Հունիս 06, 2017 16:22 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում կծանոթանանք «Քաշֆ-օլ-Մահջուբ» գրքի միստիկական կարճ հեքիաթներին:

Ներկայացնում ենք «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարը։ Այսօր կշարունակենք մեր զրույցը իրանցի միստիկ ու մտավորական Ալի Իբն Օսման Հոջվիրիի մասին: Նա  փայլուն գործունեություն է ունեցել Իրանում ու Հնդկաստանում ու բազմաթիվ հետևորդներ ունի: Նա այն ճանաչված գործիչներից է, որոնց անունը հայտնի ու սիրված է միստիցիզմով հետաքրքրվողների կողմից: Ալի Հոջվիրին Հնդկական թերակղզում ճանաչված է «Դաթա Գանջ Բախշ» անունով և Լահուրում գտնվող նրա դամբարանը ուխտավայր է համարվում:

------------------

Նախորդ հաղորդումների ժամանակ անդրադարձանք լուսնային 4-րդ և 5-րդ դարերի միստիկ, մտավորական Ալի Իբն Օսման Հոջվիրիի կյանքին և ասացինք, որ նա իր նախնական ուսումը ստացել է ծննդավայր Ղազնեյում և ապա ուսման ծարավը հագեցնելու համար մեկնել է երկար ուղևորության և աշակերտել է բազմաթիվ շեյխերի: Նրա վերջին հանգրվանը Լահուր քաղաքն էր: Խոռասանի և Հնդկաստանի այս սահմանային քաղաքում նա առիթ է գտնում գրելու և ավարտին հասցնելու իր հայտնի ստեղծագործություն՝ «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ը: Մի քանի հաղորդումների ընթացքում անդրադարձանք հինգ բաժիններից բաղկացած «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ին և ասացինք, որ չնայած իր տարբեր ու բազմազան բաժիններին այս ստեղծագործության մեջ կան երկու հիմնական թեմաներ, որոնք են Աստծո հետ մարդու յուրահատուկ հարաբերությունը և սեփական անձի հետ մարդու հակադրությունը և չնայած  գրքի բոլոր բաժինները անկախ են բայց միաժամանակ կապակցված են միմյանց: Ապա անդրադարձանք գրքի կարևոր տարրերին: Ասացինք, որ այս ստեղծագործության բաղադրիչ կարևոր տարրերից են հեքիաթները, որոնք կրում են միստիկական թեմաների պարզաբանման հիմնական բեռը: Այս հեքիաթները ցուցադրում են իմաստի արտահայտման համար հեքիաթի բաղադրիչ տարրերի և դրանց հեքիաթային տարողության միջև համադրություն ստեղծելու Հոջվիրիի  մեծ կարողությունը:

Ալի Իբն Օսման Հոջվիրի

 

Միստիկական հեքիաթը կամ դրվագը արձակ գրականության ժանրերից է, որը մեծ դիրք է զբաղեցնում պարսիկ դասական գրականության մեջ: Միստիկական թեմաներով ստեղծագործած Ալի Իբն Օսմանի նման հեղինակներ օգտվելով հեքիաթների հնարավորությունից փորձել են իրենց ուսուցումները լավագույն կերպով փոխանցել ընթերցողին: Նրանք փորձ են կատարել ընթերցողի համար դյուրին դարձնել միստիկական թեմաների ըմբռնումը և առավել հզորացնել իրենց խոսքը: Գրաքննադատների համոզմամբ այդ միջոցից օգտվելով նրանք ոգևորել են այդ ճանապարհի հետևորդներին և հոգեպես հզորացրել իրենց հետևորդներին:

Հոջվիրին «Քաշֆ-օլ-Մահջուբ» գրքի նախաբանում հեքիաթները բնութագրելու համար օգտվել է «Ղորար» եզրույթից, որը ամուր ու ընտրյալ խոսք է նշանակում: Այս եզրույթն ընթերցողին օգնում է ըմբռնել գրքի իմաստը և առավել հստակ կերպով պարզաբանում է միստիկական ուսուցումներն ու նաև հեղինակի տեսակետները: Գրքի հեքիաթները ուսուցողական բնույթ են կրում, որոնք պատմում են կրոնի ու միստիցիզմի երևելի դեմքերի ու երբեմն էլ ժողովրդի պարզ զանգվածների մասին: Որոշ թեմաների վրա Հոջվիրիի դրած շեշտը պատճառ է դարձել, որ մի հեքիաթ կերպարներում ու եղելության մեջ որոշակի փոփոխությամբ կրկնվի գրքում: Այս հեքիաթների համառոտ լինելն ու նաև սակավաթիվ կերպարներն ու  սահմանափակ դեպքեր պարունակելը իրար են մոտեցրել դրանց սկիզբն ու վախճանն, ինչն առավել դյուրին է դարձնում իմաստի ըմբռնումը: Հետևաբար «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի հեքիաթները կարճ, պարզ ու համառոտ լինելու պատճառով կարելի է մինիմալիստական համարել:

Գրավիչ պատմության ընտրությունն ու նաև եղելության այն հատվածի ընտրությունը, որ կարող է առավել ազդեցություն գործել ընթերցողի վրա, Հոջվիրիի հեքիաթների ոճը մոտեցնում է ժամանակակից գրականության մեջ տարածված մինիմալիստական արձակին: Օրինակ երբեմն այս հեքիաթների կենտրոնում են հայտնվում հայտնության պահերը, երբ նախախնամության կամքով և ճգնության արդյունքում միստիկի համար քողազերծվում են իրականությունները և նա առանց միջնորդի ունկնդրում է թաքուն ձայնը: Հետևաբար Հոջվիրիի հեքիաթների մեծ մասը պահի և կամ իրավիճակների նկարագրությունն է, որին դեմ հանդիման է գալիս սուֆին կամ պատմության հերոսը: Այս իրավիճակները երբեմն դուրս են գալիս հերոսի վերահսկողությունից: Այդուհանդերձ այդ հեքիաթները չի կարելի  իրավիճակը նկարագրող պատմություն համարել, քանի որ նման ոճի պատմության մեջ դեպքն անխուսափելիորեն իր ազդեցության տակ է առնում կերպարի կյանքի բոլոր ծալքերը: Այդ իրավիճակներն առաջանում են պատահաբար, անըմբռնելի են և պատմության հերոսի կամքն այդտեղ որևէ դերակատարություն չունի: Օրինակ Կաֆկայի «Կերպարանափոխություն» պատմվածքում Գրեգոր Զամզան հայտնվում է անցանկալի իրավիճակում: Նա առավոտյան քնից զարթնելով նկատում է, որ վերածվել է մեծ ուտիճի: Այդ դեպքը պատմության ընթացքում անըմբռնելի է և առաջացել է հանկարծակի կերպով ու առանց պատճառի:

«Քաշֆ-օլ-Մահջուբ»

 

«Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի հեքիաթները պարզ նախագիծ ունեն: Պատմության տարրերի քննարկման ժամանակ նախագիծը իրադարձությունների կազմակերպված ու միատարր հավաքածու է, որոնք պատճառահետևանքային հարաբերությամբ միացած են իրար: Երկար պատմավծքներում ու վեպերում նախագիծն ընդհանրապես բարդ է լինում: Սակայն կարճ պատմվածքում նախագիծը լինում է պարզ: Այս պատմվածքներում սկիզբն ու վախճանը շատ մոտ են իրար: Այդ պատճառով էլ այդտեղ նախագծի բոլոր տարրերը նկատելի չեն: Կարճ պատմվածքն ուշադրության արժանի դառնալու համար չափազանց գրավիչ պատմության կարիք ունի, հետևաբար հեղինակը ընտրում է իրադարձության հարմար մի հատվածը և ապա նկարագրում է դրա ամենագրավիչ պահը, որը կարող է ամենախոր ազդեցությունը գործել ընթերցողի վրա: «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի հեքիաթներն էլ որոշակի տարբերությամբ իրենց կառուցվածքով շատ նման են ժամանակակից կարճ պատմվածքներին: Այս հեքիաթներում դեպքերի քանակը սահմանափակ է և կենտրոնացումը գլխավոր իրադարձության վրա, որն ընդհանրապես կերպարի կյանքի փայլուն մի պահն է: Դա կարող է նաև կերպարի հոլովույթի ենթարկվելու պահը լինել:

Իր հեքիաթները պատմելու համար Հոջվիրին դիմել է տարբեր միջոցների ու այդ պատճառով էլ «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի հեքիաթները միանման նախագծի չեն հետևում: Երբեմն հեքիաթը դեռ չընդարձակված հասնում է ավարտին կամ որևէ քաշքշուկ տեղի չի ունենում, որևէ հանգույց գոյություն չունի և կամ էլ պատմությունը սկսվում է առանց նախաբանի ու հիմնական իրադարձությամբ և ավարտվում է գագաթնակետում: Որոշ դեպքերում պատմությունն հենց սկզբում նկարագրելով գլխավոր իրադարձությունը դուրս է գալիս իր նախնական հավասարակշռությունից: Այդ անհավասարակշռությունն ընդհանրապես ձևավորվում է հեքիաթի հենց սկզբում, առանց նախաբանի և կերպարը մուտք գործելով պատմության մեջ սկսվում է հիմնական հարցը: Չնայած «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի հեքիաթների նախագծերում նկատվող բազմազանության քննադատները համոզված են, որ միստիկական տրամաբանության մեջ ընդունված պատճառահետևանքային հարաբերությունը ինքնըստինքյան առկա է պատմության տարրերի միջև: Օրինակ մի իր է անհայտանում: Մեկին մեղադրում են: Նա Աստծուց փրկություն է հայցում: Աստծո կամքով իրը հայտնաբերվում է:

Իր բոլոր հեքիաթներում Հոջվիրին օգտվել է նախագծի բոլոր տարրերից, սակայն յուրաքանչյուր հեքիաթում այդ տարրերը բաղադրելու համար օգտվել է տարբեր մեթոդներից: Նկատի առնելով յուրաքանչյուր հեքիաթի յուրահատուկ պայմանները և պարագայաբար օգտվելով նախագծի տարրերից, նա իր հեքիաթները գրավիչ է դարձնում ընթերցողի համար: Օրինակ այն հեքիաթներում, որտեղ արտակարգ դեպքեր են պատահում, ընդհանրապես պատմության ճգնաժամային պահին հող է նախապատրաստում զարմանահրաշ հայտնագործության համար: Այն հեքիաթում, որը պատմում է մի մանկան մասին, որի ուղտի ոտքը Ամոլի շուկայում մնացել էր ցեխի մեջ, երբ ժողովրդի ջանքերն ապարդյուն են մնում, մանկան և ուղտի փրկության համար մսագործ Մոհամմեդի աղոթքով պատմությունը հասնում է ճգնաժամային պահին. «Այս ուղտին փրկիր ու եթե չես ցանկանում փրկել ինչո՞ւ ես մսագործիս հուզում այս մանկան արցունքներով»: Միստիկական պատմություններում հրաշագործությունը, որն արտակարգ ու ոչ-սովորական իրադարձություն է համարվում ընդհանրապես հայտնվում է պատմության գագաթնակետում և պիտի որ մեղմի պատմության նախագծի ազդեցությունը: Սակայն նկատի առնելով նման պատմություններում տիրող մթնոլորտը նման իրադարձություններն ընդունելի են համարվում Հոջվիրիի ընթերցողի համար, որը մեծ համակրանք ունի սուֆիների հանդեպ կամ հավատում է սուֆիզմին, քանի որ այս հրաշագործությունն ըստ երևույթին միստիկի միջոցով, սակայն իրականում Աստծո կամքով է իրականացվում: Հոջվիրիի հեքիաթներն ավարտվում են բարոյական ձեռքբերմամբ: Ընդհանրապես հրաշագործությունը կամ արտակարգ դեպքը փոփոխություն է առաջացնում պատմության հերոսի մոտ, ինչը հանգեցնում է ամոթահարության, զղջման, հիացմունքի ու ի վերջո ապաշխարության նման իրավիճակների: