Գեղարվեստական հաղորդում (84)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
ԻԻՀ նախագահի տեղակալ, Մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության տնօրենն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ երկու երկրի միջև տուրիզմի բնագավառում հարաբերություններին զարկ տալու նպատակով առաջարկեց Իրանի ու Հայաստանի մասնակցությամբ ընտանեկան ռալիի մրցաշարեր ու հեծանվորդության տուրեր կազմակերպել:
ԻԻՀ նախագահի տեղակալ, Մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության տնօրեն Ալի Ասղար Մունեսանը չորեքշաբթի օրն Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով երկու երկրի միջև տուրիզմի բնագավառում հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունն, ասաց. «Մշակութային հարաբերությունների, այդ թվում զբոսաշրջության ընդլայնման կապակցությամբ երկու երկրները չափազանց լավ հնարավորություններ ունեն, որոնք պիտի օգտագործվեն»:
«Իրանի հյուսիսի ու հարավի բնությունը, պատմական տեսարժան վայրերը, գեղեցիկ անապատն ու տեսարժան կղզիները արդարացնում են այս բնագավառում հայ ներդրողների ներկայությունը»,-հայտարարեց Մունեսանը, հայաստանցի ներդրողներին կոչ անելով մասնակցել Իրանում զբոսաշրջության ենթակառուցվածքների ընդլայնմանը:
Մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության տնօրենը հավելել . «Նկատի առնելով պատմական կոթողների նորոգության ու վերականգնման բնագավառում Իրանի փորձն ու կարողությունները, պատրաստ ենք պատմական կոթողների վերականգման ու նորոգության ոլորտում համաձայնագիր կնքել Հայաստանի հետ»:
Նա հայտնեց Իրանի պատրաստակամությունը՝ Երևանի Կապույտ մզկիթի համաշխարհային գրանցմանը թափ հաղորդելու նպատակով Հայաստանի հետ համագործակցության ուղղությամբ :
Հանդիպման ժամանակ Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն ընդգծելով, որ Հայաստանում մեծ ճանաչողություն գոյություն ունի Իրանի մասին և այդ երկրի ժողովուրդը հարգանքով է վերաբերվում իրանցիների հանդեպ, ասաց. «Թեև Հայաստանը տարածությամբ ու բնակչությամբ փոքր երկիր է, սակայն մշակութային տեսակետից մեծ երկիր է համարվում և մշակութային համագործակցության համար մեծ պոտենցիալներ գոյություն ունեն այդ երկրում և մենք ուրախ ենք, որ մեր հարևանության մեջ է գտնվում Իրանի պես հարուստ ու մեծ մի երկիր»:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին արևշատություն, նոր ձեռքբերումներ և ամենայն բարիք:
«Դուք մշակույթի այն երախտավորներից եք, որի վաստակն ու երաժշտարվեստին անմնացորդ ծառայությունն ակնածանքի են արժանի:
Որպես հայ ժողովրդի արժանավոր զավակ՝ Դուք մեծ ներդրում ունեք մեր պետականության կայացման, նրա մշակույթի զորացման գործում: Երկար տարիներ ղեկավարելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ արվեստագետի, մտավորականի, հայրենասեր հայի վառ կերպարով մեծ դերակատարություն եք ունեցել մեր երկրի մշակութային-հասարակական կյանքում:
Ուրախալի է, որ այսօր էլ, շարունակելով Ձեր ակտիվ գործունեությունը, հարստացնելով դիրիժորական և կոմպոզիտորական արվեստի լավագույն ավանդույթները՝ մեծ ավանդ եք բերում միջմշակութային երկխոսության կայացման և ամրապնդման գործում»,-ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:
Հոկտեմբերի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Գրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակից սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողներին՝ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ:
Է.Միլիտոնյանը Սփյուռքի նախարարին ներկայացրել է հոկտեմբերի 8-12-ը Ծաղկաձորում կայացած համաժողովի արդյունքները՝ նշելով, որ անդրադարձ է կատարվել հայ գրականության արդի խնդիրներին:
Սփյուռքի նախարարը նշել է, որ հայկական մամուլն ակտիվորեն լուսաբանել է համաժողովի աշխատանքները, ինչն էլ հայ հասարակությանը հնարավորություն է ընձեռել ծանոթանալ սփյուռքահայ գրողներին և նրանց ստեղծագործությանը: Նախարարը կարևորել է նաև օտար լեզվով հայ գրականությունն ու միտքը աշխարհին ներկայացնելու հանգամանքը:
«Ժամանակակից հայ գրականությունը մեծ հարստություն է ստեղծել, որին պիտի հասու լինի ոչ միայն հայ, այլև օտարազգի ընթերցողը: Այս իմաստով շատ կարևոր է մեր օտարագիր գրողների դերը: Սփյուռքահայ գրողներից շատերը մասնակցեցին նաև Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, և այս երկու համաժողովները լավագույն հնարավորություն էին ինչպես գրող-ընթերցող, այնպես էլ հայաստանցի և սփյուռքահայ գրողների միջև նոր կապերի ստեղծման համար», - նշել է Հրանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ հայ գրողներն են մտավորականության զարդը, քանի որ նրանք ոչ միայն ստեղծում են նոր գործեր, այլև մայրենի լեզվի կրողներն ու պահապաններն են օտար երկրներում:
Աննախադեպ ծրագրով տրվել է Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի մեկնարկը։ Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում միահյուսվել են արվեստի հզորագույն ճյուղերը՝ երաժշտությունն ու գրականությունը։ Եվ այս միաձուլումն է՜լ ավելի ազդեցիկ է եղել, քանի որ ներկայացվել է մեր օրերի մեծագույն դերասան Ջոն Մալկովիչի մատուցմամբ։
Փառատոնի լրատվական ծառայության հաղորդմամբ, Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտի հնչյունների ներքո Մալկովիչը ներկայացրել է արգենտինացի գրող Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելի «Հաղորդագրություն կույրերի մասին» գլուխը (էկրանին հայերեն թարգմանությամբ)։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես է եկել դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։
Հոլիվուդի լեգենդը նաև անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսին՝ ներկայացնելով հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի անգլերեն թարգմանությունից։ Նարեկյան ընթերցանությունն ուղեկցվում էր ժամանակակից կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի «Խոստովանություն» սիմֆոնիայի հնչյուններով։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տեղեկացմամբ՝ Մալկովիչի կողմից հայկական գրական ստեղծագործության ընթերցում ի սկզբանե նախատեսված չէր, դերասանն ինքն է ցանկություն հայտնել կատարել որևէ հայկական գործ։ Փառատոնի կազմակերպիչների կողմից առաջարկվել է Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, և մեծ է եղել զարմանքը, երբ տեղեկացել են, որ Մալկովիչը քաջատեղյակ է միջնադարյան հայ մեծ բանաստեղծի և փիլիսոփայի արվեստին, ավելին, շատ լավ պատկերացնում էր, թե «Նարեկի» որ հատվածն է ընթերցելու։
Մաեստրո Սմբատյանի խոսքով, շատ կարևոր է համերգի ասելիքը։ «Ջոնը շատ է հավատում, որ այն, ինչ տեղի է ունենում տեքստային ֆորմատի և երաժշտության ներքո, կարող է փոխել մարդուն»,- փոխանցեց Սերգեյ Սմբատյանը։
Փառատոնի բացման համերգին հնչել է նաև Էդվարդ Միրզոյանի լարայինների և գոսերի սիմֆոնիան (գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի)։
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը, որ անցկացվելու է մինչև դեկտեմբերի 11-ը, նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին: Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։
«ՌեԱնիմանիա» Երևանի Միջազգային Անիմացիոն Կինոյի և Պատկերապատման Արվեստի Փառատոնը հայտարարել է, որ 9-րդ «ՌեԱնիմանիան» կբացվի աշխարհահռչակ գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի մասին պատմող «Վոն Գոգի կրքերը» անիմացիոն ֆիլմով։ Փառատոնի կազմակերպիչները տեղեկացնում են նաև, որ պատիվ ունեն հյուրընկալելու ֆիլմի պրոդյուսեր Շոն Բոբիթին։
«Վան Գոգի կրքերը» համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է, որն ամբողջությամբ նկարվել է յուղաներկով կտավի վրա։ Գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի կյանքի մասին պատմող ֆիլմը ստեղծվել է 115 նկարիչների ջանքերով, որոնք Վան Գոգի տեխնիկայով նկարել են ֆիլմը կազմող 65 000 կադրերից յուրաքանչյուրը։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 12-ին Աննսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակում և արժանացել 10-րոպեանոց հոտնկայս ծափահարությունների։ «Վան Գոգի կրքերը» ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Դորոթա Քոբիելան և Հյու Ուելչմանն են, ֆիլմն արտադրել է BreakThru Films ընկերությունը։
Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ –ի գլխավոր տնօրեն է ընտրվել Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար, քաղաքական գործիչ Օդրե Ազուլեն՝ փոխարինելով այդ պաշտոնից հեռացող Իրինա Բոկովային:
Քվեարկության հինգ փուլից հետո, որը սկսվել էր հոկտեմբերի 9-ից, նախօրեին հայտարարվել են արդյունքները: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, խորհրդի 58 անդամ-մասնակիցներից ընտրությունների վերջին փուլում Ազուլեի օգտին քվեարկել է 30 պետություն, իսկ նրա մրցակցի՝ կատարցի դիվանագետ, մշակույթի նախկին նախարար Համադ բեն Աբդելազիզ ալ-Քավարիի, 28:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ղեկավարի հաստատումը պաշտոնին տեղի կունենա նոյեմբերի 10-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի 39-րդ Գլխավոր կոնֆերանսի ընթացքում, որին ներկա է լինելու կազմակերպություն բոլոր՝ 195 անդամ-պետությունները:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ-պետությունները կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնի համար առաջարկել էին 9 թեկնածու, այդ թվում նաև Ադրբեջանը, որը ներկայացրել էր Փոլադ Բյուլբյուլօղլի թեկնածությունը:

Լեոնարդո Դա Վինչիի վերջին նկարներից մեկը, որը գտնվում է մասնավոր հավաքածուում, աճուրդի է հանվել: Նախնական գինը 100 միլիոն դոլար է: 16-րդ դարով թվագրվող «Աշխարհի փրկիչը» նկարում պատկերված է Հիսուս Քրիստոսը:
Նկարի պատմությունն այնքան էլ պարզ չէ: Սկզբում այն պահվել է Կարլ 2-րդի հավաքածուում, այնուհետ նկարն անցել է Բուքինգհեմի դուքսի անօրինական որդուն, հետո կորել է և նորից հայտնաբերվել, երբ այն վաճառքի է հանվել 1958 թվականին:
Այնուհետև կտավը նորից կորել է և հայտնաբերվել 2005 թվականին ևս մեկ աճուրդում: Այդ ժամանակ էլ ուսումնասիրվել է կտավի պատմությունն ու հեղինակը:
ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի Մեդիսոն քաղաքում հայտնաբերվել է 85 տարի կորած համարված Նապոլեոնի կիսանդրին, որի հեղինակն է քանդակագործ Օգյուստ Ռոդենը: Ինտերֆաքսը, հղում անելով AP-ին, գրում է, որ կիսանդրին հայտնաբերվել է Մեդիսոնի ցուցասրահում մի քանի տարի առաջ, իսկությունը հաստատվել է 2015 թվականին, բայց իշխանությունները չեն բացահայտել այդ փաստը սեփական պատճառներից ելնելով:
Սպասվում է, որ մոտ ժամանակներս կիսանդրին կտեղափոխվի Ֆիլադելֆիայի պատկերասրահ: