Օգոստոս 12, 2017 00:42 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Հայաստանում հայերենով հրատարակվել է իրանցի բանաստեղծ Շահրիարի բանաստեղծությունների գիրքն ու խտասալիկը:

Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կցորդությունը իրանական քաղաքակրթությունն ու մշակույթը Հայաստանի մտավորականությանը ծանոթացնելու նպատակով թարգմանել և գրքերի ու խտասալիկների տեսքով հրատարակում ու տարածում է իանական մշակույթի ու պարսից գրականության հանրահայտ գործիչները ստեղծագործությունները:

Այս գիրքը, որ Իրանի դեսպանատան մշակութային կցորդության և Մեհր մշակութային ակումբի համատեղ գործակցության արդյունքն է այդ հավաքածուի 15 համարն է, որ տրամադրվում է պարսից լեզվի ու գրականության երկրպագուներին: Աուդիո գրքի պատրաստողները հույս են հայտնել, որ այս ստեղծագործությունն էլ Իմամ Խոմեյնիի, Ֆերդոսիի, Նեզամիի, Սաադիի, Ռուդաքիի, Հաֆեզի, Օմար Խայամի և Բաբա Թահերի պես ակնառու գործիչների մասին աուդիո գրքերի նման խոր ազդեցություն կունենա:

Այս գիրքը 103 էջ է և պարունակում է 21 գազելներ, այդ թվում` «Հեյդար բաբան»:

Ստեղծագործությունը թարգմանել է գրող Վարանդը: Բանաստեղծությունները կարդացել է Հայաստանի վաստակավոր հաղորդավար Աիդա Ասատուրյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց իրանցի ռեժիսոր և սցենարիստ Բեհրուզ Աֆղամիին,

 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց իրանցի ռեժիսոր և սցենարիստ Բեհրուզ Աֆղամիին, սցենարիստ Քուրոշ Սալիմզադեին, իրանահայ գրող, թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանին և գրող Աշոտ Աղաբաբյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր գնահատեց հայ-իրանական բարեկամությունը, նշեց, որ երկու ժողովուրդները մշակութային բազում ընդհանրություններ ունեն և այս նոր նախագիծը ևս փոխըմբռնման ու հարազատության դրսևորում է: Նախարարը առանձնակի կարևորեց իրանցի ճանաչված կինոռեժիսոր Բեհրուզ Աֆղամիի նախաձեռնությամբ Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» գրքի հիման վրա Հայաստանում բազմասերիանոց ֆիլմ նկարահանելու ծրագիրը: Նախարարը հավելեց, որ այս ծրագիրը կյանքի կոչելը ևս մեկ անգամ կվկայի երկու ժողովուրդների մշակութային հարազատությունը, իսկ գրքի հերոսի՝ հայ ժողովրդի արժանավոր զավակ պետանվտանգության գեներալ-մայոր, քիմիական գիտությունների դոկտոր ԽՍՀՄ «ատոմային» հետախուզության ղեկավար Հայկ Հովակիմյանի խորհրդավոր ու դրամատիզմով հարուստ պատմությունը մեծ հետաքրքրություն կներկայացնի ամբողջ աշխարհում, հատկապես այն երկրներում, որտեղ հայ համայնքներ կան:

Նախարարը վստահություն հայտնեց, որ այս ֆիլմաշարի ստեղծումը միմյանց խորապես ճանաչելու նոր սկիզբ է լինելու: Նա անդրադարձավ նաև Իրանի հայ համայնքին և նշեց, որ համայնքը հուսալի կամուրջ է երկու հարևան երկրների միջև:

Բեհրուզ Աֆղամին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ գիրքը մեծ տպավորություն է գործել իր վրա, մղել է իրականացնելու նման համատեղ մեծ նախագիծ: Նա հավաստիցրեց, որ ձևավորված ստեղծագործական խումբը առաջիկայում կսկսի իր գործնական քայլերը:

Գրականագետ Վարդան Դևրիկյան

 

Հովահաննես Թումանյանի 150-ամյակի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ կիրականացվեն, դրանց հիմքում ընկած կլինեն բուն գիտական ուսումնասիրությունները: Լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց գրականագետ Վարդան Դևրիկյանը:

Նա տեղեկացրեց, որ միջոցառումների շրջանակներում կվերահրապարակվի մեծ գրողի երկերի 10-հատորյակը: Դա, սակայն, պարզունակ վերատպում չի լինի, այլ կներառի ուշ հայտնաբերված ձեռագրեր ու ծանոթագրեր, որոնք նախկինում հարկադրաբար տպագրվել են հատորյակներից դուրս: Նոր տպագրությունը էական տարբերություններ կունենա, ծանոթագրություններն ավելի մանրամասն և շատ կլինեն: Այս պահին վերահրատարակվել է տասը հատորներից երկուսը, երրորդը կտպագրվի, երբ հովանավորներ գտնվեն:

«Երկրորդ հատորն ավարտվում է 1914 թվականով, երրորդ հատորը կավարտվի՝ 1917-ով: Ընդհանուր առմամբ, գրողի կյանքի տարեգրությանը կվերաբերեն տասը հատորներից չորսը»,- նշեց գրականագետը:

Վարդան Դևրիկյանը նշեց նաև, որ հայ մեծ գրողի ստեղծագործությունների հանրահռչակման համար լուրջ միջոցներ և ժամանակ է անհրաժեշտ՝ դրանք պատշաճ որակով թարգմանելու և ներկայացնելու օտարերկրյա ընթերցողին: Գրականագետը միաժամանակ հույս հայտնեց, որ Հովհաննես Թումանյանը և Կոմիտասը ընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

Ռոբեր Գեդիգյան

 

Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է Ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր և դերասան Ռոբեր Գեդիգյանի «La Villa» (անգլ. «The House by the Sea») ֆիլմը:

Այս մասին տեղեկացնում է telegraph-ը, որտեղ ներկայացված է փառատոնի մրցութային ծրագիր անցած 21 ֆիլմերը: Հիմնական մրցութային ծրագրում են ընդգրվել ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր Դարրեն Արոնոֆսկի «Մայրիկ», ամերիկյան դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Ջորջ Քլունիի «Suburbicon» ֆիլմերը:

Նշենք, որ փառատոնը բացվելու է օգոստոսի 30-ին Ալեքսանդր Փեյնի  ֆիլմով: Կինոփառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 9-ը:

Օֆելյա Համբարձումյանի հուշարձանը

 

«Ես խոնարհվում եմ այս անվան առջև»,- Երևանի «Կոմիտաս» պանթեոնում  ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի հուշարձանի բացման արարողության ժամանակ ասաց  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը:

Նա նշեց, որ իր համար Օֆելյա Համբարձումյանը դարաշրջան է, իբրև երգչուհի՝ անզուգական երևույթ. «Ժողովրդական է, ժողովրդի հոգուց է, ժողովրդի համար է, ժողովրդի գիտակցությունը, ձայնն է արտաբերել Երևանից մինչև աշխարհի բոլոր անկյունները»:

ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի համար Օֆելյա Համբարձումյանը նույնպես անկրկնելի է, ազգային երգարվեստի ամենաբարձունքն է:

«Չեմ տեսնում որևէ մեկին, ով կկարողանա փոխարինել Օֆելյա Համբարձումյանին, չնայած կրկնօրինակման շատ փորձեր են արվում: Ինքն անկրկնելի է՝ բոլոր առումներով»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ռիսա Մկրտչյանը հիշեց, որ դեռ դպրոցական տարիքում է առաջին անգամ լսել Օֆելյա Համբարձումյանին:

«Մեզ տարան «Անահիտ» հեքիաթի ֆիլմը դիտելու: Օֆելյան կատարում էր «Աղբյուրի մոտ» երգը: Սիրահարվեցի այդ ձայնին՝ կարկաչուն, պարզ, թափանցիկ: Ուղղակի ամբողջ կյանքում այդ երգն ինձ հետամուտ էր լինում»,- նշեց երգչուհին:

«Սխալ մոտեցում կա, որ մեծամիտ էր: Իրականում այդպես չէ: Շիտակ կին էր, երեսին ասում էր, եթե որևէ բան իրեն դուր չէր գալիս: Ուշադիր էր կողքի մարդու, մենակատարի նկատմամբ»,- ասաց Ռ.Մկրտչյանը:

Քանդակի բացմանը ներկա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով,  թեև մեկ տարուց ավելի է Օֆելյա Համբարձումյանն արդեն մեզ հետ չէ, բայց նրա կատարողական արվեստի ժառանգությունը դեռ շատ երկար տարիներ շարունակելու է կրթել սերունդերին:

«Մեր զավակների մեջ ազգային ինքնությունն արթնացնելու լավագույն միջոցը հենց Օֆելյա Համբարձումյանի կատարումներն են»,- նշեց նախարարը:

Քանդակագործ Էմին Պետրոսյանն իր աշխատանքում ներկայացրել է հենց երգչուհու հավերժական լինելու գաղափարը:

«Սիմվոլիկ է, չկա կերպարային կոմպոզիցիա: Ընտանիքի ցանկությունն էր, որ լինի ուղղակի կոմպոզիցիոն աշխատանք: Էսքիզներն անելուց, քննարկումներից հետո եկանք այս տարբերակին: Աշխատանքը ներկայացնում է ջրի շրջափուլը, որը, ըստ ինձ, խորհրդանշում է հավերժություն: Իր կերպարը մարմնավորել եմ կաթիլի մեջ: Գտնում եմ, որ ինքն այդ մշակույթի, ծովի մի կաթիլն էր: Լավատես եմ, որ նման կաթիլներ էլի կլինեն, ազգային երգ, երաժշտությունը կունենա իր շարունակությունը»,- ասաց քանդակագործը:

Քանդակի քարը՝ տրավերտին, հենց քանդակագործն է ընտրել. «Հետաքրքիր դեկորատիվ քար է, որը կոմպոզիցիայի հետ համահունչ է, նույնիսկ ծակոտկեները: Ցանկացած քարից կարելի էր անել, սակայն նաև այս քարի բաց  գույնը կնոջ կերպարին համահունչ է»:

Հիշեցնենք, որ Օֆելյա Համբարձումյանը մահացել է 2016 թվականի հունիսի 13-ին  91 տարեկանում:

Հովհաննես Այվազովսկի

 

Հուլիսի 29-ին լրացավ աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը:

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին  Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում։

Սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, 1830–33 թթ-ին՝ Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում, 1833–37 թթ-ին՝ Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: 1845 թ-ից մշտապես բնակվել է Թեոդոսիայում:  Այվազովսկին շրջագայել է նաև Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի երկրներում, ԱՄՆ-ում, 1868 թ-ին ուղևորվել է Կովկաս. ստեղծել է լեռնային բնանկարներ:  

Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։

Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։

Այվազովսկու գործերից պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։

Նշենք, որ 2017 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հիշարժան տարեթվերի շարքում ընդգրված է Հովհաննես Այվազովսկու հոբելյանը:

Հուլիսի 28- 30-ը Թեոդոսիայում սկսվում են մեծ ծովանկարչի ծննդյան 200-ամյակին նվիրված տոնակատարությունները: Հայաստանի Ազգային պատկերասրահը ծովանկարչի 200-ամյակի առիթով այս տարվա սեպտեմբերին կազմակերպելու է ցուցահանդես և գիտաժողով:

Նիկոլայ Մադոյան

 

Հայ ջութակահար Նիկոլայ Մադոյանը Գինեսի ռեկորդների գրքի ռեկորդակիր է դարձել: Այս մասին Մադոյանը գրել է Facebook-ի իր էջում:

«Հուլիսի 25-ին Գինեսի ռեկորդների գրքի համաշխարհային հանձնաժողովը հաստատեց երաժշտական ռեկորդը, որը ես հաստատել եմ Երեւանում մի քանի ամիս առաջ»,- գրել է նա:

Այս տարվա փետրվարին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Մադոնը 33 ժամ (յուրաքանչյուր ժամը մեկ՝ 5 րոպե ընդմիջումով) 59 հայտնի երաժշտական ստեղծագործություն է կատարել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած գծանկարը

 

Nate D Sanders Auctions աճուրդային տանը գրեթե 30 հազար դոլարով վաճառվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած Նյու Յորքի երկնաքերերով գծանկարը: Նախնական գինը եղել է 9 հազար դոլար: Գնորդի անունը  չի հաղորդվում:

Սիրողական մակարդակով արված գծանկարի տակ դրված է հեղինակի ստորագրությունը: Գծանկարն արված է ոսկեգույն մարկերով:

Աճուրդային տունը  հաստատում է, որ չնայած  պրիմիտիվությանը,  հազվագյուտ աշխատանք է, քանի որ ներկա պահին հստակ հայտնի են մի քանի գծանկարների մասին, որոնք արված են ԱՄՆ գործող նախագահի կողմից:

Քանդակ դանակներից

 

Ալֆի Ռեդլին երկու տարվա ընթացքում նախագծել ու հավաքել է քանդակ այն դանակներից, որոնք օգտագործվել են հանցագործություններում ամբողջ Անգլիայի ու Ուելսի տարածքում։

Սառը զենքը քանդակագործին տրամադրել են ոստիկանական բաժանմունքները ու Շրոփշիրի մետաղի մշակման կենտրոնը, որը գործարկել է «Փրկիր կյանք, հանձնիր դանակդ» անանուն ծրագիրը։ Որոշ դանակների վրա փորագրված են զոհերի անունները։

Դանակները մաքրված են «կենսաբանական նյութից» ու բթացված։

Երբ հրեշտակի քանդակը պատրաստ էր, Ռեդլին դիմել է կառավարությանը՝ խնդրելով քանդակը տեղադրել Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում։ Նա դրանով ուզում է բարձրացնել բրիտանացիների իրազեկումն առկա խնդրի մասին։