Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (147)
Այս հաղորդման ընթացքում կշարունակենք նախորդ շաբաթ սկսած մեր զրույցը լուսնային հիջրեթի 10-րդ և 11-րդ դարերի իրանցի բանաստեղծ ու բառարանագիր Թաղիեդդին Օհադի Բալիանիի մասին:
Ողջույն թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք իրանցի պանծալի դեմքերի ծանոթացմանը նվիրված մեր զրուցաշարի հերթական համարը: Այս հաղորդման ընթացքում կշարունակենք նախորդ շաբաթ սկսած մեր զրույցը լուսնային հիջրեթի 10-րդ և 11-րդ դարերի բանաստեղծ և բառարանագիր Թաղիեդդին Օհադի Բալիանիի մասին:
---------------------------
Ասացինք, որ Թաղիեդդին Մոհամմեդ Օհադի Դաղաղի Բալիանի Քազերունին ծնվել է լուսնային հիջրեթի 973 թվականի մոհառամ ամսվա 3-ին՝ Սպահանում: Բալիանի հայտնի գերդաստանի բոլոր անդամները միստիկ շեյխեր են եղել: Օհադին տարրական ուսումն ստանում է Սպահանում և իր հոր վախճանումից հետո Շահ Թահմասբի միջոցով ազնվական ընտանիքի երեխաների համար հիմնադրված որբանոցում աշակերտում է ժամանակի հայտնի ուսուցիչների: Նա մինչև 12 տարեկան սերտում է ժամանակի տարածված գիտություններ, այդ թվում արաբերեն լեզվի քերականությունը, տրամաբանությունը, մաթեմատիկան ու Ղուրանը, այնուհետև հակվում է իմաստասիրությանն ու բարոյագիտության կողմը: Նրա պատանեկության ու երիտասարդության տարիների որոշ մասն անց է կենում Յազդում ու Շիրազում օրվա մեծ ուսուցիչներին աշակերտելով: Այդ տարիներին էլ նա մուտք է գործում միստիցիզմի ու սուֆիզմի բնագավառները: Շիրազում ու Սպահանում մասնակցում է բանաստեղծական հավաքույթների և հիացմունք է պատճառում բոլորին: Օհադին ուզբեկների դեմ Շահ Աբբասի տարած հաղթանակի տոնակատարության ժամանակ ընթերցած քառյակով ստանում է «Շահ Փասանդ» կոչումը: Այդ տարիների ընթացքում Օհադին ճամփորդում է տարբեր քաղաքներ և չորս տարի մնում է Քյարբալա, Նաջաֆ, Քազեմեյն ու Բաղդադ քաղաքներում: Լուսնային հիջրեթի 1014 թվականի վերջերին իր բարեկամների հետ մեկնում է Հնդկաստան: Այդ ուղևորության ընթացքում մի խումբ պարսկագետների ու բանաստեղծների ընկերակցությամբ Շիրազի, Քերմանի ու Ղանդհարի ճանապարհով մեկնում է Լահուր: Օհադին մի քանի տարի շրջագայում է Հնդկաստանի բազմաթիվ քաղաքներում: Նրա կյանքի վերջին տարիների և վախճանման վայրի մասին որևէ տեղեկություն գոյություն չունի: Այդուհանդերձ հստակ է, որ նա 1038-1039 թվականներին դեռ ողջ է եղել, քանի որ պահպանվել են այդ թվականներին գրված նրա բանաստեղծությունները:
Հնդկաստանում ապրած տարիներն Օհադիի համար անդորրի ու հանգստության տարիներ էին և նա այդ ընթացքում «Արաֆաթ-ալ-Աշաեղին» գրքից բացի նաև հեղինակում է բազմաթիվ աշխատություններ ու պոեմաներ, որոնց անունները հիշատակված են «Արաֆաթ-ալ-Աշեղին» գրքում և այսօր դրանցից որոշները պահպանվել են: Օհադի Բալիանի որոշ աշխատությունների ձեռագիր օրինակները պահվում են աշխարհի տարբեր գրադարաններում: Օհադիից հիշատակ են մնացել «Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին», «Քյաբե-ե Էրֆան», «Ֆերդոս-ե Խիալ» և «Սորմե-ե Սոլեյմանի» գրքերն ու բանաստեղծությունների ժողովածուն:
Հայացք նետելով Օհադիի բազմազան ու բազմաբնույթ ստեղծագործություններին կարելի է նկատել, որ բազմազբաղ բանաստեղծ է եղել և տիրապետել է չափածոյի ու արձակի տարբեր կաղապարներին: Այդուհանդերձ գրաքննադատները նրա հանդեպ տարբեր կարծիք ունեն: Ոմանք բարձր են գնահատում նրա արվեստը, իսկ ոմանք էլ նրա բանաստեղծությունները համարում են միջակ: Նրա գրչանունը Թաղի է, սակայն ոմանք ենթադրելով, որ նա օգտվել է Օհադի գրչանունից, նրա կենսագրությունը ներկայացրել են Օհադի անվան ներքո: Ժամանակակից բանաստեղծներից Օհադին ամենամեծ հարգանքն ունեցել Օրֆի Շիրազիի հանդեպ և նրա ոճն ու ստեղծագործություններն ընդօրինակելով բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: Նա իր տաղանդը փորձել է չափածոի տարբեր կաղապարներում, այդ թվում մասնավիում, կասիդայում, գազելում ու ղեթեում ու երբեմն էլ հորինել է երգիծական բանաստեղծություններ՝ իր «Արաֆաթ-ալ-Աշեղին» ստեղծագործության մեջ հավակնելով, թե իր այդ կարգի բանաստեղծություններում արդարությունը հարգել է: Օհադին «Արաֆաթ-ալ-Աշեղին» գրքում իր կենսագրականի տակ հիշատակել է իր որոշ գազելների ամփոփումն ու որոշ կասիդաների առաջին երկտողերը:
Սեր գնող սիրտ ունեմ ես,
Որ ջերմություն է տալիս սիրո շուկային,
Բարության ու ողորմության թելերով
Հագուստ եմ գործել սրտիս համար,
Մեղք գործեցի: Համբերության երեսը սև թող լինի,
Որ քո դիմաց ես սեր խոստովանեցի:
Օհադիի ամենահայտնի ստեղծագործությունը «Արաֆաթ-ալ-Աշեղին և Արասաթ-ալ-Արեֆին»-ն է, որը կարելի է ընդարձակ կենսագրական համարել: Օհադին այդ աշխատության մեջ ներկայացրել է սկզբնական շրջաններից մինչև իր օրերն ապրած ավելի քան 3400 պարսկագիր բանաստեղծների կենսագրականն ու բանաստեղծությունների ընտրանին: Մենք դեռ պիտի անդրադառնանք այդ ստեղծագործությանը:
Օհադիի մյուս աշխատությունը «Քյաբե-ե Էրֆան»-ն է: Օհադին «Արաֆաթ-ալ-Աշեղին»-ը ավարտին հասցնելուց մի քանի տարի անց, դա հանրությանն առավել մատչելի դարձնելու նպատակով գրում է «Քյաբե-ե-Էրֆան»-ը և դրա ամփոփումն ավարտին է հասցնում լուսնային հիջրեթի 1036 թվականին՝ Գոջարաթում: Այս գիրքն էլ «Արաֆաթ-ալ-Աշեղին»-ի նման պարունակում է բանաստեղծությունների կենսագրականը, որը դասավորված է այբբենական կարգով: Յուրաքանչյուր տառը բաժանված է երեք բաժինների և հերթաբար ներկայացված են առավել հին շրջանի, մոտիկ անցյալի և ժամանակի բանաստեղծներ: Օհադին այդ աշխատությունը նվիրել է Ջահանգիրին: «Քյաբե-ե Էրֆան»-ը դեռ չի տպագրվել, սակայն պահպանվել են դրա մի քանի ձեռագիր օրինակները: Դրա ձեռագիր օրինակներից մեկը պահվում է Մալաք ազգային գրադարանում: Օհադին այնուհետև Ջահանգիրի հրամանով հեղինակում է «Էնթեխաբ-ե Քյաբե-ե Էրֆան» գիրքը, որն իրականության մեջ կարելի է «Քյաբե-ե Էրֆան»-ի ամփոփումը համարել: Այս գիրքը բաղկացած է երեք բաժիններից, որտեղ ներկայացված են հին շրջանի, մոտիկ անցյալի և ժամանակի բանաստեղծներ: Ժամանակակից բանասեր, գրականագետ Սաիդ Նաֆիսին «Պարսից չափածոի և արձակի պատմությունը», իսկ Նաղավին՝ «Կենսագրություն» աշխատություններում անդրադարձել են այս ստեղծագործությանը և դա Օհադիի աշխատություն են համարել: Նաղավին «Կենսագրություն» գրքում Օհադիի այս ստեղծագործության մասին գրում է. «Օհադիի վախճանումից մի քանի տարի անց Աբդոլվահաբ Ալամգիր Էբն Սեյեդ Մանսուր Խան անունով հնդիկ մի գրող լուսնային հիջրեթի 1155 թվականին մշակում է «Գոլդասթե» խորագրով կենսագրությունների հավաքածու, որի գլխավոր մասը քաղված է «Քյաբե-ե Էրֆան» գրքից»:
Թաղիեդդին Օհադին Հնդկաստան կատարած ուղևորության ընթացքում մի քանի ուղեկիցներ ուներ: Նրանցից մեկը Հեյդար Համադանին էր, ով ճանապարհորդության ընթացքում նրանք խրախուսում է բանաստեղծներից ստեղծագործությունների հավաքածու կազմել: Օհադին այդ խնդրանքը կատարելով վեց տարի շարունակ հավաքած բանաստեղծություններ ամփոփում է մի ժողովածուի մեջ դա կոչում է «Ֆերդոս-ե Խիալ»: Այդ աշխատությունը նա ավարտին է հասցնում լուսնային հիջրեթի 1020 թվականին: Այս ստեղծագործության մեջ բանաստեղծների կենսագրականներին ակնարկ չի կատարվում և միայն ներկայացված են բանաստեղծությունների նմուշներ: «Ֆերդոս-ե-Խիալ»-ն իրականության մեջ նրա կոթողային աշխատություն՝ «Արաֆաթ-ալ-Աշեղն»-ի ատաղձն է և ըստ երևույթին դրանից որևէ առանձին ձեռագիր օրինակ չի պահպանվել, սակայն Թաղիեդդին Օհադին «Արաֆաթ-ալ-Աշեղին»-ի նախաբանում ասել է, որ «Ֆերդոս-ե Խիալ»-ում ներկայացրել է իր ճանապարհորդական ապրումների մի մասը:
Թաղիեդդին Օհադիի մնայուն մյուս ստեղծագործությունը «Սորմե-ե Սոլեյմանի» արժեքավոր աշխատություն է: Այս աշխատությունը պարսկերեն լեզվի բառարան է, որտեղ ի մի են հավաքված պարսկերեն լեզվի դժվար բառերը, որոնք շատ հազվադեպ են առօրյա խոսակցության մեջ օգտագործվել: Այս բառարանում նաև հանդիպում ենք պատմական ու աշխարհագրական տերմինների և անունների ու նաև դեղերի անվանումների: Հեղինակն իր աշխատությունն այբբենական կարգով բաժանել է 32 մեծ գլուխների, իսկ յուրաքանչյուր բաժինը 32 ավելի փոքր գլուխների հիմք ընդունելով եզրույթների վերջին տառերը: Օհադին այս աշխատությունը կատարել է Սպահանում ապրած տարիներին:
Այս աշխատության շուրջ նրա և մեկ այլ բառարանագրի՝ Սարվարի Քաշանիի միջև վեճ է ծագում, որի մանրամասնությունը բերված է «Արաֆաթ-ալ-Աշեղին» գրքում: Սա Օհադիի տպագրված միակ աշխատությունն է: