Գեղարվեստական հաղորդում (78)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Օրեր շարունակ հայ արվեստասերների առօրյան հարստացրած «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի մասնակիցներին օգոստոսի 31-ին հուշանվերներ հանձնվեցին: Հանձնման արարողությունից հետո փառատոնի մասնակիցներն ու կազմակերպիչները լրագրողների հետ խոսեցին փառատոնի ձեռքբերումների, դերի և նշանակության մասին:
«Սա բարության փառատոն է: Այն տեսախցիկները, որոնք իմ առաջ են հիմա, հավանաբար բազմաթիվ դաժան կադրեր են ֆիքսել, իսկ այսօր դրանք բարին են նկարում, ու ես անկեղծորեն շնորհակալ եմ այս փառատոնի կազմակերպինչներին և մասնակիցներին բոլորիս նման դրական ու պայծառ օրեր նվիրելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց փառատոնի՝ Իսրայելից Հայաստան ժամանած մասնակից Դմիտրի Բրիկմանը:
Կանադայի ֆրանսիական հատվածից ժամանած կինոռեժիսոր Պասկալ Ժելինասի խոսքով` ինքըն ավելի քան հիսուն տարի զբաղվում է կինոարտադրությամբ և բազմաթիվ փառատոնների է մասնակցել, սակայն «Ֆրեսկո»-ն իրեն շատ-շատ է դուր եկել: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել փառատոնի ողջ թիմին ինձ հյուրընկալելու համար: Նրանք Հայաստան հրավիրեցին մի ծերուկի, ով քիչ բան գիտեր այս երկրի մասին: Այստեղ կարողացա գտնել այն աղբյուրը, որի զուլալ ջուրն ինձ թարմություն տվեց: Փառատոնին տեսա համերաշխություն, համագործակցելու կարողություն, միասնություն: Երկար կյանք եմ մաղթում «ֆրեսկո»-ին ու Հայաստանին»,-եզրափակեց ռեժիսորը:
Լրագրողների հետ հանդիպումից հետո տեղի ունեցավ ճապոնացի հայտնի լուսանկարիչ Հայատո Մացումոտոյի վարպետության դասը, ցուցադրվեց «Ճապոնիայի հակադրությունը» կինոնկարը:
Փառատոնի մեկնարկը տրվել էր օգոստոսի 25-ին Կարապի լճի տարածքում: Միջոցառումների ընթացքում անցկացվել են ֆիլմերի դիտումներ, համերգներ, հանդիպումներ կինոգործիչների հետ: Կազմակերպվել են նաև բացօթյա դիտումներ Երևանի այլ մասերում: Ցուցադրություններ և վարպետության դասեր են անցկացվել Լոռու մարզում՝ Սանահինում, Հաղպատում, Քոբայրում: Փառատոնի ընթացքում ցուցադրված բոլոր կինոնկարներն անդրադարձել են էկոլոգիական աղետների, միգրացիայի, ընտանեկան և այլ խնդիրների:
Ֆարնուշ Աբեդիի պատրաստած «Ծառան» ֆիլմը «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնի «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում արժանացել է պատվավոր դիպլոմի:
Սեպտեմբերի մեկին Կոպենհագենի համալսարանում տեղի են ունեցել Ֆարնուշ Աբեդիի պատրաստած «Ծառան» և «Հին ծառը» ֆիլմերի ցուցադրությունը և դրանց շուրջ մամլո ասուլիսի նիստը՝ ֆիլմերի ռեժիսորի մասնակցությամբ:
Իրանի իսլամական հանրապետությունը մասնակցելու է Մոսկվայի գրքի 30-րդ միջազգային ցուցահանդեսին:
Մոսկվայի գրքի ցուցահանդեսը կայանալու է 2017 թվականի սեպտեմբերի 6-ից 10-ը: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:
Իրանի մշակութային ցուցահանդեսների հաստատությունը՝ գրականության, արվեստի, մանկապատանեկան, կրոնական ու Սրբազան պաշտպանության բնագավառներում 250 անուն գրքերով, մասնակցելու է Մոսկվայի ցուցահանդեսին:
Ցուցահանդեսին մասնակցելով Իրանի մշակութային ցուցահանդեսների հաստատությունը նպատակ ունի ներկայացնել Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսը և իրանական գրքեր հրատարակելու իսլամական առաջնորդման ու մշակույթի նախարարության ծրագրերը և միջազգային հրատարակիչներին հրավիրել մասնակցել ՝ Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին:
Մոսկվայի գրքի ցուցահանդեսին մասնակցելու են 63 երկրի ներկայացուցիչներ:

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրային ռադիոյի պուրակում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում աստղային ճեմուղին համալրվեց Հայկական հեռուստատեսության և ռադիոյի երախտավորների անուններով։
Արարողությանը ներկա էին ռադիոյի և հեռուստատեսության երախտավորներ ու նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության և ռադիոյի ղեկավարներն ու աշխատակիցները։
ՀՀ ժողովրդական արտիստ Նառա Շլեպչյանի ընդգծմամբ բոլոր նրանք, ում անունները հայտնվել են աստղային ճեմուղում, արժանի մարդիկ են, Հանրային հեռուստատեսության և ռադիոյի երախտավորները, որոնք անասելի մեծ ներդրում ունեն հայ մշակույթի զարգացման գործում։
Նա համոզմունք հայտնեց, որ իրենց՝ ռադիոյի և հեռուստատեսության երախտավորների կողքին աշխատող տաղանդավոր երիտասարդները վաղն արժանի կերպով կփոխարինեն ավագ գործընկերներին։
Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանն էլ նշեց, որ միայն նախկին օրն է տեղեկացել փառքի ծառուղում իր անվամբ սալիկի զետեղման մասին և մեծ անակնկալի եկել։ «Չէի կարծում, որ ծառուղում իմ անունը ևս կհայտնվի, այսինքն՝ կարծում էի՝ դա ավելի ուշ կլիներ, բայց հիմա շատ շոյված եմ։ Ամենակարևորն այն է, որ մենք մարդուն գնահատում ենք նրա կենդանության օրոք, առաջ նման բան չկար։ Մի քիչ կոպիտ, բայց լավ խոսք կա. «Գնա մեռի, արի սիրեմ»։ Այսօր այդ կարծրատիպը կարծես կոտրվում է»,- նշեց մաեստրոն։
ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանն իր հերթին ընդգծեց, որ շատ է կարևորում արտիստների որակական հատկանիշներին և կատարողական մշակույթին։
«Երգիչը կարող է մեծ երգացանկ ունենալ, բայց մեկ-երկու երգը լավը լիւնեն։ Այժմ ազատ շուկա է, իսկ առաջ երաժշտական ստեղծագործություններն ընդրվում էին գեղարվեստական խորհրդի կողմից։ Խոսքը և բառերի, և երաժշտության, և գործիքավրման մասին է։ Հիմա ամեն մեկը տարբեր ստուդիաներում երգեր է ձայնագրում և մատուցում։ Ճիշտ ուղղորդում է անհրաժեշտ»,- նշեց երգչուհին։
Սեպտեմբերի 15-16-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում կգումարվի «Ծովանկարչության սահմանները» խորագիրը կրող միջազգային գիտաժողով` նվիրված հայազգի հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին:
Երկօրյա գիտաժողովին զեկույցներով հանդես են գալու մեկ տասնյակից ավելի ոչ հայ, նաև հրավիրված արվեստաբաններ, պատմաբաններ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Ազգային պատկերասրահում բացվելու է նաև Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը:
Նշենք, որ 2017 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հիշարժան տարեթվերի շարքում ընդգրված է Հովհաննես Այվազովսկու հոբելյանը (200-ամյակ):
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 5-ին բացվել է «Ընտրանի» խորագրով ցուցահանդես: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնն առաջին անգամ «Հայ կոլեկցիոներների ակումբի» հետ համատեղ անցկացնում է «Ընտրանի» խորագրով ցուցահանդես՝ ներկայացնելով հայ արվեստի լավագույն ստեղծագործությունները մեկ հարթակում: Ցուցահանդեսին ներկայացված գործերը բացառապես մասնավոր հավաքածուներից են:
Ցուցահանդեսին ներկայացված է հայ նկարիչների ընտրանին հայ կոլեկցիոներների աչքերով՝ 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 21-րդ դարի սկիզբ: Ներկայացված են հայ դասական և մոդեռն 24 վարպետներ՝ Հովհաննես Այվազովսկի, Գևորգ Բաշինջաղյան, Վարդան Մախոխյան, Եղիշե Թադևոսյան, Վահրամ Գայֆեջյան, Մարտիրոս Սարյան, Հովհաննես Ալխազյան, Երվանդ Քոչար, Արշիլ Գորկի, Լևոն Թութունջյան, Դմիտրի Նալբանդյան, Գառզու, Գրիգոր Պետիկյան, Սարգիս Դիրանյան, Արսեն Շաբանյան, Ժան Ժանսեմ, Հակոբ Հակոբյան, Վրույր Գալստյան, Մինաս Ավետիսյան, Աշոտ Հովհաննիսյան, Հրաչյա Հակոբյան, Սեյրան Խաթլամաջյան, Ռոբերտ Էլիբեկյան, Վարուժան Վարդանյան, թվով 30 ստեղծագործություն:
Սեպտեմբերի 5-29-ը հանդիսատեսը հնարավորություն ունի կողք-կողքի տեսնել հայ արվեստի մի գեղարվեստական պատառիկ, որն արտացոլում է վերջինիս բազմազանությունը և հայ մարդու գեղագիտական ու բովանդակային ողջ խորությունը:
Աշխարհում ամենահին՝ Վենետիկի կինոփառատոնն 74-րդ անգամ բացեց իր դռները: «Ոսկե առյուծ»-ի համար պայքարելու է ավելի քան 20 ֆիլմ:
Եվրանյուզի հաղորդմամբ՝ Վենետիկի կինոփառատոնի արտ-տնօրենն ասել է. «Մենք ձգտում ենք մեր հասարակության ժամանակակից խնդիրների լուսաբանմանը: Դա միայն փառատոն չէ, այլ միջոցառում, որը լցված է ժամանակակից խնդիրներով: Նման թեմաներից մեկն այսօր զանգվածային միգրացիան է, ամբողջ աշխարհում դրա հետ դեմ առ դեմ բախվում ենք, և այդ մասին խոսակցությունը դառնում է քաղաքական բանավեճի ձև»:
Միգրացիայի թեման ներկայացված է չինացի վարպետ Այ Վեյվեյի «Մարդկային հոսք» վավերագրական ֆիլմում:
Իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի ապահովեն փառատոնի հյուրերի համար անվտանգության անհրաժեշտ մակարդակ: Փառատոնն ավանդաբար անցկացվում է Վենետիկի Լիդո կղզում: Կինոփառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 9-ը:
Լոնդոնի Բրիտանական գրադարանը ազատ հասանելիությամբ հրապարակել է իտալական Վերածննդի կարկառուն ներկայացուցիչ Լեոնարդո դա Վինչիի պաշտոնական ձեռագիրը, որը հայտնի է «Արունդելի օրագիր» անվանումով:
Ձեռագրում տեղ են գտել հոդվածներ տարբեր թեմաներով, այդ թվում՝ մեխանիկայի և երկրաչափության մասին: Այն ներառում է նաև տարատեսակ էսքիզներ և դիագրամներ:
«Արունդելի օրագիրը» համարվում է Դա Վինչիի՝ նշանակալիությամբ երկրորդ ձեռագիրը «Ատլանտյան օրագրից» հետո:

Բրյուսելի Գեղարվեստի կենտրոնում անցկացվող ցուցահանդեսի այցելուներից մեկը պատահաբար քայլելով անցել է ժամանակակից արվեստի նմուշի վրայով:
Le Libre-ի հաղորդմամբ՝ այցելուն, հետաքրքրվելով մեկ այլ ցուցանմուշով, չի նկատել գետնին տեղադրված ինստալյացիան, որը կապույտ լցոնիչով ավազաման է հիշեցնում:
Գեղարվեստի կենտրոնի մամուլի քարտուղարը հաստատել է միջադեպը՝ նշելով, որ այն տեղի է ունեցել՝ չնայած ինստալյացիայի մոտ զգուշացնող նշաններ են տեղադրված: Դրանից բացի, սրահում պահակ է եղել:
Նշվում է, որ ինստալյացիան ֆրանսիացի արվեստագետ Իվ Քլայնի՝ 1957 թվականին ստեղծած աշխատանքներից մեկի վերարտադրությունն է: Այս պատճառով այցելուին հաջողվել է խուսափել տուգանքից:
Լոս Անջելեսում մահացել Է ամերիկացի դերասան Ռիչարդ Անդերսոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press-ը՝ վկայակոչելով նրա ընտանիքի ներկայացուցչին: Արտիստը 91 տարեկան Էր:
Առավել հաճախ նա դերեր Է խաղացել դետեկտիվ սերիալներում, որոնց թվում են «Կոլոմբո», «Նա գրել Է սպանություն», «Հյուրանոց 5-O», «Նոր Փերի Մեյսոնը», «Մեծ խուզարկուն» եւ «ՀԴԲ» ֆիլմերը:
Անդերսոնը նաեւ մասնակցել Է գիտաֆանտաստիկ նախագծերի, մասնավորապես, «Վեց միլիոն դոլարի մարդը» եւ «Բիոնիկական կինը» սերիալներին:
Ռիչարդ Անդերսոնի ֆիլմադարանում են՝ «Մարգարտահատիկ», «Արգելված մոլորակը», «Գիշերային ճիչ», «Փառքի արահետներ», «Երկար շոգ ամառ», «Բռնություն», «Մայիսյան յոթ օր», «Վատ համբավ» եւ «Ապակե վահան» ժապավենները: