Ապրիլ 22, 2017 02:09 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Իրանի ժառանգությունն էլ ավելի հարուստ է դառնում հնագույն քրիստոնեական տաճարներով։ Treccani պարբերականում այս մասին գրել է լրագրող Սիմոնե Ձոպելարոն։ Ավելի կոնկրետ նա անդրադարձել է Իրանում գտնվող Սուրբ Թադե հայկական վանքին։

Շատերի համար Իրանն ու իսլամն անքակտելիորեն կապված են, հատկապես՝ Իսլամական հեղափոխությունից հետո։ Երկրի անցյալում ու ներկայում շատ կարեւոր են մուսուլմանական պատմությունն ու հոգեւոր արժեքները։ Բայց Իրանում առկա է նաեւ այլ ժառանգություն։

Հայկական Սուրբ Թադեի վանքը գտնվում է Իրանի հյուսիս-արեւմուտքում։ Իրանցիներն այն անվանում են Ղարա Քելիսա՝ «Սեւ եկեղեցի»։ Պատճառը քարի գույնն է, որից այն կառուցված է։ Երկրում դա ամենահայտնի քրիստոնեական տաճարն է։ Համարվում է, որ վանքը հիմնադրվել է սուրբ Թադեի գերեզմանի վրա, ով Բարդուղիմեոս առաքյալի հետ միասին Հայաստան է բերել քրիստոնեությունը։

Ասվում է, որ վանքը հիմնադրվել է I դարում՝ առաքյալի տանջամահ  լինելուց հետո, սակայն ըստ պատմիչների՝ վանքը կառուցվել է  VII դարում։ Տաճարը զարմացնում է ճարտարապետական ազդեցությունների հարստությամբ, որոնք ներդաշնակ միաձուլված են այնտեղ՝ բյուզանդական, հայկական, պարսկական։

2008-ին Սուրբ Թադեի վանքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում՝ Իրանի հյուսիսում գտնվող երկու այլ քրիստոնեական վանքերի հետ միասին՝ Սուրբ Ստեփանոսի տաճարի ու Ձորձորի մատուռի։

Հայաստանի պատմության թանգարան

 

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աստվածամայրը հայկական պատկերաքանդակներում» լուսանկարչական ժամանակավոր ցուցահանդեսը, որը ներկայացնում է Աստվածամոր պաշտամունքի պատմականորեն ձևավորված արտացոլումները վաղ քրիստոնեական շրջանից մինչև XVIII դար: 

Ցուցահանդեսում ներկայացված են՝ «Աստվածամայրը մանկան հետ» պատկերաքանդակների դրվագներ վաղ միջնադարյան քառանիստ կոթողներից, խաչքարերից ու եկեղեցիներից: Լուսանկարների հեղինակներն են Հրայր Բազե Խաչերյանը, Վռամ Հակոբյանը: 

Մարիամ Աստվածածինը / Աստվածամայր, Տիրամայր / Հայ առաքելական եկեղեցու, կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների կողմից պատվում է որպես Աստվածածին կամ Աստվածամայր: Աստվածամոր պաշտամունքը հատկապես ուժեղացել է Եփեսոսի 431 թ. տիեզերական ժողովից հետո, քանզի նա դիտվում էր որպես միջնորդ Աստծո որդու և մարդկանց միջև, և «Աստվածածին (թեոտոկոս) արտահայտությունը հաստատվել է պաշտոնապես, իբրև մաս Վարդապետության» (Գարեգին արք. Հովսեփյան):

 

2017թ.-ի ապրիլի 12-ից մեկնարկում է «Վերածնունդ» IX միջազգային մրցույթ-փառատոնը, որն անցկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը և «Վերածնունդ միջազգային մրցույթ փառատոն» ՀԿ-ն:
Ըստ ստացված հայտերի, մրցույթ-փառատոնին մասնակցելու են ավելի քան 3000 անհատ կատարողներ և համույթներ շուրջ 35 երկրներից ու ՀՀ բոլոր մարզերից:
Ժյուրիների կազմում ընդգրկված են 72 նշանավոր արվեստագետներ 14 երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ավստրիայից, Չինաստանից, Իտալիայից, Արաբական Էմիրություններից և այլն:
Իրականացրած աշխատանքների արդյունքում «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը դարձել է ոչ միայն ՀՀ, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների ամենասիրված, ամենամասսայական մշակութային իրադարձություններից մեկը, որը նպաստում է արվեստի գործիչների միջոցով երկրների միջև միջազգային մշակութային երկխոսության և ընդհանուր մշակութային տարածքի զարգացմանը, բարեկամական և ստեղծագործական կապերի ամրապնդմանը, հայ դասական երաժշտության քարոզչությանը:
«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը, կրթական ու մշակութային նշանակությանը զուգընթաց, նաև կարևոր կոչ է ուղղում աշխարհին՝ ոչ ասելու ահաբեկչություններին ու պատերազմներին, որոնք տակավին շարունակում են ալեկոծել մարդկային կյանքերը՝ պատճառ դառնալով անհամար կորուստների:
Ավանդական դարձած այս փառատոնի կազմակերպումը հատուկ արժևորում է ստանում այս տարի, երբ նշվում է ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Իտալիայի և մի շարք այլ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:
Սկսնակ և կայացած երաժիշտների համատեղ ելույթները հավաստելու են հայ ժողովրդի ստեղծարար ուժի անպարտելիության և համամարդկային արժեքներին ձգտելու հաստատակամության մասին:

«Խոստումը»

 

Ամերիկահայ գրող, դերասան, սցենարիստ և դրամատուրգ Էրիկ Պողոսյանը թվիթերյան գրառում է կատարել` ներկայացնելով Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը, որը նկարահանվել է երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի ջանքերով:
««Խոստումը» զարմանահրաշ ֆիլմ է, հուզիչ և ճշմարտացի: Ես այն երկու անգամ եմ դիտել և շատ եմ հավանել դերակատարումը», - գրել է «Նեմեսիս գործողություն» գրքի հեղինակը:
Հիշեցնենք, որ սոցցանցում ֆիլմը դիտելու կոչերով հանդես են եկել Սերժ Թանկյանը, աշխարհի նախկին համար մեկ թենիսիստ Անդրե Աղասին ու դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը: Ֆիլմին է անդրադարձել նաև դերասան Սիլվեստր Ստալոնեն` նշելով, որ այն ունի «Օսկարին» արժանի բոլոր որակները:
Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմը` Քրիստիան Բեյլի, Օսկար Այզեքի և Շառլոտ լը Բոնի գլխավոր դերակատարմամբ, ԱՄՆ-ում կցուցադրվի ապրիլի 21-ին:

Յուսուֆ Քարշ

 

Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Օտտավայում շուտով կբացվի կանադահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին:
Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ն, Կանադայի պետականության հիմնադրման 150 ամյակի և հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ հատուկ համաձայնագիր է ստորագրվել մայրաքաղաքում լուսանկարչի կիսանդրին տեղադրելու մասին: Ինչպես նշվում է, այն կլինի երախտապարտ հայ համայնքի նվերը կանադացիներին:
Յուսուֆ Քարշը (1908-2002) ծնվել է Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքում և մահացել Բոստոնում: Time հանդեսի կողմից նա ճանաչվել է որպես 20-րդ դարի լավագույն լուսանկարիչներից մեկը։
Նա ժամանակին լուսանկարել է այնպիսի հայտնի անձանց, ինչպիսիք են Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին, վարչապետ Չերչիլը, Էռնեստ Հեմինգուեյը և Բեռնարդ Շոուն:

«1984»

 

Ապրիլի 4-ին ամերիկյան մոտ 200 կինոթատրոն կցուցադրի բրիտանացի գրող Ջորջ Օրուելի «1984» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը (ռեժիսոր՝ Մայքլ Ռեդֆորդ)` ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի: Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը:
Աղբյուրի հաղորդմամբ` ակցիան կանցկացվի ԱՄՆ-ի 185 քաղաքներում, ինչպես նաև` Կանադայում, Անգլիայում, Շվեդիայում, Նիդեռլանդներում և Խորվաթիայում: Ակցիայի կազմակերպիչները պլանավորել են ցուցադրություններն անցկացնել ապրիլի 4-ին, քանի որ հենց այդ օրն են մեկնարկում Օրուելի վեպի իրադարձությունները:

Նշվում է, որ Թրամփի` ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո «1984» վեպը բեսթսելեր է դարձել Amazon-ում:
Ջորջ Օրուելի «1984» հակաուտոպիստական վեպը հրատարակվել է 1949 թվականին: Այն պատմում է զանգվածային քարոզչություն և քաղաքացիների ամբողջական վերահսկողություն իրականացնող պետության մասին, որը մարդկանց արգելում է արտահայտել իրենց հույզերն ու ոչնչացնում անցանկալի պատմական փաստերը:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

 

Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գիրքն աշխարհում ամենաթարգմանվածն է Աստվածաշնչից ու Ղուրանից հետո: 

Ռիա նովոստին, հղում անելով Francetvinfo-ին գրում է, որ այն թարգմանվել է 300 լեզվով:
Նոր լեզուն, որով «խոսել» է  իշխանը, արաբերեն «հասսանիյա» բարբառն է, որը տարածված է Մավրիտանիայում  և Արևմտյան Սահարայում, և, ի տարբերություն շատ բարբառների, ունի պետական լեզվի կարգավիճակ:
«Այդ լեզուն, որը քիչ է հայտնի հանրությանը, նշանակալի է Անտուան դը Սենտ- էքզյուպերիի համար: Մարոկկոյի հարավում, որտեղ խոսում են «հասսանիայով», հանրահայտ հեքիաթի հեղինակը ներշնչանքի աղբյուր էր գտել»,- գրում է պորտալը:

Ֆրանսիացի գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերին 1921 թ. ծառայել է Մարոկկոյում, որտեղ 1927 թ. վերադարձել է աշխատելու: Այնտեղ՝ Տարֆայա քաղաքում, նա սկսել է գրել իր առաջին գիրքը:
«Փոքրիկ իշխան» վեպը  լույս է տեսել 1943 թվականին: Արդեն վաճառվել է վեպի  200 միլիոն օրինակ:

 

Շվեդիայի հարավում գտնվող Հելսինգբորգ քաղաքում պատրաստվում են բացել այսպես կոչված «Անհաջողության թանգարան» (Museum of Failure):  The Local-ը, գրում է, որ թանգարանի բացումը նախատեսված է հունիսի 7-ին: Այնտեղ հավաքվելու են տարբեր ընկերություններից ապրանքներ, որոնք սպառողների շրջանում հետաքրքրության չեն արժանացել:
Թանգարանի ցուցանմուշներից մեկը լինելու է Twitter Peek գաջեթը: Այդ գործիքը ստեղծվել էր բացառապես Twitter միկրոբլոգում շփվելու համար, բայց չի կարողացել մրցել սմարթֆոնի հետ:
Ցուցանմուշների թվում է լինելու նաև գնդիկավոր գրիչը, որը, ինչպես պնդում է արտադրող BIС ընկերությունը, նախատեսված է հատուկ կանանց հարմարության համար: Այն պահանջված չի դարձել, շատ օգտատերեր ծաղրել են այն:
«Անհաջողության թանգարանում» ցուցադրվելու է նաև մոտոցիկլ արտադրող Harley Davidson ընկերության ստեղծած օծանելիքը, որը նույնպես ապառողների շրջանում հետաքրքրություն չի առաջացրել:
Նախագծի հեղինակ հոգեբան և հետազոտող Սամուել Ուեսթն ասել է, որ իր նպատակը ոչ թե ուրիշներին ծաղրելն է, այլ այնպես անել, որ մարդիկ սովորեն մյուսների սխալների վրա:

 

Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները հարցում են անցկացրել գրադարան այցելուների շրջանում և պարզել, թե ինչպես են նրանք ընկալում հին գրքի հոտը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Heritage Science գրքում:
Հարցվածների 100 տոկոսը զգացել է փայտային մասնիկների հոտը, 86 տոկոսը՝ ծխի, 71 տոկոս՝ հողի, 41 տոկոսը՝ վանիլի, 1928 թվականին լույս տեսած գրքից հարցվածները նաև շոկոլադի և սուրճի հոտ են զգացել, որոշներն էլ՝ ձկան, նաֆթալինի:  70 տոկոսից ավելին հին գրքերի հոտը հաճելի է համարել, 14 տոկոսը՝ չափավոր հաճելի, 14 տոկոսը՝ չեզոք:

Հետազոտողները նշում է, որ գրքի հոտը համաշխարհային մշակութային ժառանգության մի մասն է և, հետևաբար, այն պետք է բացահայտել և պահպանել: Նրանք իրականացրել են  գրքերից գոլորշիացող օրգանական նյութերի անալիզ  և ենթադրում են, որ հոտի մասին ստացված տվյալները կարելի է օգտագործել անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելու համար, օրինակ, թանգարաններում: