Ապրիլ 05, 2017 14:03 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: ԻԻՀ նախագահն արտաքին ճնշումների դիմաց անխոցելիությունը դիմադրողական տնտեսության նպատակներից է համարում: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարի էջերը կբացենք այդ մասին վերլուծական զրույցով:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին այս շաբաթ համակարգի մի խումբ պատասխանատուների և տարբեր կառույցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ արտադրությունը զբաղվածության ու տնտեսական աճի սկիզբը համարեց և ասաց. «Զբաղվածություն առաջացնող ու մեծ թափով ընդլայնվող արտադրության շնորհիվ Իրանը կարող է իրագործել արտադրության ու զբաղվածության ոլորտներում իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի կողմից ուրվագծված երկու նպատակները:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին իր նոռուզյան ուղերձում իրանական 1396 թվականը տնտեսական ակտիվությանն ունեցած կարիքի տեսակետից կարևոր տարի համարեց երկրի համար և ընդգծելով այն կետը, որ թշնամու նպատակն Իրանի ժողովրդի վրա տնտեսական ճնշում գործադրելն է նպատակ ունենալով նրան հիասթափեցնել իսլամական համակարգից, հավելեց. «Թշնամին իր լայնամասշտաբ քարոզչություններում փորձում է կենցաղային ու տնտեսական պակասությունները վերագրել ԻԻՀ համակարգին, որպեսզի այնպես ձևացնի, թե իսլամական համակարգն անկարող է կարգավորել ժողովրդի կենցաղային խնդիրները»:

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը Մաշհադ քաղաքում Իմամ Ռեզայի դամբարանի ուխտավորների հավաքում կատարած արտահայտություններում այդ կապակցությամբ կարևոր լուծումներ ներկայացրեց ու այդ թվում ընդգծեց, որ Իրանը աշխատանքի ու արտադրության ոլորտում ուշագրավ պոտենցիալներ ունի: Նա հիշեցրեց, որ Իրանը արտադրության շատ ռեսուրսներից ու այդ թվում նավթի ու գազի պաշարների տեսակետից առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում: Իրանն արտադրության ու զբաղվածության հետ կապված համալսարանական ուսում ունեցող երիտասարդ աշխատուժ ունի: Իրանի համալսարանավարտ երիտասարդության թիվն այսօր 10 միլիոն հոգի է և ավելի քան 5 միլիոն հոգի ուսում է ստանում համալսարաններում:

Անկասկած շրջափակումները տնտեսական առիթների վերածելու և զբաղվածության ստեղծման միջոցներից մեկը ներքին արտադրողներին հովանավորելն է: Այս շաբաթ Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարության կողմից հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն, Իրանի ոչ-նավթային արտադրանքների արտահանումն իրանական 1395 թվականին գերազանցեց 44 միլիարդ դոլարը, ինչը դրան նախորդած տարվա համեմատությամբ 3.5 տոկոս աճ է արձանագրել: Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարի առևտրի հարցերով տեղակալ Մոջթաբա Խոսրոթաջն ԻՌՆԱ-ի հետ զրույցի ժամանակ հավելեց. «Իրանական 1396 թվականին Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարության ծրագիրը տարածաշրջանային ու համաշխարհային շուկաների կարիքը, ինչպես նաև այդ շուկաներում ներկայության համար արտադրանքների մրցունակ գինն ու որակը նկատի առնելով ոչ-նավթային արտադրանքների արտահանման միջոցով առևտրի հաշվեկշռի հավելումն է»:

Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարի տեղակալը նաև նշեց. «Այս պահին շրջափակումների շրջանի համեմատությամբ Իրանը գտնվում է առավել լավ պայմաններում և պիտի այդ առիթն օգտագործել իրանական արտադրանքների արտահանումն ընդլայնելու նպաստավոր ենթահող պատրաստելու համար»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն անցած ավելի քան երեք տասնամյակներում տարբեր տեսակի շրջափակումներ գործադրեցին Իրանի դեմ: Այդ շրջափակումները թեև Իրանի տնտեսության համար բացասական հետևանքներ են ունեցել, սակայն ինչպես ԻԻՀ նախագահն է ընդգծել. «ՀԳՀԾ-ում Իրանի նպատակն էր պատռել անարդար ու պարտադրված շրջափակումների շղթան և շատ բաժիններում այդ նպատակն իրագործվեց»: Իհարկե շրջափակումները վերջ չեն գտել և ԱՄՆ-ն այդ կապակցությամբ նոր ուղիներ է որոնում: Դամաթոյի օրենքի գործադրման ժամկետի երկարաձգումը, ֆինանսական շրջափակումների խստացումը, արժութային փոխանակումների ուղղությամբ խնդիրներ հարուցելը և իրավական ու իրավաբանական անձանց ու ընկերությունների դեմ շրջափակումներ սահմանելն այդ քայլերից են:

ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց ի վեր ԱՄՆ-ն միջազգային այդ համաձայնագրի դեմ 30 քայլեր է վերցրել: Իրանի իրավական ու իրավաբանական անձանց դեմ շրջափակումների սահմանումը ՀԳՀԾ-ի ոտնահարման բացահայտ պարագաներից է: ԱՄՆ-ի նման քայլերը շարունակվելու կապակցությամբ մտահոգության պատճառով ԵՄ-ն Իրանի հետ տնտեսական հարաբերություններում զգուշավոր է շարժվում և քայլ առ քայլ է առաջ ընթանում: Այս կապակցությամբ Բրիտանիայի միջազգային առևտրի նախարարությունն անցած շաբաթ նոր գործեղանակ հրապարակելով բրիտանացի արտահանողներին տեղեկացրեց այն մասին, որ իրանական ընկերությունների անունը հանվել է այդ նախարարության հատուկ վերահսկողության ցուցակից:

Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված գործեղանակում ասված է, որ Բրիտանիայի միջազգային առևտրի նախարարության հատուկ վերահսկողության տակ գտնվող իրանական կառույցների, ընկերությունների ու մարմինների տեղեկությունները պարունակող «Իրանի ցուցակ»-ը հանվել է:

Բրիտանիայի միջազգային առևտրի նախարարության գործեղանակն ակնարկելով ՀԳՀԾ-ից հետո Իրանի դեմ միջազգային շրջափակումների չեղարկմանը հավելել է. «Իրանն այսօր կարող է առավել ազատ պայմաններում առևտուր կատարել միջազգային հանրության հետ և բրիտանական ընկերությունները կարող են օգտվել վերջին տասը տարիներում համաշխարհային ամենամեծ շուկայի հնարավորություններից»:

«Քաթո» հաստատությունն անցած շաբաթ մի զեկույցով անտեղի ու թշնամական համարեց Իրանի դեմ նոր շրջափակումների գործադրումը, որոնք չեն առնչվում ՀԳՀԾ-ին ու գրեթե հնարավոր չէ որևէ ցանկալի արդյունքի հանգեն: Այս հաստատությունն իր ինտերնետային կայքում գրեց. «ՀԳՀԾ-ի գործադրման հանդեպ ստանձնած պարտավորությունը պիտի ներառվի Սպիտակ տան օրակարգում: Շրջափակումների կրճատումը ՀԳՀԾ-ի գլխավոր բաժինն է և Թրամփի կառավարությունը պիտի խիստ ջանք գործադրի, որպեսզի Իրանը լիարժեքորեն օգտվի շրջափակումների կրճատման առավելություններից»:

Դա ի տես այն բանի, որ թե ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տունը և թե Սենատը ձգտում են նոր շրջափակումներ գործադրել Իրանի դեմ: Իրանի հետ առևտրական ու տնտեսական հարաբերություններ ստեղծող ընկերությունների վճարած տուգանքից գոյացող 16 միլիարդ դոլար եկամուտը նման շրջափակումների գործադրման ֆինանսական  գործոններից է:

Միջազգային ու ռազմավարական ուսումնասիրությունների «Քաթո» հաստատությունն ավելի վաղ հրապարակելով պրոֆ. Ստիվ Հանքեի ստորագրած հոդվածը և ընդգծելով, որ իրանցիները գիտեն արևմտյան շրջափակումների դիմակայման ուղիները, գրեց. «Արևմուտքը չի կարող շրջափակումների միջոցով Իրանին որևէ բան պարտադրել: Իհարկե շրջափակումները տնտեսական բարդություններ են առաջացրել այդ երկրի համար, սակայն Իրանի կառավարությունն ու ժողովուրդը լավապես ճանաչում  են շրջափակումների հետ հաշտվելու և իրենց առաջընթացը շարունակելու ուղիները, իսկ պատմությունը մեզ ապացուցում է, որ Իրանի հանդեպ նման զոռբայական քաղաքականության որդեգրումը դատապարտված է պարտության»:

-------------------------

«Սի Էն Էն» հեռուստակայանի ինտերնետային կայքը մի հաղորդման ընթացքում ակնարկելով Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածությունների սրմանը կանխատեսեց, որ այդ լարվածությունը կարող է բացասաբար ազդել Իրանի հետ «Բոինգ» ընկերության պայմանագրի ճակատագրի վրա:

Այս հեռուստակայանի հաղորդման համաձայն, միջազգային համաձայնությամբ Իրանի դեմ գործադրված շրջափակումների խոշոր մասը չեղարկվելով ինքնաթիռ արտադրող «Բոինգ» ընկերությունը 80 ինքնաթիռներ վաճառելու համար 8 միլիարդ դոլարանոց պայմանագիր կնքեց «Իրան Էյր» ընկերության հետ:

Այս լրատվական կայքէջի տեսակետից «Բոինգ»-ի հաջորդ մեծ փորձությունը լինելու է առաջիկա հունիսին, երբ վրա է հասնելու շրջափակումների չեղարկման ժամկետի երկարաձգման պահը, որը ժամանակին ստորագրել է Օբաման: Սա առաջին անգամ է, որ Թրամփը պիտի ստորագրի շրջափակումների գործադրումը կասեցվելու հրամանագիրը:

Եթե Թրամփը դա չստորագրի ԱՄՆ-ի կառավարությունն ուղղակի կերպով ոտնահարած կլինի միջուկային համաձայնությունը ու այդ դեպքում համաձայնությունը կխափանվի ու դրա պատասխանատվությունը կծանրանա ԱՄՆ-ի ուսերին: «Բոինգ» տեսակի առաջին ինքնաթիռն Իրան պիտի մուտք գործի 2018 թվականին:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի էներգետիկայի նախարարը տեղեկացրել է ռուսական SSJ100 տեսակի 100 մարդատար ինքնաթիռներ գնելու կապակցությամբ Իրանի ցանկության մասին: Նա ասել է. «Մինչ այս պահն այդ տեսակի 12 ինքնաթիռների վաճառքի շուրջ համաձայնություն է կացել»:

«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ալեքսանդր Նովակը շաբաթ օրը ասել է. «SSJ100 տեսակի ինքնաթիռներ վաճառելու հարցով Թեհրանի հետ Մոսկվայի բանակցությունը շարունակվում է»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած երեքշաբթի օրը հաստատեց, որ Իրանին Սուխոյ տեսակի մարդատար ինքնաթիռներ վաճառելու շուրջ բանակցություններ են ընթանում:

SSJ100-ն Ռուսաստանի Սուխոյ ավիաշինական ընկերության արտադրած երկու շարժիչով ինքնաթիռ է: Ինքնաթիռը կարող է 2700 մղոն հեռավորության վրա փոխադրել 98 ուղևորների և դրա նախնական գինը շուրջ 36 միլիոն դոլար է: Այդ տեսակի ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրեց 2008 թվականի մայիսին:

ԻԻՀ նախագահ Ռոհանիի Ռուսաստան կատարած ուղևորության ընթացքում երկու երկրի պաշտոնատարները քաղաքական, տնտեսական, դատական, իրավական, գիտական ու մշակութային բնագավառներում համագործակցության 14 փաստաթղթեր ստորագրեցին: Այդ փաստաթղթերը վերաբերում են առևտրի, փոխադրության, երկաթգծի, ատոմային էներգիայի, նավթի ու գազի, արդյունաբերության և հանքերի բնագավառներում համագործակցություններին: Ստորագրված փաստաթղթերի գործադրմամբ Իրանն ու Ռուսաստանը համագործակցությունների նոր փուլ են սկսելու: