Հուլիս 03, 2017 16:19 Asia/Yerevan

Մեր այս հաղորդման ընթացքում կշարունակենք նախորդ շաբաթ սկսած մեր զրույցը լուսնային հիջրեթի 10-րդ դարի արժանավոր բանաստեղծ Ղազալի Մաշհադիի մասին:

 

Թանկագին բարեկամներ կրկին ձեր հյուրն ենք իրանցի պանծալի դեմքերի ծանոթացմանը նվիրված հաղորդաշարի մեկ այլ համարով: Այս հաղորդման ընթացքում կշարունակենք մեր զրույցը լուսնային հիջրեթի 10-րդ դարի արժանավոր բանաստեղծ Ղազալի Մաշհադիի մասին: Նա այն 700 բանաստեղծների շարքում  է եղել, ով Սեֆևյան շրջանում պոեզիայի համար տիրող անմխիթար պայմանների պատճառով միացավ Հնդկաստան մեկնողների քարավանին ու մինչև կյանքի վերջը բնակվեց այնտեղ:

 

--------------------------

Ղազալի Մաշհադին լուսնային 10-րդ դարում Սեֆևյան Շահ Թահմասբի պալատական մեծահամբավ բանաստեղծն էր, որ իրանցի մեծ թվով բանաստեղծների ու արվեստագետների հետ միասին Հնդկաստանում իրանական արվեստի ու պոեզիայի հանդեպ գոյություն ունեցող մեծ հետաքրքրության պատճառով գաղթեց այդ երկիր: Նրա կենսագրության մասին շատ տեղեկություններ գոյություն չունեն: Միայն կարելի է ասել, որ նա ծնվել է լուսնային հիջրեթի 930-ից 936 թվականների ընթացքում Մաշհադում և մանկության, ինչպես նաև ուսումնառության շրջանն անցկացրել  է ծննդավայրում: Բանաստեղծել սկսել է երիտասարդ տարիքից և բացի պոեզիայից ունեցել է նաև սուֆիական հակումներ: Իր բանաստեղծական ձիրքի պատճառով մի առ ժամանակ ծառայել է Շահ Թահմասբի պալատում ու մի առ ժամանակ անց, երբ դեռ գտնվում էր երիտասարդ տարիքում, Սեֆևյան արքունիքում տիրող պայմանների պատճառով մեկնում է Հնդկաստան ու մինչև կյանքի վերջն ապրում է այնտեղ: Ղազալի Մաշհադին վախճանվեց լուսնային 980 թվականի ռաջաբ ամսվա 27-ին Գոջարաթի Ահմադաբադում և Աքբար Շահի հրամանով նրա դին հողին հանձնվեց թագավորների ու շեյխերի դամբարանում:

Ղազալի Մաշհադիից հիշատակ են մնացել ստեղծագործություններ, որոնցից գլխավորները ներկայացրեցինք նախորդ հաղորդման ժամանակ: Նկատի առնելով նրա ստեղծագործությունների ծավալը նրան պիտի դասել բազմազբաղ բանաստեղծների շարքը: Նրա բանաստեղծությունները կարդալով կարելի է նկատել, որ նա ճարտար ու սահուն լեզու ունեցող բանաստեղծ է, այնպես որ դոկտ. Սաֆան նրա այս յուրահատկության մասին ասել է. «Խոսքի սահունությանն ու հստակությանը զուգահեռ ամրությունն ու միատարրությունը համարվում են Ղազալի Մաշհադի խոսքի յուրահատկությունը, որը նկատելի է նրա բոլոր տեսակի բանաստեղծություններում: Նրա կասիդաները, թարքիբ բանդներն ու թարջի բանդներն օժտված են նման կաղապարներում գրված բանաստեղծությունների շքեղությամբ, ինչը զոհ չի գնացել խոսքի սահունությանը: Մինչդեռ նրա գազելները ունեն այն նրբությունը, որ ընթերցողն ակնկալում է նման բանաստեղծություններից: Պիտի ասել, որ Ղազալին համարվում է 10-րդ ու նաև 11-րդ ու 12-րդ դարերի եզակի բանաստեղծը»:

Ղազալին հատուկ ուշադրություն է ցուցաբերել Հաֆեզի բազմակողմ պոեզիային: Ղազալիի դիվանի խմբագիր Ղորբանփուր Արանիի համոզմամբ «նա Հաֆեզի հասարակական թեմայով երգիծանքի ազդեցության ներքո իր բանաստեղծություններում հաճախ է անդրադարձել ճգնավորներին, շեյխերին ու սուֆիներին», հետևաբար կարելի է ասել, որ նրա պոեզիայի ուշագրավ յուրահատկություններից մեկը հասարակական երգիծանքն է:

Ով հիմար ճգնավոր ինչ օգուտ թե բաճկոնիդ թևն ես կարճացնում,

Ձեռքդ կարճացրու, թևդ կարճացնելուց օգուտ չկա:

Որոշ բանասերների համոզմամբ եթե հասարակագիտական դիտանկյունից քննարկելու լինենք պարսից գրականության քննադատական պոեզիան ու հատկապես հասարակական երգիծանքը, կարելի է առավել լավ ճանաչել ու ներկայացնել Իրանի պատմության խռովահույզ շրջանները: Բանաստեղծների ու արձակագիրների ստեղծագործություններում նկատվող քննադատական ու երգիծական մտքերի վրա հիմնվելով կարելի է ախտաճանաչման ենթարկել հասարակության տարբեր շերտերը: Սեֆևյան ժամանակաշրջանում տիրող պայմաններն ու այդ շրջանի հասարակական յուրահատկությունները բանաստեղծներին ու գիտնականներին մղել են քննադատության և ծնունդ են տվել մի տեսակ հասարակական երգիծանքի: Երգիծանքը տարբեր մշակույթներում տարբեր մեկնաբանություններ ունի: Երգիծաբաններից շատերը փորձում եմ այդ արվեստը թերությունների ու պակասությունների արտացոլումը համարել: Երգիծանքում թիրախ են դառնում մարդկանց գաղտնի գործերը, խաբեությունը, տգիտությունն ու թույլ տված սխալները: Երգիծաբան բանաստեղծը կամ արձակագիրը ծաղրելով անհատներին կամ հասարակական բարքերը նրանց քննադատում ու դատապարտում է: Երգիծաբանն այդպիսով նպատակ ունի հասարակության մեջ բարոյական բարեփոխում իրականացնել և կարգավորել խնդիրները:

Ղազալի Մաշհադիի պոեզիայի հիմնական յուրահատկություններից մեկը երգիծանքն է: Ղազալի երգիծանքն ու քննադատությունը հիմնված է կեղծիքի ու խաբեության դեմ պայքարի վրա և նա էլ Հաֆեզի նման իր ամենաազդու զենքը համարվող երգիծանքը ծառայեցրել է հանուն պայքարի: Քանի որ կեղծիքը ոչնչացնում է անհատի ու հասարակության գիտությունը, արվեստն ու արժանիքները: Նրա գազելների մեջ հազվադեպ  կարելի է հանդիպել մի գազելի, որի գոնե մեկ երկտողում ինչ-որ երգիծական քննադատություն ուղղված չլինի սուֆիին, շեյխին կամ ոստիկանին:

Թեև ասվում է, որ Ղազալի Մաշհադին գազելի բնագավառում հետևել է նախնիների ավանդույթներին ու նույնիսկ ասվում է, որ Բաբաֆեղանիի հետևորդն է եղել, սակայն իր հասարակական երգիծանքում ազդված է Հաֆեզից: Քանի որ Հաֆեզի դիվանի մեջ երգիծանքը խոսքի ամենաազդու միջոցներից է համարվում և Հաֆեզը լեզվի բոլոր հնարավորություններն ու պոտենցիալն օգտագործել է հանուն իր խոսքի արտահայտման: Ղազալիի ժամանակաշրջանի հասարակության կեղծիքներով լցված ու անբարեկարգ պայմաններն էլ ոչնչով չեն զիջում Հաֆեզի ժամանակաշրջանում տիրող ոստիկանական միջավայրին: Քանի որ թե Ղազալիի ապրած ժամանակաշրջանում Հնդկաստանում հաստատված իշխանությունները և թե Իրանում իշխող Սեֆևյանների իշխանությունը զերծ չեն եղել կեղծավոր ու խաբեբա ճգնավորների, քարոզիչների ու սուֆիների ներկայությունից: Այս կեղծավոր ճգնավորները հասարակ մարդկանց խաբելու համար սրբի ու հավատացյալի տեսք էին ընդունում, մինչդեռ ներքուստ լցված էին չարությամբ ու անբարոյականությամբ: Այս միջավայրն ուղղակի ու անհերքելի ազդեցություն է գործել  հասարակության ու հասարակական բարքերի մասին բանաստեղծների գաղափարների ու բանաստեղծության որակի վրա: Ղազալի Մաշհադիի քննադատած անհատները որոշակի անուն կամ տեսք չունեն ու Ղազալին երբևէ անվայել կամ վիրավորական արտահայտություն թույլ չի տալիս նրանց հասցեին: Այս տեսակետից Ղազալիի երգիծանքը կարելի է համեմատել Հաֆեզի երգիծանքի հետ: Ղազալի Մաշհադիի դիվանում քննադատության ենթարկված կերպարներից են ճգնավորը, շեյխը, սուֆին, խրատողը, գիտականն ու ոստիկանը: Այս կերպարներն այդ օրերի իշխանական կառույցի կարևոր տարրերից էին, որոնք ձևավորում էին այդ օրերի քաղաքական ու հասարակական հիմնական ուժը:

Ղազալին քննադատում է երբեմն միմյանց հետ լայն կապերի մեջ գտնվող այդ կերպարների մտքերը, խոսքն ու քայլերը: Ղազալիի պոեզիան այն հասարակության քննադատումն է, որտեղ մեծ տարածություն գոյություն ունի հավակնության ու գործի միջև և կեղծիքն ու խաբեությունը փոխարինել են իսլամական բարոյական արժեքներին: Մի խոսքով Ղազալի Մաշհադիի ժամանակվա հասարակության մեջ կրոնը միջոց է ծառայեցվել կեղծավորների կողմից: Ղազալիի երգիծանքի նպատակներից մեկը եղել է կրոնական իսկական էությունն առանձնացնել այն սուտ կրոնից, որի խիստ կերպով գործադրման վրա պնդում էին ճգնավորներն ու սուֆիները: