Հուլիս 04, 2017 01:55 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Թեհրան-Երևան սերտ ու բարեկամական հարաբերություններին, Իրանի իսլամական հանրապետության Ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավարն ընդգծել է Իրան-Հայաստան մշակութային համագործակցության անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Իրանում ՀՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ Աշրաֆ Բորուջերդին ասել է.«Ազգային գրադարանի և արխիվի կազմակերպությունը Իրանի մշակութային կառույցներից է, որտեղ մշտապես հետազոտական աշխատանքներ են իրականանում: Այս կազմակերպությունը համագործակցում է աշխարհի 57 ազգային գրադարանների, 53 ազգային արխիվի և երեք միջազգային կազմակերպություններ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԻՔԱ-ի և Գրադարանների ասոցիացիայի և ինստիտուտների միջազգային ֆեդերացիայի (International Federation of Library Associations and Institutions -IFLA) հետ:

Հանդիպման ժամանակ ընդգծելով երկու երկրի հետազոտողների համագործակցության անհրաժեշտությունը, Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը նշել է.«Երևանի պետական համալսարանում  գործում է արևելագիտության ֆակուլտետը, որի ամբիոններից մեկը Իրանագիտությունն է»: Դեսպան Թումանյանը Բորուջերդիին հրավիրել է այցելել Հայաստան, հույս հայտնելով ,որ այդ այցը կդառնա սկիզբ երկու երկրի համագործակցության խորացման համար:

Ըստ հաղորդման, այդ հանդիպման ժամանակ, կողմերը կարևորել են Իրան-Հայաստան մշակութային կապերի խորացման և ձեռագիր մատյանների պահպանության ու դրանց վերանորոգման համար մասնագիտական կարճատև դասընթացների անցկացման անհրաժեշտությունը:

 

Սպահան նահանգի մշակութային ժառանգության, ձեռարվեստի ու զբոսաշրջության կազմակերպության գլխավոր տնօրենի տեղեկացմամբ` սկսվել են Սպահանի Նոր Ջուղայի Ս. Աստվածածին և Ս. Հակոբ եկեղեցիների որմնանկարների վերանորոգման աշխատանքները:

Ֆերեյդուն Ալլլահյարին ասել է.«Պատմական այս եզակի համալիրը գտնվում է Նոր Ջուղայի մեծ հրապարակի թաղամասում: Ս. Աստվածածին եկեղեցին ունի Քրիստոսի կյանքի դրվագների մասին պատմող եզակի որմնանկարներ»:

Սպահան նահանգի մշակութային ժառանգության, ձեռարվեստի ու զբոսաշրջության կազմակերպության գլխավոր տնօրենն անդրադարձել է պատմական եկեղեցու վերանորոգման կեսամյա աշխատանքներին, ասելով.«Վերանորոգման աշխատանքների ընթացքում կատարվում է գեղանկարչությունների մակերեսային մաքրություն՝ ամբողջությամբ պահվանելու համար եզակի ու գեղեցիկ որմնանկարների ընդհանուր տեսքը: Նորորգման աշխատանքների արդյունքում, ամրացվելու են վնասված գունային շերտերը»:

«Թասնիմ» գործակալության հաղորդման համաձայն՝ Նոր Ջուղայի Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1613 թվականին ՝ Սեֆևյան շահ Աբբաս թագավորի օրոք Ջուղայում հայերի հաստատման ժամանակ: Եկեղեցին հինվել է շահ Աբբբասի մոտ մեծ հեղինակություն վայելող Ավետիք Բաբակյանի կողմից: 

Ռուբեն Գևորգյանց

 

Հունիսի 23-ին 72 տարեկանում կյանքից հեռացել է կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը:

Ռուբեն Գևորգյանցը ծնվել է 1945 թ. նոյեմբերի 30-ին Երևանում:  1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1971 թվականին աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում՝ որպես ռեժիսոր։ 1982-89 թթ եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը։ 1989 թվականից փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է, 2004 թվականից՝ Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահն է, 2005 թվականից՝ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահը։ 1982թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2006թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

Նկարահանել է շուրջ 70 ֆիլմ, որոնցից են՝ «Ներսիսյանցիները» (1968թ.), «Մի լուսանկարի հետքերով» (1970թ.), «Ներշնչանք» (1972թ.), «Ամենալավ մարդը» (1979թ.), «Աշխարհումս» (1979-89թթ), «Բարի հետք» (1980թ.), «Հայկական աչքեր» (1980թ.), «Գիշերվա մեջ առկայծող կրակը» (1983թ.), «Քանի դեռ ապրում ենք» (1986թ.), «Կղզիներ» (1987թ.), «Սպիտակ ոսկոր» (1988թ.), «Ռեքվիեմ» (1989թ.), «Քույրիկը Լոս Անջելեսից» (1994թ.), «Գողը» (1995թ.), «Փարաջանով` վերջին կոլաժ» (1995թ.), «Մեր Կոմանդոսը» (2000թ.), «Քարեր ժողովելու ժամանակը» (2002թ.), և «Հրաշագործի աշունը» (2008թ.):

Մասնակցել է բազմաթիվ հայկական և միջազգային կինոփառատոների և արժանացել 21 դիպլոմի և մրցանակների, որոնցից 6-ը` գլխավոր: Հեղինակել է 3 գիրք` «Անձրևների ժամանակը», «Արդարացման ժամանակը», «Ժամանակ չկա»: Նկարահանվել է «Վրիժառու» (2008թ.) ֆիլմում: 1981թ. արժանացել է Օբերհաուզենի կինոփառատոնի գլխավոր մրցանակին` «Բարի հետք» ֆիլմի համար:

Բրազիլիայի միջազգային կինոյի փառատոն

 

Բրազիլիայի միջազգային կինոփառատոնում ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ» ֆիլմն արժանացել է մրցանակի՝ ճանաչվելով «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»:
«Իմ երկրորդ կուրսի կուրսային աշխատանքն է: 19 տարեկանում եմ նկարել: Տարբեր փառատոների ենք ուղարկել, որոշները  մերժել են, որոշներն ընդգրել են նաև կարճ ցուցակում: Բրազիլիայի փառատոնից նամակ ստացա՝ ցանկության դեպքում ներկա լինել մրցանակաբաշխությանը: Գնացի, բայց հույս չունեի, որ մրցանակ կստանամ»,- Panorama.am-ին զրույցում ասաց  23-ամյա ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանը:

Ալեքսանդրը 2011-ին ընդունվել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժին (Էդգար Բաղդասարյանի արվեստանոց):  24 րոպեանոց ֆիլմը նկարահանվել է 2014 թվականին:  Ֆիլմի նկարահանման վրա ընդամենը 150 դոլար է ծախսվել: Ֆիլմի սցենարիստն է Էդգար Բաղդասարյանը, բեմադրող օպերատորը՝ Մկրտիչ  Բարոյանը: Գլխավոր դերակատարներ՝ Արամ Կարախանյան, Բաբկեն Չոբանյան, Արտյոմ Ազարյան, Տրդատ Մակարյան:

Ֆիլմը 2014 թվականին ազգային «Հայակ» մրցանակաբաշխությունում ճանաչվել է «Լավագույն դեբյուտ կամ տարվա հայտնություն» ֆիլմը, «Ռոլան» մանկապատանեկան կինոյի փառատոնում՝  «Լավագույն դեբյուտային աշխատանք»:

Ա. Բաղդասարյանն ասաց, որ այժմ աշխատում է  կարճամետրաժ, խաղարկային ֆիլմի վրա, որը տարբերվելու է «Ճանապարհ»-ից:

«Ամեն»

 

Հանրահայտ հայ օպերային երգիչ-երգչուհիները, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, փոփ և ժողովրդական գործիքների համույթը և ուրիշներ «Ամեն» խորագրով էպիկական դրամայով հետաքրքիր ու գեղեցիկ լուծումներով երաժշտասերներին պատմեցին հայ ժողովրդի պատմական ճամփորդության, նրա ծագման ու հավատքի, մշակութային կողմնորոշիչների և արժեքների մասին: «Ամեն» շոու-ծրագրի առաջնախաղը տեղի ունեցավ հունիսի 23-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Հայ ժողովրդի պատմությունը ներկայացնելը բոլորիս համար մեծ պատասխանատվություն է, բայց մենք հաստատակամ ենք: Ծրագրում ներկայացնում եմ մեր պատմության ձայնը, և ինձ իմ կտորները շատ են դուր գալիս: Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը կնպաստի, որ հայերիս մասին ևս մեկ անգամ լսեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը:

Օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի խոսքով՝ որքան շատ լինեն ներկայացման մեջ հարցականներն, այնքան լավ: «Այս ծրագիրն ունի ասելիք և վստահ եմ, որ այն տեղ կհասնի: Օտարերկրացի ունկնդիրներին հասկանալի լինելու համար հատուկ ոչինչ չի արվել, սակայն, սա կտավ է, որը հնարավոր է տարբեր լեզուներով մատուցել հանդիսատեսին»,-եզրափակեց Թումանյանը:

«Ամեն» շոու–ներկայացումը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, նրա մնայուն արժեքներին և քաղաքակրթության պատմության մեջ իր բացառիկ դերին։

Հիմնական նպատակն է ցույց տալ, որ, չնայաց կորուստներին ու փորձություններին՝ մարդիկ շարունակում են սիրել, ստեղծագործել և վայելել կյանքը:

2017 թվականի օգոստոսին «Ամեն» շոու–ներկայացումը կցուցադրվի Իտալիայի Վերոնա քաղաքում, հայտնի Arena di Verona-ում, որը տեղավորում է 15 հազար հանդիսատես: Այնուհետեւ ներկայացումը կցուցադրվի աշխարհի խոշորագույն քաղաքների (Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք, և այլն) բեմահարթակներում: «Ամեն»-ի գաղափարի շուրջ կկազմակերպվեն նաև այլ միջոցառումներ` լուսանկարների ցուցահանդեսներ և պերֆորմանսներ, մշակութային հանդիպումներ և այլն:

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուր

 

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան, ամերիկացի դերասաններ Քրիստեն Դանստը և Ջեֆֆ Գոլդբլյումը, բրիտանացիներ Ռիչարդ Բրենսոնը և Սայմոն Քաուելլը և այլ դերասաններ, երգիչներ, սցենարիստներ 2018-ին Հոլիվուդի Փառի ծառուղում կունենան իրենց հուշատախտակները՝ աստղերի տեսքով: ՏԱՍՍ-ը գրում է, որ դերասանների, պրոդյուսերների, ռեժիսորների, երգիչների ցուցակը թարմացվել է նախօրեին Հոլիվուդի առևտրի պալատի կողմից:

«Ընտրական կոմիտեն ուրախ է հրապարակել Փառքի ծառուղում նոր պատվավոր նշանների տերերի անունները: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք յուրաքանչյուր թեկնածուի և, կարծում ենք, որ մենք ընտրել ենք տաղանդների խումբ, ովքեր ազդում են աշխարհում բազմաթիվ երկրպագուների ճաշակի վրա»,- ասել է ընտրական հանձնաժողովի նախագահ, ռեժիսոր և պրոդյուսեր Վին Դի Բոնան:

Նա վստահություն է հայտնել, որ աստղերի նոր տերերը «հպարտ կլինեն, որ մշտապես դառնալու են Հոլիվուդի պատմության մի մասը»:

Հոլիվուդյան փառքի ծառուղում առաջին աստղը բացվել է 1958 թվականին: Այժմ ճեմուղում կա ավելի քան 2,6 հազար աստղ: Փառքի ճեմուղին ընդհանուր առմամբ ձգվում մոտ 3 կիլոմետր։

 

Սիրիահայ գրող Լալա Մինասյան-Միսկարյանը ռուս լրագրողներին ներկայացրել է «Սիրիական օրագիր» հայալեզու գիրքը Հալեպի՝ ահաբեկիչների կողմից շրջափակման ընթացքում  բնակիչների տառապանքների մասին:

«Ես գրել եմ քաղաքում հենց պատերազմի առաջին օրվանից ինձ շրջապատող իրականության մասին: Աշխարհը պետք է իմանա այն անհավատալի ցավի մասին, որն ապրել են հասարակ սիրիացիները, երբ Հալեպ մուտք գործեցին ահաբեկիչները»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է Մինասյան-Միսկարյանը:

Հեղինակից մահը, բառի բուն իմաստով, երկու քայլ հեռավարության վրա է եղել. Հալեպի հայկական թաղամասում գտնվող նրա բնակարան արկ է ընկել:

Լալա Մինասյան-Միսկարյանը նշել է, որ «Սիրիական օրագիր» 200 էջանոց գիրքը լույս է տեսել Լիբանանում  700 օրինակով:

Պաբլո Պիկասո

 

National Geographic հեռուստաալիքի «Հանճար» սերիալ-անթոլոգիայի երկրորդ սեզոնի գլխավոր հերոսն է լինելու իսպանացի լեգենդար նկարիչ Պաբլո Պիկասոն (1881-1973 թթ.): Առաջին սեզոնը նվիրված էր հայտնի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի կյանքին: Սերիալը նվիրված է ամենախելացի մարդկանց, ովքեր փոխել են աշխարհը: 

«Հանճար» սերիալի պրոդյուսները խոստովանել են, որ երկար փնտրտուքից և այլ հնարավոր հավակնորդների ուսումնասիրելուց հետո են ընտրել Պիկասոյին: Սերիալի ստեղծողներն ընտրել են իսպանացի արվեստագետին՝ գնահատելով նրա խորն ազդեցությունը 20-րդ դարի արվեստի վրա: