Նոյեմբեր 04, 2017 04:54 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

«Ս. Մարիամ» հեռուստատեսային սերիալի ռեժիսորն ասել է.«Սերիալը ցուցադրվել է աֆրիկյան երկրներից մեկում և մուսուլմանների ու քրիստոնյաների միջև հաշտության ու խաղաղության խթան է հանդիսացել: Այդպիսի դեպքեր շատ երկրներում են եղել»:

«Սողոմոնի թագավորությունը» ֆիլմի ռեժիսորը անդրադարձել է կրոնական թեմայով իր ստեղծագործություններից մեկին և խոսել է մարդկանց բարոյական զարգացման հարցում կինոյի դերի մասին:

Նա նշել է, որ «Ս. Մարիամ» իրանական սերիալը ցուցադրվում է աֆրիկյան երկրներից մեկում և հաշտություն ու խաղաղություն է տարածել քրիստոնյաների ու մուսուլմանների միջև: Նա նշել է, որ ֆիլմի կրկնօրինակումն իրականացրել է Աֆրիկյան այդ երկրում Իրանի դեսպանատունը»:

Նշելով, որ Իրանի կինոն բբարձր դիրք է զբաղեցնում աշխարհում, «Սողոմոնի թագավորություն» ֆիլմի ռեժիսորն ասել է.«Աշխարհում Իրանի կինոն ճանաչում են կրոնական, մարդկային ու բարոյական թեմայով ֆիլմերով և միշտ նման ակնկալիք ունեն Իրանի կինոյից, որովհետև իրենց կինոն ժամանցային է և իրենք բարոյական թեմայով ֆիլմերի ծարավ են»:

 

Անահիտ Աբադի , Մոստաֆա Թաղիզադեի և Նարգես Աբիարի հեղինակած «Եվա», «Դեղին» և «Շունչ» ֆիլմերն ցուցադրվելու են Ասիական աշխարհի կինոփառատոնում:

Հղում անելով Ֆարաբի հիմնադրամին, ԻՌՆԱ գործակալությունը հաղորդել է, որ կինոփառատոնում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Օսկարին ու Գոլդեն Գլոբին ներկայացված ասիական ֆիլմերին : Այստեղ ներկայացվել են «Եվա», «Դեղին» և «Շունչ» ֆիլմերը:

«Եվան» ցուցադրվել է Կանադայի Մոնրեալի  և ԱՄՆ-ի Միլվալիի կինոփառատոներում: Իրանի և Հայաստանի համատեղ պատրաստած ֆիլմը կինոարվեստի և գիտությունների ակադեմիային է ներկայացվել ՝ լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում:

Ասիական աշխարհի կինոփառատոնը կայանալու է հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը ՝ Լոս Անջելեսում:

 

Ֆինլանդիայի Սկանդինավյան երկրների միջազգային փառատոնում (Scandinavian International Film Festival) հոկտեմբերի 28-ին ցուցադրվել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը:

Փառատոնը մեկնարկել էր հոկտեմբերի 25-ին, և «Վերջին բնակիչը» ցուցադրվեց որպես կինոփառատոնի փակման ֆիլմ։

Նշենք, որ «Վերջին բնակիչը» կինոփառատոնում հաղթող է ճանաչվել միանգամից երկու անվանակարգերում՝ «Լավագույն գեղարվեստական ֆիլմ», իսկ դերասան Ալեքսանդր Խաչատրյանը՝ «Լավագույն դերասան»:

«Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն ստեղծվել է 2016թ.-ին, միջազգային համագործակցության արդյունքում:  Դերասանական կազմում, բացի հայ դերասաններից, հանդես են գալիս նաև նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։

«Վերջին բնակիչը» ֆիլմի առաջխաղացման աշխատանքները սկսվել են Կաննի 69-րդ կինոփառատոնի կինոշուկայից, որտեղ այն ներկայացվել է։ Ֆիլմի հայկական պրեմիերան կայացել է «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում։ Վերջերս ֆիլմն ընդգրկվել է Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի «Panorama» ոչ մրցութային ծրագրում։

«Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդեն ցուցադրվել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Նիդերլանդներում, Վենետիկի կինոփառատոնում և այլ երկրներում:

Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային:

Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 50-ամյակ

 

Հոկտեմբերի 26-ին և 27-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 50-ամյակին: Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի և Ռուսաստանի այն թանգարանների ներկայացուցիչները, որտեղ պահվում և ցուցադրվում են 20-րդ դարի հայ գեղանկարչության նահապետ Մարտիրոս Սարյանի աշխատանքները:

Գիտաժողովի բացմանը Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանն ասաց, որ Մարտիրոս Սարյանն իր տեղն ունի համաշխարհային ավեստում, Սարյանի արվեստի նկատմամբ հետաքրքրությունն  աճում է, ինչի մասին վկայում է տարեցտարի ավելացնող այցելուների քանակը:

«Տարբեր երկրներից մարդիկ գալիս են տուն-թանգարան, որպեսզի առաջին անգամ տեսնեն Սարյանի աշխատանքները հենց նրա հայրենի հողում: Նրանք զգում են մշակութային շոկ, քանի որ հասկանում են, թե ստեղծագործական ինչպիսի պոտենցիալ ուներ Սարյանը»,- նշեց Ռուզան Սարյանը:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին: Մ. Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով:

2016-ին թանգարանը հիմնանորոգվեց:

Այժմ այն չորս հարկ է ՝ նախկին երեք հարկի փոխարեն: Չորրորդ հարկի դահլիճն օգտագործվելու է և միջոցառումների, և ժամանակավոր ցուցադրությունների, և համերգների կազմակերպման համար:

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոս

 

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման և հանրահռչակման նպատակով էպոսի թեմայով հայկական առաջին էլեկտրոնային հավելվածն է ստեղծվել: Այն իրականացել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Սասնա տուն» հասարակության զարգացման աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ` «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնի ծրագրի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հավելվածը կարելի է ներբեռնել՝ օգտվելով Android մոբայլ օպերացիոն համակարգի Play market բաժնից` գրելով «Սասունցի Դավիթ»՝ հայերեն կամ անգլերեն:

Հավելվածի հիմնական բաժիններն են՝ ասմունք, ինտելեկտուալ խաղեր (հարցեր էպոսի մասին և հարցեր էպոսից), փազլ և վիքիպեդիայի «Սասունցի Դավիթ» կինոնկարի, «Սասնա ծռեր» մուլտֆիլմի և Ժան Էլոյանի ասմունքի հղումները: էպոսից հարցերին ճիշտ պատասխանելու նպատակով հավելվածում առկա է նաև էլեկտրոնային գիրք, որտեղ ներկայացվում են էպոսի՝ պատասխաններին առնչվող հատվածները:

Իսկ iOS օպերացիոն համակարգում հավելվածը հասանելի կլինի մի քանի ամիս անց:

Հավելվածի ստեղծումը կարևորվում է որպես ազգային, ավանդական, հոգևոր և մշակութային արժեքների վերաբերյալ մատաղ սերնդի տեղեկացվածության և հայրենասիրական ոգու բարձրացման կարևորագույն միջոց:

 

Ստամբուլի Բաբըալի պողոտայի առաջին գրավաճառը եղել է հայ Առաքել Թոզլույանը։ «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է թուրքական «Birgün» թերթի կայքի սյունակագիր Ռեֆիք Դուրբաշը՝ «Բաբըալիի առաջին գրավաճառը» խորագրով իր հոդվածում։

Առաքել Թոզլույան էֆենդին Բաբըալիում իր գրախանութը հիմնել է 1875թ․ և ժամանակի հետ սկսել է զբաղվել նաև հրատարակչությամբ։ 1884թ․ հրատարակվել է «Առաքելի գրադարանի» կատալոգը, որն առաջինն էր իր տեսակի մեջ։ Գրքույկի նպատակն էր՝ ընթարցասեր հասարակության համար հեշտացնել իրենց անհրաժեշտ գրքերի որոնումը։

Աղբյուրի համաձայն՝ Բաբըալիում ընդհանրապես սկզբնական շրջանի բոլոր գրավաճառները հայերն են եղել։ Հայերի շնորհիվ է, որ գիրքը դարձել է առուծախի առարկա, վաճառվել սրճարաններում, խանութներում և այլ մարդաշատ վայրերում։

Առաքել էֆենդին հրատարակել է օսմանյան շրջանի գրողներից Ահմեթ Ռասիմի, Հալիթ Զիյայի մի շարք ստեղծագործությունները։ Ավելի ուշ Մուալլիմ Նաջիի հետ ձեռնամուխ է եղել դասագրքերի հրատարակմանը, որոնք տպագրվել են 100-ավոր օրինակներով։ 1891-94թթ․ Առաքել Թոզլույանը «գրպանի գիրք» ձևաչափով մի շարք վեպեր է հրատարակել։

Որոշ աղբյուրների համաձայն՝ դեռ Առաքել Թոզլույանից առաջ Թորոս անունով մի մարդ Բաբըալիում գրախանութ է բացել, սակայն գործերն այնքան էլ հաջող չեն ընթացել, նա ստիպված է եղել գրքերը պարկերը լցնելով վաճառել ու հեռանալ։ Այնուամենայնիվ, որպես Բաբըալիի առաջին գրավաճառ հայտնի է հենց Առաքել Թոզլույանը։ Վերջինիս մասին կենսագրական տվյալները քիչ են։ Հայտնի է, որ Առաքել «էֆենդին» ծագումով Կեսարիայից է եղել։

Լուվր թանգարան

 

Լուվրը Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս I-ին պատկանող աղոթագիրքը ձեռք բերելու համար հայտարարել է դրամահավաք:

Գիրքը համարվում է ֆրանսիական Վերածննդի ժամանակաշրջանի դեկորատիվ արվեստի լավագույն օրինակներից: Այն զարդարված է, մասնավորապես, զմրուխտներով, ռուբիններով:

16-րդ դարում Ֆրանցիսկոս I-ինն այն նվիրել է իր 10-ամյա ազգականին: Ներկա պահին աղոթագրքի սեփականատերը Մեծ Բրիտանիայում բնակող մի կոլեկցիոներ է:

Լուվրում պատմել են, որ այն գնելու համար իրենց անհրաժեշտ է 10 միլիոն եվրո: Գումարի կեսն արդեն հովանավորները տրամադրել են: Թանգարանը հույս ունի, որ մնացած գումարը հնարավոր կլինի հավաքել հանգանակության միջոցով:

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտտու

 

Ամերիկյան կինոակադեմիան 22 տարվա մեջ առաջին անգամ հանձնել է հատուկ «Օսկար» մրցանակ «Ի նշան պատմական նկարագրության տեսողական և հզոր փորձի»:
Գազետա.ռու-ն, հղում անելով The Hollywood Reporter-ի, գրում է, որ հատուկ արձանիկին է արժանացել ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտտուն իր  «Մարմին և ավազ» վիրտուալ իրականության ինստալյացիայի համար: Այն ներկայացվել է Կաննում, որտեղ այցելուները վիրտուալ իրականության սաղավարտի շնորհիվ հայտնվում էին դատարկ  մի տարածքում, որտեղ ինքնաթիռներն են կանգնեցնում, իսկ հատակը ծածկված էր ավազով:  
Յոթ րոպեի ընթացքում ինստալյացիան պատմում է միգրանտների փորձերի մասին, ովքեր փորձում են անցնել ԱՄՆ սահմանը, որին հաջորդում է նրանց ձերբակալությունը:

«Օսկար» հատուկ արձանիկը վերջին անգամ ստացել էր անիմատոր և ռեժիսոր Ջոն Լասսետերը «Խաղալիքների պատմություն» մուլտիպլիկացիոն ֆիլմի համար: