Հուլիս 15, 2017 00:23 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հուլիսի 2-ին հանդիպել է Իրանի արվեստագետների տան գործադիր տնօրեն՝ Մաջիդ Ռաջաբի Մեմարի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են երկու երկրի համագործակցությունը մշակույթի ու արվեստի ոլորտներում:

Այս բարեկամական հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հայաստանի հնամենի պատմությանն ու մշակույթին, Մաջիդ Ռաջաբի Մեմարն ասել է.«Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև  կան մշակութային բազում ընդհանրություններ և նրանք  մշտապես բարեկամական հարաբերություն են ունեցել»:

Անդրադառնալով երկու երկրի միջև առկա մշակութային հարաբերություններին, դեսպան  Թումանյանն ասել է.«Երկու երկրի հարաբերությունները դեռ վաղ ժամանակներից բարեկամական են, որոնց ակունքները պետք է որոնել երկու ժողովուրդների մշակութային ու պատմական ընդհանրություններում»:

 ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը նաև ավելացրել է.«Արդեն մեկ տարի է, որ ծրագիր ենք մշակում Հայաստանի ժամանակակից ֆիլմերի շաբաթ անցկացնելու համար և շուտով դա տեղի կունենա Իրանի արվեստագետների տանը, որից հետո այս ֆիլմերը էկրան  կբարձրանան Շիրազ և Մաշհադ քաղաքներում»:

Յազդ քաղաքը

 

Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի ու զբոսաշրջության կազմակերպության փոխտնօրեն Մոհամմադ Հասան Թալեբյանն ասել է.«ՅՈՒՆԵՍԿՕ-ն բարձր է գնահատել «Շուշ» հնադարյան տարածքում և Սպահանի «Նաղշե ջահան» հրապարակում Իրանի իրականացրած պահպանությունը»:

Թալեբյանն ավելացրել է.«ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 41-րդ նիստում հաստատվել է «Շուշ»-ի հնադարյան տարածքում և Սպահանի «Նաղշե ջահան» հրապարակում Իրանի իրականացրած պաշտպանական քայլերի մասին զեկույցը: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

Թալեբյանի հավաստմամբ՝ վերոնշյալ երկու կոթողների համաշխարհային գրանցման փաստաթղթերի պաշտպանության մասին զեկույցն ուրբաթ օրը քննարկվել է Լեհաստանի Կրակով քաղաքում: «ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեն մի հայտարարությամբ, բարձր  է գնահատել համաշխարհային երկու կոթողների պահպանության ուղղությամբ Իրանի կատարած քայլերը».ասել է Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի ու զբոսաշրջության կազմակերպության փոխտնօրենը:

Ի դեպ, Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Լեհաստանի Կրակով քաղաքում կայացած 41-րդ նիստում, համաշխարհային ժառանգության ցուցակում է գրանցել Իրանի կենտրոնում գտնվող պատմական Յազդ քաղաքը:

Ս. Ամենափրկչյան վանք 

 

Սպահանի հայերը սկսել են գրքեր տպագրել 17-րդ դարի սկզբին, այն ազատությունների շնորհիվ, որոնցից օգտվում էին Սեֆյանների օրոք։ Այս մասին գրում է իտալացի լրագրող Սիմոնե Ձոպելարոն իրանական Pars Today պարբերականում։

Սպահանում, Փրկչի հայկական մայր տաճարի մուտքի մոտ, որը իրանցիները անվանում են հայկական «Վանք» բառով, մարդու քանդակ է, որի ձեռքին փոքր առարկա է։ Անցորդները ուշադրություն չեն դարձնում, թե դա ինչ առարկա է։ Մինչդեռ դա գրաշար է։ Այդ քանդակը մեծ պատմություն ունի։ Սեֆյանների օրոք Իրանի զարգացման մեջ հայերի մեծ ավանդի պատմությունը։ Նաեւ իրենց քրիստոնյա հպատակների հանդեպ Իրանի շահերի հանդուրժողականության ու վստահության պատմությունը։

Քանդակը պատկերում է Խաչատուր Կեսարացուն (1590-1646)՝ Նոր Ջուղայի եպիսկոպոսին։ Խաչատուրի անունը կապակցված է իր ժամանակի ամենազարմանալի պատմություններից մեկի՝ Իրանում գրքի տպագրության ծնունդի հետ։

Հայերին իրենց հայրենի հողերից աքսորել էր Շահ Աբբասը։ Շատերը մահացել էին ճանապարհին՝ հոգնածությունից ու հիվանդություններից։ Բայց Աբբասի նպատակը հայերի ոչնչացումը չէր։ Երբ նրանց նոր տեղ են բերել, Սպահանից ոչ հեռու, մի քանի տարի հետո նրանք կարողացել են այնտեղ կառուցել իրենց եկեղեցիներն ու դպրոցները, այդ թվում շահի աջակցությամբ։ Այնտեղ նրանք ստեղծել են բարգավաճող առեւտրային ցանց, որը Ատլանտիկայից մինչեւ Հնդկական օվկիանոս էր տարածվում։

Իրանում առաջին տպագրված գիրքը Դավիթի սաղմոսներն էին հայերենով, 1638 թ։ 1641 թ․ տպագրվել է Հայկական եկեղեցու հայրերի վարքաբանությունը։

Ամենազարմանալին այն է, որ տպագրական հաստոցը ու լիտերները արտադրվում էին տեղում։ Եպիսկոպոսը ու նրա հետեւորդները այդ ամենն իրենց ձեռքերով էին պատրաստել, մեծ դժվարություններով։

Բայց որտեղի՞ց էին հայերը սովորել դա։ Նշանավոր պատմաբար Սեպուհ Դավիթ Ասլանյանը նշում է հայերի ու Սպահանի վանականների կապերը, նաեւ Խաչատուրի ճանապարհորդությունները Եվրոպա։ Մասնավորապես, նա այցելել է Լեոպոլի, Միջագետքի (ներկայիս Արեւմտյան Ուկրաինա) դիվանագիտական դեսպանատներ, այնտեղ հայերը դեռ 1618-ից գրքեր էին տպագրում։

Հայերը սկսել են տպագրությամբ հետաքրքրվել գրեթե դրա ստեղծման օրվանից։ Նրանք հասկացել են, որ գրատպությունը լեզուն, մշակույթն ու կրոնը պահպանելու լավագույնն միջոցն է։ Առաջին հայալեզու գիրքը տպագրողը Հակոբ Մեղապարտն էր՝ 1512-13 թթ ։ Գրքերը հրատարակվում էին Վենետիկում։

Խաչատուր Կեսարացու գործը շարունակել է նրա աշակերտը՝ Հովհաննես Ջուղայեցին։ Խաչատուրը նրան 1639-ին ուղարկել էր Եվրոպա ՝ կատարելագործվելու տպագրական արվեստում։ 1646-ին Իրան վերադառնալով՝ նա շարունակել է ուսուցչի սկսած գործը։ Մեկ այլ եպիսկոպոս՝ Ստեփանոս Ջուղայեցին, 17-րդ դարի 80-ականներին շարունակել է օգտագործել հին տպագրական հաստոցը, որը դեռ Խաչատուրն էր պատրաստել։

Երկար ընդմիջումից հետո, Նոր Ջուղայում գրատպությունը վերածնվել է 1863-ին, երբ Ջակարտայից մի հարուստ հայ վաճառական որոշել է Նոր Ջուղայի եկեղեցուն նվիրել ժամանակակից տպագրական մեքենա։

Ավանդույթը առայսօր շարունակվում է։ Տպագրատունը դեռ գործում է։ Իսկ Նոր Ջուղայում ապրում է 10 հազար հայ, որոնք շարունակում են եպիսկոպոս Խաչատուրի գործը։ Մերձավոր արեւելքում քրիստոնյաներին հաճախ են հետապնդում։ Բայց ոչ այստեղ։

Հադի Ասադի

 

Ամբողջ աշխարհից հարյուրավոր ծաղրանկարիչներ  մասնակցել են Իրանում կայացած ծաղրանկարների մրցույթին: Թեման եղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Բի-Բի-Սի-ն գրում է, որ «Թրամփիզմ» (Trumpism) մրցույթում հաղթել է իրանցի նկարիչ Հադի Ասադի աշխատանքը, որտեղ Թրամփը պատկերված է դոլարից պատրաստված հագուստով,  գրքերի տրցակով և վառվող մազերով:

Ծաղրանկարներից շատերը նվիրված են Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու Թրամփի սպառնալիքներին: Նկարիչներին նաև անհանգստացրել է ԶԼՄ-ների վրա հարձակումների և կանանց նկատմամբ բռնության խնդիրները:

Ցուցահանդեսում ներկայացված է եղել Իրանից և ևս 74 երկրից 1614 նկարչի աշխատանք: Ցուցահանդեսին մասնակցել են նաև մի քանի նկարիչներ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից:

Ամերիկացի Քլեյթոն Ջոնսը պատկերել է Time ամսագրի երկու երես. մեկում՝ Թրամփն է, մյուսում՝ Ադոլֆ Հիտլերը: Նկարիչն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ և Թրամփը, և Հիտլերը, ամեն մեկն իր ժամանակին ամսագրի կողմից  «տարվա մարդ»  են անվանվել: Նկարում Թրամփը դիմում է Հիտլերին՝ ասելով. «Մեծ պատիվ է»: Հիտլերը պատասխանում է՝ «Այո»:

«Թրամփիզմ» մրցույթի խորհրդանշանը նման է նացիստական Գերմանիայի խորհրդանիշին, ուղղակի կեռխաչի փոխարեն «T» տառով:

««Թրամփիզմ» բառում «իզմը» հղում է դեպի նացիզմ ու ռասիզմ: Շատերը կարծում են, որ Թրամփի արտահայտությունները շատ նման են Հիտլերի բառերին: Նա վատ է վերաբերում ԶԼՄ-ներին և փախստականներին»,- ասել է մրցույթի կազմակերպիչ և Ծաղրանկարչության իրանական տան տնօրենը:

Միջոցառման կազմակերպիչներն ավելի վաղ անցկացրել էին նմանատիպ մրցույթներ այլ թեմաներով, որոնցից մեկը նվիրված է եղել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը: Անցած տարի Ծաղրանկարի իրանական տունն անցակցրել էր մրցույթ Հոլոքոստի թեմայով:

Հալեպ

 

Հալեպի Դերասանի տանը ռազմական գործողությունների ավարտից հետո առաջին անգամ ներկայացում է ցուցադրվել: Հավաքվել է հարյուրավոր հանդիսական, ովքեր նույնիսկ հանդես են եկել նաև որպես ներկայացման մասնակից:

«Մենք նորից բացում ենք թատրոնը, դա նաև տալիս է այն գիտակցումը, որ քաղաք է եկել խաղաղ կյանք, յուրաքանրյուրը կարող է շփվել հոգևորի հետ՝ որևէ բանից չվախենալով»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ներկայացումից առաջ լրագրողներին ասել է Հալեպի մշակույթի վարչության ղեկավարը:

Նա նշել է, որ այս ներկայացմամբ Դերասանի տունը բացում է նոր թատերաշրջանը:

Ներկայացված բեմադրությունն իր պատմությամբ նման է եղել Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությանը, բայց տեղական կոլորիտով:  Սյուժեն հիմնված է եղել երկու ընտանիքի միջև վեճի վրա, որոնցից մեկն աջակցել է սիրիական ներկայիս կառավարությանը, իսկ մյուսը  պետական քաղաքականությանը քննադատաբար է վերաբերվել: Բայց երեխաների սերը վերջին հաշվով հաղթում է բոլոր տարաձայնությունները:

Երջանիկ ավարտը հանդիսականների կողմից բուռն ծափահարությունների է արժանացել, ովքեր ներկայացման ընթացքում հանդես են եկել որպես լուսավորողներ. ներկայացման ընթացքում մի քանի անգամ լույսն անջատվել է, դահլիճը լուսավորվել է բջջային հեռախոսների լուսերով և կրակայրիչով:

Հալեպի մշակույթի վարչության ղեկավարն ասել է, որ միայն հուլիսի սկզբին քաղաքում ավելի շատ մշակութային միջոցառումներ են անցկացվել, քան ռազմական գործողությունների 4 տարվա ընթացքում: Թատերական ներկայացման պրեմիերային գրեթե զուգահեռ Հալեպի կենտրոնական զբոսայգում կայացել է նաև տեղի երաժշտական դպրոցի սաների համերգը:

 

Արվեստի աշխարհում հայտնի Լոնդոնի Սաաթչի թանգարանը հնարավորություն է տալիս ոչ միայն խորասուզվել արտ-մոդեռնի աշխարհ, այլ նաև տալիս է գեղարվեստական արտացոլման և ինքնանույնականացման զգացում յուրաքանչյուրին, ով այցելում է ցուցադրություն, որը կազմակերպել են թանգարանի համադրողները:  Եվրանյուզը գրում է, որ ցուցահանդեսը պատմում է «selfie» երևույթի մասին:

«Այն թույլ է տալիս տարբերել ամենափոքր նրբություններն ու մանրամասները, այդ իսկ պատճառով դիմանկարներն ու ինքնադիմանկարները ստացվում են այդքան բարձորակ»,- ասել է Արևմտյան Եվրոպայի տարածաշրջանում Huawei կոնցերտնի նախագահ Ուլտեր Ջին:

Արտ-մոդեռնն այսօր զարգանում է նաև այն պատճառով, որ տեխնոլոգիան է զարգացում ապրում. հենց դրանք են օգնում արտացոլել ներքին և արտաքին աշխարհը նոր արտահայտչամիջոցների օգնությամբ, որոնք հասանելի են դառնում հեղինակներին:

«Մենք տեսնում ենք, որ սելֆին դառնում է ավելի տարածված նաև այն պատճառով, որ ինքնաարտահայտվելու հնարավորություն է տալիս բոլորին: Այն ժամանակակից արվեստի ամենաժողովրդավար ժանրն է, որը միավորում է նախկին ֆոտոալբոմների ավանդույթներն այսօրվա իրականության և ապրելակերպի հետ: Այն, ինչ անհրաժեշտ է, կարելի է արձանագրել սմարթֆոնի օգնությամբ»,- ասել է Huawei կոնցերտնի կորպորատիվ մարկետինգի հարցերով տնօրենը: