Գեղարվեստական հաղորդում (79)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Իրանցի կինոբեմադրիչ Վահիդ Ջալիլվանդն «Առանց թվական, առանց ստորագրություն» ֆիլմի համար շահեց Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Նոր հորիզոններ» բաժնի լավագույն կինոբեմադրիչի մրցանակը:
«Առանց թվական, առանց ստորագրություն» ֆիլմը շաբաթ երեկոյան ներկայացվեց Վենետիկի միջազգային 74-րդ կինոփառատոնի «Նոր հորիզոններ» բաժնում: Ֆիլմի բեմադրիչը Վահիդ Ջալիլվանդն է, իսկ պրոդյուսերը, նրա եղբայրը՝ Ալի Ջալիլվանդը:
«Առանց թվական, առանց ստորագրություն» ֆիլմի դերասան Նավիդ Մոհամմեդզադեին շնորհվեց լավագույն դերասանի, իսկ Վահիդ Ջալիլվանդին՝ լավագույն կինոբեմադրիչի մրցանակը:
«Առանց թվական, առանց ստորագրություն» ֆիլմի սցենարը գրել են Ալի Զառնեգարն ու Վահիդ Ջալիլվանդը: Ֆիլմը, «Չորեքշաբթի՝ օրդիբեհեշտի 19-ը» ֆիլմից հետո համարվում է Ջալիլվանդ եղբայրների երկրորդ համատեղ աշխատանքը:
«Հանգիտագիրք» պատմագիրքը լրացնում է իրանական պատմության տեղի աղբյուրների բացթողումները: Այն նաև 18-րդ դարի իրանահայ համայնքի կյանքը ներկայացնող կարևոր աղբյուր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 7-ին կայացավ Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագիրք» պատմագրքի գրաբար բնագրի և աշխարհաբար փոխադրությամբ գրքի շնորհանդեսը:
«Այս ձեռագիր մատյանը ցավոք մինչ այսօր չէր հրատարակվել: Ձեռագրի մասին իմացել ենք Հարություն Հովնանյանի «Պատմություն Նոր Ջուղայի» գրքից: Երևանի ազգային գրադարանից ևս ստացանք պարբերականներում դրա մասին տպագրված հոդվածները: Հասկացանք, որ բոլորը բարձր են գնահատում ձեռագրի արժեքը, և որոշեցինք տպագրել գիրքը»,-ասաց Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության կողմից «Հանգիտագիրք» պատմագրքի հրատարակման պատասխանատու Գասպար Ամիրխանյանն ու հավելեց, որ գիրքը հրատարակվել է Թեհրանի «Ալիք» տպարանում:
Նրա խոսքով՝ «Հանգիտագիրք»-ը 1665-1789 թթ ոչ միայն Իրանի հայ համայնքի, այլ նաև Իրանում կատարված իրադարձությունների պատմությունն է: Ըստ մասնագետների՝ ներկայացված են այնպիսի փաստեր, որոնք անգամ իրանական պատմագրության որևէ աղբյուրներում չկան:
«Ստեփանոս Երիցի պատմագրքի մասին շատ վաղուց գիտեի: Փերիո Կրթասիրաց միությունը նախաձեռնեց դրա հրատարակությունը, իսկ ինձ առաջարկվեց գրել առաջաբանը և ծանոթագրությունները: Այն 18-րդ դարի իրանահայ համայնքի կյանքի կարևոր աղբյուր է: Իրանցի պատմաբանները ևս բարձր են գնահատում հայկական աղբյուրների արժեքը»,-ասաց գրքի նախաբանի հեղինակ, իրանագետ Վահան Բայբուրթյանը:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նախարար Հրանուշ Հակոբյանի անունից շնորհավորեց և ՀՀ սփյուռքի նախարարության բարձրագույն ոսկե հուշամեդալ հանձնեց Փերիո Կրթասիրաց միության ներկայացուցչին:
Ներկա էր նաև Հայաստանում Իրանի դեսպանության առաջին քարտուղար Հոսեյն Շիրխանին:
Հոկտեմբերի 7-ին կայանալու է Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը, որն ընտրելու է միության նոր նախագահ և վարչություն: Նախագահի պաշտոնում պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել նաև կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ով օրեր առաջ իր դիմումի համաձայն ազատվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից: Նշենք, որ հենց նա է 14 տարի առաջ հիմնադրել այդ փառատոնը:
«Այդ տարիներին ամբողջովին կործանվել էր հայկական կինոն. կործանվել էր կինոստուդիան, վաճառվել էին կինոթատրոնները, մասնագետները գնացել էին տարբեր երկրներ աշխատելու: Ոչ մասնագետ էր մնացել, ոչ կինոյի մթնոլորտ կար, ոչ կինոյի աշխատող, ոչ էլ փող: Իսկ կինոն կարևոր գործիք է, պետք էր վերականգնել: Դրա համար պետք էր ստեղծել մթնոլորտ, սակայն որևէ մեկը փող չուներ ներդրումներ անելու համար՝ գործիքներ առնել, սցենարներ գրել տալ, սովորելու ուղարկել: Փառատոնը միջոց էր, որ մարդիկ ծանոթանային համաշխարհային կինոյի հետ, վարպետության դասեր անցկացվեին, թաթախվեին կինոյի մեջ, տեսնեին՝ ինչեր էին կատարվում աշխարհում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Խաչատրյանը՝ նախ հիշեցնելով, թե ինչու որոշեց հիմնադրել «Ոսկե ծիրան» կինոփառատոնը:
Նրա խոսքով, այս տարիների ընթացքում բավականին հաջողության են հասել. եթե սկզբում 1-2 հայկական ֆիլմ կար փառատոնի ծրագրում, այժմ արդեն՝ 25-26, նույնիսկ այն դեպքում, երբ ոչ բոլոր ֆիլմերն են ընդգրկում: Կամ՝ եթե առաջ կար 1000-1500 հանդիսատես, այսօր 45-50 հազար մարդ է նայում փառատոնային ֆիլմերը:
«Բայց այս տարիներին մեզնից որևէ մեկի մոտ մի բան չստացվեց՝ հայկական կինոն չկայացավ: «Ոսկե ծիրան»-ը շատ բաների օգնեց, բայց չկարողացավ բոլոր կինոկազմակերպությունները հավաքել իր շուրջը, որպեսզի օգնեին երիտասարդներին, օգնեին տարածելու հայկական կինոյի տեսակը, որը դեռ չկա, լուրջ քաղաքականություն վարեին կինոյի միջոցով: Այսօր առիթ է ստեղծվել: Կինոմիությունն իրավունք ունի իր շուրջ հավաքել բոլորին: Իմ ընկերները համոզեցին, որ համաձայնվեմ և առաջադրեմ իմ թեկնածությունը նախագահի պաշտոնում»,- նշեց կինոռեժիսորը:
Նա համոզված է, որ միայն միասնական ուժերով կարելի է կայացնել հայկական կինոն:
«Վրացական կինոն կայացավ, ընդունեցին ճիշտ օրենք, ճիշտ ֆիլմեր են նկարահանում: Մենք միասնական գործ չարեցինք. Կինոինստիտուտն առանձին է աշխատում, Կինոկենտրոնը՝ առանձին, «Հայկ» կինոստուդիան՝ առանձին, մասնավոր կինոարտադրողներն՝ առանձին: Չկա ընդհանուր գաղափար, չկա մի նպատակ, չկան պաշտպանական, իրավական միջոցներ, չկա օրենք: Այդ ամեն ինչով պետք է զբաղել, հավաքվել իրար կողքի և հնարավորություններն օգտագործել հայկական կինոյի կայացման, զարգացման համար»,- նշեց Հարություն Խաչատրյանը:
Հարցին, թե արդյոք չի ազդի փառատոնի տնօրենի պաշտոնից ձեր հրաժարումը փառատոնի վրա, նա նշեց. «Փառատոնն արդեն կայացած է, ոտքի վրա է, կարող են շարունակել մյուս հիմնադիրները՝ Սուսաննա Հարությունյանը, Միքայել Ստամբոլցյանը: Լուրջ մարդիկ են զբաղվում փառատոնով»:
Պատասխանելով հարցին, թե «Ոսկե ծիրան»-ի հետ կապված ունեի՞ք ծրագրեր, որոնք դեռ չեն իրականացվել, Հ. Խաչատրյանն ասաց, որ պետք է փոխել ծրագրերը, ավելի շատ աշխատել արտադրության, պրոեկտների ֆինանսավորման վրա, կանչել դասախոսների, ովքեր կզբաղվեն պրոեկտները կարգի բերելով, մրցակցային դարձնելով:
«Կարևոր է՝ փառատոն, միաժամանակ դպրոց բոլոր նրանց համար, ովքեր ուզում եմ համաշխարհային կինո մտնել»,- նշեց նա:
Հայաստանի Գրողների Միությունն ամռանը մի շարք ծրագրեր, գեղեցիկ գրական միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ է իրականացրել: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց միության ամառային գործունեությունը և խոսեց ապագա ծրագրերից:
«Մայիսին ՀՀ գրողների միությունն իր պոեզիայի այգում բացօթյա միջոցառում իրականացրեց. բանաստեղծական լեցուն և հաճելի օր: Նույն ամսին Թիֆլիսում անցկացվում էին Սայաթ-Նովայի օրերը, և դա մեր ու վրաց գրողների հանդիպումների, քննարկումների, գրքերի շնորհանդեսների համար հիմք դարձավ: ՀԳՄ-ն հրատարակեց «Արդի վրաց պոեզիայի անթոլոգիա»-ն, որի թարգմանիչը Գագիկ Դավթյանն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Միլիտոնյանը:
Նրա խոսքով` հունիսի սկզբին, ավանդույթի համաձայն, ՀԳՄ-ն Ծաղկաձորում անցկացրեց երիտասարդ գրողների եռօրյա խորհրդակցությունը «Գրականություն և հայրենիք» թեմայով: Հաջորդ տարի կլինեն գրողներ Իրանից, Լիբանանից:
ՀԳՄ-ն կազմակերպել է նաև թարգմանական գրականության խնդիրներին վերաբերող լիանիստ քննարկում: «Բազմաթիվ լեզուներից հայերեն են թարգմանվում տարբեր գրքեր, որոնց որակի ու չափանիշների մասին դատելը դժվար է, քանի որ այդ գրականությունը վերլուծողներ, մեկնաբաններ գրեթե չկան»,-շեշտեց նախագահը: Նա ասաց, որ եթե նախկինում գրքերը հայերենից հիմնականում ռուսերեն էին թարգմանվում, ապա այսօր` արաբերեն, պարսկերեն, ֆրանսերեն, գերմաներեն:
Նա ընդգծեց, որ վերջին չորս, հինգ տարվա ընթացքում հայ գրողների ստեղծագործությունները տպագրվել են եվրոպական հանդեսներում, թերթերում, ներկայացվել են անթոլոգիաներով:
«Այս ամիսներին իրականացված միջոցառումներից հատկապես կարևորում եմ հուլիսին Գանձայում անցկացված տերյանական օրերը և այն, որ օգոստոսի հինգին Թիֆլիսում բացվեց Հովհաննես Թումանյանի վերանորոգված տունը:
Վերականգման գործընթացը սկսվեց ՀԳՄ նախկին նախագահ Լևոն Անանյանի հորդորով. նա բարձրացրեց այդ հարցը և մի շարք աջակիցների շնորհիվ տունը դարձավ գրական մշակութային համալիր, որը գրողների հանդիպման, քննարկումների, գրքերի շնորհանդեսների հիանալի վայր է»,-ասաց Էդվարդ Միլիտոնյանը:
Անդրադառնալով ապագա ծրագրերին` նա շեշտեց, որ հոկտեմբերի ութից տասներկուսը Երևանում և Ծաղկաձորում կանցկացվի սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողների առաջին համաժողովը:
Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան որոշել է պատվավոր «Օսկար»-ներ շնորհել աֆրոամերիկացի կինոռեժիսոր Չարլզ Բերնետտին, կինոօպերատոր Օուեն Ռոյզմանին, կանադացի դերասան Դոնալդ Սաթերլանդին և ֆրանսիացի ռեժիսոր Անես Վարդային: ՏԱՍՍ-ը, հղում անելով «Օսկար»-ի պաշտոնական կայքում, գրում է, որ մրցանակների հանձնման արարողությունը կայանալու է նոյեմբերի 11-ին Լոս Անջելեսում Hollywood & Highland համերգասրահում:
«Այս տարվա՝ պատվավոր «Օսկար» շնորհելու մասին որոշումը վկայում է այն մասին, թե ինչքան լայն է միջազգային անկախ կինոարվեստի շրջանակները: Այս մրցանակները շնորհվում են կինոյի ոլորտում հայտնի գործիչների, որոնց աշխատանքները ներկայացնում են աշխարհի բազմակողմանի ընկալումը»,- ասել է ակադեմիայի նախագահը:
Ռուս ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին Իտալիայում՝ Կարրարա լեռներում, սկսել է «Հրեշ. Տեսիլքներ» նոր ֆիլմի նկարահանումները: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են Կոնչալովսկու պրոդյուսերական կենտրոնից:
Ռուս-իտալական արտադրության էպիկական ֆիլմը նկարահանվելու է ավանդական դասական պատմական դրամայի ավանդույթներով: Ֆիլմը նվիրված է հանրահայտ նկարիչ և քանդակագործ Միքելանջելո Բուոնարոտտի կյանքին: Նոր ֆիլմում Կոնչալովսկին մտադիր է ներկայացնել Միքելանջելոյի կյանքից մի քանի դրվագ՝ հենվելով «տեսիլքի» ժանրի վրա:
Ռեժիսորի խոսքով, ֆիլմը նկարահանվում է՝ հաշվի առնելով պատմական ճշգրտության խիստ պահանջները:
«Ես ցանկանում են ներկայացնել ոչ միայն Միքելանջելոյի կերպարի էությունը, նաև այդ դարաշրջանի հոտը, գույնը, կոլորիտը: Նման ֆիլմ նկարահանելուն ինձ մղեց Միքելանջելոյի մեծության մասին աշխարհին, ժամանակակից երիտասարդներին պատմելու ցանկությունը, ովքեր շատ կարճ հիշողություն ունեն»,- ասել է ռեժիսորը:
Նկարահանումներն անցկացվելու են Տոսկանա և Լացիո շրջաններում, որտեղ ապրել և աշխատել է արվեստագետը: Միքելանջելոյի դերում հանդես է գալիս իտալացի դերասան Ալբերտո Տեստոնեն:
Ֆիլմը նկարահանվելու է իտալերեն: Ռեժիսորը նախատեսում է ավարտել մոնտաժային աշխատանքները 2018-ին: