Գեղարվեստական հաղորդում (67)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Էբրահիմ Հաթամի Քիայի «Թիկնապահը» գեղարվեստական ֆիլմը ցուցադրվելու է Վիեննայի միջազգային կինոփառատոնի մրցության բաժնում:
«Թիկնապահը» ֆիլմը, որ ավելի վաղ Մադրիդի միջազգային կինոփառատոնի երեք անվանակարգերում գլխավոր մրցանակների թեկնածու է ճանաչվել, ընդունվել է Վիեննայի միջազգային կինոփառատոնի մրցության բաժնում:
Վիեննայի միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 3-ից 7-ը: Ֆիլմի ցուցադրությունն ընդգրկված է փառատոնի հուլիսի 4-ի ծրագրում:
Ֆիլմը պատմում է Հեյդար անունով թիկնապահի մասին, ով պարտականություն ունի պաշտպանել Իրանի բարձրաստիճան պատասխանատուների անվտանգությունը: Նա իդեալիստ անձնավորություն է և իր աշխատանքում հանդիպում է որոշ խնդիրների, որոնք նրա մոտ կասկած են առաջացնում իր կատարած աշխատանքի մասին:
Իրանական «Ռետուշ» Retouch կարճամետրած ֆիլմը հայտնվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի լավագույն տասնյակում:
Մոսկվայի 39-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրի կազմը Քավե Մազահերիի «Ռետուշ» ֆիլմն ընդգրկել է ներկայացված ֆիլմերի տասը լավագույնների ցանկում: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:
Ֆիլմն առ այսօր մի քանի միջազգային մրցանակներ է շահել:
Մոսկվայի 39-րդ միջազգային կինոփառատոնը կայանալու է հուլիսի 22-ից 29-ը:
Մոսկվայի կինոփառատոնին մասնակցել են ֆիլմեր Ալժիրից, Թուրքիայից, Լեհաստանից, Դանիայից, Նորվեգիայից, Ֆրանսիայից և Իսպանիայից:
Մոսկվայի միջազգային կինոփառատոնի հիմքը դրվել է 1935 թվականին, իսկ 1959 թվականին ի վեր, այն կայացել է ամեն տարի:

««Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի ամենահամով մասը արտամրցութային ծրագրերն են», -լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը՝ հիշեցնելով, որ դրանց մեջ ներառվում են Կաննի, Բեռլինի և Վենետիկի միջազգային կինոփառատոնների մրցանակակիր ֆիլմերը։
«Այս տարի փառատոնը բավականին հարուստ է արտամրցութային ծրագրերով, ընդհանուր առմամբ կցուցադրվի 70 ֆիլմ»,- հայտնեց Ստամբոլցյանը։
Ծրագրերում ընդգրկված են «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք», «Հայեր՝ հայաց ներսից և դրսից» բաժինները։
««Երևանյան պրեմիերաներ»-ում կցուցադրվեն Վենետիկի կինոփառատոնում Ոսկե առյուծ ստացած «Հեռացած կինը» կինոնկարը, Բեռլինի կինոփառատոնում նույն մրցանակին արժանացած «Մարմնի և հոգու մասին» ֆիլմ։ Կաննի կինոփառատոնում մրցանակի արժանացած «Քառակուսին» և «Անէությունից» ֆիլմերը ևս կցուցադրվեն»,- մանրամասնեց փառատոնի հյուրերի բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը։
«Հետահայաց ցուցադրություններ»-ում կներկայացվի հայտնի բրիտանացի ռեժիսոր Հյու Հադսոնի ֆիլմերի ընտրանին Չ«Հրե անվակառքեր», «Հեղափոխություն«, «Ալտամիրա»Ճ ով նաև այս տարվա Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է:
«Հայեր՝ հայացք ներսից և դրսից» բաժնի համակարգող Անի Հակոբյանը նշեց, որ Հայաստանի մասին պատմող հայ և օտարազգի հեղինակների ֆիլմերին անդրադարձող ծրագրում այս տարի ներառված է 36 ֆիլմ. «Այս բաժնի հանդեպ հետաքրքրությունը գնալով աճում է։ Կցուցադրվեն նաև ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող ֆիլմեր»։
Միքայել Ստամբոլցյանը հավելեց, որ հարգանքի տուրք կմատուցվի ֆրանսիացի ազդեցիկ ռեժիսոր Ժան-Պիեռ Մելվիլի հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ:
«Հարգանքի տուրք կմատուցվի և կցուցադրվի ռեժիսորի ֆիլմերի ընտրանին՝ «24 ժամ ծաղրածուի կյանքից», «Ստվերների բանակը», «Լեոն Մորեն, քահանա», «Ծովի լռությունը», «Կարմիր շրջան»։ Կցուցադրվի նաև Անջեյ Վայդայի վեջին ֆիլմը: Լեհական կինոյի մեծ վարպետն անցած տարի 90 տարեկանում հեռացավ կյանքից: Այս ֆիլմի ցուցադրությունով հարգանքի տուրք ենք մատուցում նրա հիշատակին։ Ֆրունզե Դովլաթյանի 90-րդ, Յուրի Երզնկյանի 95-րդ և Սերգեյ Իսրաելյանի 80-րդ հոբելյանների կապակցությամբ կցուցադրվեն ռեժիսորների մասին կենսագրական ֆիլմ»,- հավելեց Միքայել Ստամբոլցյանը։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե՝ «ասում են, որ տարեցտարի նվազում է փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը»,- Ստամբոլցյանը պատասխանեց. «Մեր հաշվարկներով նախորդ փառատոնին մոտ 40 հազար հանդիսատես է եղել, հավատացնում եմ ձեզ, որ դա հանդիսատեսի կողմից փառատոնների համար հետաքրքրության լավ չափանիշ է։ Մենք չենք նկատել հետաքրքրության նվազում»։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ Երևանում հուլիսի 4-12-ը կանցկացվի «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը:
ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ մրցույթին մասնակցելու հնարավորություն կստանան մինչև 34 տարեկան դաշնակահարներ: Առաջին անգամ Հայաստանում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը 20 000 եվրո է (առաջին մրցանակ՝ 10 000 եվրո, երկրորդ մրցանակ՝ 5 000 եվրո, երրորդ մրցանակ՝ 3 000 եվրո և հատուկ մրցանակ՝ 2 000 եվրո):
Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են հայտնի 5 երաժիշտ-կատարողներ աշխարհի տարբեր երկրներից: Հայաստանն այս հեղինակավոր ստուգատեսին կներկայացնի հայտնի դաշնակահար, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը:
Մրցույթը բաղկացած է երկու փուլերից: Լավագույն 5 դաշնակահարները բացառիկ հնարավորություն կստանան 2018 թվականին մասնակցելու Մալթայում անցկացվող դաշնակահարների միջազգային մրցույթին՝ Malta International Music Festival 2018-ի շրջանակում:
Նշենք, որ «Արմենիա» միջազգային առաջին փառատոնի ընթացքում համերգներով հանդես կգան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի փոխանցմամբ՝ սա այն եզակի դեպքերից է, երբ դասական երաժշտությունը համախմբում է Հայաստանում գործող լավագույն կոլեկտիվներին և աշխարհահռչակ մենակատարների:
Փառատոնային 9 համերգների ընթացքում ելույթ կունենան հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դաշնակահարներ Նարե Արղամանյանն ու Ֆյոդոր Ռուդինը, ջութակահար Ռոման Կիմը և այլք:
Փառատոնի գալա համերգին՝ հուլիսի 12-ին, հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը, որի մասնակցությունն այս նախագծին ինքնին մեծ հաջողություն է:
«Պետերգոֆ» պետական թանգարան-արգելոցում պահվող Հովհաննես Այվազովսկու գրաֆիկական աշխատանքները առաջին անգամ ներկայացվելու են «Ալեքսանդր Այվազովսկու ծովային սիմֆոնիան» ցուցահանդեսում, որը բացվելու է ծովանկարչի ծննդյան 200-ամյակի առիթով Սանկտ Պետերուրգի Կենտրոնական ռազմածովային թանգարանում:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ներկայացվելու է 1845-1846 թթ. արված 14 աշխատանք, պատկերված են Նիկոլաևի և Սևաստոպոլի նավահանգստային քաղաքները: Բացի վավերագրական մանրամասնություններից, աշխատանքներն արված են մեծ վարպետությամբ:
Հայաստանի Ազգային գրադարանը, որն աշխարհում հայատառ տպագիր հավաքածուի ամենամեծ պահոցն է, այժմ մեծ ուշադրություն է դարձնում հայատառ տպագիր այն նյութերին, որոնք ինչ-ինչ պատճառներով չկան գրադարանում։
Լրագրողների հետ հանդիպմանը Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանն ասաց, որ փորձում են այդ նյութերը ձեռք բերել. հիմնականում գնում են մասնավոր գրավաճառներից, նաև կան մարդիկ, ովքեր նվիրում են գրադարանին: Նա տեղեկացրեց, որ վերջերս 200 եվրոյով ձեռք են բերել 1535 թվականի քարտեզ, որտեղ Հայաստանը նշված է որպես պետություն, աշխարհագրական անվանում. «Եզակի ձեռքբերում է»:
Տ. Զարգարյանը նշեց, որ ստեղծում են հայ մամուլի, գրքի շտեմարան, թվայնացման մեծ աշխատանք են կատարում: Թվայանցնում են հայ մամուլը՝ «Ազդարար»-ից մինչև այս օրերը, տպագիր գրքերը, ատենախոսությունները, պաստառները: Տ. Զարգարյանը տեղեկացրեց, որ արդեն թվայանցվել է 2,5 միլիոնից ավելի մամուլի էջ:
«Տպագիր գրքի հետ կապված ուզում ենք հասկանալ, թե «Ուրբաթագրքից» (1512 թ. ) առ այսօր քանի վերնագիր է հայ ազգը թողարկել: Մոտավորապես 125-127 հազար վերանագիր է: Այդքան շատ չէ իրականում մեր տպագիր ժառանգությունը վերնագրային առումով: Այդ գրքերը, որոնք հեղինակային իրավունքից դուրս են կամ հեղինակները թույլ են տալիս, թվայնացնում ենք: Այս պահին ունենք 9728 թվայանցված գիրք, որոնք ազատ դիտման, բեռնաթափման կարգավիճակով տեղադրված է Ազգային գրադարանի կայքում: Ինչպես մամուլի պարագայում, այս դեպքում էլ ունենք օգտվողների մեծ բանակ»,- ասաց Ազգային գրադարանի տնօրենը:
Տ. Զարգարյանը նշեց, որ իրենց ընթերցասրահը մշտապես մարդաշատ է լինում. «Ուրախալի է, որ երիտասարդները կարդում են: Հիմնականում մասնագիտական գրականություն են կարդում»:
Ամերիկացի նկարիչ Էնդի Ուորխոլի (1928- 1987 թթ.) «Առաջին սելիֆին» հնարավոր է Sotherby's աճուրդում վաճառվի 5-7 միլիոն Ֆունտ ստերլինգով: Գազետա.ռու կայքը, հղում անելով Independent-ին, գրում է, որ նկարիչն այդ աշխատանքը ստեղծել է 1963 թվականին, երբ 35 տարեկան էր: Նա օգտագործել է լուսանկարների շարք՝ արված լուսանկարչական տաղավարում:
Այդ նկարը նկարչի համար դարձել էր «կատապուլտ» դեպի համաշխարհային համբավ:
Աճուրդը կայանալու է հունիսի 28-ին Լոնդոնում:
Գրականության ոլորտում 2016 թվականի Նոբելյան մրցանակակիր, լեգենդար երաժիշտ Բոբ Դիլանին կասկածում են գրագողության մեջ: Ամերիկյան Slate հրատարակությունը վերլուծել է նրա նոբելյան դասախոսությունն ու հայտնաբերել, որ տեքստը համընկնում է արտահայտությունների հետ, որոնք հրատարակված են դպրոցականների համար կայքերում:
Դիլանն իր դասախոսության մեջ խոսում է, մասնավորապես, իր ստեղծագործական գործունեության վրա գրական երեք գործի ազդեցության մասին՝ Հոմերոսի «Ոդիսականը», Ռեմարկի «Արևմտյան ճակատում՝ առանց փոփոխության», Հերման Մելվիլի «Մոբի Դիկ»: Նշվում է, որ փոխառությունները բավականին շատ են: 78 նախադասությունից 20-ում, որը Դիլանը նվիրել է Հերման Մելվիլի վեպին, նմանություններ կան դպրոցականների գրքերում ներկայացված արտահայտությունների հետ:
Նոբելյան հիմնադրամի կանոնադրւթյան համաձայն, Բոբ Դիլանը պետք է մինչև հունիսի 10-ը հանդես գար ավանդական դասախոսությամբ (մրցանակի հանձնումից վեց ամսվա ընթացքում), hակառակ դեպքում նա չէր ստանա 8 միլիոն շվեդական կրոնի չափովի մրցանակային գումարը: Նա ավանդական նոբելյան դասախոսության աուդիո-ձայնագրությունն էր ուղարկել Ստոկհոլմ: