Մայիս 02, 2017 03:37 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Իրանցի դրամատուրգ Էըրֆան Խաթիբզադեն շահել է դրամատուրգիայի բնագավառում Ֆրանսիայի Սթիժ համաշխարհային մրցույթի 4-րդ շրջանի մրցանակը:

Իրանցի դրամատուրգ Էըրֆան Խաթիբզադեն «Սա մեր աշխարհը չէ» թատերգությամբ 370 այլ ստեղծագործությունների շարքում շահել է դրամատուրգիայի բնագավառում Ֆրանսիայի Սթիժ համաշխարհային մրցույթի 4-րդ շրջանի լավագույն թատերգության մրցանակը:

Փիլիսոփայական բովանդակությամբ թատերգությունը պատմում է 7-ամյա փախստական մի աղջկա մասին, ով իրեն փոխադրող նավը կոտրվելու պատճառով խորտակվում է և ներկայացնում է մինչև իրական աշխարհին հասնելը ջրի տակ նրա ու Աստծո միջև ծավալված երկխոսությունը:

Էըրֆան Խաթիբզադեն 2016 թվականին էլ «Դուք պիտի դա մարեք, ոչ թե ուրիշը» թատերգությամբ շահել էր դրամատուրգիայի համաշխարհային այս մրցության 3-րդ շրջանի մրցանակը:

Էըրֆան Խաթիբզադեն մինչ օրս բազմաթիվ համաշխարհային նվաճումներ է ունեցել Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում Հնդկաստանում ու Բրիտանիայում:

Խաթիբզադեն Թեհրան համալսարանի թատրոնի ճյուղի ուսանող է: Նա թատրոնում իր գործունեությունը սկսել է վեց տարեկան հասակից:

Թեհրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Արտաշես Թումանյան

 

Թեհրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը և ԻԻՀ խորհրդարանի մշակութային հանձնաժողովի նախագահը կարևորել են երկու երկրի միջև արվեստի և մշակութային հարաբերությունների ընդլայնումը:

Դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ խորհրդարանի մշակութային հանձնաժողովի նախագահ՝ Նասրոլլահ Փեժմանֆարն ասել է.«Իրանի և Հայաստանի միջև արվեստի և մշակութային հարաբերությունների ընդլայնումը դրական արդյունքներ կունենա այլ ոլորտներում»:

Հանդիպման ժամանակ, Թեհրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Արտաշես Թումանյանը Հայաստանի ցանկությունն է հայտնել Իրանի հետ բազմակողմանի հարաբերություններն ընդլայնելու համար, ընդգծելով, որ նկատի առնելով Իրանի պատմական անցյալն ու հարուստ մշակույթը, Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանը միշտ կարևորել են տարբեր ոլորտներում Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը:

Նա նշել է, որ Իրանի ու Հայաստանի պատմամշակութային ընդհանրությունները և տարածաշրջանում երկու երկրի կարևոր դիրքը, պատեհ առիթ են ստեղծել երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար:

Լևոն Էսկենյան

 

Լիբանանահայ երաժիշտ Լևոն Էսկենյանը 2008 թվականին  հիմնել է «Գյուրջիև» համույթը:
Երաժիշտը պատմել է, որ համույթի ամենաառանցքային նպատակն է հայկական անաղարտ երաժշտության պահպանումն ու տարածումը՝ հայազգի հանճարեղ մտավորական, կոմպոզիտոր Գ. Գյուրջիևի և Կոմիտասի ստեղծագործությունների  հիման վրա:

Համույթի կազմում ընդգրկված են 11 երաժիշտներ, որոնք մեր այսօրվա երաժշտական աշխարհում լավագույններից են համարվում:  «Գյուրջիև»-ի համար թիրախ է հանդիսանում հիմնականում օտար լսարանը՝ հայկական երգարվեստը օտարազգի ունկնդրին ճանաչելի դարձնելու նկատառումով:

Համույթի համար բեկումնային էր 2015 թ., երբ աշխարհահռչակ ընկերություններից մեկի՝ գերմանական «ECMrecords»-ի նախաձեռնությամբ լույս տեսավ «Կոմիտաս» ձայնասկավառակը՝ Լևոն Էսկենյանի գործիքավորմամբ: Այն կարճ ժամանակահատվածում լայն ճանաչում գտավ և 2015 թ.-ին «Songlines Award»-ի կողմից ընդգրկվեց 10 լավագույն ձայնասկավառակների շարքում:

Ձայնասկավառակի մեջ զետեղված ստեղծագործություններն արդեն մեկ տարի է՝ հնչում են «British Airways»-ի ինքնաթիռներում:

Ձայնասկավառակի լույս ընծայվելուց կարճ ժամանակ անց, համույթը բազմաթիվ հրավերներ է ստացել աշխարհի տարբեր ծայրերից՝ մասնակցելու միջազգային հեղինակավոր փառատոնների:

«Խոստումը»

 

Կինոթատրոններում ապրիլի 27-ից  ցուցադրվելու է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը՝ անգլերեն, ինչպես նաև հայերեն և ռուսերեն կրկնօրինակմամբ: Այս մասին տեղեկանում ենք «Շարմ Հոլդինգի» ֆեյսբուքյան էջից: Ներկայացված է նաև ֆիլմի հայերեն թրեյլերը:
«Խոստումը» ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերրի Ջորջը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքսը:  Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: «Tracinda» կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր «Survival Pictures» անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:

 

Պատմական Հայաստանի տասներկու գավառների հայկական ժողովրդական օրորոցայինները հնչեցին «Օրորոցայիններ» խորագրով համերգային երեկոյին, որը տեղի ունեցավ ապրիլի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Համերգային ծրագրին մասնակցում էին «Շողակն» անսամբլի մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Հարությունյանը, սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը, դաշնակահար Մարինա Վարդանյանը:

«Ներկայացնելու եմ պատմական Հայաստանի տարբեր շրջանների ավանդական երգերը, որոնք հայ մայրերը դեռ վաղնջական ժամանակներից երգել են իրենց մանչուկների համար՝ նրանց փոխանցելով մեր պատմությունը, խորհուրդներն ու ավանադույթները:  Մայրերը միայն իրենց երեխաների մոտ էին լիարժեք ազատ զգում և հաճախ էին երգի միջոցով ամեն ինչի մասին զրուցում մանկիկների հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հասմիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ շատ երգեր այնքան էլ հայտնի չեն հանրության լայն շերտերին: Նա հավաքել է դրանք ու սիրով է մատուցում հանդիսատեսին:  «Շատ լավ կլինի, որ ժամանակակից մայրիկները փոքրիկների օրորոցի մոտ զրուցելու խորհուրդն ընկալեն և պահպանեն այն, քանի որ հենց օրորոցի մոտ է ստեղծվում մոր և մանկան մտերմության հիմքը»,-ասաց երգչուհին:

Նա  ընդգծեց, որ իր հետ հանդես են գալիս Կարինե Հովհաննիսյանն ու Լևոն Թևանյանը:

Սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը նշեց, որ ի տարբերություն Հասմիկ Հովհաննիսյանի՝ ինքը կատարում է  հայ դասականների հայտնի գործեր: «Շատ եմ սիրում օրորոցայիններ և սիրով եմ մասնակցում այս համերգային ծրագրին: Կարծում եմ, որ այս երգերի կարիքը կա, դրանք պահանջված են ու սիրված:  Համերգը հնարավորություն կտա նաև ծանոթանալ քիչ հայտնի ստեղծագործությունների, որոնք, համոզված եմ, կսիրվեն»,-շեշտեց նա:

Հնչեցին Ա.Այվազյանի «Գիշեր», Ռ.Մելիքյանի «Օրոր», Խ.Ավետիսյանի «Օրորոցային», Ս.Գալիկյանի «Արի իմ սոխակ», Օրրիմ, օրրիմ (Բութանիա) Հեյրուր, հեյրուր (Շատախ), Անուշ քնիկ (Քեսաբ), Տարոնի հեյրուր Այ, ջանըմ նեննի (Քեսաբ) Նընջիր, լաո (Մուշ) Ախ, գրկանոցի բընդեր խառ ա (Մուշ), Օրոր գըսեմ (Համշեն), Տիգրանակերտի օրոր Նընջիր և այլ գործեր:

Ներկա էին բազմաթիվ մայրեր, իրենց բալիկների հետ, որոնք ոգևորությամբ էին հետևում համերգի ընթացքին:

Պալմիրա

 

Ռուս-սիրիական համատեղ արտադրության «Պալմիրա» ֆիլմը, որի նկարահանումները սկսվելու են այս տարվա վերջին և իրականացվելու են այդ թվում նաև Սիրիայում, ենթադրվում է, որ վարձույթում կլինի  2019 թվականին: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին ասել է նախագծի գլխավոր պրոդյուսեր Անդրե Սիգլեն ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու հետ հանդիպմանը:

«Ռուսական «Պրոլայն-մեդիա» և սիրիական «Shaghaf»  ընկեություններն ստորագրել են «Պալմիրա» գեղարվեստական ֆիլմ ստեղծելու մասին համաձայնագիր:

Ֆիլմը պատմելու է դաղստանցի մի բժշկի մասին, ում կյանքը խարխլվում է, երբ կինն անչափահաս դստեր հետ փախչում է Սիրիա:  Նա գնում է նրանց փնտրելու: Ֆիլմի ռեժիսորն է Իվան Բոլոտնիկովը:

Սիգլեն պատմել է, որ  ֆիլմ ստեղծելու գաղափարը մեկ տարի առաջ է ծնվել: Բացի ռուսական և սիրիական կողմերից, նախագծում մասնակցություն են ունենալու նաև ֆրանսիական, իտալական, մակեդոնական ընկերությունները: Պրոդյուսերի խոսքով,  արդեն բյուջեի մի մասը՝ ավելի կան մեկ միլիոն եվրո, կա:

«Նկարահանումները լինելու են Սիրիայում, ինչն անհրաժեշտ է, որպեսզի իրականությանն առավել մոտ ներկայացնենք պատմությունը: Սիրիական կողմը խստանում է ապահովել մեր անվտանգությունը: Մենք նախատեսում են սկսել նկարահանումները այս տարվա աշնանը»,- ասել է Սիգլեն:

Աֆրիկայում ժայռապատկերներ

 

Հնագետները վերջապես կարողացել են պարզել Աֆրիկայում ժայռապատկերների տարիքը: Գազետա.ռու կայքը գրում է, որ նախկինում դա անհնար էր, քանի որ վտանգ  կար, որ փորձաքննության համար նմուշները վերցնելիս հնարավոր է պատկերները ոչնչացվեն, բայց նոր մոտեցումը թույլ է տվել հնագետներին օգտագործել չնչին քանակությամբ նմուշ:
Հարավային Աֆրիկան մշտապես աչքի է ընկել լավ պահպանված ժայռապատկերներով, որոնք թվագրվում են դեռևս քարե դարով: Մինչև վերջերս հնագետները հնարավորություն չունեին պարզելու դրանց հստակ թվագրումը: Նորարարական մոտեցմամբ այժմ նրանց հաջողվել է պարզել, որ Բոտսվանայի հարավ-արևելքում գտնվող ժայռապատկերները ստեղծվել են 5000 տարի առաջ: Դրանք դեռևս ամենահին պատկերներն են Աֆրիկայում: Աշխատանքի արդյունքները հրապարավել են Antiquity ամսագրում:

Նկարներն արված են ինչպես գույնի միջոցով, այնպես էլ փորագրության: Բազմաթիվ ուսումնասիրությունների շնորհիվ հիմա հնագետները կարող են բավականին հստակ մեկնաբանել դրանց իմաստը:

«Դրանք պատկերում են այն, ինչ տեսել են շամանները հոգիների աշխարհով ճանապարհորդելու ժամանակ, որպեսզի ցեղի մյուս անդամները նույնպես կարողանային դրանք տեսնել: Բացի այդ, հնագույն մարդիկ ժայռերը համարել են մարդկանց և հոգիների աշխարհի միջև պատնեշ, և ժայռապատկերները օգնում էին նրանց շփվել հոգիների հետ»,- ասել է հետազոտողներից Ադելֆին Բոննոն:

Բացի այդ, կան կան կենդանիների պատկերներ՝ ձկներ, եղջյուրու, ընձուխտ, ոչխար:

Հետազոտության իրականացման համար անհրաժեշտ է եղել յոթ տարի: Ստացված տվյալները թույլ են տալիս ավելին իմանալ հին ցեղերի, նրանց մշակույթի մասին, դիտարկել ժայռապատկերները՝ համեմատելով մոտակա տարածքներից հայտնաբերված արտեֆակտերի հետ:

Աննա Ախմատովա

 

Աննա Ախմատովայի «Պոեմ առանց հերոսի» ստեղծագործության ձեռագիրը ապրիլի 12-ին 1․45 մլն ռուբլով վաճառվել է «Լիտֆոնդ» աճուրդում։ Ձեռագրի սկզբնական գինը կազմել է 800-850 հազար ռուբլի, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Փաստաթուղթը կազմված է 18 էջից ու պարունակում է հեղինակի նշումներն ու մեկնաբանությունները լուսանցքներում։ Ախմատովան այդ ստեղծագործությունը պատրաստում էր հրատարակման «Նովիյ միր» ամսագրում, 1962-ին։ Սակայն դրա ամբողջական տեքստը հեղինակի կենդանության օրոք այդպես էլ չէր տպագրվել»,- ասել են աճուրդային տնից։

«Լիտֆոնդի» կողմից վաճառված՝ Ախմատովայի ամենաթանկարժեք ձեռագիրը եղել է նրա գրառումների գրքույկը, որը 2016-ին ձեռք է բերվել յոթ միլիոն ռուբլով։