Սեպտեմբեր 20, 2017 01:56 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Անահիտ Աբադիի հեղինակած «Եվա» գեղարվեստական ֆիլմը կցուցադրվի Մոնրեալի միջազգային կինոփառատոնում:

Իրանահայ կինոբեմադրիչ Անահիտ Աբադի առաջին երկարամետրաժ ֆիլմը համարվող «Եվա»-ն, որպես Իրանի ու Հայաստանի համատեղ արտադրություն հայաստանցի դերասանների մասնակցությամբ նկարահանվել է Հայաստանում:

Ֆիլմը համատեղ արտադրության բնագավառում իրանական «Ֆարաբի» կինոհիմնարկի վերջին աշխատանքն է համարվում:

Մոնրեալի միջազգային կինոփառատոնը միջազգային Ա կարգի մրցութային 15 կինոփառատոներից է և դասվում է Կանի, Բեռլինի, Վենետիկի, Լուկառնոյի, Սան Սեբաստիանի, Մոսկվայի, Կառլովի Վարիի, Վարշավայի, Թալինի, Մառ Դել Փլաթայի, Տոկիոյի, Գուաի և Կահիրեի միջազգային հեղինակավոր կինոփառատոնների շարքը:

Միջազգային այս իրադարձությունը մեկնարկելու է հինգշաբթի օգոստոսի 24-ին և տևելու է մինչև սեպտեմբերի 4-ը:

«Ֆարաբի» կինոհիմնարկի հայտարարության համաձայն, ֆիլմի գլխավոր հերոսը՝ Եվան, 34-ամյա կին է, որի դեմ ամուսնու սպանության մեղադրանքով հետախուզում է հայտարարվել: Նա իր դստերը պաշտպանելու համար որոշում է փախչել և ապաստանում է մի հեռավոր վայր և դիմադրում է տարբեր բարդությունների:

Ֆիլմում նկարահանվել են Հայաստանի կինոյի հայտնի դերասաններ Նարինե Գրիգորյանը, Շանթ Հովհաննիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Կասունին, Մարջան Ավետիսյանը և Ռոզա Ավետիսովան:

 

Իրանական «Իմ կողքին» ֆիլմը շահել է Իտալիայի Լուկանիայի կինոփառատոնի միջազգային բաժնի լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմի մրցանակը:

Իրանական «Իմ կողքին» ֆիլմը պատմում է արևմտյան Ատրպատական նահանգի Դաշբանդ գյուղի մասին: Զբոսաշրջիկներ գրավելու նպատակով պատրաստված ֆիլմը մրցելով մյուս երկրների վավերագրական ֆիլմերի հետ, կարողացել է արժանանալ Իտալիայի Լուկանիայի կինոփառատոնի միջազգային բաժնի լավագույն կարճամետրաժ վավերագրական  ֆիլմի մրցանակին: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

«Իմ կողքին» ֆիլմն ավելի վաղ շահել էր ԱՄՆ CSFF միջազգային կինոփոռատոնում շահել էր արտասահմանյան լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակը: 

Շառլ Ազնավուր

 

Հոլիվուդի Փառքի պուրակում նախօրեին թվով 2618-րդ պատվո աստղը շնորհվել է լեգենդար երգահան և շանսոնյե Շառլ Ազնավուրին։

Մեծանուն արտիստի պարգևը «Կենդանի կատարում» անվանակարգում է։ Աստղը գտնվում է պատմական Pantages թատրոնի հարևանությամբ։

Ազնավուրի՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում «Ազնավուր» հիմնադրամը կներկայացնի հիմնադրամի առաքելությունն ու առաջին նախագիծը՝ Ազնավուր ինտերակտիվ թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնումը: Նշենք, որ 2017 թ. Շառլ Ազնավուրն ու որդին՝ Նիկոլա Ազնավուրը, հայտարարել էին «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին, որի հիմնական առաքելությունն է կրթական, սոցիալական և մշակութային նախագծերի իրականացումը։
«Հիմնադրամի նպատակն է լինելու աջակցել Հայաստանի բնակչության առավել խոցելի խավերին, ինչպես նաև թանգարան ստեղծել Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում: Այս թանգարանը կհյուրընկալի մշակութային ու կրթական միջոցառումներ և կդառնա Երևանի կարևորագույն տեսարժան վայրերից մեկը: Այս նախաձեռնությունը Հայաստանի ապագայի հանդեպ իմ նվիրվածության վկայությունն է, որը, հուսով եմ, կխրախուսի սփյուռքի ներգրավվածությունը և կհետաքրքրի այցելուների աշխարհի բոլոր կողմերից:

Բոլորս մեր համատեղ ջանքերը պետք է ուղղենք Հայաստանի զարգացմանը, որպեսզի հայ երիտասարդներին հնարավորություն ընձեռենք իրենց երազանքները կյանքի կոչելու հայրենի երկրում»,-ասել է Շառլ Ազնավուրը։

Հիմնադրամի ծրագրերի մշակումը և իրագործումը կղեկավարի անձամբ Նիկոլա Ազնավուրը, ով նշել է. «Ինձ համար պատիվ է և հպարտություն, որ հայրս նման պատասխանատու գործը՝ Հայաստանում բարեգործական ծրագրերի իրականացումը, ինձ է վստահել: Անկախ մեր ժողովրդի ունեցած բոլոր մարտահրավերներից՝ մենք հազարամյակների ամուր ու խոր արմատներ ունենք, և մեր պարտքն է հոգ տանել դրանց մասին»։

««Ազնավուր» հիմնադրամը կոչ է անում անհատներին և կազմակերպություններին՝ միանալու Երևանում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի ստեղծման նախագծին՝ հիմնադրամին նվիրատվություն կատարելով և տարածելով սիրո ու միասնության ուղերձը»,- ասված է հաղորդագրությունում։

Մերուժան Տեր-Գուլանյան

 

Հայաստանում անհրաժեշտ է «Մերժված հուշարձանների» թանգարան ստեղծել։ Օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը։

Նրա խոսքով՝ Երեւանի սահմաններից դուրս պետք է տարածք հատկացնել, որտեղ կտեղափոխվեն բոլոր անպիտան հուշարձանները, ներառյալ՝ խորհրդային առաջնորդներին նվիրվածները։

«Գիտե՞ք, որքան զբոսաշրջիկներ դա կներգրավի։ Բոլորս կգնանք հայացք նետելու այդ մարդկանց հուշարձաններին։  Ճիշտ է, այժմ ես չգիտեմ, թե որտեղ է Ստալինի հուշարձանը, սակայն հաստատ գիտեմ, թե որտեղ է Լենինի հուշարձանը»,- նշեց հրապարակախոսը։

 

«ԿԱՌԼԼԵՎՈՆԻ» պատկերասրահում օգոստոսի 27-ին կայացել է ռոստովաբնակ հայ քանդակագործ, նկարիչ Ներսես Կիրակոսյանի ցուցահանդեսի բացումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի թատերական գործիչների միությունից՝ հավելելով. «Ներկայացված են վերջին մեկ տարվա ընթացքում հեղինակի կատարած գրաֆիկական աշխատանքները: Ներկա են եղել մշակույթի և արվեստի գործիչներ:

«Այս ցուցահանդեսի գաղափարը շատ պատահական հղացավ` 2016թ.-ին կայացած առաջին անհատական ցուցահանդեսի ժամանակ: Որոշեցի պատկերել հայ բեմի երախտավորներին, որ գալիք սերունդը չմոռանա նրանց ու հիշատակը միշտ վառ պահի»,- ասաց նկարիչը:

Ն. Կիրակոսյանի փոխանցմամբ` խորագիրը կլինի շարունակելի. «Անշուշտ, ցանկություն կա շարունակել այս գաղափարն ու առաջիկայում ներկայացնել հայ բեմի այլ երախտավորների դիմանկարներ, քանի որ այստեղ ոչ բոլորն են ներկայացված: Բանն այն է, որ այս աշխատանքներն արված են խիստ հաշվարկով. հաշվի ենք առել թատերական գործիչների միության ճեմասրահը, որտեղ շուտով կհանգրվանեն հայ բեմի երախտավորները»:

ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, բարձր գնահատելով նկարչի արվեստը, պարգևատրեց Ն. Կիրակոսյանին ՀԹԳՄ ոսկե մեդալով` հայ բեմարվեստի երախտավորների դիմանկարները վարպետությամբ ստեղծելու և դրանք անհատույց Հայաստանի թատերական գործիչների միությանը նվիրաբերելու համար:

«Աննախադեպ գաղափար է, որի մասին անցած տարի տեղեկացա: Պետք է ասեմ, որ սա շատ մեծ և շռայլ նվեր է մեզ համար, ինչի համար շնորհակալություն հեղինակին: Կարծում եմ, որ այն կծառայի նպատակին. ցավոք սրտի, մեր երիտասարդները շատ քիչ գիտեն հայ բեմի երախտավորների մասին», - ասաց Հ. Ղազանչյանը:

Նշենք, որ ցուցահանդեսը կգործի մինչև ս.թ. սեպտեմբերի 6-ը»:

Կարեն Շահնազարով

 

Հայազգի ռեժիսոր Կարեն Շահնազարովը պատրաստ է ներկայացնել Ռուսաստանը «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ «Աննա Կարենինա. Վրոնսկու պատմությունը» ֆիլմով, սակայն կարծում է, որ կանխատեսումներ անելը դեռ վաղ է, քանի որ պետք է սպասել «Օսկար»-ի կոմիտեի որոշմանը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ես արդեն երեք անգամ Ռուսաստանը ներկայացրել եմ «Օսկար»-ին, դա ինձ համար նորություն չէ: Սակայն պետք է սպասենք՝ ինչպես կքվեարկեն: Դրանք են կինոյի խաղի կանոնները»,- ասել է Շահնազարովը:

Ռեժիսորի «Աննա Կարենինա. Վրոնսկու պատմությունը»  ֆիլմը  8 մասից բաղկացած  «Աննա Կարենինա» սերիալի լիամետրաժ տարբերակն է: Սերիալը  ցուցադրվել է «Ռոսսիա-1» հեռուստաալիքով:  Սերիալի գործողությունները ծավալվում են Աննա Կարենինայի ողբերգական մահվանից 30 տարի անց: Ռուս-ճապոնական պատերազմի թեժ պահին Ալեքսեյ Վրոնսկին իրենց հարաբերությունների մասին պատմում է Աննայի որդուն՝ Սերգեյ Կարենինին: Սերիալում նկարահանվել են Ելիզավետա Բոյարսկայան, Մաքսիմ Մատվեևը:

Գազայի «Սամեր» կինոթատրոն

 

Գազայի մի քանի հարյուր բնակիչներ վերջին 30 տարում առաջին անգամ կարողացել են կինոթատրոնում ֆիլմ դիտել, հաղորդում է «Ֆրանս Փրեսը»։

Հաղորդվում է, որ Գազայի «Սամեր» կինոթատրոնն օգոստոսի 26-ի երեկոյան միայն մի գիշերով իր դռներն է բացել այցելուների առջեւ։ Կինոթատրոն է այցելել մոտ 300 կին ու տղամարդ։ Ցուցադրվել է լիամետրաժ «10 տարի» ֆիլմը, որը պատմում է իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիների մասին։ Ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է Գազայում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

«Սամեր» կինոթատրոնը կառուցվել է 1944 թվականին, իսկ 1960-ականներին այն փակել են։ Գազայի հատվածի մնացած բոլոր կինոթատրոնները փակվել են 1980-ականների վերջին, «առաջին ինտիֆադի» ժամանակ։

Ցուցադրության կազմակերպիչ Գհադա Սալմին պատնել է, որ այդ միջոցառումը «Գազայում կինոյի վերածննդի» ջանքերի խորհրդանիշն է։

 

Ամերիկացի հայտնի գրող Սթիվեն Քինգը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրեն Twitter-ում արգելափակելուն ի պատասխան՝ նա արգելում է նախագահին դիտել իր «Այն» (It) և «Միստր Մերսեդես» (Mr. Mercedes) ստեղծագործությունների նոր էկրանավորումները։

«Դոնալդ Թրամփն ինձ արգելափակել է Twitter-ում։ Ի պատասխան՝ ես արգելափակում եմ նրա կողմից «Այն» և «Միստր Մերսեդես» ֆիլմերի դիտումը»,- գրել է գրողը Twitter-ում։
Քինգը գրել է, որ «այլևս ոչ մի ծաղրածու Թրամփի համար», և խորհուրդ է տվել նրան «գնալ լողալ»՝ ակնարկելով «Այն» ստեղծագործության բովանդակությունը։

Նոր «Այն» ֆիլմն ԱՄՆ վարձույթում կհայտնվի սեպտեմբերի 8-ին։ Իսկ «Միստր Մերսեդես» սերիալը հեռարձակվում է ամերիկյան հեռուստատեսությամբ։

Սթիվեն Քինգը մեկ անգամ չէ, որ Թրամփին ուղղված քննադատությամբ է հանդես գալիս։

«Միստր Պինչոնը և Սփրինգֆիլդ բնակավայրը»

 

Համացանցում քննարկվում է իտալացի աբստրակցիոնիստ Ուբերտո Ռոմանոյի 1937-ին պատկերած «Միստր Պինչոնը և Սփրինգֆիլդ բնակավայրը» կտավը, որում ավանդական հագուստով հնդկացին ձեռքում բռնած առարկային է նայում. այն իր տեսքով iPhone է հիշեցնում:

Ինչպես ներկայացնում է «Քորեսպանդենթ»-ը, առաջինը նկարին ուշադրություն է դարձրել Motherboard-ի խմբագիր Բրայան Անդերսոնը: Լրագրողը նկարի մասին տեղեկացել է պատմաբան Դենիել Քրոունի հոդվածից, որը նվիրված է գաղութարար Ուիլյամ Պինչոնին՝ կտավի գլխավոր հերոսին: 

Ինչպես ավելի ուշ մեկնաբանել է պատմաբանը, կտավում, իհարկե, սմարթֆոն չէ պատկերված, այլ ամենայն հավանականությամբ՝ հայելի, որը կարող է խորհրդանշել բնիկների կարգավիճակը Հյուսիսային Ամերիկայում:

Այլ վարկածների համաձայն՝ դա կարող էր աղոթագիրք, դանակի շեղբ կամ զենքի պատրաստման համար պիտանի մետաղական առարկա լինել: