Գեղարվեստական հաղորդում (74)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Երևանում Իրանի դեսպանատանը կայացած հանդիպմանը Հայաստանի «Հաֆեզ» միության անդամները և Հայաստանում ԻԻՀ դեսպանը քննարկել են այդ երկրում իրանական մշակույթի և գրականության տարածման ուղիները:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հանդիպմա ընթացքում ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշել է, որ իր գլխավոր նպատակներից մեկը պարսից գրականության և իրանական մշակույթի առավել տարածումն է:
Հանդիպման ներկա էին նաև Իրանի իսլամական խորհրդարանի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահ Մոհամմեդ Մեհդի Զահեդիի գլխավորած Իրանի խորհրդարանական պատվիրակության անդաները:
Իրանի դեսպանը հավելել է. «Հայաստանի ժողովուրդը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում պարսկերեն լեզվի ուսուցման հանդեպ: Մինչ այսօր պարսկերեն լեզվի դասարաններ կազմակերպելու համար բազմաթիվ դիմումներ ենք ստացել Հայաստանի տարբեր մարզերից: Դեսպանատունը բացել է նման մի շարք կենտրոններ, սակայն բյուջեի սահմանափակությունը խանգարում է բոլոր դիմումների իրագործմանը»:
Հանդիպման ժամանակ Իրանի խորհրդարանական պատվիրակության նախագահ Մոհամմեդ Մեհդի Զահեդին ընդգծել է, որ մշակութային հարաբերությունների ընդլայնման և երկու ժողովուրդների առավել մերձեցման համար Իրանն ու Հայաստանը մեծ կարողություններ ունեն: Նա հավելել է, որ պարսկերեն լեզուն այս նպատակի իրագործման միջոցներից է: Նրա խոսքերով. «Որպես հարաբերությունների ընդլայնման առանցք, պարսկերեն լեզուն ուսումնասրող ուսանողները կարող են սատարել տարբեր և նույնիսկ մշակույթից բացի, քաղաքական ու տնտեսական բնագավառներում Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնմանը»:
Հայաստանի «Հաֆեզ» միությունը, որպես կրթական ոլորտում աշխատող ՀԿ, հիմնադրվել է երկու տարի առաջ` նպատակով ունենալով խրախուսել այդ երկրի դպրոցներում ու համալսարաններում պարսից լեզվի և գրականության ուսուցումը:
Անի այցելողների թիվը կրկնապատկվել է
Անիի ավերակները, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանագության ցանկում, իրենց վրա են կենտրոնացնում թե մասնագետների, թե զբոսաշրջիկների ուշադրությունը: asbarez.com-ը՝ հղում անելով «Մարմարա»-ին, գրում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկվելուց հետո զբոսաշրջիկների թիվը Անի կրկնապատկվել է:
Մասնագետների խոսքերով, Անին իսկապես համաշխարհային ժառանգություն է ու մեծ կարևորություն ունի Կարսի և շրջակայքի համար, ուստի ծրագրվում է այս վայրը մեկ-երկու տարվա ընթացքում առավել բարեկարգել:
Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում ընդունված որոշմամբ:
Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցի։ 961-1045 թվականներին Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։ Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։
Անին լքվել է 1319 թվականի երկրաշարժից հետո։ Ավանդությունը Անի քաղաքի վերջնական ամայացումը կապում է 1319 թվականի երկրաշարժի հետ, սակայն Երևանի արձանագրություններից մեկում անեցի Շաբայդինը 1364 թվականին անիծում է Անին քանդողներին։ 14-15-րդ դարերում կտրված դրամները նույնպես ապացուցում են, որ կյանքը քաղաքում շարունակվել է։ 16-րդ դարում Անին արդեն փոքրիկ գյուղ էր։ Ըստ երևույթին, քաղաքին մեծ հարված էին հասցրել Լենկթեմուրի արշավանքները։ 18-րդ դարում Անին ավերակների կույտ էր և պատկանում էր թուրք բեկերին։ 1878 թվականին այն անցավ Ռուսաստանին։ 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրով Անին հանձնվել է Թուրքիային։
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով Երևանի «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 27-ի որոշումը, նշանակվել է Հարրի Կոնստանտին Օրբելյանը:
Հիշեցնենք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Նախարար Ամիրյանի հրամանով տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա
«Հայաստանում կա ընթերցող, ուղղակի ընթերցանության մասշտաբները մեզ չեն գոհացնում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
Նրա խոսքով, եթե տարեկան Հայաստանում տպագրվում է 2000 անուն գիրք, եթե դրանցից բազմաթիվ գրքեր հասնում են գրադարաններ, գրախանութներում անգամ որոշները 100-ից ավելի տպաքանակի սպառում են ունենում, ցույց է տալիս, որ ընթերցող կա:
«Իհարկե, չեն կարդում այն տեմպերով, որ երազում ենք, ուզում ենք, ինչը կապված է մեր երկրում արժեհամակարգի, սոցիալ հոգեբանական, բարոյական մթնոլորտի հետ, բայց վիճակը ներկայացնել սարսափելի, որ գործ ունենք ընդհանրապես չկարդացող սերնդի հետ, թյուր պատկերացում է:
Այսօր գրադարան հաճախողների, գրախանութից գիրք ձեռք բերողների մոտ 70 տոկոսը երիտասարդներ են՝ 18-35 տարեկանները»,- նշեց գրականագետը:
Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով, ամենից շատ կարդում են համաշխարհային գրականություն:
«Եթե ժամանակակից գրողների դեպքում ունենք ներկայացման, գովազդի, հավելյալ տեղեկույթի կարիք, որպեսզի ընթերցողը մղվի այդ գրականությունը, միջազգային գրականությունն արդեն գովազդված է, արժևորված է ներկայանում ընթերցողին»,- ասաց գրականագետը:
Նա նաև նշեց, որ Հայաստանում գիրքը կէժանանա, երբ որ սկսեն շատ առնել գիրք:
ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարծում են, էր սիրիական Հալեպի Հին քաղաքը, որը ավերվել է ԻԼԻՊ ահաբեկչան խմբավորման գրոհայինների հետ մարտերում, հնարավոր է վերականգնել:
«Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ, կազմակերպության ներկայացուցիչ Մազեն Սամման ասել է, որ գաղափար ունեն վերականգնել Հին քաղաքն հենց այն տեսքով, ինչպիսին եղել է մինչև պատերազմ: Նրա խոսքով, նախորդ վերականգնումից պահպանվել են Հին քաղաքի միջնադարյան մզկիթի, շուկայի, բաղնիքի, միջնաբերդի նախագծերը:
Միաժամանակ նշվում է, որ այդ փաստաթղթերը բավարար չեն ամբողջ շրջանի վերականգնման համար: Որպեսզի Հին քաղաքին վերադարձվի նախկին տեսքը, անհրաժեշտ է «տեղական ջանքերը»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետները նախատեսում են արհեստավորների համար բացել դպրոց՝ վերակենդանացնելու նախկին գիտելիքներն ու հմտությունները, որը կնպաստի Հին քաղաքի վերականգնմանը:

Դամասկոսի ազգային թանգարանը նորից բացել է իր դռները այցելուների առջև՝ ի շնորհիվ Արևելյան Հուտա շրջանում լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմի պահպանման: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է թանգարանի փոխտնօրեն Ջեհա Օբուկահլյան:
Նրա խոսքով, պատերազմի պատճառով պատմական համալիրը մի քանի տարի փակ է եղել, աշխատակիցները վախեցել են կրակոցներից, նաև ահաբեկիչներից, ովքեր որպես այցելուներ կարող էին մտնել թանգարան, գողանալ ցուցանմուշները:
«Այս այգին արկակոծվում էր: Մենք փրկել ենք ցուցանմուշները՝ թաքցնելով դրանք: Մենք շատ էինք վախենում հրդեհից, բայց ամեն ինչ անցել է: Հիմա հանգիստ է»,- ասել է նա:
Կան ցուցանմուշներ, որոնք եթե հայտնվեին ահաբեկիչների ձեռքում, սև շուկայում կարող էին վաճառել մի քանի հարյուր, հազար դոլարով:
Թանգարանի աշխատակիցն ասել է, որ թանգարանը սպասում է հարմար առիթի, որպեսզի մեծ ցուցահանդես բացի՝ ներկայացնելով սիրիական տարբեր թանգարաններից փրկված պատմական արժեքները:

Price of Travel պորտալը համեմատել է աշխարհի գեղարվեստական թանգարանների տոմսերի գները և ընտրել դրանցից ամենաթանկերն ու էժանները: Ցանկում հայտնվել է եվրոպական 14 թանգարան, որոնցից 7-ը ճանաչվել է ամենաթանկը, 5-ը՝ ամենաէժանը: Ամենաթանկ թանգարան մուտքի համար զբոսաշրջիկը պետք է վճարի 12-20 եվրո: Ամենաշատ թանկ թանգարանները գտնվում են Ցյուրիխում և Ամստերդամում:
Ընդ որում, Եվրոպայի երկու ամենահայտնի թանգարանները, որոնք գտնվում են Լոնդոնում, առաջարկում են ծանոթանալ իրենց հավաքածուներին անվճար:
Այսպիսով, ամենաթանկն են ճանաչվել Ցյուրիխի Museum Buehrle-ի տոմսերը, թանգարանը ստեղծված է գերմանացի Էմիլ Գեորգ Բյուրլեի ստեղծագործությունների հիման վրա: Ցանկում են նաև Վատիկանի թանգարանները, այնտեղ մուտքն արժե 15 եվրո: Այդ գումարով կարելի է տեսնել 50 հազար ցուցանմուշ 1400 սրահներում: Միաժամանակ ամեն ամսվա վերջին կիրակին Վատիկանի թանգարանները անվճար են, սակայն երկար հերթեր են գոյանում: Ամենաթանկ թանգարաններից մեկը Պետերբուրգի Էրմիտաժի մասնաճյուղն է Ամստերդամում՝ Ամստելի Էրմիտաժը: Այստեղ ևս մուտքը 15 եվրո արժե: Ցանկում են նաև Ամստերդամի ևս երկու թանգարան՝ Վինսենթ վան Գոգի և Պետական թանգարանները:
Շվեյցարիայից թանկարժեքների շարքում է Ցյուրիխի Կունստհաուզը: Ցուցակում հայտնվել է Փարիզի Պոմպիդուի կենտրոնը: Յուրատեսակ հետազոտության հեղինակները պնդում են, որ խիստ որոշակի գնի դիմաց եվրոպական թանգարանները տարբեր ծառայություններ են առաջարկում:
Միաժամանակ Եվրոպայում են գտնվում ամենաէժան ու հանրահայտ 5 թանգարան: Հնգյակը գլխավորում է Լուվրը, հետո գալիս են Մադրիդի Պրադոն, Էրմիտաժը, Ուֆֆիցիի պատկերասրահը Ֆլորենցիայում և Փարիզի Օրսեն: Այս թանգարաններում տոմսերի արժեքը մոտ 10 եվրո է:
Այդուհանդերձ ամենաէժան կարող են համարվել միայն անվճար թանգարանները: Եվրոպայում նման կերպ աշխատում են Լոնդոնի երկու հռչակավոր թանգարանները՝ Բրիտանական թանգարանը և Թեյթ մոդեռնը:
sobaka.ru-ի համաձայն, Լոնդոնում Վիկտորիա և Ալբերտ թանգարանի մուտքը նույնպես անվճար է:
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի մուտքը 25 եվրո է:
Հարրի Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոլինգը Forbes ամսագրի կողմից կազմված մոլորակի ամենաբարձր վարձատրվող հեղինակների ցուցակում առաջին տեղում է: Համաձայն տվյալների, 2016 թ. հունիսից նա վաստակել է 95 միլիոն դոլար՝ առաջ անցնելով նախորդ առաջատարին՝ ամերիկացի հեղինակ Ջեյմս Պատերսոնին: Նա ընթացիկ տարում վաստակել է 87 միլիոն դոլար:
Լավագույն հնգյակում են ևս երեք ամերիկացի հեղինակ կա՝ մանկագիր Ջեֆ Քինին (21 մլն դոլար), «Դա Վինչիի ծածկագիրը» վեպի հեղինակ Դեն Բրաունը (20 մլն դոլար), «սարսափների արքա» Սթիվեն Քինգը (15 մլն դոլար):
Վերջին անգամ Ջոան Ռոլինգը ճանաչվել էր ամենաբարձր բարձրատրվող հեղինակը 2008 թվականին: 1999 թվականից սկսած Ռոլինգը Forbes-ի կազմած ամենաբարձր վարձատրվող հեղինակների վարկանշային ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է երեք անգամ: