Գեղարվեստական հաղորդում (72)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Իրանում Հայաստանի դեսպանը տեղեկացելով Թեհրանում, Շիրազում և Մաշհադում հայկական ֆիլմերի շաբաթ կազմակերպվելու մասին, ասաց. «Հայկական ֆիլմերը միաժամանակ կցուցադրվեն Իրանի տարբեր քաղաքներում»:
ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը չորեքշաբթի օրը Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հավելեց. «Հայկական ֆիլմերի շաբաթը Իրանի արվեստի և փորձառական կինոյի և Թեհրանում Հայաստանի դեսպանատան համագործակցությամբ կազմակերպվելու է Թեհրանում, Շիրազում և Մաշհադում»:
«Թեհրանում, Շիրազում և Մաշհադում հայկական ֆիլմերի շաբաթ կազմակերպվելուն զուգահեռ հայաստանցի երկու կինոգործիչներ Իրանում վարպետության դասեր կանցկացնեն»,- նշեց Հայաստանի դեսպանը:
Արտաշես Թումանյանն ընդգծելով, որ հայկական ֆիլմի շաբաթվա ընթացքում ցուցադրվելու են հայկական 10 ֆիլմեր, ասաց. «Թեհրանում, Շիրազում և Մաշհադում հայկական ֆիլմերի շաբաթը հուլիսի 23-ին կսկսվի Թեհրանում Արամ Շահբազյանի «Մոսկվիչ՝ իմ սեր» ֆիլմի ցուցադրմամբ»:
«Սոսե 2017» միջազգային կինոփառատոնին մասնակցելու ավելի քան 300 ֆիլմի հայտ է ներկայացրել 59 երկրի ներկայացուցիչ։ Փառատոնի մամուլի ծառայության հաղորդմամբ, ամենաշատ քանակությամբ ֆիլմերը ներկայացված են Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայից: Հայաստանից նախնական փուլն անցել է 7 ֆիլմ:
Հաշվի առնելով կինոփառատոնի չափորոշիչներն ու կանոնակարգը՝ նախնական ընտրական փուլն անցել է 39 երկրից 132 ֆիլմ, որոնք կմրցեն «Բովանդակությունը՝ կին», «Ուսանողական» և Հիմնական մրցութային ծրագրերում։
Հիմնական մրցութային ծրագրում մասնակցում են բոլոր ֆիլմերը՝ առանց թեմատիկ սահմանափակման (խաղարկային լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական):
«Բովանդակությունը՝ կին» մրցութային ծրագրին մասնակցող ֆիլմերի հեղինակները խոսում են կնոջ արժանիքների, խնդիրների, իրավունքների, նվաճումների, ընտանիքում և հասարակության մեջ նրա դերակատարման մասին: Ի դեպ, այս բաժնում Իրանից ցուցադրվելու են Սոնիա Հադադի պատրաստած «Աձնական» և Մոհսեն Նաբավիի «Փրկի՛ր ինձ» կարճամետրաժ ֆիլմերը:
Իսկ «Ուսանողական» մրցութային ծրագրին մասնակցում են աշխարհի տարբեր ծայրերում սովորող ուսանողներն իրենց աշխատանքներով առանց ժանրային կամ թեմատիկ սահմանափակման:

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 6-րդ փառատոնն իր շուրջ է համախմբել տարբեր երկրներից Հայաստան ժամանած տաղանդավոր և հետաքրքիր մնջախաղացների: Նրանք արվեստասերներին կներկայանան ինքնատիպ, զվարճալի և հուզիչ բեմադրություններով: Փառատոնը կանցկացվի հուլիսի 22-26-ը Ծաղկաձորում: Այդ մասին հուլիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցները:
«Այս տարի երեք թատերախումբ է ժամանել ՌԴ-ից, մասնակիցներից մեկը եկել է հեռավոր Բանգլադեշից, փառատոնին հանդես գալու համար Ֆրանսիայից վերադարձել է Դիանա Ներսիսյանը, ում հետ տարիներ առաջ աշխատել ենք: Շատ հետաքրքիր համարով են ներկայանալու «Արցախ-Գերմանիա» նախագծի անդամները: Ընդգծեմ, որ կրկին մեզ հետ են Հարավային Աֆրիկայից եկած Ջոն Ջեյքոբսը և Արմավիրից ժամանած «Ժիվոսվետ» խումբը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
Նա շեշտեց, որ Մնջախաղի միջազգային փառատոնը ժողովրդական է: «Այն բնակիչների, ոչ թե մասնագետների համար է, և մեր գերխնդիրը հանրության լայն շերտերին գեղեցիկ արվեստ ներկայացնելն է»,-ասաց Դադասյանը:
Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանն ընդգծեց, որ շատ է կարևորում Մնջախաղի միջազգային փառատոնը, միշտ նրա կողքին է ու ցանկանում է, որ այն ընդգրկվի տուր-օպերատորների կայքերում և էջերում, որպեսզի հնարավոր լինի այն ներկայացնել մշակութասեր լայն զանգվածներին:
Սանկտ-Պետերբուրգից ժամանած մասնակից Եկատերինա Վարլակովան նշեց, որ դեռ երկու տարի առաջ է լսել փառատոնի մասին ու շատ ուրախ է, որ վերջապես հնարավորություն ունի մասնակցել դրան: «Մեր խումբը կոչվում է «Մի Մինոր»: Այն բաղկացած է չորս մնջախաղացներից, սակայն այս անգամ ներկայացնելու եմ իմ անհատական բեմադրությունը, որի թեման կյանքն է. ներկայացվում է ժամանակակից բարձր տեխնոլոգիական աշխարհի և մարդու բնական միամիտ հույզերի, ապրումների միջև եղած հակասությունները»,-ասաց Վարլակովան ու հավելեց, որ մնջախաղ սովորելիս հաճախ է դիտել Լեոնիդ Ենգիբարյանի էտյուդներն ու շատ բան է սովորել նրանից:
Կենսուրախ մնջախաղաց Միր Լոկմանը, ով Բանգլադեշից է ասաց, որ շատ զարմացավ, երբ Հայաստան գալով իմացավ, որ այստեղ Բանգլադեշ թաղամաս կա: «Ինձ երջանիկ եմ զգում ձեր երկրում ու կարծում եմ, որ այս փառատոնը կարող է կապեր ստեղծել Հայաստանի ու Բանգլադեշի միջև»,-շեշտեց նա:
Միր Լոկմանի ներկայացումը կոչվում է «Պայքար»: Բեմադրության հերոսը պայքարում է հանուն մարդկային ազատության:

Մշակույթի նախարարության հայտարարած քանդակի մեկամսյա սիմպոզիումի արդյունքում Դսեղում՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բակում և հարակից հրապարակում մոտ օրերս ավարտին կհասցվեն այն 12 քանդակները, որոնք պատկերում են թումանյանական անմահ հերոսներին՝ Անուշին, Քաջ Նազարին, Շանն ու Կատվին և այլն, և այլն:
Այս ամենի նպատակը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով, թանգարանի բակն ու շրջակա միջավայրը թումանյանական հերոսներով, թումանյանական շնչով է՛լ ավելի հագեցնելն է․ «Ավելի գեղեցկացնելու համար այն մթնոլորտը, ինչ որ ունենք այստեղ»:
Ցանկացած այցելու հենց գյուղամիջյան հրապարակից մինչև տուն-թանգարան կարող է ծանոթանալ թումայանական հերոսներին․ հրապարակում կանգնեցվում են տուֆակերտ քանդակները, իսկ տուն-թանգարանի բակում՝ փայտյա քանդակները:
Ինչպես նշում է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, քանդակագործների այս սիմպոզիումը կազմակերպվել է Հովհաննես Թումանայանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ: Մեծ բանաստեղծի հոբելյանը կլրանա 2 տարի անց:
«Սիմպոզիոմի երիտասարդ ղեկավարները կարողացան այնպես առաջնորդել մեզ, որ հիմնական մասնակիցները դարձան երիտասարդները: Հետաքրքիր է նաև, որ էսքիզներով ընտրված աշխատանքները ախահովեցին մեզ համար շատ լավ աշխարհագրություն: Այսինքն, ներկայացված են Հայաստանի գրեթե բոլոր մարզերից ու շրջաններից: Նաև մենք երիտասարդների հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ հատված ծառերը, որոնք սնամեջ էին և կարող էին քամուց ծառը շրջել տանիքի վրա և վնասել, այդ հատված ծառերի բները մենք նույնպես երիտասարդների օգնությամբ կարողացանք վերածել թումանյանական հերոսների, ինչ ստեղծել է մի զարմանալի, հեքիաթային մթնոլորտ այստեղ»:
Երիտասարդ քանդակագործները հիմնականում Գեղարվեստի ակադեմիայի քանդակի բաժնի ուսանողներ են: Նրանց հետ զրուցելիս անմիջապես զգացվում էր, թե իսկապես ինչ սիրով են ստեղծում թումանյանական հերոսների քանդակները:
«Արդեն ինքնին լինել Հովհաննես Թումանյանի տանը, մի բան անել տուն-թանգարանի բակում, դա արդեն մեծ պատիվ է ցանկացած հայի համար», -ասում է երիտասարդ քանդակագործներից մեկը:
«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանի պատվիրակը կլինի Միշան (Միքայել Գրիգորյանը), ով նախորդ տարի Հայաստանը ներկայացրել էր նաև «Մանկական Նոր ալիք-2016»-ին և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, 9-ամյա Միշայի թեկնածությունը հաստատվել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի ներքին ընտրությամբ: Մրցութային երգը և տեսահոլովակը կներկայացվի վաղ աշնանը:
Միշայի երաժշտական ունակությունները կատարելագործվել են շփվելով իրենից ավագ ու պրոֆեսիոնալ երգիչների հետ: Նա ելույթ է ունեցել տարբեր համերգների ու միջոցառումների ժամանակ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Վրաստանում և Բրյուսելում: Նա ելույթ է ունեցել «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում՝ սիրված արտիստների հետ կատարելով «Արի իմ սոխակ» օրորոցայինը:
«Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 15-րդ անգամ՝ “Shine Bright” («Շողա պայծառ») նշանաբանի ներքո և կանցկացվի նոյեմբերի 26-ին Թբիլիսիում: Հայաստանից բացի արդեն հայտնի են այն 11 երկրները, որոնք հաստատել են իրենց մասնակցությունը մրցույթին՝ Ալբանիա, Բելառուս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Սերբիա եւ մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից: 2010 թ-ին Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում:
«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի «Սարոյան Հաուս» նախագծի շրջանակներում մեկնարկել են ամերիկահայ հայտնի գրող Վիլիամ Սարոյանի Ֆրեզնոյի տուն-թանգարանի շինարարական աշխատանքերը: Այս մասին հայտնում են «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամից:
Հիշեցնենք, որ հիմնադրամը գրողի տունը ձեռք էր բերել 2016 թ. և շուրջ մեկ տարի զբաղվում էր Վիլիամ Սարոյանի կյանքի ու ստեղծագործության ուսումնասիրությամբ, հետազոտություն էր անցկացնում ու հավաքագրում նյութեր նրա մասին, ինչպես նաև «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի հետ համատեղ զբաղվում էր տուն-թանգարանի կոնցեպտի մշակմամաբ: Իսկ հիմա արդեն հասունացել է պահը բուն շինարարական աշխատանքների մեկնարկի համար:
Աշխատանքները սկսվել են տան էքստերերի վերականգնումից, իսկ Ֆրեզնոյի քաղքապետարանի հետ համապատասխան համաձայնությունները ձեռք բերելուց հետո սկիզբ կդրվի նաև տան ինտերերի ձևավորման աշխատանքներին:
Տուն-թանգարանի բացումը նախատեսվում է իրականացնել 2018 թ. օգոստոսի 31-ին՝ գրողի ծննդյան 110 ամյակին:
ԱՄՆ-ում 89 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Մարտին Լանդաուն, ով արժանացել է «Օսկար» մրցանակի «Էդ Վուդ» ֆիլմում մարմնավորած դերի համար: tmz.com-ը գրում է, որ նա մահացել է հիվանդանոցում: Մահվան պատճառը եղել են «անսպասելի բարդությունները»:
Մարտին Լանդաուն ճանաչում է ձեռք բերել շնորհիվ «Առաքելությունն անհնարին է» սերիալի և «Տիեզերք 1999» ֆիլմերի, որոնք նկարահանվել են 1960-1970-ականներին: 1968 թվականին նա արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի: