Մայիս 02, 2017 03:50 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Ապրիլի 21-ը Իրանի պաշտոնական օրացույցում իրանցի անվանի բանաստեղծ Սաադիի մեծարման օրն էր:

Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդության նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին Շիրազ քաղաքում կազմակերպված Սաադիի մեծարման հանդիսության ընթացքում նշել է, որ Սաադին, արդարության, մարդկայնության, ազնվության ու առաքինության խորհրդանիշ է: Նա ասել է «Սաադին աշխարհում հավասրակշռության ու չափավորականության դրոշակակիրն է»:

«Սաադին իր ժամանակաշրջանի ամենածանր պայմաններում իր խոսքով դեմ գնաց բռնակալներին»,-հայտարարել է Սալեհի Ամիրին, նշելով, որ Սաադին արդարատենչության և չարագործների բռնությանը դիմակայելու խորհրդանիշն է համարվում:

Շուրջ 750 տարի առաջ ապրած իրանցի բանաստեղծ ու գրող Սաադին առավել հայտնի է իր բանաստեղծություններով ու նաև հանգավորված ու հզոր արձակով:

Համահայկական նվագախումբ

 

68 հայազգի երաժիշտներ, որոնք ապրում ու աշխատում են աշխարհի 20 երկրներում, միավորվել են «Համահայկական նվագախմբի» կազմում ու ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, համերգ տվել Երեւանի օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Կատարվել են դասական ու ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ։

Ռուզաննա Սիրունյանը՝ նախագծի կազմակերպիչներից մեկը, լրագրողներին պատմել է, որ այդ նախագծի կազմակերպման գործում դժվարություններ, իհարկե, եղել են, ի վերջո հեշտ չէ տարբեր երկրներում աշխատող մարդկանց միավորել մեկ միասնական «օրգանիզմի», մեկ նվագախմբի մեջ։ Այդուհանդերձ, բոլոր դժվարությունները հաղթահարվել են։

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը համերգի ժամանակ կոչ է արել ոչ միայն վայելել երաժշտությունը, այլեւ ուշադրություն դարձնել կադրերին, որոնք ցուցադրվելու են էկրանին նվագախմբի ետեւում։ Դրանք հավաքել էր համերգի ռեժիսոր Արամ Սուքիասյանը, ու այդ կադրերը, նախարարի խոսքով, հոյակապ լրացնում են երաժշտական ստեղծագործությունները։

Համերգը սկսվել է Ալեքսանդր Աճեմյանի ուվերտյուրայից՝ նվագախումբն այն կատարել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Հնչել են նաեւ հայտնի ժամանակակից հեղինակների՝ օրինակ Սերժ Թանկյանի ու Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։

Նախագիծը իրականացվում է ՀՀ նախագահի աջակցությամբ ու Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ։ Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու հայ ժողովրդի վերածննդին։

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոն

 

2017 թվականի ապրիլին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն արդեն Անկարայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ներկայացնելու է հայկական կարճամետրաժ և անիմացիոն ֆիլմերի ընդգրկուն ծրագիր,-այս մասին տեղեկացնում են Ոսկե ծիրան կինոփառատոնի մամուլի ծառայությունից։

Հայկական կինոյի տարածումն ու հանրահռչակումը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ելակետային առաքելություններից է: 14 տարվա ընթացքում «Ոսկե ծիրանի» նախաձեռնությամբ հայկական ժամանակակից կինոյի ներկայացուցչական ծրագրեր, հայ կինոյի պատմությանը նվիրված գիտաժողովներ են կազմակերպվել և իրականացվել  20-ից ավելի երկրներում:

Ապրիլը  խորհրդանշական ամիս է.  2015թ-ին  «Ոսկե ծիրանի» նախաձեռնությամբ՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ և Մեծ Եղեռնը ներկայացնող դասախոսություններ ներկայացվեցին 14 երկրի 17 քաղաքում, այդ թվում՝ Ստամբուլում:

Անկարայի միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա ապրիլի 21-ից 30-ը: Ծրագիրը կազմված է 11 ֆիլմից և ընդգրկում է Նաիրա Մուրադյանի «Մարկ և Մարկոս», Էդգար Բաղդասարյանի «Սիմոնի ճանապարհը», Դիանա Կարդումյանի «Դիալոգներ», Գագիկ Մադոյանի «Ճանապարհ», Լևոն Մինասյանի «Դաշնամուրը», Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ», Հարություն Շատյանի «Բեռնելով կյանքս», Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայր», Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը», Ալեն Մանուկյանի «Հարություն» և Համլետ Վարդանյանի «Մնաս բարով, Վոլգա» ֆիլմերը: Հայկական կինոծրագրերը Անկարայում կներկացավեն ապրիլի 28-ին և 29-ին:

Կինոծրագիրը ներկայացնող պատվիրակության մեջ ընդգրկված են ռեժիսորներ Նաիրա Մուրադյանը, Դիանա Կարդումյանը և կինոքննադատ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի համադրող Րաֆֆի Մովսիսյանը, որը նաև Անկարայի միջազգային կինոփառատոնի Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրիի անդամ է:

Ծրագրում ընդգրկված ֆիլմերը ժամանակակից հայկական կինոյի լավագույն նմուշներից են և մարդասիրության, հանդուրժողականության և ազատության թեմատիկ ընդհանրություններ ունեն»,- ասված է կինոփառատոնի հաղորդագրության մեջ:

Արզու Բաշարան

 

Թուրք արվեստագետ Արզու Բաշարանը «Դեռևս այնտեղ» խորագրով հերթական ցուցահանդեսն է բացել, որով ցանկացել է ուշադրություն հրավիրել մի երևույթի վրա, որը սկսվել է Հայոց ցեղասպանության ժամանակներից և այժմ էլ տարածվել է Սիրիայում ու Դիրարբեքիրում: Գրում է «Էրմենիհաբեր»-ը:

Բաշարանը բծերի, գծերի ու տարբեր աքսեսուարների միջոցով պատրաստած կտավներում փորձել է արծարծել բռնագաղթի թեման:

Թուրքական «medyascope.tv» կայքի հետ զրույցում Բաշարանն ասել է այդ ցուցահանդեսը ինչ-որ առումով հաշտվություն է` կապված Հայոց ցեղասպանության, Ռուանդայի, Բոսնիայի կոտորածների և վերջին տարիներին Դիարբեքիրում կատարվածի վերաբերյալ:

Բաշարանը նշել է, որ այդ հաշվետվության ցանկությունն իր մոտ առաջացել է Հրանտ Դինքի սպանությունից հետո` ավելացնելով, որ ցուցահանդեսը սահմանափակված չէ միայն 1915 թվականով, այլ պատմում է նաև այսօր Սիրիայում ու Դիարբեքիրում իրենց տներից զրկված ու գաղթի դատապարտված մարդկանց պատմությունը: Ստամբուլի 44 Art Gallery-ում բացված ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 15-ը:

«Մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը»

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում ներկա է գտնվել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված «Մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» խորագրի ներքո կազմակերպված նոր ծրագրի շնորհանդեսին:

Ծրագրի հեղինակների մտահղացման շրջանակում, յուրօրինակ էքսկուրսիայի միջոցով, ներկայացվում են 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի երևանցիների կենցաղում ընդունված մի շարք ծեսեր, այդ թվում նաև նախահարսանեկան ծեսի արարողությունը: Այդ համատեքստում, երկխոսության միջոցով, ներկայացվում են նաև համապատասխան թանգարանային ցուցանմուշները, որոնք Երևան քաղաքի պատմության թանգարանի հարուստ հավաքածուի մի մասն են կազմում:

Թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի խոսքով՝ այս ծրագիրը ցուցանմուշ-այցելու հաղորդակցության նոր մեթոդի կիրառման առաջին փորձերից է, որը կրելու է մշտական բնույթ: Հաշվի առնելով, որ ծրագիրն այցելուներին մատուցվելու է նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով՝ կազմակերպիչները վստահ են, որ այն իր հերթին կնպաստի Երևանի քաղաքի պատմության թանգարան զբոսաշրջիկների նոր հոսքի ավելացմանը:

«Ներկայացվող ծրագրի նպատակը թատերականացված ներկայացումը չէ, ինչն արդեն կիրառվել է մի շարք թանգարաններում, այլ  յուրօրինակ էքսկուրսիան, որն անցկացնում է ոչ թե թանգարանի էքսկուրսավարը, այլ համապատասխան կերպարը՝ երկխոսության միջոցով այցելուին հաղորդելով համապատասխան տեղեկատվություն ցուցադրված թանգարանային առարկաների մասին: Ծրագրի յուրահատկությունը կայանում է նաև նրանում, թե ինչպես է ոչ նյութական մշակութային ժառանգության միջոցով այցելուին մատուցվում նյութական մշակութային ժառանգությունը», - նշել է Արմինե Սարգսյանը:

«Ճիչ»

 

Օսլոյի համալսարանի գիտնականների խումբը պարզել է, թե նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկն ինչ հնարավոր պատճառով է իր ամենահայտնի «Ճիչ» նկարում օգտագործել հենց այդպիսի գույներ եւ ալիքաձեւ կորագծեր, փոխանցում է BBC-ն:

1893 թվականի աշխատանքում մարդակերպ արարածը ձեռքերով բռնել է գլուխը եւ ճչում է ալիքաձեւ բազմագույն ֆոնին:

Օդերեւութաբան Հելեն Մյուրին, որը զբաղվել է նկարի հետազոտությամբ, նշել է, որ էքսպրեսիոնիստին կարող էր ոգեշնչել բնական եզակի երեւույթը՝ բեւեռային ստրատոսֆերային ամպերը, որոնք նաեւ սադափանման ամպեր են անվանում:

Նման ամպերը ձեւավորվում են ցածր ջերմաստիճանի եւ բարձր լուսավորվածության հետեւանքով: «Հիմա հանրությունն ավելի շատ գիտական տեղեկություններ ունի, քան նրա ժամանակներում: Հնարավոր է՝ նա նախկինում այսպիսի ամպեր չի տեսել: Կասկած չկա, որ նման երեւույթը կարող էր նկարչի վրա ուժեղ տպավորություն գործել»,- ասել է Մյուրին Վիեննայում տեղի ունեցած Եվրամիության գլխավոր վեհաժողովի Երկրագիտության  նիստի ժամանակ:

«Մահաբհարաթա»

 

Հնդկաստանը որոշել է նկարահանել իր պատմության ամենաթանկ ֆիլմը՝  «Մահաբհարաթա» էպոսի էկրանավորումը։ Ֆիլմի բյուջեն գնահատվում է 155 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Հայտնի է, որ հոլիվուդյան ստանդարտներով սա մեծ գումար չէ, սակայն Հնդկաստանում թանկ ֆիլմերի մաքսիմալ բյուջեն միջինում կազմում է 25 միլիոն դոլար։

Աղբյուրի հաղորդմամբ՝ նախագծի ֆինանսավորմամբ կզբաղվի Միացյալ Արաբական Էմիրություններից գործարար Բավագուտու Ռագուրամ Շետին։ Նրա խոսքով՝ «Մահաբհարաթան» բոլոր էպոսների էպոսն է։

Նշվում է, որ ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն 2018 թվականի սեպտեմբերին։ Հեղինակների պլանների համաձայն՝ ֆիլմը կազմված կլինի երկու մասից։ Էկրանավորման պրեմիերան, ենթադրաբար, կկայանա 2020 թվականին։

Ֆիլմի դերասանական կազմի վերաբերյալ տվյալներ դեռևս չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ կնկարահանվեն հնդկական կինոյի լավագույն տաղանդներն ու Հոլիվուդի «խոշոր անունները»։

 

Եգիպտացի հնագետները Լուքսոր քաղաքի հարևանությամբ հայտնարարել են մոտ 3500 տարեկան դամբարան՝ նախկինում անհայտ վեց նոր մումիայով:  Գերեզմանը հայտնաբերվել է Դրաա Աբուլ Նագա դամբարանադաշտում, որը գտնվում է հայտնի Թագավորների հովտի կողքին: Վեստի.ռու կայքը, հղում անելով Sun-ին, գրում է, որ բացի մումիաներից հայտնաբերվել է նաև փայտե ներկված դաղագներ և ավելի քան հազար մահարձանիկներ: Հնագետները պարզել են, որ գերեզմանոցում թաղված է եղել բարձրաստիճան պաշտոնյա՝ դատավոր:

Թագավորների հովիտը ժայռոտ կիրճ է, որտեղ հնագույն ժամանակներում կառուցել են գերեզմանոցներ փարավոնների, նրանց հարազատների, նաև բարձրաստիճան պաշտոնյաների  և նրանց հարազատների համար: Ներկա պահին այստեղ հայտնաբերվել է արդեն 63 դամբարան: