Ապրիլ 14, 2017 21:02 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Իրանի Գրքի տան գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ անցած տարվանից ի վեր Իրանում տարբեր թեմաներով ավելի քան 84 հազար անուն գիրք է հրատարակվել:

Մաջիդ Ղոլամի Ջալիսեն անդրադառնալով վերջին երեք տարիների ընթացքում Իրանում գրքի հրատարակման բնագավառում դրական աշխատանքներին, ասել է. «Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարության նախաձեռնությամբ գրքի ստեղծման, տպագրության, հրատարակության ու թարգմանության բնագավառում ավելի քան 30 տոկոս աճ է արձանագրվել»:

«Իրանում գրքի տպագրության աճին զուգահեռ, ուշադրություն է ցուցաբերվել նաև որակին». ասել է նա:

Ղոլամի Ջալիսան անդրադառնալով Իրանում գրքերի որակի ու բովանդակության բարելավման ուղղությամբ Գրքի տան  ջանքերին, ասել է.«Իրանի տարբեր նահանգներում գրքի քննարկման ու վերլուծության տարբեր նիստերի կազմակերպումը մեծապես նպաստել է այդ գործին»:

«Միջօրեի պատմություն»-ը

 

Իրանի 35-րդ ֆաջր կինոփառատոնի ավարտից հետո երկրի կինոարվեստի ամենից թեժ թեման է համարվում Նոռուզի ֆիլմերի ցուցադրումը: Նկատի առնելով այն փաստը, որ «Նոռուզ»-ի հանգստյան օրերին իրանական կինոյի վաճառքի վերելք է  գրանցւում: Այդ իսկ պաճառով էլ կինոպրոդյուսերները տանում են թեժ մրցակցային աշխատանք որպեսզի, իրենց արտադրությունը հանրությանը ցուցադրվի հենց այս օրերին:

Այս տարի Նովռուզի արձակուրդներին ներկայացւած ֆիլմերում խաղում են հանրաճանաչ դերասաններ: Կինոցուցադրման ծրագրի մաս են կազմում «Ֆաջր» կինոփառատոնի ընթացքում մեծ ուշադրության արժանացած «Միջօրեի պատմություն»-ը, «Լավ, վատ, անմակարդակ»-ը, «Յուրահատուկ մի օր»-ը, «Երեք օտարական»-ը, «Աբա ջան»-ը, «Գաշթ 2»-ը: 

Հիշեցնենք, որ «Երեք օտարականը» կատակերգության որոշ բաժինները նկարահանվել են Հայաստանում:

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է 2016 թ. «Մաշտոց» հիմնադրամի ներկայացրած «Տպագրության մարգարիտ» խորագիրը կրող ծրագիրը, որը նվիրված է Ոսկան Երևանցու հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակման 350-ամյակին:  Մատենադարանից տեղեկացնում են, որ գիտաժողովը տեղի կունենա 2017 թ. սեպտեմբերին։

Ծրագրի շրջանակներում Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում կկազմակերպվի միջազգային գիտաժողով և թեմատիկ ցուցադրություն, ինչպես նաև կհրատարակվի երկլեզու ալբոմ-ուսումնասիրություն` նվիրված այդ հրատարակությանը:
Ոսկան Երևանցի (նաև՝ Ոսկան Ջուղայեցի) ծնվել է 1614 թվականին Նոր Ջուղայում:
Ոսկան Երևանցին, իր հետ ունենալով Հակոբ Դ Ջուղայեցու հանձնարարականը, 1662-ին մեկնել է Եվրոպա՝  Աստվածաշունչը հայերեն հրատարակելու: Նախ գնացել է Լիվոռնո, ապա՝ Հռոմ, որտեղ ջանացել է Վատիկանից ստանալ Հռոմում կամ Իտալիայի որևէ քաղաքում Աստվածաշունչը տպագրելու թույլտվություն: Սակայն նրա բոլոր ջանքերն ի դերև են անցել, և նա մեկնել է Ամստերդամ, 1664-ի աշնանը ստանձնել Ամստերդամի Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի անվան տպարանի տնօրինությունն ու ձեռնարկել Աստվածաշնչի տպագրության նախապատրաստական աշխատանքները:

Ոսկանյան Աստվածաշունչը տպագրվել է 2 տարի 7 ամսում (1666 թ. մարտի 11 – 1668 թ. հոկտեմբեր 13): Տպագրությունը կատարված է վարպետորեն: Անվանաթերթերը կազմված են չորս փայտափորագիր կտորներից, աջ և ձախ զարդանկարների մեջ Հավատ և Հույս խորհրդանշանները ներկայացնող մարդկային կերպարանքներ են: Աստվածաշունչ բառը թռչնագրով է, կազմը՝  կարմիր կաշեպատ, հաստ տախտակից: Գործածված են յոթ տեսակ տպագրատառեր (խոշոր և փոքր զարդագիր, խոշոր և փոքր գլխագիր, խոշոր և փոքր բոլորգիր, Ոսկանի նոտրգիր): Գրեթե բոլոր նկարները գերմանացի Քրիստոֆել վան Զիխեմ կրտսերի փորագրություններն են, որոնք կատարվել են Ռաֆայելի, Ալֆրեդ Դյուրերի, Հենդրիկ Գոլցիուսի և եվրոպական ուրիշ նշանավոր վարպետների հայտնի նկարներից:
Ոսկանյան Աստվածաշունչը համարվում է հայ հին տպագրության լավագույն նմուշներից մեկը։

 

Մեր ժամանակների լավագույն ջութակահարներից Նիկոլայ Մադոյանը փետրվարի 10-11-ը Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մի յուրօրինակ ռեկորդ  սահմանեց համաշխարհային դասականների ավելի քան 60 ստեղծագործությունները նվագելով 33 ժամ 2 րոպե՝ անընդմեջ, ամեն ժամը մեկ 5 րոպեանոց դադարներով:

Այս ռեկորդը կարող է գրանցվել նաև Գիննեսի գրքում․ համենայն դեպս, հայտարարագիրն ուղարկված է, և ջութակահարը պատասխանի է սպասում:

Ռեկորդն արդեն գրանցվել է հայկական Դյուցազնագրքում, որի հեղինակը՝ Վարդան Թովմասյանն տեղեկացրեց, որ սա Գիննեսի գրքում տեղ գտնելու Նիկոլայ Մադոյանի առաջին փորձը չէ․ - «Երեք տարի առաջ նա սահմանեց մի շատ ունիկալ ռեկորդ․ 3 ժամ 25 րոպեում նա նվագեց Պագանինիի վեց կոնցերտները, որը համարվում է աշխարհի ամենաբարդ գործերից մեկը, քանի որ ամեն համերգին երկու գործից ավելի չի նվագում ջութակահարը: Իսկ Նիկոլայը 3 ժամ 25 րոպեում, 23 րոպե մեկ ընդմիջումով, առանց նոտաներին նայելու նվագեց: Ընդմիջումից հետո օրկեստրի կեսը փոխվեց, քանի որ այդ տեմպին, ծանրաբեռնվածությանը չդիմացան »:

Այս ռեկորդին, Թովմասյանի խոսքով, հաջորդել է մեկ այլ ուշագրավ ռեկորդային կատարում․ - «Մեկ րոպե տևողությամբ անգլիացի մի ջութակահար էլեկտրոնային ջութակով նվագել էր Ռիմսկի-Կորսակովի «Բոռի թռիչքը» ստեղծագործությունը: Նիկոլայի ջանքերով այդ ռեկորդը դարձրինք 54 վայրկյան»:

Իսկ այսօրինակ ռեկորդ՝ 32 ժամ, սահմանել է հնդիկ ջութակահար Աթիտա Կրիշնան 2003 թվականին, և դրանից հետո միայն Նիկոլայ Մադոյանն է ահա, որ մեկ ժամով գերազանցել է հնդիկ ջութակահարի ռեկորդը:

«Նաև գեղարվեստական [բացի ֆիզիկականից] նպատակներ ունեի ես: Նվագել եմ նաև հայկական ստեղծագործություններ՝ Բաղդասարյանի «Նոկտյուրը» և Կոմիտասի «Քելե ցոլերը», «Կռունկը» և «Ծիրանի ծառը», - ասաց Մադոյանը:

Նիկոլայ Մադոյանը, ում ողջ տարին հագեցած է հյուրախաղերով աշխարհի լավագույն բեմահարթակներում, առաջիկայում նախատեսում է համերգով հանդես գալ Երևանում:

Օրհան Փամուք

 

Թուրք գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքն առաջարկել է Նոբելյան մրցանակը հանձնել միայն հայտնի հեղինակներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես ցանկանում եմ, որ մրցանակը տան նրանց, ովքեր հայտնի են միայն գրականության շնորհիվ»,- հայտարարել է Փամուքը:

Մեկնաբանելով մրցանակը Բոբ Դիլանին հանձնելը՝ Փամուքն ասել է, որ խորապես հիասթափվել է Նոբելյան կոմիտեի վերջնական որոշումից: Նրա խոսքով՝ աշխարհում ամերիկացի այնքան հրաշալի գրողներ կան, որոնք մրցանակին արժանի են, եւ չնայած Դիլանը ականավոր մարդ է, երգերի եւ բանաստեղծությունների հեղինակ, բայց նա միայն իր գրական տաղանդով չի հայտնի:

Նա հիշեցրել է, որ նախկինում մրցանակը լրագրող է ստացել:

 

Երիտասարդ իտալացի հետազոտող Ռիկարդո Գանդոլֆին հայտնաբերել է 16-17-րդ դարերի նկարիչ Միքելանջելո Մերիզիի (որն ավելի հայտնի է Կարավաջո անունով) առաջին «կենսագրականը», որը գրվել է 1614-ին՝ նրա մահվանից 4 տարի անց;

Խոսքը մի ձեռագրի մասին է, որի հեղինակը նկարիչ Գասպարե Չելիոն էր, Կարավաջոյի հասակակիցը։ 300 էջանոց ձեռագրում նա պատմում է 220 նկարիչների մասին, որոնք աշխատել են Հռոմում 16-րդ դարի վերջում ու 17-րդ դարի սկզբին։ Երեք էջն էլ նվիրված է «խռովարար» Կարավաջոյին։ Գանդոլֆիի խոսքով, այդ կենսագրականում հեղինակը վստահեցնում է, որ Կարավաջոն դեռ մինչեւ Հռոմում իր ընկերոջը սպանելը եւս մեկ սպանություն է գործել Միլանում ։ Ինչ վերաբերում է ընկերոջ սպանությանը, ապա դա հայտնի փաստ է։ Ռանուչչո Թոմադոնին, նկարչի ընկերը,  դարձել էր նրա անզուսպ խառնվածքի զոհը։ Այդ սպանությունից հետո 1606-ին Հռոմի պապը «օրենքից դուրս» էր հայտարարել Կարավաջոյին։ Ի վերջո, փախուստի մեջ երկար մնալուց հետո Կարավաջոն մահացել էր Տիրենյան ափին։

Իսկ Միլանում տեղի ունեցած իրադարձությունները փաստորեն կրկնում են հռոմեական միջադեպը։ «Չելիոն գրում է ընկերոջ սպանության մասին, որը հավանաբար պատահական է եղել»- պատմում է Գանդոլֆին։ Կարավաջոն մեկնում է Միլանից, սակայն Հռոմում նրա առաջին աշխատանքների մասին վկայությունները վերաբերում են 1596-ին; «Բացառված չէ, որ նկարիչը մինչ այդ պատիժ էր կրում, չնայած նա դեռ չափահաս չէր։ Միլանի այն ժամանակվա օրենքներով չափահաս էր համարվում 25 տարեկան երիտասարդը»,- ենթադրում է հետազոտողը։ Միլանյան դրվագը նաեւ բացատրում է, թե ինչու է Կարավաջոն հետո փախել Հռոմից, որտեղ հանցագործության կրկնության դեպքում նախատեսված էր մահապատիժ։

Չելիոյի արժեքավոր ձեռագիրը Գանդոլֆին հայտնաբերել է 19-րդ դարի օտարերկրյա հավաքածուի մեջ, որը պահպանվել է մինչեւ օրերս։

 

Կիևի  ռուսական  արվեստի ազգային թանգարանն անվանափոխվել է Կիևի պատկերասրահի: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նման որոշում է  ընդունել քաղաքային խորհուրդը:

Նախաձեռնությանն աջակցել է 120 պատգամավորից 84-ը: Քաղաքային խորհրդի մամուլի ծառայությունից հայտնել են, որ թանգարանի աշխատակիցների և պաշտոնյաների միջև կոնստրուկտիվ երկխոսություն չի կայացել, մշակութային օջախի աշխատակիցները չեն կարողացել այլընտրանքային առաջարկով հանդես գալ:

Հունվարին թանգարանի աշխատակիցները քննադատել էին թանգարանի անունը փոխելու քաղաքային իշխանությունների ծրագիրը: Հաստատության կոլեկտիվի համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ թանգարանի անունից «ռուսական արվեստ» արտահայտությունը հանելը, որը մատնանշում է հավաքածուի բովանդակությունը, անիրազեկության դրսևորում է:

Ուկրաինայի մայրաքաղաքում ռուսական արվեստի թանգարանը բացվել է 1922 թվականին: Նախապես այն անվանվել էր Կիևի պատկերասրահ:

Գաբրիել Գարսիա Մարկես

 

Կոլումբիացի ռեժիսոր Սերխիո Կաբրերան պրոդյուսեր Ուգո Ֆերերի հետ համատեղ ներկայացրել է լեգենդար գրող, Նոբելյան գրականության մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի կյանքի մասին պատմող հեռուստատեսային շարքի առաջին դրվագը:
Նկարահանումները սկսվել են 2015 թվականին: Ֆիլմը բաղկացած է լինելու երեք սեզոնից՝ յուրաքանչյուրը 13 սերիայից, որոնք կտևեն 45 րոպե, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Գաբրիել Գարսիա Մարկեսը կախարդական ռեալիզմի առավել հայտնի ներկայացուցիչներից է: Այս միտումը գրականության մեջ համատեղում է իրականության և երևակայության տարրերը: Հեղինակի ամենահայտնի վեպերն են՝ «Հարյուր տարվա մենությունը», «Պատրիարքի աշունը», «Հրամանատարն իր լաբիրինթոսում» և այլն: 1982 թ.-ին Մարկեսն արժանացել է Նոբելյան գրականության մրցանակին:

Գրողը մահացել է 2014 թ. Ապրիլին: Այս տարվա մարտի 6-ին կլրանար նրա 90-ամյակը: