Գեղարվեստական հաղորդում (65 )
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ Երևանում կայացած հանդիպմանը, իրանահայ երաժշտագետ Ռազմիկ Օհանյանն ասել է.«Ռուբիկ Գրիգորյանի ջանքերի շնորհիվ, հավաքագրվել են տարբեր շրջանների, այդ թվում՝ Քուրդստանի, Ատրպատականի, Սիստանի և այլ շրջանների երգեր և մշակվել են երգչախմբային կատարման համար»:
Դեսպան Սաջադին շնորհավորել է Օհանյանին` Հայաստանի նախագահի կողմից մշակութային ոլորտի շքանշանի արժանանալու կապակցությամբ և իր պատրաստակամությունն է հայտնել Իրանի անխառն մշակույթն ու քաղաքակրթությունը աշխարհին ծանոթացնելու նպատակով բոլոր արվեստագետների հետ համագործակցելու համար:
Իրանի դեսպանը նշել է.«Իրանցի արտվեստագետների պարտականությունն է երիտասարդ սերնդին կապել իրանական ավանդական երաժշտության հետ, ինչը խոր կապ է ստեղծում մարդու և Աստծու միջև»:
Բարձր գնահատելով Ռազմիկ Օհանյանի գործունեությունը և իրանական արվեստի ու մշակույթի համար Հայաստանում ու այլ երկրներում արձանագրած նվաճումները, Սաջադին պատվոգիր է հանձնել իրանահայ երաժշտին:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը Մովսես Խորենացու շքանշանով պարգևատրել է Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի երգչախմբի ղեկավար, Իրանահայ անվանի դիրիժոր Ռազմիկ Օհանյանին:
Իրանահայ երաժիշտը պարգևատրվել է երաժշտարվեստի, Իրանի ու Հայաստանի պատմության ու մշակույթի , մասնավորապես համաշխարհային ասպարեզներում երկու երկրների մշակույթները միմյանց ծանոթացնելու բնագավառներում ներդրած ավանդի համար:
Մաեստրո Ռազմիկ Օհանյանը Իրանի հայտնի երաժիշտներից է: Իրանական 1394 թվականին Իրանի հանրապետության նախագահը մաեստրոյին պարգևատրել է արվեստի շքանշանով: Նա Հայաստանի երաժշտական փառատոնում շահել է ոսկե մեդալ:
Օհանյանը 8 շրջան եղել է Ֆաջր երաժշտական փառատոնի իրավարար կազմի անդամ:
«Մովսէս Խորենացի» շքանշանով է պարգևատրվել «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը՝ Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման եւ ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Իրանցի երաժիշտ Ալիռեզա Մոթեվասելին շահեց Հայաստանի Գյումրի քաղաքում անցկացված «Վերածնունդ» փառատոնի երգահանության բաժնի առաջին մրցանակը:
Գյումրիի «Վերածնունդ» փառատոնն աշխարհում երաժշտության հեղինակավոր փառատոներից է համարվում:
Իրանցի երաժիշտ Ալիռեզա Մոթեվասելին ավելի վաղ գնահատվել է 2016 թվականին ԱՄՆ-ի Սիաթելում կայացած երգահանության միջազգային փառատոնի կողմից:
Մի առ ժամանակ առաջ Սիաթելի սիմֆոնիկ նվագախումբը որոշեց կատարել աշխարհի այն յոթ երկրների երաժիշտների ստեղծագործությունները, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվել էր Թրամփի կողմից: Այդ համերգում հնչեց Ալիռեզա Մոթեվասելլի հորինած ստեղծագործությունը:
Իրանական «Թիկնապահը» «Մադրիդ»-ի միջազգային կինոփառատոնի մրցութային բաժնում հավակնում է չորս գլխավոր անվանակարգերի մրցանակներին:
Էբրահիմ Հաթամի Քիայի «Թիկնապահը» ֆիլմը, որը ժամանակին շահեց «Ֆաջր» միջազգային կինոփառատոնի երկու «Բյուրեղյա Սիմորղ» մրցանակները, նեռավել է «Մադրիդ»-ի միջազգային կինոփառատոնի մրցութային բաժնում:
6-րդ շրջանի անցկացնող «Մադրիդ»-ի միջազգային կինոփառատոնը բաղկացած է գեղարվեստական, կարճամետրաժ, փաստագրական երկարամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմերի և մուլտֆիլմերի բաժիններից:
Ընտրված ստեղծագործությունները գլխավոր մրցանակներին արժանանալու համար հուլիսի 7-ից 17-ի ընթացքում մրցելու են եզրափակիչ բաժնում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը եւ «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանը լույս են ընծայել «Ոսկանյան Աստվածաշնչի պատկերները» գիրքը` նվիրված Աստվածաշնչի հայերեն առաջին տպագրության 350-ամեակին: Գրքի մտահղացման հեղինակը Մայր Աթոռի Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանն է:
Ոսկանյան Աստվածաշունչը ոչ միայն առաջին հայերեն տպագիր Աստվածաշունչն է, այլև` այն քչերից մեկը, որ իր մեջ պարունակում է փորագրապատկերներ: Գիրքը նվիրված է Ոսկանյան Աստվածաշնչում տեղ գտած փորագրապատկերներին: Պատկերների հրատարակության հետ մեկտեղ բացատրվում են յուրաքանչյուր պատկերի պատկերագրական առանձնահատկություններն ու զուգահեռները, բերվում են նաեւ դրանց վերաբերող սուրբգրային հատվածները: Առանձին հավելվածով ներկայացված են Ոսկանյան Աստվածաշնչում օգտագործված գլխագրերը, վերջնազարդերը եւ էջազարդերը:
Նկարների մեկնաբանությունները պատրաստել է Արփինե Սիմոնյանը, խմբագիրն է Գեորգ Տեր-Վարդանյանը:
Գիրքը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ։
Հունիսի 6-ին, Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ մեծանուն հայ կոմպոզիտորի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:
Կիասնդրու բացումը կայացավ կոմպոզիտորի ծննդյան օրը և լրացրեց օրվա արարողակարգային միջոցառումների շարքը: Երեկոյան, միջոցառման բոլոր մասնակիցները մասնակցեցին Արամ Խաչատրյան միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
2017 թվականի փետրվարի 2-ին նույնանման կիսանդրի նվիրաբերվել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիային:
«Մանկական նոր ալիք-2017» երգի միջազգային մրցույթում առաջին հորիզոնականը կիսել են Հայաստանի և Ռուսաստանի մասնակիցները: Ռիա նովոստին գրում է, որ մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է Ղրիմում: Մրցույթին մասնակցել է 13 կատարող աշխարհի 11 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Գերմանիա, Լատվիա, Մոլդովա, Ֆրանսիա, Ղազախստան, Աբխազիա:
Առաջին տեղը զբաղեցերել են Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Ադամյանը և Ռուսաստանի ներկայացուցիչ Արինա Պետրովան:
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2016» մրցույթում Հայաստանը ներկայացրել է Անահիտ Ադամյանը՝ Մերի Վարդանյանի հետ: Նրանք գրավել էին երկրորդ հորիզոնականը:

Աշխարհահռչակ ռոք երաժիշիտ Սերժ Թանկյանը, ով երգ է գրել «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության համար, մտադիր է Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն հիմնել: Գրում է «Ֆրանս Պրես»-ը՝ մանրամասն անդրադառնալով մրցանակաբաշխությանը:
Թանկյանը, ով տեսաուղերձով շնորհավորել է մրցանակաբաշխության այս տարվա դափնեկիր Թոմ Քաթինային, նշել է, որ դա երախտագիտություն է բոլոր մարդկանց, ովքեր օգնել են զոհերին:
Լիբանանում ծնված Թանկյանը, ում նախնիներին Ցեղասպանությունից փրկվել են թուրք քաղաքապետն ու ամերիկացի միսիոներները, նշել է, որ մարդիկ շատ հաճախ դասեր չեն քաղում իրենց պապերի ցավից:
Նա նշել է, որ ցանկանում է ավելին անել Հայաստանում, մտածում է երաժշտական փառատոն հիմնելու մասին: Հույս ունի՝ Հայաստանը հնարավոր կլինի ինտեգրել եվրոպական ամառային փառատոնների ծրագրերում, ինչը հնարավորություն կտա արևմտյան խմբերին այցելել կովկասյան երկիր:
«Ես միշտ երազել եմ Հայաստան միջազգային փառատոն հիմնելու մասին: Քանի որ ես փորձել եմ կատարել քաղաքական, սոցիալական աշխատանքներ, ցանկանում եմ անել նաև արվեստի ու երաժշտության հետ կապված գործ »,-ասել է Թանկյանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ System of a Down խմբի առաջին համերգը Հայաստանում կայացավ 2015-ին, երբ նշվում էր Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ պատանի երաժիշտ-կատարողների «Նոր անուններ» 7-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի ղեկավար, «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանն ասաց, որ փառատոնի միջոցով իրենք փորձում են պահպանել պատանեկան տաղանդը։
«Մեր կազմակերպությունը շուրջ 29 տարի է գոյություն ունի, ստեղծվել է անմիջապես Սպիտակի երկրաշարժից հետո։ Մենք նպատակ ունենք այնպես անել, որպեսզի չկորչի մեր երեխաների տաղանդը։ Մոտ 30 երկրներում ներկայացրել ենք Հայաստանը, բարձրացրել ենք հայկական դրոշը Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Մալթայում, Դանիայում, ԱՄՆ-ի մի քանի նահանգներում, Տորոնտոյում և այլն։ Մեր այսօրվա աշխատանքի մեջ կարևոր եմ համարում այն փաստը, որ ուշադրությունը բևեռում ենք -յան ազգանուն, հայկական արմատներ ունեցող երեխաներին։ Նրանց հրավիրում ենք Հայաստան, որպեսզի իրենք էլ ավելի մոտիկից ճանաչեն Հայաստան աշխարհը»,- նշեց Մեքինյանը։
Նրա խոսքով՝ իրենք մեծ ուրախությամբ են սպասում տարբեր երկրներից ժամանած պատանի երաժիշտների ելույթներին։ Սիլվա Մեքինյանի պնդմամբ՝ վաղվա օրը հենց այդ պատանիներինն է և այսօրվա երեխան վաղվա ապագան է։
«Այսօր այստեղ մենք ունենք ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրիայից, Իրանից և Ռուսաստանից եկած պատանի տաղանդներ, ովքեր իրենց կատարումներով կգեղեցկացնեն մեր փառատոնը»,- նշեց «Նոր անուններ» ծրագրի ղեկավարը։
Լոնդոնում մեկնարկում է ռուսական արվեստի գործերի վաճառքի շաբաթ: Sotheby´s, Christie´s և MacDougall աճուրդային տներում ներկայացվելու են տարբեր նկարիչների կտավներ, դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ: Ռիա նովոստին գրում է, որ արվեստի գործերը աճուրդի են հանում մասնավոր հավաքածուներից, հիմնականում ԱՄՆ-ից և Եվրոպայից. որպես կանոն, դրանք վաճառում են ներգաղթողների ժառանգները, կամ հենց կոլեկցիոներները կամ նրան ներկայացուցիչները:
Աճուրդային տներում ներկայացվելու է Լեոն Բակստի, Լեոնիդ Պաստեռնակի, Իսահակ Լևիտանի, Կուզմա Պետրով-Վոդկինի, Վասիլի Պոլենովի, Ալեքսանդր Ռոդչենկոյի, Վասիլի Կանդինսկու, Իլյա Ռեպին և այլ արվեստագետների աշխատանքներ:
Sotheby´s-ում վաճառքի է հանվելու նաև Հովհաննես Այվազովսկու «Ղրիմի ափերին» (նախնական արժեքը՝ 46,9 հազար եվրո), «Լողափը՝ լուսնյակ գիշերին» (նախնական արժեքը՝ 141 հազար եվրո) կտավները: Աճուրդում ներկայացված է լինելու ծովանկարչի ևս երեք աշխատանք: