Հունիս 18, 2017 20:54 Asia/Yerevan

Մեր այս հաղորդման ընթացքում ձեզ կծանոթացնենք իրանցի պանծալի դեմքերից՝ Ղազալի Մաշհադիի հետ:

Թանկագին բարեկամներ կրկին ձեր հյուրն ենք իրանցի պանծալի դեմքերի ծանոթացմանը նվիրված հաղորդաշարի մեկ այլ համարով: Այս հաղորդման ընթացքում զրուցելու ենք լուսնային հիջրեթի 10-րդ դարի արժանավոր բանաստեղծ Ղազալի Մաշհադիի մասին: Նա այն 700 բանաստեղծների շարքում  է եղել, ով Սեֆևյան շրջանում պոեզիայի համար տիրող անմխիթար պայմանների պատճառով միացավ Հնդկաստան մեկնողների քարավանին ու մինչև կյանքի վերջը բնակվեց այնտեղ:

-----------------------

Պարսից պոեզիան իր կատարելագործման ընթացքում բազմաթիվ շրջաններ ու զարգացումներ է ապրել: Այդ ժամանակաշրջանները ձևավորվել են արձակի կամ չափածոյի բնագավառում որոշակի ոճի տարածման և կամ էլ որևէ հանրահայտ գրողի ու բանաստեղծի երևան գալու արդյունքում: Այդ ժամանակաշրջաններից մեկը լուսնային հիջրեթի 10-րդ դարն է: Այդ ժամանակաշրջանը Հնդկական թերակղզում պարսից լեզվի ու գրականության տարածման, ինչպես նաև մեծ թվով պարսիկ բանաստեղծների Հնդկաստան գաղթելու պատճառով մեծ նշանակություն ունի: Հնդկաստան գաղթած յոթ հարյուր ու մի քանի իրանցի բանաստեղծների մեջ ամենահայտնի դեմքերից է համարվում Սեֆևյան Շահ Թահմասբի պալատական բանաստեղծ Ղազալի Մաշհադին: Նրան մեղադրում են կրոնից շեղվելու  մեջ,ինչի պատճառով նա պարտավորվում է գաղթել ու իր հետ տանել իր միակ հարստությունը համարվող բանաստեղծական ձիրքն ու ճաշակը:

Լուսնային հիջրեթի 10-րդ դարի արժեքավոր բանաստեղծ Ղազալի Մաշհադիի անվան մասին այնքան էլ շատ հիշատակություններ չկան կենսագիրների կողմից: Միայն «Հադիաթ-օլ-արեֆին» գրքում նրա անունը Մոհամմեդ, իսկ հայրանունը Աբդոլլահ է հիշատակվել: «Համիշե Բահար» գրքում էլ բանաստեղծի անունը հիշատակված է որպես Ալի Ռեզայի Մաշհադի: Նրա ծննդյան թվականի շուրջ տարաձայնություններ գոյություն ունեն: Ոմանք դա համարում են լուսնային հիջրեթի 930, իսկ ոմանք էլ՝ 936 թվականը: Իր իսկ ընդգծմամբ ու նաև կենսագիրների հիշատակությամբ նա ծնվել է Մաշհադում:

Այս աշխարհում եթե իմ ճակատագիրը լավ ու վատ լինի

Երջանիկ եմ նրանով, որ Մաշհադն է ծննդավայրս:

Նրա մանկության ու ուսման տարիներն անց են կացել ծննդավայրում: Ասվում է, թե Ղազալին պատանեկության տարիներից սկսած ու նույնիսկ շատ ավելի վաղ սկսել է բանաստեղծել ու իր ժամանակակից բանաստեղծների մասին երգիծանք գրելու պատճառով մեծ համբավի է տիրացել: Կենսագիրների հիշատակմամբ բացի պոեզիայով ու գիտությամբ հետաքրքրված լինելուն նա նաև հակված է եղել սուֆիզմի ուղղությանը: Այդ կապակցությամբ «Ռիազ-օլ-արեֆին» կենսագրականում ասված է. «Գիտական արժանիքներից բացի նա նաև հետևել է սուֆիզմի ուսմունքին ու ճանաչված միստիկ է դարձել»: Ազար Բիգդելին էլ «Աթաշքադե» կենսագրականում ակնարկ է կատարել նրա սուֆի ու դերվիշ լինելուն:

Հայացք նետելով կենսագրական ակնարկներին պարզ է դառնում, որ իրանցի շատ մեծամեծներ իրենց Ղազալի են կոչել: Նրանցից ոմանք հստակ կերպով Ղազալի անունն ընտրել են Ղազալ կամ մանածագործ լինելու պատճառով, իսկ ոմանք էլ դա կապում են եղնիկ իմաստը ներկայացնող Ղազալ եզրույթին: Ղազալի Մաշհադին իր «Ասար-ալ-շաբաբ» դիվանում մի բանաստեղծության մեջ անդրադարձել է իր կեղծանվանն ու գրել է թե ինքն այդ անունն ընտրելով ակնարկ է կատարում եղնիկին:

Հիմք ընդունելով Ղազալիից հիշատակ մնացած բանաստեղծությունները պարզվում է, որ նա դավանանքով շիա է եղել:

Թեև իր ժամանակներում Ղազալին

Իր խոսքի գոհարների նման անտեսվում է,

Այդուհանդերձ նա սերում է քո հողից

Ու պարծանք է համարում Ռեզայի Մաշհադից լինելը:

Ղազալին ուսման շրջանն ավարտելով իր բանաստեղծական ձիրքի պատճառով մուտք է գործում Սեֆևյան Շահ Թահմասբի պալատը: Մի առ ժամանակ Ղազվինում ծառայում է նրան ու Սեֆևյան նույն թագավորի անունով էլ սկսում է «Նաղշ Բադիը» մասնավին:

Ղազալին լուսնային հիջրեթի 958 թվականին Շահ Թահմասբի կողմից առաքելություն է ստանում Շիրազ գնալ և պախարակել ու  երգիծանքի ենթարկել Խաջե Ամիր Քաջաջի Մեհրդարին, որից թագավորը սրտնեղել էր: Այդ ժամանակ Ղազալի Մաշհադին 22 տարեկան էր:

Երբ Ղազալի Մաշհադին Ամիր Բեյկ Քաջաջիին երգիծանքի ենթարկելու համար Շիրազ է մեկնում ու ապա վերադառնում է, որոշ պատճառներով որոշում է Հնդկաստան գաղթել: Քիչ կենսագիրներ են այդ մասին հստակ հիշատակություն կատարել: Սակայն ուսումնասիրելով Սեֆևյան Շահ Թահմասբի օրոք տիրող պայմանները կարելի է եզրակացություններ կատարել Ղազալի Մաշհադիի Հնդկաստան գաղթելու մասին:

Ղազալիի և Իրանի այլ բանաստեղծների ու արվեստագետների Հնդկաստան գաղթելու պատճառներից մեկն իշխանության բռնություններն ու բրտարարքներն են եղել: Սեֆևյանների բռնությունները գագաթնակետին հասան Շահ Էսմայիլ Ա-ի և նրա որդու՝ Շահ Թահմասբի օրոք: Շահ Թահմասբի շրջանում որոշ էմիրներ ու պալատական ծառայողներ որոշ պատճառներով բռնությունների զոհ են դառնում: Դրանց շարքին է Շահ Էսմայիլի վերջին նախարար Ջալալեդդին Խանդմիրը, որից Շահ Թահմասբն ինչ-որ պատճառով սրտնեղում է, որից հետո նա արժանանում է թագավորի թշնամանքին ու ողջակիզվում է:

 

Ռոքնեդդին Մասըուդ Քազերունին էլ Սեֆևյան շրջանի հայտնի գիտնականներից ու բժիշկներից է, որն արժանանում է թագավորի թշնամանքին ու ողջակիզման է ենթարկվում: Ղազալի Մաշհադին նման վերաբերմունքի ու նաև Ամիր Բեյկ Քաջաջիի հետ կատարվածի ականատես լինելով սարսափ է զգում և համոզվում է, որ ինքն էլ կարող է նույն ճակատագրին արժանանալ:

Ղազալիի Հնդկաստան գաղթելու մյուս պատճառը սուֆիների հետ Սեֆևյան արքունիքի հակառակությունն էր: Թեև Սեֆևյան հարստությունը ձևավորվում է մի խումբ սուֆիների ընդվզման արդյունքում, այդուհանդերձ Սեֆևյան շրջանում պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն եղել սուֆիների համար:

Շատ կենսագիրների ընդգծմամբ սուֆիներին հարող Ղազալի Մաշհադին վտանգ է զգում ու հենց դա էլ պատճառ է դառնում, որ Իրանում բնակությունն անհնարին դառնա Ղազալիի համար և նա պարտավորված մեկնում է Հնդկաստան:

Հոգելույս դոկտ. Զաբիոլլահ Սաֆան «Իրանի գրականության պատմություն»-ը գրքում Ղազալի Մաշհադի գաղթի պատճառների մասին գրում է. «Ղազալին չկարողանալով հրաժարվել իր բանաստեղծական ազատամտությունից հանդիպում է հավատուրացության մեղադրանքին և այդ օրերի կարծր միջավայրում թշնամիների սարսափից, Իրանում նրա բնակությունը դառնում է անհնարին»: Այն օրերին երբ Ղազալին Հնդկաստան է ժամանում այդտեղ իշխում էին Հնդկաստանի Գուրքանյանները: Զահիրեդդին Բաբեր Թեյմուրից սերող այդ գերդաստանը մեծ դերակատարություն է ունեցել պարսից լեզուն ու մշակույթը Հնդկաստանում տարածվելու հարցում և մեծ սեր է ունեցել հանդեպ իրանական մշակույթն ու պարսկերեն լեզուն:

Զահիրեդդին Բաբերը Ամիր Թեյմուր Գուրքանիի որդի՝ Ջալալեդդին Միրանշահի սերնդից էր և մինչև լուսնային հիջրեթի 937 թվականը իշխում է Հնդկաստանում: Նրանից հետո իշխանության է հասնում նրա որդին՝ Նասերեդդին Հոմայունը, որը թագավորում է լուսնային հիջրեթի 937-ից 963 թվականների ընթացքում: Նա լուսնային հիջրեթի 951 թվականին Դեհլիի թագավոր Շիրշահ Աֆղանից կրած պարտությունից հետո ապաստանում է Սեֆևյան Շահ Թահմասբի մոտ ու մեկ տարի Իրանում բնակվելուց հետո Սեֆևյան ղեզելբաշների օգնությամբ պարտության է մատնում թշնամիներին նույն տարվա ընթացքում նվաճում է Ղանդահարը: Մինչև 962 թվականը մղած իրարահաջորդ պատերազմների արդյունքում գրավում է Դեհլին ու մեկ տարի անց երբ Արուսյակ մոլորակի ծագելը դիտելու և աղոթք անելու համար բարձրացել է իր գրադարանի տանիքը, վայր է ընկնում ու վախճանվում է, որից հետո գահ է բարձրանում նրա որդին՝ Ջալալեդդին Աքբարը:

Զահիրեդդին Բաբեր

 

Ջալալեդդին Աքբարի իշխանության որոշ շրջանը համընկնում է Սեֆևյան Շահ Թահմասբի իշխանության շրջանին և Սեֆևյանների սահմաններում ծագած խռովություններին, որը շարունակվում է մինչև լուսնային հիջրեթի 996 թվականը, երբ Իրանում գահ է բարձրանում Շահ Աբբաս Ա-ն:

Հնդկաստանում Գուրքանյանների իշխանության շրջանը, որը դոկտ: Սաֆայի ընդգծմամբ շատ արևմուտքցի պատմագիրների ու հնդիկ հեղինակների կողմից հիշատակվում է, որպես «Հնդկաստանի մոնղոլների» և կամ «Հնդկաստանի մեծ մոնղոլ»-ի ժամանակաշրջան, համարվում է պարսից գրականության ու մշակույթի տարածման և իրանցի բանաստեղծների Հնդկաստան գաղթելու սկիզբը: Այդ գաղթի պատճառը մի կողմից Սեֆևյանների արքունիքում տիրող անմխիթար պայմանները և դրան զուգահեռ պարսից պոեզիայի ու գրականության հանդեպ Հնդկաստանի Գուրքանյան թագավորների ցուցաբերած հովանավորությունն ու խրախուսանքն էր: Օրինակ Հոմայուն Շահը հատկապես Իրանում իր միամյա բնակության շրջանում իրանցի բանաստեղծներին ու գրողներին հրավիրում է Հնդկաստան գաղթել: