Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (138)
Մեր այս հաղորդման ընթացքում կշարունակենք նախորդ շաբաթ սկսած մեր զրույցը լուսնային հիջրեթի 10-րդ դարի արժանավոր բանաստեղծ Ղազալի Մաշհադիի մասին:
Թանկագին բարեկամներ կրկին ձեր հյուրն ենք իրանցի պանծալի դեմքերի ծանոթացմանը նվիրված հաղորդաշարի մեկ այլ համարով: Այս հաղորդման ընթացքում կշարունակենք մեր զրույցը լուսնային հիջրեթի 10-րդ դարի արժանավոր բանաստեղծ Ղազալի Մաշհադիի մասին,որն սկսել ենք նախորդ շաբաթ: Նա այն 700 բանաստեղծների շարքում է եղել, ով Սեֆևյան շրջանում պոեզիայի համար տիրող անմխիթար պայմանների պատճառով միացավ Հնդկաստան մեկնողների քարավանին ու մինչև կյանքի վերջը բնակվեց այնտեղ:
--------------------------
Ղազալի Մաշհադին լուսնային հիջրեթի 10-րդ դարում Սեֆևյան Շահ Թահմասբի պալատական մեծահամբավ բանաստեղծն էր, որ իրանցի մեծ թվով բանաստեղծների ու արվեստագետների հետ միասին Հնդկաստանում իրանական արվեստի ու պոեզիայի հանդեպ գոյություն ունեցող մեծ հետաքրքրության պատճառով գաղթեց այդ երկիր: Նրա կենսագրության մասին շատ մանրամասնություններ գոյություն չունեն: Միայն կարելի է ասել, որ 930-ից 936 թվականների ընթացքում ծնվել է Մաշհադ քաղաքում և հասակ է նետել ու ուսում է ստացել ծննդավայրում: Նա երիտասարդ տարիքից սկսել է բանաստեղծել և բացի պոեզիայից նաև հակված է եղել սուֆիզմի կողմը: Իր բանաստեղծական ձիրքի բերումով մի առ ժամանակ եղել է Շահ Թահմասբի պալատում ու որոշ ժամանակ անց, երբ դեռ երիտասարդության շրջանն էր ապրում Սեֆևյան շրջանում տիրող պայմանների պատճառով մեկնում է Հնդկաստան: Այն օրերին երբ Ղազալի Մաշհադին գաղթում է Հնդկաստան, այդ երկրում իշխում էին Հնդկաստանի Գուրքանյանները:
Հնդկաստանի Գուրքանյանների իշխանության շրջանն արևելքցի ու արևմուտքցի պատմագիրների վկայությամբ պարսից գրականության ու մշակույթի տարածման շրջանն ու իրանցի բանաստեղծների Հնդկաստան գաղթելու սկիզբն է եղել: Այդ գաղթի պատճառը մեկ կողմից Սեֆևյան արքունիքում տիրող անմխիթար վիճակն ու բանաստեղծների հանդեպ անուշադրությունը և միևնույն ժամանակ պարսից գրականության ու պոեզիայի հանդեպ մեծ հետաքրքրություն ցուցաբերող Հնդկաստանի Գուրքանյան թագավորների խրախուսանքն ու հովանավորությունն էր: Օրինակ Հոմայուն Շահն Իրանում իր միամյա բնակության շրջանում իրանցի գրողներին ու բանաստեղծներին կոչ է անում Հնդկաստան գաղթել: Իրանական մշակույթի և պարսից գրականության հանդեպ Գուրքանյանների ուշադրությունը գագաթնակետին հասավ Ջալալեդդին Աքբար շահի իշխանության օրոք: Միր Մոհամմեդղոլի Սալիմը մի երկտողում անդրադարձել է այդ օրերին իրանցիների Հնդկաստան կատարած գաղթին:
Չկա իրանում ուսում վաստակելու հնարավորություն
Մինչև Հնդկաստան չեկա իմ հինան գույն չստացավ:
Երբ Ղազալին մուտք է գործում Հնդկաստան, այդտեղ իշխում էին Հնդկաստանի Գուրքանյանները: Նրանք սերելով Զահիրեդդին Բաբեր Թեյմուրիի սերնդից դասվում են այն թագավորների շարքը, որոնք մեծ դերակատարություն են ունեցել Հնդկաստանում իրանական մշակույթի և պարսից գրականության տարածման գործում և հատուկ սեր են ունեցնել հանդեպ իրանական մշակույթն ու պարսկերեն լեզուն:
Զահիրեդդին Բաբերը Ամիր Թեյմուր Գուրքանիի որդի՝ Ջալալեդդին Միրանշահի սերնդից էր: Նրանից հետո Հնդկաստանում գահ են բարձրանում նախ նրա որդին Նասերեդդին Հոմայունը և ապա վերջինիս որդին Ջալալեդդին Աքբարը:
Ջալալեդդին Աքբար Շահը Հնդկաստանում իշխում է 963-ից 1014 թվականը: Նրա թագավորության որոշ շրջանը համընկնում է Իրանում Սեֆևյան Շահ Թահմասբի թագավորության ժամանակաշրջանին, ինչպես նաև ներքին խռովությունների շրջանին, որը շարունակվում է մինչև 996 թվականին Շահ Աբբաս Ա-ի գահ բարձրանալը: Պարսից գրականության և իրանական արվեստի հանդեպ Գուրքանյանների ուշադրությունը գագաթնակետին է հասնում Ջալալեդդին Աքբար Շահի իշխանության շրջանում ու այն օրերին երբ Հնդկաստան է ժամանում Ղազալի Մաշհադին:
Ղազալի Մաշհադին, որ երիտասարդ տարիքից պոեզիայի ոլորտում բարձր դիրքի էր տիրացել և կարողացել էր Շահ Թահմասբի արքունիք մուտք գործել, հավատուրացության մեղադրանքի պատճառով պարտավորվում է լքել Իրանը: Ըստ երևույթին Հնդկաստան գաղթելուց հետո Ղազալի Մաշհադին սկզբնական շրջանում մեծ հաջողություններ չի ունենում: Նա իր ծաղկման ու հռչակի տիրանալու շրջանի մեծ մասը անցկացրել է Հնդկաստանում: Ահմադ Գոլչինը «Քարեվան-ե Հենդ» գրքում գրում է. «Ասում են Խորասանից Իրաք ու Ֆարս մեկնելուց հետո որոշում է Հնդկաստան գնալ: Ծովային ճանապարհով հասնում է Դաքան: Սկզբնական շրջանում մեծ հռչակ չի ունենում ու նրա աշխատանքի հանդեպ հետաքրքրություն չի ցուցաբերվում»:
Ղազալին նախ գնում է Դաքան ու այնտեղ հաջողություններ չի ունենում, մինչև որ Աքբար Խանի մեծ իշխաններից համարվող Խան Զաման անունով հայտնի Ալի Ղոլի Խանը, որ Ջոնփուրի կառավարիչն էր հայտնաբերում է նրա տաղանդը: Ղազալի Մաշհադին Խան Զամանի կողքին հռչակի է տիրանում և նրա համբավը տարածվում է Հնդկաստանի տարբեր կողմերը: Ասվում է, որ այդ օրերին Խան Զամանը սպանվում է Ջալալեդդին Աքբար Շահի միջոցով և Մոլանա Ղազալին Ջալալեդդին Շահի գործակալների կողմից գերի է վերցվում: Այնուհետև հայտնվում է Աքբար շահի ուշադրության կենտրոնում և տիրանում է Գուրքանյանների պալատական բանաստեղծի տիտղոսին: Ղազալի Մաշհադին իր կյանքի վերջին վեց տարիներն ապրում է գրականագետ այդ թագավորի արքունիքում:
Նա Գուրքանյանների արքունիքում պալատական բանաստեղծի կոչում ստացած առաջին անձն է և շփվել է Աքբար շահի պալատի մեծահամբավ մյուս բանաստեղծների հետ: Նա լուսնային հիջրեթի 980 թվականի ռաջաբ ամսվա 27-ի գիշերը հանկարծամահ է լինում և Աքբար Շահի հրամանով նրա մարմինը հողին է հանձնվում Սարգանջում գտնվող շեյխերի ու թագավորների գերեզմանատանը:
Ղազալի Մաշհադիից արձակ ու չափածո բազմաթիվ ստեղծագործություններ են հիշատակ մնացել: Նկատի առնելով նրա ստեղծագործությունների ծավալը նրան պիտի դասել բեղմնավոր բանաստեղծների շարքը: Ղազալի Մաշհադիի ստեղծագործությունների ամբողջությունը պահվում է Բրիտանիայի թանգարանում: Նրա ստեղծագործությունների մեկ մասը նրա արձակ նախաբաններն են, որոնք գրել է իր ստեղծագործությունների համար և դրանք բոլորը գտնվում են Բրիտանիայի թանգարանում: Նրա ստեղծագործությունների մյուս մասը նրա արձակ գրքերն են: Դոկտ. Զաբիոլլահ Սաֆան նրա «Ասրար-ալ-Մաքթում» գիրքը սուֆիական մասնավի է համարում, որի թեման միստիկական սերն է: Ղազալի Մաշհադիի մյուս արձակ ստեղծագործություններից են համարվում սուֆիզմի մասին՝ «Ռաշահաթ-ալ-հայաթ»-ը և բարոյագիտության բնագավառում «Մեըրաթ-ալ-Քաենաթ»-ը:
Ղազալիի չափածո ստեղծագործությունները կազմում են ստեղծագործությունների խոշոր մասը: Բրիտանիայի թանգարանում պահվող «Ասար-ալ-շաբաբ»-ը պարունակում է երկու արձակ նախաբաններ, նաև Ղազալի կեղծանունը և ստեղծագործության խորագիրը բացատրող կասիդաներ: Այս ստեղծագործության մեջ իրանցի շատ բանաստեղծների դիվանների նման առաջին մի քանի կասիդաները նվիրված են Աստծո և մարգարեի փառաբանմանը և միաստավածության ընդգծմանը: Գրքում զետեղված են 555 գազելներ, որոնք դասավորված են այբբենական կարգով, նաև «Սաղինամե»-ն, մասնավիներ, ռուբայիներ ու այլ ժանրերով գրված բանաստեղծություններ:
Բանաստեղծն այդ գիրքը գրել է 966 թվականին՝ 30 տարեկան հասակում և քանի որ դրա գազելները գրվել են բանաստեղծի երիտասարդության տարիներին գիրքը կոչվել է «Ասար-ալ-շաբաբ»:
Ղազալիի «Սոննաթ-ալ-շոարա» դիվանը պարունակում է Շահ Թահմասբին, Խան Զամանին ու այլ իշխաններին գովերգող կասիդաներ: «Գանջ Աքբարի» դիվանը կազմված է Աքբար Շահին նվիրված Ղազալիի բանաստեղծություններից: «Նաղշ-ե Բադիը», «Մաշհադ-ե Անվար», «Ղոդրաթ-ե Ասար» և «Մերըաթ-ալ-սաֆա»-ն մասնավիներ են, որոնք Ղազալի Մաշհադին գրել է Նեզամիի «Մախզան-ալ-ասրար»-ի չափերով: «Այինե Խիալ»-ն էլ Ղազալիի Մաշհադիի գազելների, ղեթեների ու ռուբայիների փոքր հավաքածու է, որն սկսվում է բանաստեղծի արձակ նախաբանով: 4000 երկտողերից կազմված «Աշեղ ու Մաըշուղ» մասնավին էլ Ղազալի Մաշհադին նվիրել է Ջալալեդդին Աքբար Շահին: