Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (129)
Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք իրանցի միստիկ ու մտավորական Ալի Իբն Օսման Հոջվիրիի մասին:
Իրանցի միստիկ ու մտավորական Ալի Իբն Օսման Հոջվիրին փայլուն գործունեություն է ունեցել Իրանում ու Հնդկաստանում ու բազմաթիվ հետևորդներ ունի: Նա այն ճանաչված գործիչներից է, որոնց անունը հայտնի ու սիրված է միստիցիզմով հետաքրքրվողների կողմից: Ալի Հոջվիրին Հնդկական թերակղզում ճանաչված է «Դաթա Գանջ Բախշ» անունով և Լահուրում գտնվող նրա դամբարանը ուխտավայր է համարվում: Մեր այս հաղորդման ընթացքում ձեզ կծանոթացնենք նրա կյանքին ու գործունեությանը:
--------------------
Ալի Իբն Օսման Հոջվիրին մեծ հավանականությամբ լուսնային հիջրեթի 4-րդ դարի վերջերին կամ 5-րդ դարի սկզբին՝ Ղազնավիների հարստության տիրապետության ժամանակաշրջանում ու Սոլթան Մահմուդ Ղազնավիի թագավորության օրոք ծնվեց Ղազնեյի Հոջվիրի թաղամասում: Պատմական աղբյուրներում նրա ծննդյան թվականի մասին հիշատակություն չկա ու միայն գուշակություններով կարելի է ենթադրել, որ նա ծնված պիտի լինի լուսնային հիջրեթի 381-ից 401 թվականների ընթացքում: Նրա հոր մասին պատմում են, որ հետաքրքրված է եղել գիտությամբ ու ուսմամբ և Ղազնեյում բնակված շրջանում հայտնի է եղել ազնվությամբ, հավատքով ու առողջությամբ ու մարդիկ նրան հարգել ու նրա ներկայությունը բարիք են համարել: Մայրն էլ հավատացյալ ու բարեպաշտ կին է եղել: Հոջվիրիի քեռուն «Թաջ-օլ-օլյա» էին անվանում ու նրա դամբարանը Ղազնեյում ուխտավայր էր համարվում:
Որոշ բանասերների համոզմամբ Հոջվիրին մինչև կյանքի վերջը չամուսնացավ ու որոշ աղբյուրներ էլ հղում կատարելով «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ում բերված հատ ու կենտ վկայություններին հավատացած են եղել, որ նրա ընտանիքի պահանջով փոքր տարիքում ամուսնացել ու կարճ ժամանակ անց կորցրել է կնոջը: «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ում Հոջվիրիի արտահայտությունները հիմք ընդունելով, ըստ երևույթին կնոջ վախճանումից 11 տարի անց սիրահարվում է մի կնոջ, որին նույնիսկ տեսած չի լինում ու մեկ տարի շարունակ այրվում է նրա սիրով մինչև որ ի վերջո Աստված նրա սիրտը մաքրում է այդ կնոջ երազանքից ու Հոջվիրիին փրկելով նվաստացումից նրան առաջնորդում է ճիշտ ուղղությամբ:
Հոջվիրին ժամանակի մշակութային կենտրոններում հետևել է գիտություններից շատերին ու ծանոթացել է դրանց: Նա Ղուրանը, հադիսը, մեկնաբանությունն ու իսլամական օրենսգիտությունը սերտում է ծննդավայր Ղազնեյում ու մի առ ժամանակ անց, երբ դեռ երիտասարդ տարիքում էր գտնվում հեռանալով Ղազնեյնից երկար ճանապարհորդության է մեկնում: Այս երկար ճանապարհորդության պատճառի մասին, որն ի վերջո հանգում է հայրենիքից հեռանալուն, բազմաթիվ վկայություններ գոյություն ունեն: Որոշ բանասերներ հավատացած են, որ Հոջվիրիի հայրը Ղազնավիների գործակատարներից ու պետական այրերից է եղել և Սոլթան Մասըուդի սպանությունից հետո Ղազնավիների արքունիքում ծագած խռովությունների ու խնդիրների պատճառով իր և ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար գերադասել է գաղթել Ղազնեյնից: Որոշ բանասերներ էլ երիտասարդ տարիքում Հոջվիրիի գիտական դիրքն ու համբավը նկատի առնելով միջդավանական ու աղանդավորական վեճերն ու տարաձայնություններն են նրա գաղթի հիմնական պատճառը համարում: Ոմանք էլ հավատացած են, որ Խոռասանի մեծ քաղաքներն, այդ թվում Մարվը, Սառախսը, Նեյշաբուրը, Թուսն ու Հարաթը տեսնելու տենչանքը և մշակությին այդ կենտրոնների գրավչությունն ու ժամանակի մեծ շեյխերին ու մտավորականներին հանդիպելը Հոջվիրիին մղում են լքել իր քաղաքն ու հայրենիքը:
«Քաշֆ-օլ-Մահջուբ»-ը խմբագրած դոկտ. Մահմուդ Աբեդին Հոջվիրիի կյանքի այդ տարիների մասին ասում է. «Հոջվիրին սկսում է իր ուղևորությունը: Հոջվիրիի այդ շրջանի անհատականության ու դիրքի մասին կարելի է ասել, որ այդ տարիներին նա դեռ թիկունքում թողած չի եղել «երիտասարդության կիզիչ կրակը» և նուրբ ու զգայուն բնավորություն է ունեցել: Գիտություն է ձեռք բերած եղել ու համապատասխան դաստիարակություն ստացել: Երբեմն սրտնեղում ու ձանձրանում էր գիտության հավակնորդներից, որոնցից մեկի հետ ի դեպ, Ղազնեյնում ինչ-որ վեճ էր ունեցել: Միևնույն ժամանակ ժամանակի մեծ շեյխերին հանդիպելու տենչանքը, որը գիտության ու սուֆիզմի բոլոր սիրահարների երազանքներից էր համարվում նրան մի պահ հանգիստ չէր տալիս ու հենց դա էլ նրան մղեց ճանապարհորդության»:վարիի
Հոջվիրին պաշտոնական ու խանղահում բնակվող սուֆի չի եղել: Նա ճանապարհորդող սուֆի է: Այս մշտական ու երկարատև ճանապարհորդության շնորհիվ այցելում է շատ քաղաքներ ու աշակերտում է շատ շեյխերի: Հանդիպած մեծերի հետ Հոջվիրիի հարաբերությունը տարբեր է եղել: Երբեմն դա միայն հանդիպում է եղել ու երբեմն էլ վերածվել է զրույցի ու բարեկամության: Հանդիպելով այդ մեծ դեմքերից շատերին աշակերտել է նրանց ու երբեմն էլ, ինչպես Շեյխ Խաթլիի պարագային, այդ բարեկամությունն այնքան էր խորացել, որ Շեյխին ընկերակցելով քաղաքից-քաղաք է գնացել ու մինչև մահը եղել է նրա կողքին:
Նա իր ճանապարհորդությունը սկսում է Ղազնեյնից, որին չափազանց սիրում էր, շարունակ մտահոգվում էր նրա վիճակով ու ամեն օր աղոթում էր Ղազնեյնի շենության համար և ճամբորդում է այդ օրերի իսլամ աշխարհի երկայնքով: Դոկտ. Աբեդին այդ ուղևորության թվականը լուսնային 440 թվականից հետո է համարում: Նա հավատացած է, որ եթե Հոջվիրին նախքան լուսնային 440 թվականը Նեյշաբուր ու Թուս այցելած լիներ հանդիպած պիտի լիներ հայտնի միստիկ Աբու Սաիդ Աբոլխեյրին: Սակայն հիմք ընդունելով «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ում նրա արտահայտությունները կարելի է հաստատել, որ նրան չի հաջողվել հանդիպել իրանցի միստիկ Աբու Սաիդ Աբոլխեյրին: Հոջվիրին մեկնել է Իրաք և Իրանի կենտրոնական քաղաքները և որոշ ժամանակ ապրել է այդտեղ ու հետո ուղևորվել է Թուրքստան: Նա Ֆորղանեի ամենաարևելյան քաղաքներից համարվող ու այսօր Ղրղզստանի սահմաններում գտնվող Օզքանդում հանդիպում է ժամանակի հայտնի միստիկներից Բաբ Օմարին ու մի առ ժամանակ ծառայում է նրան: Հոջվիրին Շեյխ Ֆորղանիին հանդիպելուց հետո վերադառնում է Մարվ և ներկայանում է հայտնի միստիկ Ահմեդ Նաջի Սամարղանդիին ու քանի որ դեռ երիտասարդ տարիքում էր գտնվում այդ հայտնի միստիկը նրան խրատներ է տալիս: Հոջվիրին այս ճանապարհորդությունից հետո, որն անկասկած երկար տարիներ է տևել, վերադառնում է Թուս ու Նեյշաբուր և աշակերտում է ժամանակի մեծ միստիկների, այդ թվում «Ռեսալե Ղաշիրիե» արժեքավոր գրքի հեղինակ Աբոլղասեմ Ղաշիրիին:
Հոջվիրին Նեյշաբուր ու Թուս է ժամանում լուսնային 440 թվականից հետո, երբ վախճանված է լինում Աբու Սաիդ Աբոլխեյրը: Այդ ժամանակ նա ծանոթանում է Շեյխ Աբոլֆազլ Խաթլիի հետ, որը բնակվում էր Լիբանանում ու Աբու Սաիդին հանդիպելու համար Մահնե գալով այցի էր եկել նրա դամբարանը: Հոջվիրին ծանոթանալով Շեյխին միանում է Ջոնեյդիե ուղղությանը և Շեյխ Խաթլիի հետ մեկնում է Շամ ու տեսածի ու լսածի մի հատվածն արձանագրում է «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ում: Հոջվիրիի ուսուցիչ ու վարպետ Շեյխ Խաթլին վախճանվում է Դամասկոսում՝ Հոջվիրիի գրկում: Հոջվիրին կրկին վերադառնում է Խոռասան ու մի առ ժամանակ Նեյշաբուրում ու Թուսում աշակերտում է մեծ միստիկների: Նեյշաբուրում ու Թուսում նրա բնակությունն այս անգամ ավելի երկար է տևում, սակայն նրա հանգիստ չառնող հոգին պատճառ է դառնում, որ նա կրկին Ղազնեյն, Մարվ ու ապա Իրանի արևելք մեկնի: Հոջվիրիի վերջին բնակավայրը Լահուրն էր: Դոկտ. Աբեդին ասում է. «Խոռասանի ու Հնդկաստանի այդ սահմանային քաղաքում նա առիթ է ունենում գրել ու ավարտին հասցնել «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ը ու դա այն պայմաններում, երբ ինքը մնացել էր Հնդկաստանում, իսկ նրա գրքերի մեծ մասը Ղազնեյնում էին ու «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ը գրելիս հնարավորություն չուներ օգտվել դրանցից»: