Հոկտեմբեր 28, 2017 06:54 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Իրանահայ բանաստեղծ թարգմանիչ Վարանդի «Ակներ Ակներև» գիրքն արժանացել է «Կանթեղ» մրցանակի:

Լրագրողներին տված ասուլիսում Վարանդն (Սուքիաս Հակոբ Քուրքչյան) ասել է.«Գիրքը հրատարակվել է 212 էջում: Նախաբանը գրել է ՀՀ Գրողների միության նախագահը: Գիրքը կազմել եմ հանրագիտարանի ձևով: Ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներն և իսպաներեն լեզուների թարգմանությունների միջից ընտրվել է «Ակներ Ակներև» գիրքը:

Վարանդը նշել է, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Ս. Մեսրոպ Մաշտոցի ծննդավայր Հացեկաց գյուղում: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Իրանի մշակութային կցորդ՝ Մոհամմեդռեզա Հեյդարին, իսլամական խորհրդարանի նախկին շրջաններում հյուսիսային իրանահայության պատգամավոր Վարդան Վարդանյանը և մեծ թվով գրականության սիրահարներ:

«Հայաստան և Իրան. հողի հիշողություն» ցուցահանդես

 

Իրանի ազգային թանգարանում նախօրեին բացվել է «Հայաստան և Իրան. հողի հիշողություն» ցուցահանդես: Երկու երկրների պատմության թանգարաններից համաժամանակյա (Ք. ա. IV հազարամյակից մինչև Ք.ա. I դար) 103-ական նմուշ է ներկայացված։ Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել ՀՀ մշակույթի նապարար Արմեն Ամիրյանը:

ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, Իրանի փոխնախագահ և մշակութային ժառանգության, ձեռնարվեստի, զբոսաշրջության կազմակերպության նախագահ Ալի Ասղար Մունեսանի և Իրանի մշակույթի, իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Աբբաս Սալեհիի հետ Թեհրանում հանդիպումներից հետո Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Երևանում ամփոփել իր ներկայացրած առաջարկները, որոնցից շատերի շուրջ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Հայկական կողմի առաջարկների մեջ են մտնում եռակողմ աշուղական փառատոնի կազմակերպում՝ Հայաստանում, Իրանում և Վրաստանում, «Գորիսը՝ ԱՊՀ 2018թ. մայրաքաղաք ծրագրին Իրանի մասնակցություն, հնագիտական համատեղ արշավախմբերի ձևավորում, հայ-իրանական համատեղ սիմֆոնիկ նվագախմբի ստեղծում, որը համերգներ կունենա ոչ միայն Հայաստանում և Իրանում, ըստ Ֆիրդուսու, «Ռուստամ և Զոհրաբ» հայերեն ներկայացման ստեղծում՝ պարսկերեն ուղեկից լուսագրերով, իրանական ֆիլմերի արտադրություն Հայաստանում, երբ կընդունվի Կինոյի մասին ՀՀ օրենքը, հայկական հեքիաթների պարսկերեն տպագրություն և պարսկական հեքիաթների հայերեն հրատարակում, գրքերի բաժանում գրադարաններին՝ փոխադարձության սկզբունքով, մշակութային հուշանվերների համատեղ ձեռնարկության ստեղծում Հայաստանում, հայկական գորգի ցուցահանդես Իրանի գորգի թանգարանում, Մարտիրոս Սարյանի գործերի ցուցահանդես Իրանում, հայակական և իրանական ժամանակակից արվեստի համատեղ ցուցահանդես, որը կներկայացվի և′ Հայաստանում, և′ Իրանում, Իրանի Գոլեստանի թանգարանից ցուցանմուշների ներկայացում Երևանի Կապույտ Մզկիթի տարածքում։

 

ՄԱԿ-ի կողմից իրանցի 8 աշակերտներ պարգևատրվել են «Դպրոցների համագործակցության և խախաղության» շքանշանով:

Իրանցի աշակերտների շքանշանները հանձնվել է ՄԱԿ-ի Վիեննայի կենտրոնատեղիի Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆիին:

 2017 թ.-ին ՄԱԿ-ի «Դպրոցների համագործակցության և խախաղության» ծրագրի  «Աստղերը և աշխարհի ապագան» խորագրով մրցակցության շքանշանը հանձնվել է 8 իրանցի աշակերտների:

7-15 տարեկան տարիքային խմբում կայացած ազատ նկարչության բաժնի մրցությունում շքանշանների են արժանացել իրանցի 8 աշակերտներ:

 

Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 24-25-ը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Վենետիկի Մխիթարյան Միաբանություն-300» խորագրով միջազգային գիտաժողով: Մինչ այդ՝ հոկտեմբերի 23-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական նոր մասնաշենքի ցուցասրահում կբացվի «Մխիթարյանների 300-ամյա պատմություն» խորագրով ցուցադրություն:

Ցուցադրությանը ներկայացվելու են Վենետիկի Սուրբ Ղազար կղզում 17-18-րդ դարերին տպագրված գրքեր: Ցուցահանդեսի բացմանը ներկա է լինելու Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Լևոն արք. Զաքիյանը:

Գիտաժողովն ունի մի քանի բաժին՝ «Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում», «Մխիթարյանների ավանդը  բանասիրության ոլորտում», «Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ»:

2018 թվականին Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում գիտաժողով է կայանալու Վենետիկում, ինչպես նաև Երևանում՝ նվիրված  «Բազմավեպ» գիտական հասարակական հանդեսի հիմնադրման 175-ամյակին:

Մխիթարյան միաբանությունը հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպություն է: Այն հիմնադրել է Մխիթար Սեբաստացին 1701 թ-ին, Կոստանդնուպոլսում: 1717 թ-ին միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ Ղազար կղզում. Մխիթարյան է կոչվել Սեբաստացու մահվանից հետո: Սբ Ղազարում Մխիթար Սեբաստացին սեփական գրադարանի հիմքի վրա ստեղծել է մատենադարան, որը հետագայում համալրվել է նվիրատվություններով և գնումներով: Վենետիկի մատենադարանի ներկայիս ձեռագիր ֆոնդը 5 հազար միավոր է, տպագիր ֆոնդը՝ շուրջ 100 հազար:

Մխիթարյան միաբանության հիմնադրումից ի վեր Սբ Ղազար են այցելել հազարավոր զբոսաշրջիկներ և գիտնականներ: Հանրաճանաչ այցելուներից են բանաստեղծ Ջորջ Բայրոնը, գրողներ Վալտեր Սկոտը, Ստենդալը, Ալֆրեդ դը Մյուսեն, Ժորժ Սանդը, հայագետ, լեզվաբան Հայնրիխ Պետերմանը, կոմպոզիտոր Ժակ Օֆենբախը, դերասանուհի Էլեոնորա Դուզեն և ուրիշներ:

 

ՀՀ Կինեմատոգրաֆիստների միությանն առընթեր ստեղծվել է «Երիտասարդական կինոալիք» նախաձեռնությունը, որը միտված է մինչև 35 տարեկան կինոգործիչների համախմբմանը, ֆիլմերի ցուցադրությանը, բաց քննարկումների և վարպետության դասերի կազմակերպմանը, ինչպես նաև տարեկան երկու կարճամետրաժ և երկու վավերագրական ֆիլմերի ստեղծմանը:

Սույն նախաձեռնության շրջանակներում ՀՀ Կինեմատոգրաֆիստների միության նորընտիր նախագահ Հարություն Խաչատրյանի նախաձեռնությամբ ձեռք է բերվել համաձայնություն մասնակցելու Բիշկեկում կայանալիք կինոֆորումին, որի ընթացքում երիտասարդ ռեժիսորները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց ֆիլմերը և մասնակցել մի շարք վարպետության դասերի:

Ֆորումին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել մինչև 35 տարեկան կինոռեժիսորներ՝ 2017 թվականին նկարահանված ֆիլմերով: Մասնակցելու համար հարկավոր է մինչև սույն թվականի հոկտեմբերի 21-ը ֆիլմերը ներկայացնել ՀՀ Կինեմատոգրաֆիստների միության ընդունարան:

Մասնակիցների անունները պարզ կդառնան 2017 թվականի հոկտեմբերի 30-ին:

 

Նախ և առաջ հանրահայտ հայազգի նկարիչ Հովհաննես Այվազովսկուն մարդիկ ճանաչում են որպես ծովանկարիչ: Նա ստեղծել է ծովային գեղեցիկ տեսարաններ, չնայած նրան, որ երբեք դրանք չի նկարել բաց ծովում: Բացի ծովանկարներից, Հովհաննես Այվազովսկու հավաքածուում կան նկարներ, որտեղ ներկայացված են «հողային» սյուժեներ: Բացառիկ են ձմեռային բնանկարները, որոնք գրավում են դիտողի ուշադրությունը հենց առաջին իսկ վայրկյաններից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ից Հայաստանի Ազգային պատկերասրահում գործում  է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Արարում» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է 52 գեղանկար, 26  գրաֆիկական և 1 դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ, 20 վավերագիր:

«Ներկայացվելու են մեր հավաքածուից գրաֆիկական աշխատանքներ, որոնք երբևէ մեր մշտական ցուցադրությունում չեն եղել: Մարդկանց մեծ մասը Այվազովսկուն ընկալում են որպես ծովանկարիչ, բայց ունի լավ գրաֆիկական աշխատանքներ, բնանկարներ, ճեպանկարներ: Շատերի համար բացահայտում է լինելու»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել էր Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

Ցուցահանդեսը գործելու է մինչև 2018 թ. հունվարի 15-ը:

 

Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանած ջութակահար Նիկոլոայ Մադոյանն իր հաղթանակը նվիրել է ապրիլյան պետերազմի հերոսներին։

33 ժամ, 2 րոպե և 41 ժամ անընդմեջ նվագով (ժամը մեկ՝ 5-րոպեական դադարներով ջութակահարը դարձել է համաշխաշխարհային ռեկորդ է սահմանել։

«Այս ռեկորդի անվանակարգն ինձ համար հրաշալի հնարավորություն ստեղծեց իմ տարբեր նպատակները, գաղափարները կյանքի կոչելու։ Ընտրել եմ 59 ստեղծագործություն, որոնց թվում են Կոմիտասի «Ծիրանի ծառը», «Քելեր ցոլեր»-ը,  Էդվարդ Բաղդասրյանի «Նոկտյուրն»-ը։ Կանոնների համաձայն՝ չորս ժամվա ընթացքում ես իրավունք չունեի կրկնել նույն ստեղծագործությունը։ 59 ստեղծագործությունից բաղկացած շրջափուլը կրկնվում էր մոտ 8 անգամ»,-  այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց ջութակահար Նիկոլոայ Մադոյանը։

Գինեսի համաշխարհային գրասենյակը պաշտոնապես ճանաչել է նրա ռեկորդը հուլիսի 25-ին, իսկ ռեկորդը սահմանվել է փետրվարի 11-12-ը՝ Կամերային երաժշտության տանը։

«Գինեսի գրասենյակից ուղարկված նամակում նշել էին, որ մեծ բավականություն են ստացել կատարումներից, ինչն ինձ համար շատ կարևոր էր, քանի որ ֆիզիկական լարվածության հետ կարողացել եմ գեղարվեստական տարրը պահապնել»,- կիսվեց ջութակահարը։

Ինչ վերաբերում է տեխնիկական մասին, Նիկոլոայ Մադոյանը նշեց, որ իրենից ֆիզիկական մեծ լարվածություն է պահանջվել, սակայն դա էլ հաղթահարելու ձև գտել է և այդ փորձով  կկիսվի նաև իր ուսանողների հետ. «Սա մեծ փորձ էր ինձ համար՝ ստուգելու իմ տեխնիակակն վիրտուոզային հնարավորությունները։ Կարելի է ասել ես այդ ընթացքում մշակեցի նոր մեթոդիկա, որը հնարավորություն է տալիս տասնյակ ժամ նվագել, և ծանրաբեռնված մկանների աշխատանքը մանր շարժումների շնորհիվ վերականգնել՝ նվագը չդադարեցնելով»։

Առաջիկայում ջութակահարը հյուրախաղերով կլինի Իտալիայում։

18

«Երկու քույր»

 

Փորձագետները կասկածի տակ են դնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող կտավի իսկությունը, որի՝ որպես հեղինակ նա ներկայացնում է ֆրանսիացի նկարիչ Օգյուստ Ռենուարին:

Խոսքը գնում է «Երկու քույր» կտավի  մասին: Նմանատիպ կտավ երևացել է 60 Minute հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ Թրամփի հետևում գտնվող պատին: Բացի այդ, այն նկատվել է երկրի ապագա ղեկավարի մասնավոր ինքնաթիռում:

Թրամփը խոսել է այն մասին, որ այս նկարի հեղինակը Ռենուարն է: Իրականում նկարի բնօրինակը գտնվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում, որտեղ հաստատել են, որ «Երկու քույր»-ը իրենց հավաքածուի մաս է կազմում, բայց որևէ այլ մեկնաբանությունից հրաժարվել են:

Իրավիճակը մեկնաբանել են երկու փորձագետներ,  ովքեր կարծում են, որ Թրամփի մոտ պահվում է այդ կտավի կրկնօրինակը կամ Ռենուարի աշխատանքի վերարտադրությունը: ԱՄՆ նախագահից կամ նրա մամուլի քարտուղարից մեկնաբանություն չի հաջողվել ստանալ:

 

«Մոնա Լիզայի» վերարտադրությունը, որը պատկանում է ֆրանսիացի նկարիչ Մարսել Դյուշանի վրձնին վաճառվել է Փարիզում կազմակերպված աճուրդի ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, լուսանկարը, որում Դա Վինչիի հայտնի կերպարը պատկերված է մատիտով ներկված բեղ-մորուքով, վաճառվել է շուրջ 750 000 դոլարով:

Հաղորդվում է, որ կտավը պատկերվել է 1964 թվականին: Դյուշանը, պարբերականի տվյալներով, կոնցեպտուալ արվեստի նախահայրն է: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Henry Aldridge & Son աճուրդի տունը ռեկորդային՝ 126 000 ֆունտ ստերլինգով վաճառել է «Տիտանիկի» ուղևորի գրած նամակը: