Ապրիլ 03, 2017 11:27 Asia/Yerevan
  • Ճանաչենք իսլամը (130)

Ողջույն թանկագին բարեկամներ: Այսօր կշարունակենք Իմամաթի մասին մեր զրույցը, անդրադառնալով իմամների ու մեծ մարգարեի գերդաստանի անդամների դիրքին, որոնք իրենց իսկ վկայությամբ կրոնի հիմնասյունն ու մարդկության փրկության տապանն են հանդիսանում:

Ճանաչենք իսլամը

 

Բազմաթիվ վկայությունների համաձայն, մեծ մարգարեի գերդաստանի անդամներն ու իմամները համարվում են մարգարեի տեղակալներն ու կտակարարները: Հենց այնպես որ մարգարեն իր կենդանության օրոք ժողովրդի գիտական ու կրոնական աղբյուրն էր հանդիսանում, նրա վախճանումից հետո այդ դերակատարությունն ստանձնում են նրա տեղակալները և մարդիկ պիտի նրանց դիմեն: Իմամ Հոսեյնն ասում է. «Ամենակարող Աստված իր ծառային՝ Մոհամմեդին մարգարե նշանակեց ու նրան իր մոտ տարավ, իսկ մենք՝ նրա գերդաստանը, կտակարարներն ու ժառանգներն ամենամեծ արժանիքն ունենք ժողովրդի մոտ նրա տեղը զբաղեցնելու համար, սակայն մեր փոխարեն ուրիշներին նշանակեցին»:

Մեծ մարգարեն «Սաղալեյն» հայտնի վկայության մեջ, որը ամենաշատ հղումը ստացած վկայություններից է համարվում, Ղուրանն ու իր գերդաստանը դասում է իրար կողքի: Մարգարեի այս վկայությունը իրավամբ պարզաբանում է նրանից հետո նրա գերդաստանի գիտական, կրոնական, քաղաքական ու հասարակական հարցերում աղբյուր համարվելը: Այլ խոսքով հենց այնպես որ Ղուրանն իսլամն ու կրոնական գիտելիքները ճանաչելու աղբյուր է համարվում, մեծ մարգարեի գերդաստանն էլ որպես աստվածային այդ գրքի իրական մեկնաբան Աստծո կրոնը ճիշտ կերպով ըմբռնելու վստահելի աղբյուր է համարվում:

Իմամ Ալին մեծ մարգարեի գերդաստանը լիարժեք օրինակ է ներկայացնում ժողովրդի առաջնորդության ու Բարու ճամփան ճանաչելու համար և ասում է. «Նայեք Ձեր մարգարեի գերդաստանին, ընկերակցեք նրանց ու հետևեք նրանց ուղղությանը: Նրանք ոչ ձեզ ապակողմնորոշելու և ոչ էլ մոլորեցնելու են»: Ուրեմն քանի որ մարգարեի գերդաստանը Բարու ուղեցույցն ու առաջնորդության ցուցանիշն են, չպիտի նրանց լքել ու ուրիշներին դիմել: Իհարկե պատմության վկայությամբ մարգարեից հետո ոմանք զարտուղի գնացին ու մատնվեցին տարբեր սադրանքների ու տառապանքների: Հազրաթ Ալին գանգատվելով այն մասին, որ որոշ մարդիկ մոլորվել  են ու կորցրել են իրենց ճամփան, տառապանքով այսպես է ասում. «Ինչպե՞ս եք մոլորվում, երբ ձեր մարգարեի գերդաստանը ձեր մեջ է և նրանք բարու ղեկավարները, կրոնի նշաններն ու անկեղծ խոսքն են: Ուրեմն նրանց տեղավորեք Ղուրանի կողքին ու ծարավների նման նրանց զուլալ աղբյուրից հագեցեք»:

Բացատրելով իմամաթի հարցը իմամ Ռեզան անդրադառնում է «Մաեդե» սուրայի 3-րդ այային, որը հայտնվում է մարգարեի կյանքի մայրամուտին՝ հաջջի վերջին ուխտագնացության ժամանակ: Այս այայում ասված է. «Այսօր ձեր կրոնը կատարյալ դարձրեցի ու ավարտեցի ձեզ ուղղված իմ շնորհը և իսլամը ձեր կատարյալ կրոնը նշանակեցի»:Իմամ Ռեզան բացատրելով այս այան ասում է.«Իմամաթը կրոնը կատարյալ դառնալու նշանն է և մարգարեն այս աշխարհից չհեռացավ մինչև այնքան ժամանակ երբ մարդկանց համար չպարզաբանեց կրոնի նշանները, չհստակեցրեց նրանց ուղին ու ժողովրդին չառաջնորդեց ճիշտ ուղղությամբ, Ալիին նրանց ուղեցույցն ու իմամը չնշանակեց ու չբավարարեց նրանց բոլոր կարիքները»:

Իմամաթ

 

Աստված կյանքի համար սահմաններ ու օրենքներ է հստակեցրել և մարդուն կոչ է արել հարգել այս սահմաններն ու օրենքները և դրանք չոտնահարել, քանի որ կարող է դեպի կործանում ու անկում գնալ: Իմամի դերակատարությունն այն է, որ որպես վստահելի ու օրենքին ծանոթ իշխանավոր հասարակության մեջ գործադրի այդ օրենքները և մարդկանց հեռու պահի շեղումներից ու օրինազանցությունից:

Իմամի գոյության անհրաժեշտության պատճառներից մեկն այն է, որ հասարակությունը կարիք ունի բանիմաց ու գործունյա առաջնորդի ու ղեկավարի, որպեսզի տնօրինի ու կարգավորի հարցերը, պաշտպանի բարին ու ժողովրդին հեռու պահի բռնակալների չարիքներից: Իմամ Ռեզան ասում է. «Չի կարելի գտնել մի խումբ, որ առանց ղեկավարի ու պատասխանատուի գոյատևած լինի: Քանի որ նրանց աշխարհիկ ու հոգևոր հարցերի կարգավորման համար բանիմաց իշխանավորի կարիք է զգացվում: Մարդիկ անհրաժեշտաբար պիտի մի իշխանավոր ունենան, որպեսզի նրա շնորհիվ հասարակությունն ամրապնդվի, նրանց գլխավորի թշնամիների դեմ պատերազմում, նրանց միջև բաժանի հանրային գույքը, առաջնորդի նրանց ուրբաթօրյա և հավաքական աղոթքը և կանխի բռնահարվածների հանդեպ բռնակալների չարագործությունը»:

Այսպիսով Իմամը հասարակության առաջնորդությունն ստանձնելու համար պիտի լինի ժամանակի ամենաարժանավոր ու բանիմաց անձը: Իմամ Ալիի դիտանկյունից թե կարողությունը և թե գիտությունն ու տեղեկացվածությունը հասարակության իմամն ու առաջնորդը լինելու անհրաժեշտ պայմաններից են: Նրա ընդգծմամբ. «Ժողովրդի առաջնորդման ու ղեկավարման համար ամենաարժանավոր անձը նա է, որ մյուսներից առավել հզոր ու արժանավոր է և տիրապետում է Աստծո  պատվիրաններին»:

Իմամը կրոնի ամուր ամրոցն է և պողպատյա պատնեշի նման կանգնում է շեղումների ու նորամուծությունների դիմաց: Իմամը կրոնը պաշտպանում է անարժանների ոտնձգությունից: Իմամ Ռեզան այս մասին նշում է. «Եթե Աստված ժողովրդի համար վստահելի պատասխանատու և իմամ չներկայացներ անկասկած աստվածային կրոնը ոչնչացված կլիներ ու աստվածային օրենքները փոփոխության մատնված կլինեին: Կրոնում նորամուծությունների ականատես կլինեինք, անկրոնները կխեղաթյուրեին աստվածային կրոնը և նրան թերի դարձնելով իսլամի կապակցությամբ կասկածներ կհարուցեին ժողովրդի մեջ»:

Իմամները լինելով հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող օրինակելիներ, ժողովրդի բարոյական դաստիարակության և նրա հոգևոր աճի ու վեհացման ուղղությամբ ուշագրավ դերակատարություն ունեցան: Պատմական փաստերը վկայում են, որ երբ չարագործ իշխանավորները չեն արգելել իմամների հետ ժողովրդի հարաբերությունը ժողովուրդը հակվել է մարգարեի գերդաստանի կողմը, քանի որ նրանց համարել է Աստծո մարգարեին ամենամոտիկ անհատներն ու նաև վստահելի աղբյուրներ, որոնց կարելի է ապավինել: Իմամների դիրքն այն աստիճան ժողովրդի ուշադրության կենտրոնում է եղել, որ որևէ ժամանակաշրջանում նույնիսկ գիտնականները շարունակ զգացել են նրանց կարիքը: Անկասկած իմամների դերակատարությունը միայն շիա գիտականների ու մտավորականների դաստիարակմամբ չի սահմանափակվել, այլ նրանց գոյության արեգակը նաև լույս ու ջերմություն  է փոխանցել այլ դավանանքների գիտնականներին: Պատմության վկայությամբ սուննի շատ մեծ իսլամագետներ, որոնցից շատերն այդ դավանանքի առաջնորդներից են եղել գիտություն ձեռք բերելու համար աշակերտել են մեծ մարգարեի գերդաստանի անդամներին:

Մեծ  մարգարեի գերդաստանը

 

Մեծ մարգարեի գերդաստանի անդամների դիրքն այնքան մեծ  և ուշագրավ է եղել, որ նույնիսկ շատ խալիֆաներ գաղափարական ու հավատամքային ու նաև իշխանական շատ հարցերում նրանց տեսակետն են հարցրել: Այնպես որ Օմար Իբն Խաթաբն իր խալիֆայության շրջանում իշխանական հարցերում, այդ թվում պատերազմներում ու նվաճումներում, այդ թվում Երուսաղեմը նվաճելու ժամանակ խորհրդակցել է Իմամ Ալիի հետ: Օմարը նաև դատական, դիվանական ու վարչական հարցերում խորհրդակցել է Ալիի հետ ու օգտվել է նրա գիտելիքներից:

Մեծ իմամներից բազմաթիվ արժեքավոր ասույթներ են փոխանցվել ժամանակակից մարդկանց, որոնք վկայում են իսլամի ու Ղուրանի վեհ ուսուցումների մասին նրանց խոր ու մանրակրկիտ ընկալման մասին: Այնպես որ իմամներից փոխանցված վկայությունների հսկա մի շտեմարան ի մի հավաքվելով հանրագիտարաններում իսլամը ճանաչելու արժեքավոր աղբյուր են հանդիսանում:

Իմամները դեմ են եղել կրոնի հետ կապված հարցերում ծայրահեղությանն ու շեղումներին: Նրանք ընթացել են իրական ու ճշմարիտ իսլամի ուղղությամբ, որը հավասարակշռված, հավասարաչափ ու տրամաբանությանը համապատասխան է եղել: Այդ պատճառով վկայություններում հանձնարարվել է կրոնական ու հասարակական հարցերում ոչ առաջ անցնել մեծ  մարգարեի գերդաստանից ու ոչ էլ նրանցից հետ մնալ, այլ նրանց հետ քայլ պահել: Տեսեք նրանք ինչ են ասում ու նույնը կատարեք: Այս կապակցությամբ Իմամ Սաջադն ասում է. «Այս գերդաստանը ալեկոծ ծովում լողացող տապան է և ով  նստի դրա մեջ ապահով է լինելու և ով  դուրս մնա՝ խորտակվելու է: Ով նրանից առաջ անցնի՝ կրոնից դուրս կհամարվի և ով հետ մնա՝ կոչնչանա ու կկործանվի և ով  նրանց հետ քայլ պահի ու ընկերակցի նրանց միանալով կհասնի նպատակին»: Հետևաբար իսլամի մեծ մարգարեի գերդաստանից առաջ չընկնելն ու նրանցից հետ չմնալը և նրանց ընկերակցելը աշխարհում ու հավիտենականության մեջ երջանկության բանալի են համարվում:

Մեր զրույցը կավարտենք իմամի դիրքի ու դերակատարության մասին Իմամ Ռեզայի խոսքերով: Նա ասում է. «Իմամը կրոնի սանձը, մուսուլմանների կարգապահը, աշխարհի նպատակահարմարությունն ու հավատացյալների փառքն է: Իմամն իսլամի ծաղկող ու աճող արմատը և նրա երկարող ճյուղն է: Իմամի գոյությամբ է, որ աղոթքը, տուրքը, ծոմը, հաջջն ու ջիհադը իրականություն են դառնում: Իմամի գոյությամբ է, որ իրականություն են դառնում կրոնական պատվիրաններն ու պաշտպանվում են իսլամի տարածքների սահմանները: Իմամը գործադրում է Աստծո կողմից սահմանված կանոնները և պաշտպանում է Աստծո կրոնը և բարի խորհուրդներով ու խրատներով ժողովրդին կանչում է դեպի իսլամ»: