Փետրվար 28, 2016 11:47 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք շաբաթվա տնտեսական կարևոր լուրերի քննարկմանը նվիրված հաղորդաշարի հերթական թողարկումը: Ընկերակցեք մեզ:

Երեքշաբթի օրը բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով Թեհրան ժամանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս ուղևորության գլխավոր նպատակներից մեկը Համատեղ քայլերի համապարփակ ծրագրին հաջորդած շրջանում երկու երկրի տնտեսական համագործակցությունների ընդլայնման հետ կապված հարցերի քննարկումն է: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի նախագահի հետ մամլո համատեղ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց երկու երկրի միջև 11 համաձայնագրի և փոխհուշագրի ստորագրման մասին: Այս թեմային է անդրադառնում մեր այս շաբաթվա հաղորդման առաջին զրույցը:

Ադրբեջանի նախագահի Թեհրան այցի շեմին բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով Թեհրան ժամանեց Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը:

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար և Իրան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նախագահ Շահին Մուսթաֆայևն ուրբաթ երեկոյան ադրբեջանական պատվիրակության Թեհրան կատարած ուղևորության շուրջ ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ասաց. «Այս պատվիրակությունը Թեհրան կատարած ուղևորության ընթացքում քննարկելու է երկու կողմերի միջև համագործակցությունների հետ կապված տարբեր հարցեր և անհրաժեշտ բանակցություններ է վարելու համագործակցությունների մասին փաստաթղթերի ստորագրմանը թափ հաղորդելու վերաբերյալ:

ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն նույնպես ՇԱՆԱ լրատվական գործակալության հետ զրույցում մատնանշելով, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները գտնվում են լավ մակարդակում, ընդգծեց. «Նավթի ու նավթամթերքի բնագավառում Իրանը պատրաստ է Ադրբեջանի հետ համագործակցության»:

Իրանն ու Ադրբեջանը առևտրի, տարանցման և էներգետիկայի ոլորտներում փաստաթղթեր են մշակել, որոնցից որոշները վերջնական տեսքի են բերվելու և ստորագրվելու են այս ուղևորության ընթացքում:

Այս ուղևորությունը կարող է նոր էջ բացել երկու երկրի հարաբերություններում:

---

Օմանի ԱԳ նախարար Յուսեֆ Բեն Ալավին այս շաբաթ բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով ուղևորվեց Թեհրան: Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրումից և Իրանի դեմ շրջափակումների չեղարկումից հետո կայացած այս այցն առավել ընդլայնված հարաբերությունների ուղղությամբ վերցված նոր քայլ է համարվում: Այս ուղևորության ընթացքում Օմանի ԱԳ նախարարին ընկերակցում էին նաև այդ երկրի առևտրի նախարարը, ներդրման վարչության նախագահը, Կենտրոնական բանկի տնօրենն ու Օմանի Մասկատի բանկի տնօրենը:

Թեհրանում Օմանի պատվիրակության բանակցությունների գլխավոր մասը կենտրոնացած էր առևտրի, արդյունաբերության ու էներգետիկայի ոլորտներում համագործակցության, ինչպես նաև արդյունաբերության ու հանքերի, տրանսպորտի, մաքսային ու բանկային ոլորտներում համատեղ ներդրումների վրա:

 Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն Օմանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո ասաց, որ Իրանն ու Օմանը ջանք են գործադրում անհրաժեշտ ենթակառույցները ստեղծել երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար:

Իրանը 2014 թվականի մարտին տարեկան 10 միլիարդ խմ բնական գազ արտահանելու պայմանագիր ստորագրեց Օմանի հետ: Այս պայմանագիրը ներառում է Պարսից ծոցի հատակով գազատար խողովակագծի կառուցումը, որի ծախսը գնահատվել է մեկ միլիարդ դոլար: Օմանը հետապնդում է նաև գազատար խողովակագիծ կառուցելու, անմշակ նավթի կենտրոն ստեղծելու, անմշակ նավթի զտարան կառուցելու և միջազգային ավիաընկերություն հիմնելու հետ կապված նախագծերը:

---

Անցած շաբաթ Դոհայում գումարվեց Սաուդյան Արաբիայի, Ռուսաստանի, Կատարի և Վենեսուելայի նավթի նախարարների համատեղ նիստը, որին հաջորդեց Թեհրանում, Իրանի նավթի նախարարության հյուրընկալությամբ մեկ այլ նիստ:

Թեհրանի նիստին մասնակցում էին Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, Իրաքի նավթի նախարար Ադել Աբդոլմահդին, Վենեսուելայի նավթի նախարար Ալոջիո Դել Փինոն և Կատարի արդյունաբերության ու էներգետիկայի նախարար Մոհամմեդ Բեն Սալեհ Ալ-Սադեն: Այս նիստից հետո Զանգանեն հայտարարեց, որ մենք ողջունում ենք ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների միջև համագործակցությունը: Իրանի նավթի նախարարն ավելացրեց. «Մենք կաջակցենք ընդունված որոշմանը, որի համաձայն ՕՊԵԿ-ի անդամ ու ոչ- անդամ երկրները հանուն շուկայի կայունացման և սպառողի ու արտադրողի շահերի ուղղությամբ գների բարելավման, պահպանելու են իրենց նավթի արդյունահանման քվոտան»: Իրանի նավթի նախարարն ասաց. «Թեև սա համարվում է առաջին քայլը ու դեռ պիտի ուրիշ քայլեր վերցնել, այդուհանդերձ անդամ և ոչ-անդամ երկրների միջև համագործակցության սկիզբը ողջունելի է և մենք աջակցելու ենք շուկայի կայունացման և գների բարելավման ուղղությամբ ցանկացած քայլի»: Նշելով , որ այս նիստում ներկայացվել է Իրանի իրավիճակն ու հետշրջափակումային շրջանում շուկա վերադառնալը, Զանգանեն ընդգծեց. «Այս կապակցությամբ քննարկումներ են կատարվել Իրաքի, Կատարի ու Վենեսուելայի նավթի ու էներգետիկայի նախարարների հետ: Նրանք այս կապակցությամբ տրամաբանական մոտեցում ունեն և ես հուսով եմ, որ այս ուղղությամբ սկսված ջանքերով մոտ ապագայում շուկայի վիճակի բարելավման ականատեսը կլինենք»:

ՕՊԵԿ-ի անդամների կողմից նավթի արտադրությունն սույն թվականի հունվարին գերազանցեց օրական 33 միլիոն բարելի սահմանագիծը, ինչը գերազանցում է 2010 թվականին համաձայնեցված մակարդակին: Ներկայումս օրական շուրջ 2 միլիոն բարել հավելյալ նավթ է ներկրվում շուկաներ: Դրա ավելի քան մեկ ու կես միլիոն բարելը բաժին է ընկնում Սաուդյան Արաբիային, ինչը գերազանցում է ՕՊԵԿ-ում այդ երկրի համար սահմանված քվոտան: Արաբիան օրական արտադրում է 11 միլիոն բարել նավթ:

---

Իրանի հարավային Բուշեհր նահանգի և Օմանի միջև տնտեսական համագործակցությունների ընդլայնման ուղիները քննարկվեցին երկու երկրի տնտեսական գործարարների նիստի ժամանակ:

Չորեքշաբթի օրը Իրանի հարավային Բուշեհր նավահանգստի առևտրի, արդյունաբերության, հանքերի ու գյուղատնտեսության պալատում գումարվեց նահանգի 80 և Օմանի 22 գործարարների համատեղ նիստը:

Բուշեհր նավահանգստի առևտրի, արդյունաբերության, հանքերի ու գյուղատնտեսության պալատի նախագահ Ալի Աքբար Շարիֆ Փուրի հավաստմամբ Օմանի պատվիրակությունն այդ նահանգ էր ուղևորվել առևտրական ու արդյունաբերական համագործակցությունների ընդլայնման նպատակով:

Շարիֆ Փուրը գյուղատնտեսությունն ու արդյունաբերական այլ ոլորտներն, այդ թվում շինարարությունը Բուշեհրի և Օմանի միջև տնտեսական համագործակցությունների բնագավառներից համարեց և ասաց, որ շուտով այս նահանգից մի պատվիրակություն տնտեսական հարաբերությունների ընդլայնման նպատակով կուղևորվի Օման:

Օմանի պատվիրակության պատասխանատու Հաֆեզ Բեն Նասեր Ալ-Ռաբիին նույնպես Բուշեհր նահանգ կատարած ուղևորության նպատակն այս նահանգի հետ առևտրական հարաբերությունների ընդլայնումը հայտարարեց և ասաց. «Բուշեհր նահանգը տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար բազմաթիվ կարողություններ ունի և գյուղատնտեսության, արդյունաբերության ու հանքերի առումով գտնվում է լավ պայմաններում:

---

 Իրանը ողջունում է Ճապոնիայի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնումը:

ԻԻՀ նախագահի տեղակալ և Իրանի կառավարման ու ծրագրավորման կազմակերպության տնօրեն Մոհամմեդ Բաղեր Նոբախտն անցած շաբաթ՝ Թեհրանում, Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Կացոյուկի Կավայիի հետ հանդիպման ժամանակ ասաց. «Իրանի կառավարման ու ծրագրավորման կազմակերպությունը պատրաստ է սատարել հատկապես ներդրման ոլորտում երկու երկրի հարաբերությունների ընդլայնմանը»:

Իրանի կառավարման ու ծրագրավորման կազմակերպության տնօրենը նաև առաջարկեց աշխատանքային հատուկ խումբ ստեղծել, որը համատեղ համագործակցությունների ճանապարհին առկա հավանական արգելքների վերացման և ներդրման ուղղությամբ դյուրություններ ստեղծելու համար շտապ որոշումներ պիտի ընդունի:

ԻԻՀ նախագահի տեղակալն ընդգծեց. «Իրանի ժողովուրդը միշտ էլ լավ հուշեր է ունեցել Ճապոնիայի քաղաքակիրթ ու բարձր մշակույթ ունեցող ժողովրդից ու այդ երկրի կառավարությունից:

---

Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարի գլխավորած պատվիրակությունն անցած չորեքշաբթի օրը Բաղդադ ժամանեց, որտեղ մասնակցեց Իրանի մասնագիտական երկրորդ ցուցահանդեսի բացման հանդիսությանը:

Մոհամմեդ Ռեզա Նեըմաթզադեն այս երկօրյա ուղևորության ընթացքում տեսակցելով Իրաքի արդյունաբերության ու հանքերի նախարարի հետ, արդյունաբերական քաղաքավաններ կառուցելու առաջարկ ներկայացրեց:

Իրանի արդյունաբերության նախարարն Իրաքի Կենտրոնական բանկի տնօրեն Ալի Ալ-Աըլաղին հանդիպելուց բացի, Բաղդադում՝ Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի հետ տեսակցության ընթացքում քննարկեց տնտեսական համագործակցության ամրապնդման և արգելքների վերացման ուղիները: