյութեր են պարունակում դեղաբույսերի չորացված զանգվածի քաշի ավելի քիչ քան 1 տոկոսը։ Դեղաբույսերի ցանքսը, մշակումն ու բերքահավաքը տեղի են ունենում հենց այդ մեկ տոկոսի ներգործող նյութը ձեռք բերելու համար։ «Հիմքային յուղ» (հյութ)( essensial oil) արտահայտությամբ նկատի է առնվում այն բուրավետ նյութը, որը առկա է բույսի միջբջիջային հյուսվածքներում։ Այս նյութը բաղկացած է ցնդող միացություններից, որոնք օդում շատ արագ գոլորշիանում են։ Այդ իսկ պատճառով բավականին դժվար է դրանցից բնական հյութ կամ խտանյութ ստանալը, ինչը հնարավոր չէ սովորական թորման գործողությամբ և դրա ձեռք բերման համար անհրաժեշտ է լուծիչ։

Բույսերն ունեն բավականին լայն կիրառություններ, որոնցից կարևորագույններից է դրանց օգտագործումը բժշկության, անասնաբուժության և ֆիտոպաթոլոգիայի բնագավառներում։ Ներկայումս բուսական բազմաթիվ միացություններ սննդի արդյունաբերության մեջ օգտագործվում են որպես կոնսերվանտներ ու բուրավետիչներ, կոսմետիկայի ու հիգիենայի արդյունաբերության մեջ որպես մաշկի պաշտպանիչ ու թարմեցնող նյութ, իսկ արոմաթերապիայում՝ տարբեր ցնդող յուղերի տեսքով։ Բուսական հումքի արտադրությունը կիրառվում է մի շարք արտադրանքներում, այդ թվում՝ գյուղատնտեսական ուժեղացնող նյութերում, թունաքիմիկատներում և միջատասպաններում։

Թեև վերջին կես դարում բավականին տարածում գտավ քիմիական ու սինթետիկ դեղորայքի օգտագործումը, այնուամենայնիվ դրանց մի մասի վնասակար ազդեցությունը բացահայտվելուց հետո, մարդիկ կրկին սկսեցին ձգտել բուսական դեղորայքին։ Քիմիական դեղորայքի վնասակարությունից բացի, որոշ դեղորայքների ձեռք բերումը դրանց բարձր գների պատճառով հնարավոր չէ հասարակության բոլոր խավերի համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն, աշխարհի բնակչության 80 տոկոսը, հատկապես զարգացող պետություններում, աղքատ ու հեռավոր շրջաններում, իրենց խնդիրների բուժման կարիքների մեծ մասը հոգում են դեղաբույսերի միջոցով։ Մինչ այժմ աշխարհում բացահայտվել են 75 հազար դեղաբույսերի տեսակներ և աշխարհում դեղագործական արդյունաբերության ոլորտում արտադրվել ու շուկա են ներկայացվել 5 հազար տեսակի դեղաբույսեր։

Միջազգային շուկաներում դեղորայքային ու արդյունաբերական բույսերի առևտրաշրջանառության ծավալը 1996թ. 60միլիարդ դոլարից 2010թ. հասել է 100 միլիարդ դոլարի։ Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն, 2050թ. միջազգային շուկաներում դեղաբույսերի առևտրաշրջանառության ծավալը կազմելու է մոտ 5 հազար միլիարդ դոլար։ Ներկայումս տարբեր պետություններ ջանում են ցանկալի մասնաբաժին ունենալ այդ մեծ շուկայում։ Ասում են, որ 50 պետություն գործունեություն է ծավալում դեղաբույսերի արտադրության բնագավառում, որտեղ Իրանը զբաղեցնում է 15-րդ տեղը աշխարհում դեղաբույսերի արտադրության ոլորտում։
Իրանում դեղաբույսերի օգտագործումըերկար պատմություն ունի։ Հիրավի պետք է նշել, որ ֆիտոթերապիան մշտապես իրանական բժշկության հիմնարար սկզբունքներից է եղել։ Պատմական առումով Մթ. 6500 տարի առաջ զրադաշտների սուրբ գիրքը եղել է առաջին գիրքը, որտեղ խոսվում է դեղաբույսերի մասին։ Հին Իրանում համոզմունք կար, որ պահլավական գրքերում բույսերի գլխավորը համարվող «Հաոմա» բույսի օգտագործումը հավիտենական կյանքի պատճառ է դառնում։ Հետագայում Իսլամի հայտնությունից ու իսլամական քաղաքակրթության առաջացումից հետո այդ գիտության տարածմանը նպաստեցին մեծագույն գիտնականներ՝ Խանդանե-Բախթիշուին, Ռազին, Ավիցեննան, Բիրունիի, Ջորջանիի, Հերավիի ջանքերը։
Ներկայումս Իրանը իր աշխարհագրական դիրքի շնորհիվ ունեցած բուսականության, մասնավորապես դեղաբույսերի բազմազանության պատճառով, աշխարհում յուրահատուկ նշանակություն ունի բուսականության աշխարհագրության ասպարեզում։ Իր կլիմայի բազմազանության ու պայմանների շնորհիվ, Իրանը աշխարհում համարվում է արժեքավոր դեղաբույսերի տեսակներ ունեցող հարուստ երկրներից մեկը։ Աշխարհում ճանաչված կլիմայի ընդհանուր 13 տեսակներից 11 տեսակը առկա է Իրանում։ Այս հանգամանքը պատճառ է դարձել, այս երկրում ձևավորվեմ բույսերի, սնկերի, ջրիմուռերի և միկրոօրգանիսմների հսկայական պաշարներ։ Բուսաբանների ու բնական ռեսուրսների գծով գիտահետազոտողների կարծիքով, Իրանում առկա են մոտ 8 հազար բուսական տեսակներ, որը տեսակների բազմազանության առումով երկու անգամ գերազանցում է Եվրոպայի մայրցամաքը։ Իրանցի գիտահետազոտողների հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ նշված թվից ավելի քան 2 հազար տեսակը ունեն դեղորայքային, օծանելիքի, համեմունքային, կոսմետիկայի ու հիգիենայի հատկություններ։ Ճանաչված ամբողջ տեսակների շարքում ավելի քան 1700 տեսակը աճում են բացառապես Իրանի տարածքում և համարվում Իրանի տեղական բուսականությունը (Endemic)։
Դեղաբույսերը աճում են Իրանի բազմաթիվ շրջաններում՝ Քուրդստանի, Լոռեստանի, Համեդանի, Չահարմահալ-Բախտիարիի, Քոհգիլույեհ ու Բույերահմադի, Գիլանի և այլ նահանգներում։ Ռազավի և հարավային Խորասան նահանգներում ցանքատարածքների ավելի քան 90 տոկոսը հատկացվել է ամենաթանկարժեք դեղաբույսի՝ Շաֆրանի արտադրմանը։ Ֆարս, Քերման, Սպահան և Արևելյան Ատրպատականի չորս նահանգներում ցանքատարածքների ավելի քան 85 տոկոսում ցանվում է Դամասկոսյան վարդը։ Արտահանման նշանակություն ունեցող դեղաբույսերի, այդ թվում կանաչ քիմիոնի, գինձի, ֆենխելի, թարխունի, իժախոտի, հինայի և ուրցի արտադրության մոտ 70 տոկոսը իրականացվում է Ռազավի և հարավային Խորասան, Քերման, Համեդան և Գիլան նահանգներում։
Իրանական դեղաբույսերից են երիցուկը, հազարտերևուկը, տուղտավարդը, հազրեվարդը, նարդոսը, եղեսպակը, մատուտակը, սոֆորան, ունաբը, սկիպիդարը, միրտուսը, իժախոտը, չարչարածաղիկը, քաղբանը, շալոտը, կաղնու խեժը, տրագականտը, ասաֆետիդան, որոնք արտահանվում են աշխարհի տարբեր երկրներ։ Գերմանիան, Անգլիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունգարիան, Հնդկաստանը, Չինաստանը, Թուրքիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն, Կատարը, Քուվեյթը, Լիբանանը, Ամերիկան և Կանադան այն երկրներն են, որտեղ արտահանվում են իրանական դեղաբույսերը։
Մի շարք իրանական հայտնի դեղաբույսեր
شاه پسند وحشی
زنجبیل
بابونه
بهارنارنج
اسفناج
زعفران
شبدر قرمز
اسطوخودوس
خاکشیر
گاوزبان
Ներկայումս Իրանում դեղաբույսերի, բնական մթերքների և ավանդական բժշկության ոլորտներում աշխատում են ավելի քան 150 գիտահետազոտական ընկերություն և ավելի քան 400 ձեռնարկություններ, որոնց աշխատանքի արդյունքն են դեղորայքի, մարդկային ու անասնական բնական մթերքների բնագավառում ավելի քան 600 տեսակ արտադրանքները։ Այդ դեղորայքը կարող է լինել մի տեսակ բույսի բնահյութի տեսքով, ինչպիսիք են բուսական բնական հյութերի ու խտանյութերի տեսակները կամ մի քանի տեսակ դեղաբույսերի համակցությունը, ինչպիսիք են արյունխմիկ դեղաբույսի օգտագործումը ստամոքսային խոցի բուժման համար, հոդային հիվանդությունների բուժման համար բուսական քսուկների օգտագործումը, Ալցհեյմերի հիվանդության բուժման դեղը, բրաբիոնի և երիցուկ դեղաբույսի օգտագործումը մանուկների շրթունքների բուժման համար, Օսվալին այրվածքների բաղադրյալ դեղը, որը բաղկացած է ընկույզի, քունջութի և կանեփի բույսերից, երիկամային քարերի համար նախատեսված ուրթիկայի (Urtica ZB) հյութը, պարկելախոցի, դիաբետի ու տարբեր տեսակ այրվածքների բուժման համար նախատեսված herbex կոչվող քսուքը, որը կազմված է արնեբիա բույսի բնահյութի, մեղվամոմի և ձիթայուղի բաղադրությունից։
Իրանը, ելնելով իր բուսականության հարստությունից, աշխարհում կենսաբանական ծագումով դեղորայքների ուսումնասիրության բնագավառում հայտնի կենտրոններից մեկն է։ Բուսաբանական այգի-թանգարաններում և գիտահետազոտական տասնյակ կենտրոններում աշխատում և ուսումնասիրություններ են իրականացնում հարյուրավոր հետազոտողներ։ Իրանի բազմաթիվ քաղաքներում իրականացված հետազոտությունների նպատակն է եղել հավաքել, հայտնաբերել և գնահատել երկրի արժեքավոր դեղաբույսերը։ Դեղաբույսերի ոլորտում աշխատող մարդիկ ձգտում են մեծացնել բուսական ծագումով դեղորայքի արտադրությունը՝ բարձրացնելով երկրի գենետիկ պաշարների մասին իրազեկվածությունը (դրանք գրանցելու և պահպանելու նպատակով), հայտնաբերելով բուրավետ ու դեղորայքային բույսերը Իրանի ֆլորայի տեսականու շարքից, պատրաստելով բուսական ծածկույթի քարտեզները, ուժեղացնելով ու զարգացնելով տարբեր տեսակ դեղաբույսերի (մենաշնորհային ու անհետացող) գենետիկական բանկը, որպեսզի ներքին պահանջարկի բավարարմանը զուգահեռ ավելի քան երբևէ արտահանել իրենց արտադրանքը այլ պետություններ։