Հուլիս 15, 2017 00:09 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

ԱՄՆ-ի Փալմ Սփրինգս քաղաքի կինոփառատոնում 15 րոպեից ավելի տևողությամբ լավագույն կարճամետրաժ ֆիլմի մրցանակին արժանանալով իրանական «Ռութուշ» ֆիլմը երրորդ անգամ ներկայացվել է Օսկարի ակադեմիային, ինչը աննախադեպ է իրանական կինոինդուստրիայում:

Քավե Մազահերի «Ռութուշ» ֆիլմը մրցանակների է արժանացել նաև Tribeca և Krakow կինոփառատոններից:

Փալմ Սփրինգսի 23-րդ կինոփառատոնը կայացել է հունիսի 20-26-ը Կալիֆորնիայում:

Նկատի առնելով Փալմ Սփրինգս փառատոնի անցյալը Օսկարի մրցանակաբաշխություններում, այս փառատոնի ընտրյալները մեծ շանսեր ունեն Օսկարի արժանանալու համար:

Իրանի մանկապատանեկան միջազգային 30-րդ կինոփառատոն

 

Իրանի մանկապատանեկան միջազգային 30-րդ կինոփառատոնի գործադիր տնօրենն ասել է. «Աշխարհի 40 երկրներից 85 արտասահմանցի հյուրեր կմասնակցեն այս տարվա փառատոնին»:

Սեյեդ Հոսեյն Ալի Շահիդին նշել է, որ կինոփառատոնի այս շրջանին միջազգային կինոգործիչների ներկայությունը նախորդ շրջանի համեմատությամբ 20 տոկոս հավելում է կրել: «Իրանի մանկապատանկան ֆիլմերի միջազգային 30-րդ փառատոնի ընթացքում ցուցադրվելու են 155 գեղարվեստական երկարամետրաժ, կարճամետրաժ ու վիդեո ֆիլմեր ու նաև մուլտֆիլմեր»:

Իրանի մանկապատանեկան միջազգային 30-րդ կինոփառատոնի գործադիր տնօրենը  հավելել է, որ արտասահմանցի 6 պատանի և 2 մանուկ իրավարարներ դատելու են արտասահմանյան ֆիլմերի մասին:

Իրանի մանկապատանեկան միջազգային 30-րդ կինոփառատոնը տեղի կունենա հունիսի 30-ից հուլիսի 6-ը`  Սպահան քաղաքում:

--------------------------

իրանահայ ճանաչված կոմպոզիտոր եւ խմբավար Սերժիկ Միրզայան

 

Հուլիսի 1-ին, Թեհրանի «Վահդաթ» դահլիճում տեղի ունեցավ իրանահայ ճանաչված կոմպոզիտոր եւ խմբավար Սերժիկ Միրզայանի ղեկավարած «Միրզայան» երգչախմբի եւ օրկեստրայի համերգը, որին մասնակցել էին ճանաչված երաժիշտներ Նուշին Մոթամեդին, Աֆշար Հեշմաթիանն ու Բաբաք Միրդադիանը:

Համերգի առաջին բաժնում հնչեցին լարային օրկեստրայի համար գրված երաժշտություններ, իսկ երկրորդ բաժնում օրկեստրայի եւ երգչախմբի մասնակցությամբ կատարվեցին ազգային-հայրենսաիրական թեմաներով 7 ստեղծագործություններ:

Համերգը մեծ ընդառաջում էր գտել հանդիսատեսների կողմից:

Հարփիկ Թամրազյանին նվիրված ժողովածվի շնորհանդեսը

 

Նախաձեռնությամբ Հ.Մ.Ա.Կ.-ի Երեցների միության վարչության եւ Հանրային-հասարակական բաժանմունքի ու «Գրական շրջանակ»-ի համագործակցությամբ, հունիսի 23-ին «Արարատ» մարզավանի «Շահբազեան» սրահում տեղի ունեցավ վերջերս Երեւանում լույս տեսած Հարփիկ Թամրազյանին նվիրված ժողովածվի շնորհանդեսը:

Բացման խոսքով հանդես եկավ միության Հանրային-հասարակական բաժանմունքի նախագահ Արմինե Գրիգորյանը: Նա ակնարկելով «Հարփիկ Թամրազյան» անունը կրող գրքին, ամփոփ գծերով անդրադարձավ հեղինակի կյանքին ու ազգային-հասարակական ծավալուն գործունեությանը, որը ցավոք վաղաժամ ընդհատվեց մեքենայի վթարի պատճառով՝ 1977-ի մարտի 14-ին:

Հարփիկ Թամրազյանը ծնվել էր 1928-ին Ղազվինում, ապա ընտանիքով տեղափոխվել ու հաստատւել` Թեհրանում: Հայոց դպրոցների փակման բերումով նա զրկվում է հայկական դպրոցում ուսում ստանալուց, սակայն ինքնաշխատությամբ այնպիսի մակարդակի է հասնում, որ հրավիրվում է հայ գրականություն դասավանդելու Գրականության ֆակուլտետի ժամանակի հայոց լեզվի ու գրականության գերլիսանսի բաժնում: Հարփիկ Թամրազյանը մասնագիտությամբ էլեկտրոմեխանիկայի ճարտարագետ էր եւ ուներ աշխատանքային բեղուն անցյալ: Նա օժտված էր բազմակողմանի ընդունակություններով՝ վերլուծական միտք, բանաստեղծական ձիրք, գեղարվեստական բարձր ճաշակ: Եղել է Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության եւ Իրանահայ գրողների միության հիմնադիր անդամ, Հայ համալսարանականների ընդհանուր միության վարչության նախագահ, Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնական վարչության նախագահ: Նա բազմաթիվ հոդվածներ է ստորագրել ու տպագրել հայ մամուլում՝ հայ գրականության, արվեստի, ազգային հարցերի ու Հայ Դատի վերաբերյալ: Պարսկերենի է թարգմանել հայ գրականությունից գործեր, այդ թվում՝Վահան Թոթովենցի «Կյանքը հին Հռովմեական ճանապարհի վրա» վեպը: Ունի ինքնուրույն արձակ ու չափածո ստեղծագործություններ:

 

Վերջին տարիներին թե’ արևմտյան, թե’ արևելյան լեզուներից հայերեն և հակառակը բազմաթիվ հետաքրքիր գրքեր են թարգմանվել: Թարգմանական գրականության ոլորտում ունեցած ձեռքբերումների և առկա խնդիրների մասին հունիսի 29-ին ՀՀ գրողների միությունում խոսեցին ոլորտի ներկայացուցիչները:

«Որոշեցինք ուսումնասիրություն կատարել ու տեսնել, թե վերջին հինգ տարվա ընթացքում հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններն ի՞նչ լեզուներով ու ի՞նչ քանակով են թարգմանվել: Պարզվեց, որ այս տարիներին ավելի շատ գրքեր են թարգմանվել, քան Խորհրդային Միության ժամանակ: Տարբեր ստեղծագործություններ ներկայացվել են արտասահմանյան պարբերականներում, անթոլոգիաներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Միլիտոնյանի խոսքով` ՀՀ մշակույթի նախարարությունը որոշել է աջակցել Հայաստանի գրողների գործերն այլ լեզուներով թարգմանելուն: Նա անհանգստություն հայտնեց, որ պարզ չէ, թե ովքե՞ր և ի՞նչ չափանիշներով են ընտրելու հեղինակներին և ստեղծագործությունները, որոնք պետք է թարգմանվեն:

ՀԳՄ թարգմանական գրականության բաժնի ղեկավար Շանթ Մկրտչյանն ընդգծեց, որ վերջին տասնամյակում բավականին հետաքրքիր գրականություն է թարգմանվում թե՛ արևմտյան, թե՛ արևելյան լեզուներից և հակառակը:

«Մենք ամուր կապեր ենք հաստատել Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի, Գերմանիայի գրական շրջանակների հետ: Այդ կապը հնարավորություն է տալիս մեր գործերը ներկայացնել, ճանաչելի դարձնել արտասահմանում»,-ասաց նա:

ՀՀ մշակույթի նախարարության գրքի կենտրոնի աշխատակից Արմեն Ավանեսյանն ասաց, որ վեց տարվա ընթացքում 136 թարգմանական գիրք է լույս տեսել:

«Հայերենից այլ լեզուներով են թարգմանվել ոչ միայն ժամանակակից գրողների` Գուրգեն Խանջյանի, Արամ Պաչյանի, Վահագն Գրիգորյանի, այլև դասականների գործերը: Արաբերենից հայերեն են թարգմանվել նաև բազմաթիվ գրքեր, որոնք առնչվում են Հայոց ցեղասպանությանը, սակայն որոնց մեր ժողովուրդը ծանոթ չէ»,-շեշտեց Ավանեսյանը:

 

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության նախաձեռնությամբ «Աերոֆլոտ» ավիաընկերությունն իր օդանավերից մեկն անվանակոչել է հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի պատվին:

Ինչպես նշում է rusarminfo.ru-ն, հունիսի 29-ին «A. BABAJANYAN» գրությամբ Boeing 777 ինքնաթիռը համալրել է ընկերության ավիապարկը:

Աղբյուրը մանրամասնում է, որ նման խնդրանքով ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին էր դիմել Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամը:

«Կոմպոզիտորի պատվին ինքնաթիռներից մեկն անվանակոչելու վերաբերյալ որոշումը Տրանսպորտի նախարարության կողմից կայացվել է համապատասխան խնդրանքը ստանալուց անմիջապես հետո: Մենք շատ ուրախ ենք այս կապակցությամբ»,-rusarminfo.ru-ի հետ զրույցում ասել է կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանը:

Նա նաև հավելել է, որ հոր անունը կրող օդանավն իրականացնելու է միջմայրցամաքային չվերթներ:

«Երևանյան գեղանկար»

 

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում անցկացվել է «Երևանյան գեղանկար» խորագրով արդեն ավանդական դարձած միջոցառումը: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այս անգամ միջոցառման ընթացքում ամերիկահայ աբստրակցիոնիստ և պերֆորմանիստ Նարինե Իսաջանյանը մի քանի ժամվա ընթացքում կտավի վրա ստեղծել է «Երևանյան տարեգրություն» աբստրակտ ոճի ստեղծագործությունը:

Որպես աշխատանքային հումք օգտագործվել է ավազ, տուֆ քարի փոշի, հող և ջուր: Կտավի ստեղծման ընթացքին տեղում հետևել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Ներկայացնելով ստեղծագործելու իր ոճը՝ Նարինե Իսաջանյանը նշել է, որ շուրջ 10 տարի է, ինչ գունապնակի փոխարեն նախապատվությունը տալիս է բնական ու պաստելային գույներին՝ համարելով, որ դրանք ավելի անմիջական և անկեղծ են տեղ հասցնում ստեղծագործության ասելիքը:

Միջոցառման ժամանակ կազմակերպվել է նաև վարպետաց դաս` Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնների պատանի նկարիչների համար:

Մոսկովյան միջազգային 39-րդ կինոփառատոն

 

Ռուսաստանի մայրաքաղաքում կայացել է Մոսկովյան միջազգային 39-րդ կինոփառատոնի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Կինոարվեստում Մոսկվայի կերպարը ստեղծելու համար Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի մրցանակները ստացել են չորս ֆիլմեր, հայտնում է «Տվոյա գազետան»։

Մասնավորապես առաջին մրցանակն ու 50 մլն ռուբլի է ստացել Աննա Մելիքյանը՝ «Սիրո մասին» ֆիլմի համար։ Հաղթող ֆիլմը պարգեւատրվել է սուրբ Գեորգիի արծաթյա արձանիկով, որը նիզակով վիշապին է խոցում։

Այս մրցանակը ստեղծել էր Մոսկվայի կառավարությունը 2016-ի հունիսի 23-ին։ Մրցույթին կարող են մասնակցել ժամանակակից մայրաքաղաքի մասին ֆիլմեր, որոնք վերջին հինգ տարիներին են նկարահանվել։ Ընդամենը 30 հայտ էր ներկայացվել, ու այս տարվա մարտին Մոսկվայի մշակութային ֆորումում կայացել էր մրցութային հանձնաժողովի նիստը, որը կազմել էր ինը ֆիլմերից բաղկացած շորթ լիսթ, որից հետո դրանք քվեարկության են դրվել «Ակտիվ քաղաքացի» նախագծում։ Քաղաքացիների տեսակետները հաշվի են առնվել մրցութային հանձնաժողովի եզրափակիչ քվեարկության ժամանակ։

«Շեռլոք»

 

Սցենարիստ Սթիվեն Մոֆաթը՝ «Շեռլոք»-ի հեղինակներից մեկը, ակնարկել Է սերիալի հնարավոր շարունակության մասին:

«Ես այն կարծիքին եմ, որ մենք դա կանենք: Մենք կվերադառնանք»,-հայտարարել Է Մոֆաթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սցենարիստն ընդգծել Է, որ ներկայում զբաղված Է «Դոկտոր Ովը» սերիալի վրա աշխատանքով: «Շեռլոք»-ի համահեղինակը եւ դերասաններից մեկը՝ Մարկ Գեթիսը, Մոֆաթի խոսքով, նույնպես զբաղվում Է այլ նախագծով: «Մենք նրա հետ դեռեւս չենք քննարկել, թե ինչ ենք անելու նոր եթերաշրջանում»,-նշել Է նա:

Հունիսի 20-ին հաղորդվել Է, որ Գեթիսը եւ Մոֆաթը սցենար են գրելու «Դրակուլա» հեռուստանախագծի համար:

«Շեռլոք»-ը BBC One-ով ցուցադրվել Է 2010 թվականի հուլիսից: Սերիալում Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործությունների գործողությունը տեղափոխված Է ժամանակակից Լոնդոն: Ընդամենը թողարկվել Է չորս եթերաշրջան: Շեռլոք Հոլմսը, որի դերակատարը Բենեդիկտ Քամբերբեթչն Է, փետրվարին ամենամեծ ժողովրդականություն վայելող հերոսն Է ճանաչվել BBC-ի սերիալներից: