Գեղարվեստական հաղորդում (56)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Հայաստանում պարսկերեն լեզու սովորող Շուշան Կիրակոսյանն ասել է.«Նկատի առնելով այն փաստը, որ շատ իրանցիներ են այցելու Հայաստան, երկրում մեծ թափ է ստացել պարսկերեն լեզու սովորելը»:
Թուրերի փորձագետ-մենեջեր աշխատող Շուշան Կիրակոսյանն ասել է.«Հայաստանցիներին հետաքրքրում է պարսկերեն լեզվի իմացությունը, որովհետև վերջին տարիների ընթացքում մեծ թվով իրանցիներ են այցելում մեր երկիր»:
«Երևանի Կապույտ մզկիթում անցկացվում են պարսկերեն լեզվի դասընթացներ: Որոշ դպրոցներում և ուսումնական կենտրոններում ևս պարսկերեն լեզու է դասավանդվում».ասել է Կիրակոսյանը:
Նշելով, որ պարսկերեն սովորողների համար աշխատանքի լավ հնարավորություններ կան Հայաստանում, նա ասել է.«Հայաստանում մեծ թվով իրանցի ուղևորներն առիթ են ստեղծել, որ պարսկերեն սովորողները որպես գիդեր զբոսաշրջության ոլորտ մուտք գործեն»:
ԼՂ-ում ավելի քան մեկ շաբաթ է հնագիտական պեղումներ են իրականացվում պարսկական «Վերին մզկիթ» հուշարձանի տարածքում:
«Պատմականմիջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանի ղեկավարած հնագիտական արշավախումբն այս օրերին աշխատում է հուշարձանի արևելյան և արևմտյան տապանաբակերում։ «Ե′վ պեղումները, և′ դրանց հաջորդող վերականգնման աշխատանքները լավագույն վկայությունն են, որ ԼՂ-ի տարածքում պահպանվում է ոչ միայն հայկական մշակութային ժառանգությունը, այլև` օտարներինը։ Սա մշակութային հանդուրժողականության վառ դրսևորում է»,-համոզված է արշավախմբի ղեկավար Նժդեհ Երանյանը։ Պեղումների արդյունքում հնարավոր կլինի հստակ պատկերացում կազմել մզկիթի պատմական միջավայրի մասին:
Այս մզկիթը կառուցվել է 1883թ. իրանցի ճարտարապետ Կարբելի սեֆի Խանի նախագծով։ Խորհրդային տարիներին մզկիթը ձևափոխվել էր պատմաերկրագիտական թանգարանի: Այսօր Շուշիի «Վերին մզկիթը», թեև մասնակի վնասված, բայց կանգուն է։ Ըստ ԼՂ-ի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանի` «Վերին մզկիթի» տարածքում անցկացվող հնագիտական պեղումները թույլ կտան հուշարձանի ճշգրիտ վերականգնման նախագիծ կազմել։
Ոչ միայն հայկական, այլև օտարների պատմամշակութային ժառանգության պահպանության նկատմամբ ԼՂ-ցիների դրսևորած հոգատար վերաբերմունքի մասին է վկայում նաև այն իրողությունը, որ Շուշիի իրանական «Վերին մզկիթն» արդեն մեկ անգամ վերականգնվել է. 2008-2009 թթ. նորոգվել է դրա տանիքը։ «Վերին մզկիթ»-ից բացի, Շուշիում կա ևս մեկ իրանական կառույց՝ «Ներքին մզկիթը», որը թեև նախորդից ավելի վաղ է կառուցվել, սակայն նույնպես կանգուն է։
«Վերին մզկիթի» պեղումները կտևեն ևս 20 օր։
Համահայկական նվագախմբի առաջին ելույթը տեղի կունենա 2017թ. ապրիլի 24-ին, Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Մշակույթի նախարարության հաղորդմամբ, նախարար Արմեն Ամիրյանի հետ խորհրդակցությանը քննարկվել են Հայոց ցեղասպանության հիշատակի և հայության վերապրումի մոտիվներով կազմակերպվող համերգի նախնական ծրագիրը՝ նվագախմբի բոլոր դիրիժորների մասնակցությամբ. երկրից բացակայող Կարեն Դուրգարյանը՝ հեռակապով, մյուսներն՝ անձամբ. Կոնստանտին Օրբելյան, Էդուարդ Թոփչյան և Սերգեյ Սմբատյան։
Ինչպես միշտ է լինելու, առաջին համերգին ևս նվագախումբը կատարելու է բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը` ապրիլի 3-ին Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում իրականացրեց կանադացի կոմպոզիտոր Ռոն Հաննահի «Լուսավորիչ» օպերայի առաջնախաղը:
«Լուսավորիչ» օպերայի բեմականացումը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակներին:
2016 թվականի հոկտեմբերին բեմադրությունն իրականացնելու նպատակով «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի ներկայացուցիչները, հեղինակները և Կամերային նվագախմբի դիրիժոր, պրոֆեսոր Հարություն Արզումանյանը լսումներ են անցկացրել ՀՀ մարզերի և Երևանի երաժշտական, արվեստի դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում: Արդյունքում, ընտրվել են կամերային նվագախմբի երաժիշտներ, դերակատարների երկու կազմ, պարային խումբ՝ կազմված Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաներից /ղեկավար՝ Տաթևիկ Ղարիբյան/ և երգչախումբ` կազմված Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաներից` /ղեկավար` Լիլիթ Եդիգարյան/: Բեմական հագուստը և բեմի ձևավորումը` «Տերյան» մշակութային կենտրոնի:
«Լուսավորիչ» օպերայի հեղինակ, կոմպոզիտոր Ռոն Հաննահի տեղեկացմամբ` մի քանի տարի առաջ Հայաստան է այցելել, անչափ տպավորվել պատմամշակութային հուշարձաններով, իսկ առաջին անգամ լինելով Խոր Վիրապում` մեծ հետաքրքրությամբ է ծանոթացել Գրիգոր Լուսավորչի զարմանալի պատմությանը: Հետևաբար սիրով գրել է այս ստեղծագործությունը: «Ինձ համար մեծ պատիվ է լինել Արամ Խաչատրյանի հայրենիքում, ներկայացնել օպերա»,- իր խոսքում նշել է Ե. Հաննահը:
Նախագծի գեղարվեստական ղեկավար և լիբրետոյի հեղինակ Անդրեա Մելիսն ընդգծել է, որ լիբրետոյի հիմքում ընկած է գոյատևման, կենդանի մնալու գաղափարը. «Հայաստանում վարպետության դասեր եմ անցկացրել և հիացել այն ձայներով, որոնք կան այստեղ: Ցանկանում եմ դռներ բացել երեխաների, երիտասարդների առաջ, հաղորդակից դարձնել նրանց աշխարհին»:
Esquire Russia ամսագիրը Մոսկվայի ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում բացված «Հայկական իմպրեսիոնիզմ, Մոսկվայից Փարիզ» խորագրով ցուցահանդեսն ընդգրկել է Մոսկվայում առաջիկա շաբաթների մշակութային յոթ կարևոր իրադարձությունների ցանկում:
Նշենք, որ ցուցահանդեսը բացվել է մարտի 24-ին, կշարունակվի մինչև հունիսի 4-ը:
«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսում ներկայացված է 19 արվեստագետի 54 աշխատանք, որոնք տրամադրել է Հայաստանի Ազգային պատկերասրահը, Երևանի Ռուսական արվեստի թանգարանը և մասնավոր հավաքածուատերեր: Հանդիսատեսը կարող է ծանոթանալ համաշխարհային համբավ վայելող նկարիչներ Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, հայ իմպրեսիոնիզմի կարևորագույն վարպետ Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Սեդրակ Առաքելյանի և այլ արվեստագետների երկերի հետ:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ապրիլի 8-ից կբացվի «Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությունը։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ցուցադրության նպատակն է՝ լույս սփռել նվագարանների ստեղծման և զարգացման պատմությանը, դրանց կենցաղավարմանը, գործառույթներին, մշակութաբանական համապատկերին, ինչպես նաև երաժշտի ու նվագարանագործ-վարպետի դերին պատմության մեջ։ Ներկայացվելու են բազմատեսակ ցուցանմուշներ` հնագիտական առարկաներ, ձեռագրերի և տապանաքարերի թվայնացված տարբերակներ, արխիվային լուսանկարներ, ավանդական նվագարաններ և այլն։
«Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրության համադրողը Նայիրի Խաչատուրեանն է:
Ցուցադրությանն իրենց նպաստն են բերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հայաստանի պատմության թանգարանը, Մաշտոցի անվան Մատենադարանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարանը և Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ Վանքի Մատենադարանը։
Մահացել է բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով lenta.ru-ին, նա մահացել է ապրիլի 1-ի երեկոյան 84 տարեկանում:
Իր ցանկության համաձայն նրան կթաղեն մերձմոսկովյան Պերեդելկինոյում:
Մարտի 31-ին բանաստեղծին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Կինը` Մարիա Նովիկովան, չի ցանկացել մանրամասներ ներկայացնել:
Եվգենի Եվտուշենկոն ծնվել է 1932 թվականի հուլիսի 18-ին: Նա եղել է խորհրդային և ռուս նշանավոր պոետ, նաև վիպասան, դրամատուրգ, սցենարիստ, դերասան, խմբագիր, թարգմանիչ և մի քանի ֆիլմի ռեժիսոր։
Սերտ բարեկամական կապերի մեջ էր հայ բանաստեղծների, մասնավորապես՝ Գևորգ Էմինի, Պարույր Սևակի հետ։ Ռուսերեն է թարգմանել Գ. Էմինի բանաստեղծությունները։ 1974 թվականին Երևանում Գ. Էմինի և Գ. Բանդուրյանի թարգմանությամբ հայերեն լույս է տեսել Եվգենի Եվտուշենկոյի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Երրորդ հիշողություն» խորագրով, որին 1981 թվականին հաջորդել է «Ես սիբիրցի եմ» ժողովածուն։
1952 թվականին նա դարձել է ԽՍՀՄ գրողների միության ամենաերիտասարդ անդամը:
Հայտնի նկարիչ Էնդի Ուորխոլի վրձնին պատկանող Չինաստանի նախկին առաջնորդ Մաո Ցզեդունի նկարը Հոնկոնգում Sotheby's աճուրդում վաճառվել է 98,5 միլիոն հոնկոնգյան դոլարով (12,69 միլիոն ԱՄՆ դոլար): Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին նշված է աճուրդային տան կայքում:
Նախապես աճուրդի կազմակերպիչները նկարի արժեքը սահմանել էին 11,6-ից մինչև 15,5 միլիոն ԱՄՆ դոլար:
Էնդի Ուորխոլը կտավը նկարել է 1973 թվականին:
Լոնդոնի Սաատչի պատկերասրահում բացված ցուցահանդեսը պատմում է անցած շրջանների մեծագույն նկարիչների ինքնանկարի և մեր ժամանակներում «հեռախոսով» արված ակնթարթային նկարի միջև խորը կապի մասին:
Ռիա նովոստին գրում է, որ «Սելֆից մինչև ինքնաարտահայտում» ցուցահանդեսում ներկայացված են Վան Գոգի, Ռեմբրանդտի, Վելասկեսի, նաև ժամանակակից սկանդալային նկարչուհի Թրեյսի Էմինի ինքնանկարները: Սելֆիների շարքում ներկայացված են Դանիայի նախկին վարչապետի նկարը ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի հետ, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնի նկարը Նելսոն Մանդելայի թաղմանը և այլն:
«Մեծ իմաստով սելֆին մարմնավորում է ժամանակակից մշակույթի անցումը թվային և տեխնոլոգիական առաջադեմ աշխարհ, երբ բջջային հեռախոսը միացել է լուսանկարչական ապարատին: Այս ցուցահանդեսը թույլ է տալիս նայել պատմությանն ու իմանալ սելֆիի ստեղծագործ պոտենցիալի մասին»,- ասել է պատկերասրահի տնօրենը: