Հոկտեմբեր 06, 2017 03:17 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Հայկական ազգային կինոակադեմիան ընտրել է այն ֆիլմը, որն այս տարի կներկայացվի «Օսկար» մրցանակաբաշխությանը։

Հայկական ազգային կինոկադեմիան Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի հայկական կողմից կներկայացնի կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման:

Կինոնկարը դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, որն ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է ծանոթների մոտ։ Սակայն անցյալը ամենուր հետապնդում է նրան…

Կինոնկարում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը և ուրիշներ։

Հայալեզու ֆիլմը Հայաստանի և Իրանի համատեղ արտադրություն է:

Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ:

«Շրջանակ միայնության համար»

 

Իրան-Հայաստան Բարեկամության Միության եւ Մահթա Թասվիր ֆիլմարտադրության ընկերության համագործակցությամբ նկարահանված «Շրջանակ միայնության համար» վավերագրական ֆիլմը սեպտեմբերի 26-ին առաջին անգամ ցուցադրվել է ԵՊՀ Իրանագիտության ամբիոնում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմը հայ ուսանողուհու՝ Մարիա Սարգսյանի մասին է, ով որոշում է մասնակցել լուսանկարչական մրցույթի եւ դրա համար ճանապարհվում է Իրան՝ Սուրբ Թադեն լուսանկարելու: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ֆիլմի ռեժիսոր Մահմուդ Նազերին, ԵՊՀ Արեւելագիտության ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, Իրան-Հայաստան Բարեկամության Միության գործադիր տնօրեն Մոհամմադ Ռեզա Դամավանդին, ուսանողներ եւ հյուրեր: Մելիքյանը, դիմելով ներկաներին, նշել է, որ Իրանն այն հզոր երկիրն է, որն ամենայն հոգատարությամբ պահպանում է այլոց մշակութային արժեքները: Ֆիլմի մասին խոսել է նաև Մոհամմադ Ռեզա Դամավանդին՝ ընդգծելով, որ այն նպաստում է երկու ժողովրդների մերձեցմանը: Ֆիլմի ռեժիսոր Նազերին էլ նշել է, որ իր աշխատանքը նվիրված է երկու դարավոր բարեկամական ժողովրդներին, այն իր սրտի խոսքն է ՝արտահայտված հերսուհու միջոցով:

 

Ֆինլանդիայի Սկանդինավյան երկրների միջազգային փառատոնում (Scandinavian International Film Festival) «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը։

Կինոփառատոնի մեկնարկը կազդարարվի հոկտեմբերի 25-ին, իսկ «Վերջին բնակիչը» կցուցադրվի հոկտեմբերի 28-ին՝ որպես կինոփառատոնի փակման ֆիլմ։

Փառատոնի հաղթող ֆիլմերը ներկայացված են նաև փառատոնի պաշտոնական կայքում:

«Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն ստեղծվել է 2016թ.-ին, միջազգային համագործակցության արդյունքում:  Դերասանական կազմում, բացի հայ դերասաններից, հանդես են գալիս նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։

«Վերջին բնակիչը» ֆիլմի առաջխաղացման աշխատանքները սկսվել են Կաննի 69-րդ կինոփառատոնի կինոշուկայից, որտեղ այն ներկայացվել է։ Ֆիլմի հայկական պրեմիերան կայացել է «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում։ Վերջերս ֆիլմն ընդգրկվել է Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի «Panorama» ոչ մրցութային ծրագրում։

«Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդեն ցուցադրվել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Նիդերլանդներում, իսկ մի շարք այլ երկրներում կցուցադրվի առաջիկայում:

Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային:

Հովհաննես Շիրազի «Հուշարձան հայրիկիս»  գիրքը

 

Լույս է տեսել  Հովհաննես Շիրազի «Հուշարձան հայրիկիս»  գիրքը, որը հոկտեմբերի 1-ին ներկայացվեց Գյումրիում:  Պոեմ-բանաստեղծությունների ժողովածուն հրատարակվում է առաջին անգամ՝ ամբողջական  տարբերակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախաձեռնության հեղինակ,  շիրազագետ Սամվել Մուրադյանը:  

Շիրազը «Հուշարձան մայրիկիս» գիրքն առաջին անգամ հրատարակել է 1968 թվականին,  որը բացառիկ լավ ընդունելության արժանացավ: Դրանից հետո  Շիրազը որոշում է՝ հավաքել և հրատարակել հայրիկի մասին բանաստեղծությունները, սակայն հեղինակը, մտածելով, որ հրատարակման համար դրանք քիչ  են, որոշում է լրացնել ժողովածուն նոր գործերով: Արդեն 1970-ական  թվականներին ժողովածուի համար գրվեցին նաև նոր բանաստեղծություններ: Գիրքն արդեն ամբողջացվել էր 1978-79  թվականներին և տպագրության էր ներկայացվել՝ 203 բանաստեղծությամբ, գրքի համար առաջաբան գրել էր այդ ժամանակների  ամենահայտնի գրականագետ Սուրեն Աղաբաբյանը: Շիրազի մահից հետո «Հուշարձան հայրիկիս » գիրքը, ընդամենը 100 բանաստեղծություններով, լույս տեսավ նրա երկերի 4-հատորյակում,  չորրորդ հատորում. «Հուշարձան մայրիկիս»  գրքի հետ միասին:

«Շիրազի որդին՝ Վանանդը  տանը պահպանված գտել է հրատարակության հանձնած բանաստեղծություններով թղթերի միայն չորրորդ օրինակները՝ մնացած երեքը  հայրը հանձնել էր հրատարակչություն: Մեծ դժվարությամբ հաջողվում է այդ օրինակներից հավաքել, ճշգրտել, տեսակավորել ու  վերականգնել ամբողջական տարբերակները»,- նշեց Սամվել Մուրադյանը:

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը

 

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը նոյեմբերի 13-ին ելույթ կունենա Իտալիայում՝ Միլանի Teatro degli Arcimboldi –ում՝ նշելու իր բեմական գործունեության 70-ամյակը:

Նշվում է, որ երգիչ, դերասան, դիվանագետ, 93-ամյա Ազնավուրը չի դադարում զարմացնել, ով իր անկրկնելի ձայնով արժանացել է «Charles Aznavoice» մականվանը:

Աղբյուրը նաև գրում է, որ ստեղծագործական գործունեության  երկար և պատվավոր 70 տարին օգոստոսի 24-ին նշանավորվել է նաև Հոլիվուդի Փառքի պուրակում պատվո աստղի  բացմամբ:

Ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ Նա շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է, շուրջ 70 տարվա կարիերայի ընթացքում  թողարկել է 294 ալբոմ, վաճառվել է 180 միլիոն սկավառակ:

ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյան

 

 Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի է ունեցել Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը ղեկավարել է Կինոակադեմիայի գլխավոր քարտուղար, կինոքննադատ Րաֆֆի  Մովսիսյանը: Հայկական ազգային կինոակադեմիայի մամուլի ծառայության հաղորդմամբ, օրակարգում ներկայացված է եղել երկու հարց՝ Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահի ընտրություն և Ամերիկյանի կինոակադեմիայի ամենամյա Օսկար մրցանակաբշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հայկական ֆիլմի ընտրություն:

Հիշեցնենք, որ Հայկական ազգային կինոակադեմիան 2016թ-ի փետրվար ամսից նախագահում էր  ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, որն համաձայն իր դիմումի սույն թվականի սեպտեմբեր ամսվա սկզբին հրաժարվեց նախագահությունից՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի՝ հոկտեմբերի 7-ին նախատեսվող ընտրություններին պատրաստվելու առիթով:

Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ է ընտրվել ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը և գլխավոր քարտուղար է վերընտրվել կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումներն անցկացնում է իր նստավայրի այն դահլիճում, որտեղ հայ ծովանկարչի՝ Հովհաննես Այվազովսկու նկարներն են: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ էլ  հանդիպմանը նկարները տեղում էին: Հանդիպման լուսանկարը հրապարակել է նաև ՌԴ նախագահի պաշտոնական էջը:

Sputnik Turkish-ի հաղորդմամբ, նախագահական շենքում Այվազովսկու տասը նկար կա, մոտ 21-ը սուլթաների նստավայրերում, ևս տասը տարբեր ծովային ու ռազմական թանգարաններում: Տասն էլ՝ մասնավոր հավաքածուներում:

Տարբեր աղբյուրների փոխանցմամբ, Թուրքիայում այսօր Այվազովսկու՝ մի քանի տասնյակ նկար կա: Նրա հավաքածուն սկսել է հավաքել Աբդուլ Մեջիդ սուլթանը 19-րդ դարի կեսերից: Նա անձամբ Այվազովսկուն հանդիպել է 1856 թվականին ճարտարապետ  Սարգիս Բալյանի միջնորդությամբ:

Հանդիպման ընթացքում շքանշան է հանձնել: Ավելի ուշ նա հաջորդ սուլթանի կողմից պարգևատրվել է Բոսֆորի տարբեր պատկերները կտավին հանձնելու համար:

 

Սեպտեմբեր 25-ին Փարիզի Insitut du Monde Arabe թանգարանում բացվել է «Քրիստոնեության ծնունդը Միջին Արևելքում» խորագրով ցուցահանդես: Բացման արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Լիբանանի նախագահ Միշել Աունը:

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ցուցահանդեսում ներկայացնելու համար Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանն ուղարկել է 14-րդ դարի երկու ձեռագիր և 1798 թ. խորանի վարագույր:

Ցուցահանդեսում անդրադարձ կա նաև Հայոց ցեղասպանությանը՝ նկարների միջոցով ներկայացնելով հայերի հաստատումը Սիրիայում և Եգիպտոսում:

Էրմիտաժ

 

Պետական Էրմիտաժը Սանկտ-Պետերբուրգում ճանապարհորդների համար ամենամեծ միջազգային պորտալի՝ Tripadvisor –ի օգտատերերի գնահատմամբ ճանաչվել է աշխարհում լավագույն հինգ թանգարաններից մեկը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, TripAdvisor-ի հրապարակած վարկանշային ցուցակում Էրմիտաժը հինգերորդ տեղում է:

«Համաշխարհային ամբողջ գեղեցկությունը մեկ թանգարանում: Այն թույլ կտա ձեր ենթագիտակցությանը ճանապարհորդել բոլոր տեղերով և բոլոր ժամանակաշրջաններում, որտեղ դուք երբևէ երազել եք լինել»,- նշված է պորտալի՝ Էրմիտաժի նկարագրության մեջ:

Առաջին տեղում է Մետրոպոլիտեն թանգարանը (Նյու Յորք), երկրորդ՝ Նյու Օրլեանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ազգային թանգարանը, երրորդ՝ Օրսեն (Փարիզ), չորրորդ ՝ Չիկագոյի արվեստի ինստիտուտը:

Էրմիտաժը հիմնադրվել է 1764 թ-ին, բացվել 1852 թ-ին: Ժամանակակից Էրմիտաժը բաղկացած է 6 շենքերից, որոնք գտնվում են Նևա գետի երկայնքով։ Էրմիտաժի կարևորագույն հանգույցը Ձմեռային պալատն է: Էրմիտաժի 400 սրահում ցուցադրված է մոտ 3 մլն ցուցանմուշ:

Էրմիտաժում կա նաև հայ արվեստի և մշակույթի կոթողների հարուստ հավաքածու (Արարատյան թագավորության ժամանակաշրջանից մինչև XVIII դար): Ցուցադրված են ճարտարապետական կառույցների բեկորներ, փայտի և քարի վրա արված փորագրություններ, մոնումենտալ գեղանկարչության ու մանրանկարչության նմուշներ, ձեռագրեր, կավե, ապակե, բրոնզե առարկաներ, ոսկերչական իրեր, դրամներ, կնիքներ և այլ ցուցանմուշներ:

1920 թ-ից Էրմիտաժում աշխատել է ակադեմիկոս Հովսեփ Օրբելին. 1934–51 թթ-ին եղել է  տնօրեն. 1926 թ-ին հիմնադրել և ղեկավարել է Արևելքի բաժանմունքը:

Այժմ Պետական Էրմիտաժը ղեկավարում է հայտնի արաբագետ Միխայիլ Պիոտրովսկին: