Մարտ 18, 2017 09:32 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Ընթացքի մեջ են Իրանի ու Հայաստանի համատեղ նոր արտադրությունը համարվող «Արտասուքը» գեղարվեստական ֆիլմի աշխատանքները:

«Արտասուքը» ֆիլմի ռեժիսոր Ռեզա Հոսյենաբադին այդ ֆիլմի մասին ԻՌՆԱ-ին տված զրույցում ասաց, որ ֆիլմը նկարվել է Իրանի ու Հայաստանի կինոգործիչների ու դերասանների համագործակցությամբ:

«Արտասուքը» ֆիլմում հանդես են եկել իրանցի դերասաններ Ամիր Մոհամմեդ Զանդը, Մաջիդ Մոշիրին, Բաբաք Նուրին, Ֆարզադ Ֆարզամն ու Ամիր Սահրային, նաև հայաստանցի դերասաններ Անահիտ Կիրակոսյանը, Անի Ղամբարյանն ու Արմենը:

Ռեժիսորն անդրադառնալով «Արտասուքը» ֆիլմի պատմությանն ասաց.«Ֆիլմը պատմում է իրանցի չորս երիտասարդների մասին, որոնք իրենց երազանքների իրականացման համար գաղթում են և ընկնում են Դեյվիդ անունով մի անձ թակարդկը»:

Հոսեյնաբադին ասել է, որ ֆիլմի ամբողջ նկարահանումն իրականացվել է Հայաստանում:

Իրանցի ռեժիսորը նաև տեղեկացրել է իր նոր ֆիլմի նախապատրաստական աշխատանքների մասին, որը «Ճանապարհ 3000» խորագրով կոմդիա է և պատմում է մի դրամաշորթության մասին:

Էդվարդ Միլիտոնյան

 

Խորհրդային տարիների կարդալու ու գրելու բուռն սերն այսօր սակավացել է, ինչի մասին են վկայում տպագրված գրքերն ու գրողների թիվը,-  Գրողների միջազգային օրվա՝ մարտի 3-ի առիթով լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Հիմա շատ քիչ երիտասարդներ են, որ գրել ուզում են: Երիտասարդ գրողների մուտքն է քչանում: Սա պետք է մեզ համար ցուցիչ լինի, որ գրականության, գրողի նկատմամբ մենք չունենք պատշաճ վերաբերմունքն: Պետք է այնպես անել, որ գրողի գիրքը ընթերցվի: Գրական հանդիպումների, քննարկումների պակաս կա այսօր»,- մտահոգություն հայտնեց ԳՄ նախագահը:
Նա հիշեցրեց, որ նախկինում՝ խորհրդային տարիներին գրական հանդիպումներ էին կազմակերպվում գյուղերում:

Կարևոր խնդիրներից Միլիտոնյանն առանձնացրեց հայ գրողների ստեղծագործությունների թարգմանությունները. «Պիտի կարողանանք լավագույն գրքերը զատել և հնարավորություն ստեղծել դրանց տպագրման ու թարգմանման  համար»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե երիտասարդ ստեղծագործողներից շատերը նախընտրում են տպագրելու փոխարեն իրենց ստեղծագործությունը ներկայացնել համացանցում, Միլիտոնյանն ասաց. «Ես հարգում եմ դա, բայց բացի համացանցից, պետք է չմոռանալ գրական ամսագրերի, թերթերի մասին: Ինձ ավելի հետաքրքրում է այն մարդու կարծիքը, որն ունի գրական ճաշակ, ընթերցելու որակ»,- ասաց նա:
Վերջում ԳՄ նախագահը հավելեց, որ անկախ ամեն ինչից՝ Հայաստանում այսօր հրաշալի գրողներ են ապրում:

 

Ամեն տարի մարտի 3-ին աշխարհի գրեթե բոլոր երկրներում նշվում է Գրողի համաշխարհային օրը (World Day of the writer): Այն ստեղծվել է Միջազգային PEN-ակումբի 48-րդ կոնգրեսի որոշմամբ, որն անցկացվել է 1986 թվականի հունվարի 12-18-ը: Իսկ PEN-ակումբը ստեղծվել է 1921 թվականին, Լոնդոնում:

Կազմակերպության հապավումը կազմված է անգլերեն հետեւյալ բառերից. Poets՝ բանաստեղծներ, Essayists՝ ակնարկ գրողներ, Novelists՝ վիպագիրներ: Բացի այդ, pen բառն անգլերենից թարգմանաբար նշանակում է գրիչ:

Ըստ Calend-ի, կազմակերպության ստեղծման գաղափարն անգլիացի գրող Քեթրին Էմի Դոուսոն-Սքոթինն է: Այսօր PEN-ակումբը կենտրոններ ունի աշխարհի 130 երկրներում:

 

Sony World Photography Awards 2017 ֆոտոմրցույթի ժյուրիի անդամները հայ լուսանկարիչ Յուլյա Գրիգորյանցի աշխատանքը ներառել են Professional Daily Life կատեգորիայի շորթ–լիստում։

183 երկրներից ավելի քան 227,000 լուսանկարներ են ներկայացվել  Sony World Photography Awards 2017 մրցույթին։ Գրիգորյանցը ծնունդով Երեւանից է, ներկայումս բնակվում է Ֆրանսիայում։ Նա թոփ-10-ում ներառված միակ հայ լուսանկարիչն է։

«Դատարկության բնակիչները» լուսանկարների շարքում Գրիգորյանցը ներկայացրել է Գյումրիի բնակիչներին, որն իր աղքատության ցուցանիշով Հայաստանում առաջին տեղում է։

 «Ինձ համար մեծ պատիվ է լինել Sony World Photography Award մրցույթի լավագույնների շարքում։ Լուսանկարների իմ շարքն իմ երկրի պատմությունն է, որն անձամբ ինձ է վերաբերում։ Այն, որ ես ներառվել եմ շորթ–լիստում, նշանակում է, որ իմ պատմությունը հուզել է հանդիսատեսին, եւ դա շատ կարեւոր է ինձ համար»,–մեկնաբանելով իր հաջողությունն՝ ասել է Յուլյան։

Հաղթողները կհայտարարվեն ապրիլի 20–ին։ Մրցանակները կներառեն Sony թվային սարքավորման վերջին տարբերակը, ուղեւորություն Լոնդոն եւ 25 հազար դոլար։

 

Կիևում՝ Վ. Ի. Վերնադսկու անվան Ուկրաինայի ազգային գրադարանում, նախօրեին բացվել է «Հայկական գիրքն Ուկրաինայում. 400–ամյա պատմություն» ցուցահանդեսը: Լայն հանրությանն առաջին անգամ ներկայացվել են հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամական կապերը ներկայացնող եզակի փաստաթղթեր:

Մեծ հետաքրքրություն է առաջացրել միջնադարյան ձեռագրերը՝ գրված 14-րդ, 16-րդ, 17-րդ դարերում: Ներկայացվել են նաև Հայաստանին վերաբերող 19-20-րդ դարասկզբի հրատարակություններ, հայ երաժշտության պատմության գրքեր։

Ներակայցված ցուցանմուշները պահվում են Ուկրաինայի գրադարաններում:

Աղբյուրը նշում է, որ Ուկրաինայում հայերի միությունն ակտիվորեն աշխատում է ազգային պատմական արժեքները հանրայնացնելու ուղղությամբ:

 

Պալմիրայի հուշարձաններին հասցված վնասն այդքան էլ մեծ չէ, համեմատած ԻՊ կողմից հնագույն քաղաքի առաջին գրավման հետ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նման գնահատական է տվել Սիրիայի հնությունների և թանգարանների  վարչության տնօրեն Մաամուն Աբդուլքարիմը:

Նրա խոսքով, այն լուսանկարները և վիդեոկադրերը, որոնք տարածվել են, ցույց են տալիս, որ «հասցված վնասի ծավալն այնքան էլ մեծ չէ, ինչպես նախապես ենթադրվում էր»:

«Մենք սպասում էինք, որ ամեն ինչ վատ է լինելու: Դրական պահ է, հույս կա, որ մենք կարող ենք ավարտել աշխատանքը, որը սկսվել էր Պալմիրայի առաջին ազատագրումից հետո»,- ասել է նա:

Մաամուն Աբդուլքարիմը նշել է, որ լուսանկարներից կարող են ենթադրել, որ վնասվել է հնագույն ամֆիթատրոնի ճակատային մասն ու քանդվել է Տետրապիլոն ճարտարապետական համալիրի սյունները: Նա հավելել է, որ առաջիկա երկու օրը մասնագետների խումբը կսկսի այցելությունը Պալմիրա՝ տեղում իրավիճակին ծանոթանալու  համար: Փորձագետների խմբում, նրա խոսքով, 400 ինժեներ է լինելու, ովքեր մշտական կապի մեջ են «միջազգային գործընկերների հետ:

«Դրանք այն երկրների փորձագետներն են, ովքեր նույնպես մասնակցում են վերականգնողական աշխատանքներին՝ սկսած Ռուսաստանից, վերջացած Արևմտյան Եվրոպայից և Ճապոնիայից»,- ասել է Աբդուլքարիմը:

 

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Վատիկանի թանգարանի գլուխգործոցների՝ «Roma Aeterna» խորագրով ցուցադրությանն այցելել է 163 հազար մարդ: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով թանգարանի տարածած մամուլի հաղորդագրությանը:

Վերածնունդի դարաշրջանի նկարիչներ Ջովաննի Բելլինի,  Ռաֆայել Սանտիի, Միքելանջելո Կարավաջոյի գլուխգործոցների ցուցադրության բացումը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին: Այն շարունակվել է մինչև մարտի 1-ը:

«Այն էքսկլյուզիվ  ցուցահանդես էր յուրահատուկ գլուխգործոցներով»,-հայտարարել էին Տրետյակովյան պատկերասրահում:

Նաև նշել են, որ իրենց հիմնական խնդիրը եղել է անվտանգության նկատառումներից ելնելով հաճախորդների մուտքի սահմանափակումը, ջերմաստիճանի ռեժիմին հետևելը: Հաճախորդների մուտքը թույլատրվել է սեանսներով, որպեսզի սրահներում 100 մարդուց ավելի չլինի:

 

Սալվադոր Դալիի «Ֆիգուր պրոֆիլից» նկարը Լոնդոնում Bonhams-ի աճուրդում վաճառվել է գրեթե 1.8 մլն ֆունտով: Այս մասին գրում է Gazeta-ն:

1925 թվականին ստեղծված կտավում պատկերված է նկարչի քույրը՝ Աննա Մարիան: Դալին նկարը քրոջը նվիրել է մինչեւ իրենց հարաբերությունների խզումը: 1942 թվականին Դալին ինքնակենսագրական գիրք է հրատարակել, որը դուր չի եկել նրա քրոջը, եւ 1949-ին նա սեփական ինքնակենսագրականն է հրատարակել:

Հետագայում Աննա Մարիան նկարը նվիրել է այժմյան սեփականատերերին:

Կտավը գնահատում էին 800 հազարից 1.2 մլն ֆունտ: Արդյունքում այն վաճառվել է 1.8 մլն ֆունտով:

 

Գուստավ Կլիմտի «Ծաղկող այգի» կտավը Լոնդոնում՝ Sotheby's աճուրդում վաճառվել է 48 մլն ֆունտով, հաղորդում The Telegraph-ը։

Կտավը դարձել է Եվրոպայում երբեւէ վաճառված արվեստի ամենաթանկ երրորդ գործը։ Դրան շրջանցում են Ալբերտո Ջակոմետիի «Քայլող մարդը» քանդակը (65 մլն ֆունտ) եւ Պիտեր Պաուլ Ռուբենսի «Անմեղների ծեծը» կտավը (49,5 մլն ֆունտ)։

Բացի այդ, այժմ այն Կլիմտի ամենաթանկարժեք բնապատկերն է։

Գուստավ Մեցգեր

 

Լոնդոնում վախճանվել է ավտոդեստրուկտիվ արվեստի ուղղության հիմնադիր, նկարիչ Գուստավ Մեցգերը, հաղորդում է The Guardian-ը։

Մեցգերն 90 տարեկան էր։ Նա մահացել է իր տանը։ Մահվան պատճառը չի հստակեցվում։

Մեցգերի ինստալացիաները հաճախ բաղկացած էին թափոններից։ 2004-ին Թեյթ պատկերասրահում ցուցադրել են նրա վերականգնված աշխատանքը՝ «Ավտոդեստրուկտիվ արվեստի առաջին հասարակական ցուցադրությունը», որի օբյեկտներից մեկը եղել էր աղբի պարկը։ Թանգարանի մաքուհին դեն էր նետել «աղբի պարկը»՝ ոչնչացնելով արվեստի գործը։