Հոկտեմբեր 18, 2017 14:37 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում քննարկելու ենք Իրանի անցած շաբաթվա տնտեսական իրադարձությունները, որի ընթացքում հայացք կնետենք Իրանի ու Իրաքի տնտեսական ու առևտրական ամենամեծ համաժողովին, Իրան-Հայաստան տնտեսական համաձայնություններին և Իրան-Վրաստան հարաբերություններին:

Իրանը լինելով Իրաքի գլխավոր հարևաններից ընդգծում է այդ երկրի ազգային միասնականության և տարածքային ամբողջականության ու միատարրության պահպանման անհրաժեշտությունը և դա համարում է Իրաքի համակողմանի զարգացման գրավականը:

Այս շրջագծում այս շաբաթ Թեհրանում գումարվեց Իրանի ու Իրաքի առևտրական մեծ համաժողովը:

Կիրակի օրը, իրանցի պատասխանատուների, ինչպես նաև Իրաքի կենտրոնական կառավարության և Իրաքի Քրդստանի տարածքի բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ Թեհրանում իր աշխատանքն սկսեց Իրանի ու Իրաքի առևտրական երկօրյա համաժողովը, որի նպատակն էր առևտրական կապերի հաստատումը:

Այս համաժողովին մասնակցեցին Իրանի ու Իրաքի առևտրի, նավթի, էներգիայի ու ճանապարհի նախարարությունների, կենտրոնական բանկի և առևտրական բանկերի, կենտրոնական ապահովագրության, մաքսային ծառայության և առողջապահության, տեխնիկական ու ինժեներական ծառայությունների, բժշկական տուրիզմի և արդյունաբերության բաժինների պատասխանատուները, ինչպես նաև սննդամթերքի, շինանյութերի, էներգիայի, ինքնաշարժի, դեղագործության ու բժշկական սարքերի բաժինների հեղինակավոր առևտրականներ:

Երկու երկրի պատասխանատուների համոզմամբ Իրանի ու Իրաքի միջև առևտրաշրջանառության ծավալը կարող է աճել մինչև տարեկան 20 միլիարդ դոլար և ակնկալվում է, որ դրան զուգահեռ նաև ընդլայնվեն տնտեսական հարաբերությունները: Այդուհանդերձ այդ նպատակի իրագործումը պայմանավորված է բանկերի, տրանսպորտի, վիզայի տրամադրման ու մաքսային բնագավառներում գոյություն ունեցող խնդիրների կարգավորմամբ:

Իրաքի ու Սիրիայի հետ Իրանի տնտեսական հարաբերությունների զարգացման քարտուղար Սաիդ Օհադին Իրանի ու Իրաքի առևտրական մեծ համաժողովում Իրանից տեխնիկական ու ինժեներական ծառայությունների արտահանման տարողությունը տարեկան 25 միլիարդ դոլար գնահատելով, հայտարարել է. «ԻԼԻՊ-ին հաջորդած շրջանում Իրաքը 500 միլիարդ դոլար գնահատվող տեխնիկական ու ինժեներական ծառայությունների կարիք ունի, այդուհանդերձ այդ բնագավառում Իրանի պոտենցիալի տարեկան միայն մեկ միլիարդ դոլարն է օգտագործվում»:

Նավթի ու գազի բաժիններում էլ ԻԻՀ նավթի նախարարն Իրաքում նավթի ու գազի արդյունաբերության բնագավառում նախագծեր իրականացնելու համար իրանական ընկերությունների պատրաստակամությունը հայտնեց:

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն Թեհրանում, Իրաքի նավթի նախարարի հատուկ ներկայացուցիչ Լեյս Աբդոլհոսեյն Շահերի հետ հանդիպման ժամանակ, ասաց. «ԻԻՀ նավթի նախարարությունը պատրաստ է ընդլայնել Իրաքի հետ համագործակցությունները և մասնակցություն ունենալ այդ երկրի նավթի ու գազի նախագծերին»:

Իրաքն Իրանից գազի ներկրման երկու պայմանագիր է ստորագրել, որոնց գործադրմամբ Իրանի գազը կարտահանվի Բաղդադ ու Բասրա:

Հաշվի առնելով, որ Իրաքն էլեկտրաէներգիայի  պակաս ունի, Իրանից արտահանված գազն Իրաքի էլեկտրակայաններում օգտագործվելու է էլեկտրաէներգիա արտադրելու համար:

----------------------------

ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի կատարման հարցում խախտումնեռ թույլ տալով ձգտում է արգելք հանդիսանալ Իրանի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնման ճամփին: Սակայն ԱՄՆ-ի կողմից գործադրված ճնշումներն արժանացել են լուրջ քննադատության: Ֆրանսիայի, Բրիտանիայի և Գերմանիայի ԱԳ նախարարներն Իրանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերահաստատեցին իրենց հավատարմությունը ՀԳՀԾ-ին: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին և Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծեցին Իրանի և 5+1 խմբի միջև միջուկային համաձայնությանը բոլոր կողմերի հավատարմության անհրաժեշտությունը և հայտարարեցին. «Նկատի առնելով իր ստանձնած պարտավորությունների հանդեպ լիարժեք հավատարմությունը, Իրանը պիտի կարողանա լիովին օգտվել այս համաձայնությունից բխող տնտեսական  առավելություններից»:

-------------------------

Տնտեսական բնագավառում բանակցությունների տեսակետից Իրանն ու Հայաստանն ակտիվ շաբաթ թողեցին թիկունքում:

Անցած շաբաթ ՀՀ վարչապետը բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով Թեհրան ժամանեց: Այս շրջանակներում ԻԻՀ-ն և ՀՀ-ն համագործակցության երեք փաստաթղթեր ստորագրեցին:

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ ստորագրված այս փաստաթղթերը վերաբերում են անասնաբուժության և մշակութային ու գեղարվեստական բնագավառում համագործակցության համաձայնագրերին և ԻԻՀ նախագահության գիտական ու տեխնոլոգիական տեղակալության և ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության միջև համագործակցությանը:

Մեր հաղորդման այս բաժնում ամփոփ հայացք կնետենք այս այցին և Թեհրան-Երևան համագործակցության հեռանկարներին:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ  դրական գնահատելով երկու երկրի հարաբերություններն ու համագործակցությունները, Իրանի իսլամական  հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանը վճռական է զարգացնելու բարեկամական հարաբերությունները  հարևան երկրների, այդ թվում Հայաստանի հետ »:

Նա հավելել է.«Իրանը մշտապես կարևորել է բարեկամ ու հարևան երկիր՝ Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը»:

«Այսօր Թեհրանի և Երևանի քաղաքական, հասարակական և մշակութային հարաբերությունները գտնվում են ցանկալի մակարդակի վրա, սակայն, անհրաժեշտ է առավել ջանքեր գործադրել երկու երկրի առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,-ասել է Ռոհանին:

«ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությունը նշանակալի դեր ունի տարածաշրջանի հարաբերությունների ու համագործակցությունների ձևավորման մեջ: Պետք է երկու երկրի ազատ առևտրի գոտիների հնարավորություններից ու պոտենցիալներից առավելագույնս օգտվել, ինչը կնպաստի Իրան-Հայաստան համագործակցության ընդլայնմանը»,-նշել է Ռոհանին:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ևս իրանական ընկերություններին ու իրանցի գործարարներին կոչ է արել ակտիվ ներկայություն ապահովել Հայաստանի ազատ առևտրի գոտիներում:

Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդ Շարիաթմադարիի և ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ներկայությամբ կայացած նիստում ընդգծվեց Իրանի ու Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման և ազատ գոտիների բնագավառում համագործակցության ու հստակեցված նպատակների իրագործման համար համատեղ կառույցի ստեղծման անհրաժեշտությունը:

Միևնույն ժամանակ Երևանում կայացավ Իրանում ու Հայաստանում տնտեսական առիթների ծանոթացման համաժողովը, որի ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ռոբերտ Հարությունյանն անդրադառնալով եռակողմ ձևաչափով համագործակցության նշանակության ընդգծեց Իրանի, Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին նույնպես ՀՀ վարչապետի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի Թեհրան կատարած ուղևորությունը երկու երկրի հարաբերությունների ընդլայնման համար հարմար առիթ համարեց։ «ՀՀ-ն ԵԱՏՄ-ի անդամ է և ԵՄ-ի հետ լավ հարաբերություններ ունի և Իրանը կարող է օգտվել այդ հնարավորությունից», ասել է Ջահանգիրին:

Հայաստանը Պարսից ծոցի և Սև ծովի միջև կապ հաստատող առանցքներից է և Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արաքսի ազատ գոտին երկու երկրի մասնավոր բաժինների համագործակցության լավ ենթահող է ստեղծում:

--------------------------------

Իրանն ու Վրաստանն այս շաբաթ Թբիլիսիում գումարված երկու երկրի միջպետական հանձնաժողովի 6-րդ նստաշրջանում համագործակցության մի համաձայնագիր ստորագրեցին:

Համաձայնագիրն ստորագրեցին Իրանի կոոպերատիվների, աշխատանքի ու սոցիալական բարեկեցության նախարար Ալի Ռաբիին և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան:

16 կետերից բաղկացած համաձայնագիրը վերաբերում է նավթի ու գազի, պետրոքիմիայի, էներգիայի, առևտրի, ներդրման, տրանսպորտի, կապի ու տեխնոլոգիայի, տուրիզմի, գյուղատնտեսության, աշխատանքի, առողջապահության, ստանդարտի, քաղաքապետարանների, մշակույթի և կրթության բնագավառներում համագործակցությանը:

Իրանի կոոպերատիվների, աշխատանքի ու սոցիալական բարեկեցության նախարար և միջպետական հանձնաժողովի իրանցի համանախագահ Ալի Ռաբիին այս համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Իրանն ու Վրաստանը երկկողմ համագործակցության մեծ պոտենցիալ ունեն, որից պիտի օգտվել»:

Տրանսպորտի և տարանցման բնագավառներում Իրանի ու Վրաստանի համագործակցությունը համաձայնագրի գլխավոր թեմաներից է: Այս բնագավառում երկու երկրի համագործակցությամբ Պարսից ծոցը կմիացվի Սև ծովին ու Եվրոպային, ինչը կարող է միջազգային առումով արժեքավոր ծառայություններ մատուցել: