Հոկտեմբեր 06, 2017 03:04 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Իրանի Ֆարաբի կինոհիմնարկի գործադիր տնօրենն ասաց. «Իրանի կինոն պատրաստ է նախապատվություն տալ տարածաշրջանի և հարևան ու բարեկամ երկրների կինոկենտրոնների հետ համագործակցությանը»:

ԻՌՆԱ-ի կիրակի օրը կատարած հաղորդման համաձայն, Ալիռեզա Թաբեշը շաբաթ գիշեր ՀՀ մշակույթի նախարարի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանի և կինոյի ու մամուլի գործիչների մասնակցությամբ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպված հայ-իրանական համատեղ արտադրություն համարվող «Եվա» գեղարվեստական ֆիլմի պրեմիերային նվիրված հանդիսության ժամանակ անդրադառնալով երկու երկրի միջև մշակութային հարաբերություններին, հավելեց. «Հայաստանի և Իրանի միջև մշակութային համագործակցությունը «Եվա» ֆիլմի արտադրմամբ նոր փուլ մտավ: Ֆիլմ, որը ցուցադրում է բաժանող սահմաններին կապված մնալու հետևանքները»:

Իրանական Ֆարաբի կինոհիմնարկի գործադիր տնօրենը հույս հայտնեց, որ այս մեծ քայլին կհաջորդեն Երևանում իրանական, իսկ Թեհրանում հայկական ֆիլմերի ցուցադրություններ ու երկու երկրներում ֆիլմի ցուցադրման շաբաթները:

Հանդիսության ժամանակ «Եվա» ֆիլմի հեղինակ իրանահայ կինոբեմադրիչ Անահիտ Աբադն անդրադառնալով այս ֆիլմի արտադրման ընթացքում իր և մյուս գործընկերների աշխատանքին, ասաց. «Ֆիլմն իրանական կինոյի ընդունակության ու կարողությունների և հայ արվեստագետների ստեղծագործական ուժի արդյունքն է և հույսով ենք դրա մարդկային ու բարոյական ուղերձն ընկալելի ու հարազատ կլինի այս հողագնդի տարբեր կողմերում ապրող հանդիսատեսի համար:

«Եվա» հայ-իրանական համատեղ արտադրության խաղարկային ֆիլմը սեպտեմբերի 24-ից ցուցադրվել է Երևանի կինոթատրոններում:

«Իրանահայ համայնքի ամբողջական պատմություն» 10 հատորյակը

 

«Իրանահայ համայնքի ամբողջական պատմություն» 10 հատորյակը հայագիտության մեջ լրացնում է իրանահայ համայնքի մասին տեղեկատվության բացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 22-ին  «Լույս» ամսագրի գլխավոր խմբագիր, գրող  Էդիկ Բաղդասարյանի հետ հանդիպմանն այս մասին ասացին Գրողների միության անդամները:

«Էդիկ Բաղդասարյանն անցյալ տարի ևս Գրողների միությունում հանդիպում ունեցավ և ներկայացրեց իր 115 գրքերը, որոնք այս տարի դարձել են 138: Նա իսկապես մեծ գործ է կատարել գրականության ոլորտում»,-ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Էդիկ Բաղդասարյանը գիտական սխրագործություն է կատարել: Նա նաև ստեղծագործում է անգլերեն և հայ ժողովրդի պատմությունն օտար ընթերցողներին ներկայացնում է այնպես, ինչպես, որ կա:  Նա, ապրելով օտար երկրում, ջանքեր է ներդնում նաև հայապահպանության գործում»,-ասաց  պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը:

Էդիկ Բաղդասարյանն անդրադարձել է նաև իրանահայ համայնքի պատմությանը: Արձակագիր Աստղիկ Հակոբյանի կարծիքով՝  իրանահայ կյանքի մասին մեծածավալ աշխատություն մինչ այդ չի եղել: Հայագիտության մեջ այդ բացը լրացրել է Էդիկ Բաղդասարյանը՝ 2012-ին հրատարակելով «Իրանահայ համայնքի ամբողջական պատմություն» 10 հատորյակը: «Այն, ներառելով տարբեր գավառների պատմությունը, կենցաղը, սովորույթները, ուսումնասիրողի համար իսկապես յուրատեսակ սկզբնաղբյուր է: Ներկայացնելով հայ-իրանական ժողովրդի ծագումնաբանությունից մինչ մեր օրերը՝ աշխատանքը հայագիտության մեջ իր ուրույն խոսքն է ասում»,-ասաց նա:

Աշխատությունը 2015-ին համառոտ տարբերակով լույս է ընծայվել հայերեն: 2014-ին այն թարգմանվել և հրատարակվել է պարսկերեն տարբերակով, իսկ 2016-ին՝ անգլերեն: «Պարսկերեն տարբերակի շնորհիվ՝ իրանցիները հնարավորություն կունենան տեղեկանալու իրենց երկրի տարածքում ապրող համայնքի դերի, տարբեր ասպարեզներում նրանց կատարած դերի մասին:  Ինձ պես 1921-45 թթ.-ի համայնքի պատմությունն ուսումնասիրողի համար այն իսկապես յուրատեսակ սկզբնաղբյուր է»,-ասաց Աստղիկ Հակոբյանը:

Արձակագիր Ալիսա Հովհաննիսյանի կարծիքով՝  Էդիկ Բաղդասարյանը մեծ գործ է կատարել պատմաբանասիրության բնագավառում: Ճարտարագետ-պատմաբանը հայոց մշակույթի նաև տեխնիկական գիտությունների մասին  հրատարակել է բազմաթիվ հոդվածներ:

«Մեր խոստումը»

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից կազմակերպված երեկոյին, որի շրջանակներում ներկայացվել է «Մեր խոստումը» խորհրդանշական բեմադրությունը:

Երեկոն նվիրվել է ամերիկացի հայտնի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի նկարահանած՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016թ-ի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ:

Երեկոյին ներկա են եղել ինչպես ֆիլմի ռեժիսորը, այնպես էլ «Խոստումը» ֆիլմի ստեղծմանն իրենց մեծ ներդրումն ունեցած պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, անվանի կինոգործիչ Մայք Մեդավոյը: Երեկոյի հիմքում ֆիլմի օրիգինալ երաժշտությունն ու պատմությունն են:

«Հայ ֆեստ» միջազգային թատերական 15-րդ փառատոն

 

Հոկտեմբերի 1-8-ը կանցկացվի «Հայ ֆեստ» միջազգային թատերական 15-րդ փառատոնը, որը կրում է «Մենք 15 տարեկան երիտասարդ ենք» (We are15years old young) խորագիրը:

Լրագրողների հետ հանդիպմանը  փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն ասաց, որ այս տարի փառատոնը կհյուրընկալի 20 երկրից ժամանած 250 մասնակիցների և հյուրերի, նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:

Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան  50  ներկայացում:
Նա նշեց, որ թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային,  ֆիզիկական, շարժման,  կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:

Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ:
Փառատոնի նշանավոր ներկայացումներից  են «Չի Տուլա Լիմնիոս» թատրոնի  «Տեմպուս ֆուգիտ» (Գերմանիա), «Կանդոկո» թատրոնի «Դու և Ես Գիտենք» (Մեծ Բրիտանիա) ներկայացումները:    

Երևանյան թատրոններից «Հայ ֆեստ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, Կամերային, «Փոքր» և «Միհր» թատրոնները:

 

Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակում նախօրեին տեղի ունեցավ «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին համահայկական կառույցների ղեկավարներ, սփյուռքահայեր, արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դիմելեվ ներկաներին՝ նշեց, որ փառատոնը հավակնում է դառնալ համայն հայությանը  միավորող նոր օղակ. «Այս օրերին անցկացվեց նաև Հայաստան-Սփյուռք համաժողովը, որը մեր համահայկական միավորման գործնական միավորումն է, իսկ այս փառատոնը զգացական միավորումը»։

Փառատոնի գլխավոր մրցանակակիրներ են` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, խմբավար Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ ժող. արտիստ, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ՝ դուդուկահար Ջիվան Գասպարյանը, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթևոսյանը, թավջութակահար Մեդեա Աբրահամյանը, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, ժողովրդական վարպետ, դհոլահար Գագիկ Հախվերդյանը:

Հատուկ մրցանակների արժանացան ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գեորգի Մինասովը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը , ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Ալինա Փահլեվանյանը, ՀՀ ժող. արտիստ Սուրեն Գյանջումյանը:

Խաչատրյանի անվան միջազգային փառատոն

 

Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնը։ Այն այս տարի նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին։

«Ուղիղ երկու ամիս՝ մինչև դեկտեմբերի 11-ը, դասական երաժշտության սիրահարները Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակներում կունկնդրեն բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային համերգներ, որոնց ընթացքում կհնչեն նաև պրեմիերաներ։ Կներկայացվեն Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան, հանդիսատեսի կողմից սիրված ու սպասված ՙԽաչատրյանը և ջազը՚ համերգային նախագիծը, հետաքրքիր այլ ծրագրեր։ Հանդես կգան հայտնի արտիստներ՝ դաշնակահարներ Գլորիա Քամփաները, Հայկ Մելիքյանը, Լևոն Կարապետյանը, ջութակահարներ Դավիդ Նեբելը, Մարկ Բուշկովը, մեներգիչ Վլադիմիր Բայկովը (բաս) և այլք»,- տեղեկացնում են փառատոնի կազմակերպիչները։

Խաչատրյանական փառատոնի շրջանակներում, ինչպես միշտ, կլինեն համերգներ արտերկրում. Կաունասի ֆիլհարմոնիկ համերգասրահում ելույթ կունենան Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի այս տարվա դափնեկիրները՝ Ջուլիետա Ալեքսանյանը (սոպրանո), Ազամատ Ժելտիրգուզովը (բարիտոն), Գագիկ Վարդանյանը (բարիտոն)։

Փառատոնը կհամախմբի նաև հայաստանյան և արտերկրից հատուկ փառատոնի համար ժամանած կոլեկտիվներին։ Երաժշտական այս տոնի շրջանակներում հանդես կգան «Հովեր՚ պետական կամերային երգչախումբը, Mediterranean տրիոն, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլները և այլն։
Ինչպես ամեն տարի՝ Խաչատրյանի փառատոնի համերգներին կարելի է հետևել առցանց khachaturianfestival.com կայքի միջոցով։

Մարտին Սկորսեզե

 

Կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն մտադիր է կինեմատոգրաֆիայի մասին առցանց դասախոսություն կարդալ: ՏԱՍՍ-ը, հղում անելով Variety-ին, գրում է, որ ռեժիսորը մտադիր է սկսել առցանց-դասընթացն արդեն 2018 թվականի սկզբին MasterClass ինտերնետ-հարթակի միջոցով: Վիդեոդասընթացի մեկ կուրսը, որը 20 դասախոսություն է կազմելու, 90 դոլար է արժենալու: Նախնական գրանցումը սկսվել է սեպտեմբերի 22-ից:

Սկորսեզեն պետք է մանրամասն պատմի իր ֆիլմերի մասին, ունկնդիրներին ներկայացնի նկարահանումների վերաբերյալ իր անձնական մոտեցումը, մասնավորապես, ռեժիսորը կկիսվի մոնտաժի գաղտնիքներով, կխոսի նկարահանումների ժամանակ դերասանների հետ փոխգործակցության մասին:

«Ես ոգևորված եմ այս նախագծով, որովհետև ինձ կտա հնարավորություն կիսվելու իմ փորձով, պրակտիկայով: Այն կօգնի, կուղղորդի իրենց ուղին փնտրող երիտասարդներին»,- ասել է Սկորսեզեն:

Ամերիկացի հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Մարտին Սկորսեզեի հայտնի ֆիլմերից են՝ «Տաքսու վարորդ», «Փառավոր տղաներ», «Ավիատորը»,« Անիծվածների կղզին», նաև «Ուրացողները» (2006 թ.), որի համար ռեժիսորն արժանացել է «Օսկար»-ի: 

Պիտեր Պաուլ Ռուբենսի վրձնին պատկանող դիմանկարը

 

Հայտնի ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի վրձնին պատկանող դիմանկարն ստեղծվելուց 400 տարի անց հայտնաբերվել է անսպասելի վայրում:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Բեքինգհեմի դուքսի դիմանկարը, որը գեղանկարիչը պատկերել է XVII դարում, հայտնաբերվել է BBC Four հեռուստաալիքով հեռարձակվող «Կորած գլուխգործոցներ» ծրագրի հաղորդավար, պատմաբան Բենդոր Գրոսվենորի կողմից:

Երկար տարիներ կտավը պահվել է Գլազգոյի թանգարանների հավաքածուներում, ինչպես նաև ցուցադրվել է հանրությանը:

Դիմանկարի վերաներկումն ու այն պատած հարյուրամյա փոշին թանգարանի աշխատակիցներին ստիպել է մտածել, որ այն բնօրինակից պատկերված կրկնօրինակն է, որը ստեղծել է մեկ այլ նկարիչ` հեղինակի մահից հետո: 

Բեքինգհեմի առաջին դուքսի՝ Ջորջ Վիլյերսի դիմանկարը իրական է ճանաչել նաև Անտվերպենի Ռուբենսի տուն-թանգարանի տնօրենը:

Գրաֆիտիի՝ փողոցային արվեստի թանգարան

 

Բեռլինի Շյոնեբերգ թաղամասում բացվել է գրաֆիտիի՝ փողոցային արվեստի թանգարան (Urban Nation: Museum for Urban Contemporary Art):

Աղբյուրի հաղորդմամբ՝ թանգարանի բացման արարողության ժամանակ ներկայացվել է հայտնի փողոցային նկարիչների, այդ թվում՝ բրիտանացի Բենքսիի, ամերիկացի Շեպարդ Ֆեյրիի, ֆրանսիացի Blek le Rat-ի և այլ հայտնի նկարիչների ավելի քան 100 աշխատանք:

«Urban Contemporary Art-ը փողոցում տեղի ունեցածի հետևողական շարունակությունն է: Կարծում եմ՝ այս շենքը մի արխիվ է, որն իրոք փորձում է պատմություն ներկայացնել: Քաղաքը հայտնի է իր բազմաթիվ և տարատեսակ գրաֆիտիներով. ամբողջ քաղաքում կարելի է տեսնել դրանք, այդ թվում՝ Բեռլինի պատի պահպանված մասերում: Թանգարանը ներկայացնում է տեղի և միջազգային 150 փողոցային նկարչի աշխատանքներ», - թանգարանի բացման արարողության ժամանակ ասել է տնօրեն Յաշա Յանգը:

Նրա խոսքով՝ դրսում պատերը նկարազարդելը դեռևս ապօրինի է, ահա թե ինչու թանգարանը նկարիչներին ինքնաարտահայտվելու և ցուցադրվելու հնարավորություն է ընձեռում: