Գեղարվեստական հաղորդում (83)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Իրանի ազգային թանգարանում ներկայացվելու են Հայաստանի հնագիտական գտածոները:
Իրանի ազգային ցուցահանդեսի տնօրեն Ջեբրայիլ Նոքանդեի խոսքերով, Իրան-Հայաստան համատեղ ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվելու են Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի համաժամանակյա 103-ական նմուշ: Ցուցադրված նմուշները ներառելու են Ք.ա 4-րդ հազարամյակից մինչև Ք.ա 1-ին դարն ընկած ժամանակաշրջանը: Հայ-իրանական համատեղ ցուցադրությունը կկայանա «Հայաստան և Իրան. հողի հիշողությունը» խորագրով:
Իրանի ազգային թանգարանի հիմնադրման 80-ամյակի միջոցառումների շրջանակում, ցուցահանդեսներ են կազմակերպվել: Հոկտեմբերի 17-ին ցուցադրվելու են Հայաստանի հնագիտական 103 գտածոների ցուցահանդեսը: Առաջիկա ամսում ցուցադրվելու են Հարավային Կորեայի թանգարանային նմուշները, իսկ մատին, Իրանի ազգային թանգարանում ցուցադրվելու են Ֆրանսիայի Լուվրի թանգարանի ավելի քան 60 նմուշներ:
Նույն կապակցությամբ Panorama.am-ի հետ զրույցում Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանն ասաց, որ ցուցանմուշերը՝ արձանիկներ, վահաններ, սաղավարտներ, գոտիներ, թասեր, սափորներ, արձանագրություններ, վերաբերում են մ.թ.ա.3-րդ հազարամյակից մինչև մ.թ.ա 1-ին դարին, շեշտը դրված է ուրարտական հատվածի վրա:
Նա նշեց, որ ցուցանմուշներն ընտրել են իրենք, այնուհետև քննարկել իրանական կողմի հետ:
«Նույն ցուցահանդեսում միաժամանակ ցուցադրվելու է նաև հենց Իրանի ազգային թանգարանում պահվող 100 ցուցանմուշ: Իրանում էլ ուրարտական հնավայրեր կան, իրենք էլ իրենց են զուգահեռ ցուցադրելու: Սրանով է հետաքրքրի այս ցուցահանդեսը»,- ասաց Հայաստանի Պատմության թանգարանի տնօրենը:
Հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանում էլ նմանատիպ ցուցահանդես կազմակերպվի, Գ. Գրիգորյանն ասաց. «Իսկ ինչո՞ւ ոչ: Հնարավոր է: Կլինեն ծրագրեր: Ի սկզբանե մտածված էր, որ մենք Իրանում ներկայացնենք միայն մեր աշխատանքները, հետո իրենք էլ իրենցը բերեն մեզ մոտ:
Բայց իրանական թանգարանի տնօրենն առաջարկեց, որ մեկտեղենք, զուգահեռ ցուցադրենք այս ամբողջը: Ես համաձայնվեցի, որովհետև այսպես ավելի է հարստանում ցուցահանդեսը»:
Ցուցահանդեսի բացման մասնակցելու համար Գրիգոր Գրիգորյանը մեկնելու է Իրան: Ցուցահանդեսը գործելու է մինչև 2018 թ. հունվարի 17-ը:
Այն կազմակերպվում է 2016 թ. Հայաստանի և Իրանի միջև մշակույթի ոլորտում կնքված համագործակցության հուշագրի շրջանակում:
Կինոյի ոլորտում հայ-իրանական առաջին լիարժեք արտադրությունը համարվող իրանահայ կինոբեմադրիչ Անահիտ Աբադի «Եվա» գեղարվեստական ֆիլմը ցուցադրվելու է Միլ Վալիի 40-րդ միջազգային փառատոնի «Համաշխարհային կինո» անվանակարգում:
Հայալեզու ֆիլմը հանդիսանում է Հայաստանի եւ Իրանի համատեղ արտադրություն: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» եւ «Ֆարաբի» կինոհիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Ֆիլմը դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եւան դստեր հետ հեռանում է Երեւանից, հաստատվում է ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան․․․
Կինոնկարում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը եւ ուրիշներ։
«Եվա»-ն սեպտեմբերի 24-ից ցուցադրվել է Երևանի երեք կինոթատրոններում և համաձայն Հայկական ազգային կինոակադեմիայի որոշման, այս տարի Հայաստանը ներկայացնելու է Ամերիկյան կինոակադեմիայի` «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
«Եվա»-ն ավելի վաղ ցուցադրվել է Կանադայի Մոնթրեալի միջազգային կինոփառատոնում, իսկ նոյեմբերի 23-ին Իրանի կողմից մասնակցելու է Ասիա-Փասիֆիկ կինոմրցանակաբաշխությանը (Asia Pacific Screen Awards):
Իրանական «Հանդարտությամբ» լիամետրաժ վավերագրական ֆիլմը շահել է Հայաստանի «Ծիրանի Ծառ» միջազգային 3-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը:
Շահրամ Բադախշան Մեհրի հեղինակած «Հանդարտությամբ» լիամետրաժ վավերագրական-գեղարվեստական ֆիլմն արժանացավ Հայաստանի «Ծիրանի Ծառ» միջազգային 3-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին:
«Ծիրանի Ծառ» միջազգային 3-րդ կինոփառատոնը անցկացվեց հոկտեմբերի 1-ից 5-ը Երևանում և Ուջանում: Փառատոնի ընթացքում ցուցադրվեցին 25 երկրներից 30 ֆիլմեր, որոնք ընտրվել էին աշխարհի 100 երկրներից ստացված 1650 մասնակցության հայտերի միջից:
«Հանդարտությամբ» վավերագրական ֆիլմը պատմում է մարդկային խոր հարաբերությունների մասին, որոնք մոռացության են տրվում ժամանակակից աշխարհում:
Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների համաժողովն օգնում է, որ Հայաստանում, Սփյուռքում ստեղծագործող հայ գրողները ճանաչեն միմյանց, ծանոթանան միմյանց գործերին, հետևեն գրական մամուլի գործունեությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-12-ը Ծաղկաձորում և Երևանում:
«Կմասնակցեն 17 երկրից 46 գրող: Նրանք ժամանել են Ամերիկայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Անգլիայից, Կիպրոսից, Վրաստանից, Իրանից և այլ օտար երկրներից: Համաժողովի թեման կլինի ժամանակակից հայ գրողներն ու գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև»,-նշեց Միլիտոնյանը և հավելեց, որ Համաժողովի ավարտից հետո հրատարակվելու են մասնակից ստեղծագործողների ու զեկուցողների գործերը:
Համաժողովի թեման կլինի «Ժամանակակից հայ գրողներն ու գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև»: Զեկույցներով հանդես կգան Պետրոս Դեմիրճյանը, Վարդան Դևրիկյանը, Սուրեն Աբրահամյանը, Սաթենիկ Ավետիսյանը, Վարդան Հակոբյանը, Քնարիկ Աբրահամյանը և այլք:
«Los Angeles Times»-ում հրապարակվել է «Ժխտման ճարտարապետները» փաստագրական ֆիլմի գրախոսականը: Ֆիլմը պատմում է Հայոց Ցեղասպանության ժխտման հարցում Անկարայի ջանքերի մասին:
Հեղինակը խոսքով՝ ֆիլմը ներկայացնում է, որ 1915թ. Ցեղասպանության վայրագության ժխտումը հանգեցնում է պատմության կրկնությանը:
«Պրոդյուսեր եւ ռեժիսոր Դեվիդ Լի Ջորջը այդ թեորիայի կողմնակից է եւ բացահայտ ներկայացնում է Հայոց ցեղասպանության սարսափը, ինչպես նաեւ ներկա օրերում Թուրքիայի եւ նրա դաշնակից Ադրբեջանի կողմից հայերի նկատմամաբ հետապնդումմները»,- գրում է հեղինակը:
Շատ տպավորիչ է այն, որ ֆիլմում հիշեցվում է, որ հայերի Ցեղասպանության համար պատասխանատվության բացակայությունը հանգեցրեց նրան, որ Ադոլֆ Հիտլերը հավատաց, որ աշխարհը աչքերը կփակի նաեւ իր հանցագործության հանդեպ:
«Ջորջը ներկայացնում է շատ սարսափելի արխիվային կադրեր, ինչպես նաեւ երկու ողջ մնացածների հետ հարցազրույցները, ինչպես նաեւ բազմաթիվ հայերի մեկնբանություններն իրենց սպանված հարազատների մասին»,- նշվում է հոդվածում:
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ է ընտրվել ռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Նախագահի ընտրությունը կայացավ միության համագումարի ընթացքում: Ընտրությանը գրանցվել էր միության 145 անդամ:
Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածուները երեքն են՝ ռեժիսորներ Վահե Գևորգյանցը, Հարություն Խաչատրյանը, «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» արդեն նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանը: Հարություն Խաչատրյանն ընտրվեց 88 ձայնով:
Հիշեցնենք, որ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը մահացել է այս տարվա հունիսի 23-ին:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Լուսինե Գրիգորյանի կատարմամբ Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունների ձայնասկավառակի շնորհանդեսը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հեղինակը նշեց, որ սկավառակը թողարկել է աշխարհում մեծ հեղինակություն վայելող գերմանական ECM records-ը: Ձայնագրվել է Շվեյցարիայի Լուգանո քաղաքի RSI ստուդիայում, ECM records-ի հիմնադիր Մանֆրեդ Այխերի անմիջական ղեկավարությամբ։
«Ձայնասկավառակը ձայնագրվել է Շվեյցարիայում 2015 թվականին: Մանֆրեդ Այխերը շատ լավ ծանոթ է Կոմիտասի երաժշտությանը եւ ինքն արդեն իսկ թողարկել է Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները, Տիգրան Համասյանի «Կոմիտաս»-ը: Ես 11 տարի սպասել եմ այս ձայնասկավառակին: Երբ Այխերն առաջին անգամ լսել է իմ կատարումը, ասել է, որ մի օր կաշխատի ինձ հետ»,-ասաց Գրիգորյանը, հավելելով, որ ընկերությունը ձայնասկավառակը հոկտեմբերի 13-ին կներկայացնի Անգլիայում, իսկ նոյեմբերին Ամերիկայում:
Ձայնասկավառակում ներառված են Կոմիտասի բոլոր դաշնամուրային ստեղծագործությունները, բացառությամբ ուսանողական տարիների ստեղծագործությունների:
Այս տարի գրականության ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակի է արժանացել ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող Կաձուո Իշիգուրոն:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան Իշիգուրոյին պարգևատրել է իր նովելները զգայական մեծ ուժով օժտելու, ինչպես նաև իր գրվածքների միջոցով երևակայականի ու իրական աշխարհի միջև կապը բացահայտելու համար:
Հայտնի է, որ գրողը կստանա 1.1 մլն դոլար:
Նոբելյան Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա Ալֆրեդ
Իտալական Սալո քաղաքում «Խելագարության թանգարան» ցուցահանդեսի ժամանակ այցելուներից մեկը բղավել է «Սրիկա» և պտտուկահանով հարձակվել Ադոլֆ Հիտլերի վրձնին պատկանող նկարի վրա: Անվտանգությանը հաջողվել է կանխել հարձակումը, արդյունքում կտավը թեթևակի վնասվել է:
Տղամարդը, ում անունն անհայտ է մնում, թաքնվել է: Կտավը պատկանել է գերմանացի կոլեկցիոների, ով որոշել է դեպքի առիթով ոստիկանությանը հաղորդում չտալ:
«Խելագարության թանգարան» ցուցահանդեում ներկայացված է շուրջ 200 կտավ, քանդակ և ինստալյացիա, որոնց հեղինակները մարդիկ են, ովքեր հոգեկան հիվանդներ են համարվում, նաև խելագարության թեմայով տարբեր կտավներ: