Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (155)
Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք իրանցի փիլիսոփա, պատմագիր և մեկնաբան Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարիի մասին:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում շարունակելով նախորդ հաղորդման թեման խոսելու ենք իրանցի պատմագիր, մեկնաբան, իսլամական օրենսգետ և հադիսագետ Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարիի մասին:
---
Ասացինք, որ պատմագիր և Ղուրանի մեծ մեկնաբան Աբու Ջաըֆար Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարին ծնվել է լուսնային հիջրեթի 224 թվականին Իրանի հյուսիսային Ամոլ քաղաքում։ Թաբարին օժտված էր անսահման ընդունակություններով։ Նա ծանոթանալով օրվա գիտություններին 12 տարեկան հասակում իր հոր խրախուսմամբ գիտություն վաստակելու համար սկսում է ճանապարհորդել: Ռեյը, Բաղդադը, Շամն ու Եգիպտոսն այն վայրերն են, որտեղ Թաբարին որոշ ժամանակ բնակվելով գիտություն է վաստակել՝ աշակերտելով փիլիսոփայության, իսլամական օրենսգիտության ու հադիսի ժամանակի ուսուցիչներին: Այնուհետև բնակություն է հաստատում Բաղդադում, որտեղ մնում է մինչև կյանքի ավարտը: Թաբարին Բաղդադում կատարելագործելով իսլամական օրենսգիտության, պատմության ու հադիսի բնագավառում իր գիտելիքները նաև աշակերտներ է դաստիարակում ու հեղինակում է արժեքավոր աշխատություններ, որոնցից են նրա պատմության գիրքն ու Ղուրանի մեկնաբանությունը: Աբու Ջաըֆար Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարին վախճանվեց լուսնային հիջրեթի 310 թվականի շավալ ամսվա 26-ին՝ Բաղդադում և մեկ օր անց նրա դիակն ամփոփվեց նրա տանը:

Ինչպես ասացինք Թաբարիի գլխավոր ստեղծագործություններից մեկը Նրա «Թարիխ-օլ-Օմամ վա ալ-Ռոսոլ վալ-Մոլուք»-ն է, որը հայտնի է «Թարիխ Թաբարի» կամ «Թաբարիի պատմությունը» անվամբ ստեղծման օրից մինչև այսօր իսլամի պատմությունը գրող բոլոր պատմագիրների համար կարևոր աղբյուր է ծառայել: Բանասերների համոզմամբ իսլամի պատմագրությունը շարունակվել է Թաբարիի պատմությանը կատարված բազմաթիվ հավելումներով: Մինչև լուսնային հիջրեթի 7-րդ դարը, երբ Իբն Ասիրը գրում է «Ալ-Քամել» խորագրով իր պատմությունը, Թաբարիի պատմությունն ուղղակի ազդեցություն է գործել մուսուլմանների պատմագրության վրա: Իբն Ասիրն էլ իր պատմությունը գրի է առել Թաբարիի պատմության նման դա հասցնելով մինչև 302 թվականը: Թաբարին ինքը հավելված է գրել իր պատմության համար ու նրանից հետո էլ գրքին տարբեր հավելումներ են կատարվել, որոնցից կարելի է հիշատակել Աըրիբ Իբն Սաըդ Ղորթոբիի «Սելաթ Թարիխ Ալ-Թաբարի»-ն, որը ներառում է լուսնային հիջրեթի 290-ից 320 թվականների իրադարձությունները և Մոհամմեդ Իբն Աբդոլմալեք Համադանիի «Թաքմալաթ Թարիխ Ալ-Թաբարի»-ն, որը նկարագրում է 295-ից 512 թվականների դեպքերը: Ոմանք ամփոփել են Թաբարիի պատմությունը: Դախուիեն մի շարք արևելագետների համագործակցությամբ Թաբարիի ամբողջական պատմությունը խմբագրել է 13 հատորներում և դրա երեք հավելվածների հետ միասին 1879-ից 1901 թվականների ընթացքում հրատարակել է Լիդենում: Դրա հավելվածներն են «Ալ-Մոնթախաբ Մեն Քեթաբ Զեյլ Օլ-Մոզայալ Ֆի Ասմա Էլ-Սահաբե Վալ-Թաբեին»-ը, որն ընդգրկում է Թաբարիի «Զեյլ Օլ-Մոզայալ» գրքից հատվածներ է և կազմում է 13-րդ հատորի երկրորդ բաժինը: Հեղինակի մասին լատիներենով գրված նախաբանը, գրքի տարբեր ձեռագրերի նկարագրությունը, ինչպես նաև բառարանն ու ստուգումները գրքի 14-րդ և 15-րդ հատորներն են համարվում: 16-րդ հատորում ներկայացված է Աըրիբ Իբն Սաըդ Ղորթոբիի գրքի մի բաժինը, որը խմբագիրները «Սելաթ Թարիխ Ալ-Թաբարի» են կոչել:
Մոհամմեդ Աբոլֆազլ Էբրահիմը հիմք ընդունելով Լիդենի տպագրությունն ու նաև նորահայտ ձեռագրերը, Թաբարիի 10 հատորանոց պատմությունը 1960 թվականին հրատարակում է Կահիրեում: Նա 1967 թվականին Կահիրեում վերահրատարակում է Թաբարիի պատմությունը դրան ավելացնելով Աըրիբ Իբն Սաըդ Ղորթոբիի «Սելաթ Թարիխ Ալ-Թաբարի»-ը, Մոհամմեդ Իբն Աբդոլմալեք Համադանիի «Թաքմալաթ Թարիխ Ալ-Թաբարի-ն ու Թաբարիի «Ալ-Մոնթախաբ Մեն Քեթաբ Զեյլ Օլ-Մոզայալ»-ն, իրենց առանձին ցանկագրություններով: Թաբարիի պատմությունը մի քանի անգամ թարգմանվել է: Աբու Ալի Բալըամին լուսնային հիջրեթի 4-րդ դարում պարսկերենի է թարգմանել Թաբարիի պատմությունը: Աբոլղասեմ Փայանդեն նույնպես թարգմանել է Թաբարիի պատմությունը կրկնությունները կրճատելով ու դրան ավելացնելով «Սելաթ Թարիխ Ալ-Թաբարի»-ն և դա 16 հատորներում հրատարակել է իրանական 1352-ից 1354 թվականներին: Հետագային առանձին հատորով հրատարակել է նաև գրքի ցանկագրությունը: Մի շարք արևելագետներ, այդ թվում Բասորսը, Ռոզենտալը և Մոնթգոմերի Վաթը Էհսան Յար Շաթերի վերահսկողության ներքո Թաբարիի պատմության ամբողջ բնագիրը թարգմանել են անգլերենի և հավելյալ բացատրություններով դա հրատարակել են 38 հատորներում:

Գրքի առաջին թարգմանությունը Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարիի վախճանումից շուրջ 40 տարի անց կատարվել է պարսկերեն լեզվով: Սամանյանների գիտնական նախարար Աբու Աալի Բալըամին լուսնային հիջրեթի 352 թվականին Ամիր Աբուսալեհ Մանսուր Իբն Նուհ Սամանիի կարգադրությամբ հանրության համար օգտագործելի դառնալու համար արաբերենից պարսկերենի է թարգմանում Թաբարիի պատմությունը: Իսլամ Իրան մուտք գործելուն հաջորդած առաջին դարերում իրանցի շատ մտավորականներ արաբերեն լեզվով էին ստեղծագործում: Սամանյան էմիրները պարսկերեն լեզուն պաշտպանելու ուղղությամբ մեծ ջանք են գործադրում: Այս ժամանակաշրջանում, այսինքն լուսնային հիջրեթի 4-րդ դարի երկրորդ կեսին բազմաթիվ այլ ստեղծագործությունների հետ միասին պարսկերենի են թարգմանվում նաև Թաբարիի երկու արժեքավոր աշխատասիրությունները՝ պատմությունն ու Ղուրանի մեկնաբանությունը: Հանրության համար մատչելի լինելու համար Բալըամին Թաբարիի պատմությունը թարգմանում է սահուն ու պարզ պարսկերենի: Մոհամմեդ Թաղի Բահարն այս գրքի պարզության մասին նշել է. «Այնքան պարզ էր գրված, որ նույնիսկ իրանցի տատիկները կարող էին դա ընթերցել»:
Բալըամին Թաբարիի պատմության իր թարգմանության մեջ ամփոփումներ է կատարել: Նա Թաբարիի պատմության մեջ տեղ գտած նյութերը ներկայացրել է համառոտ ու սեղմված ձևով: Այդ պատճառով էլ թարգմանված գրքի ծավալը բնօրինակից շատ ավելի փոքր է: Թաբարիի պատմության պարսկերեն թարգմանությունը դրա խմբագիր Մոհամմեդ Ռոշանը «Թարիխնամե Թաբարի» է անվանել, իսկ Մալեք-օլ-Շոարա Բահարը դա կոչել է «Թարիխ Բալըամի»: Բալըամին Թաբարիի պատմության թարգմանության ժամանակ կրճատել է այն բաժիններն ու պատմական դրվագները, որոնց անհրաժեշտ չի համարել: Վկայողների անունները, հղումների փաստաթղթերը, կողմնակի դրվագները, անկարևոր անձնանունները, բանաստեղծություններն ու խալիֆաների քարոզները, Թաբարիի պատմության պարսկերեն թարգմանության ժամանակ կրճատված պարագաներից են:
Բալըամիի թարգմանությունը Թաբարիի պատմության ազատ թարգմանությունն է և բառ առ բառ չի թարգմանվել: Բալըամին փորձ է կատարել պահպանել Թաբարիի պատմության հիմնական կմախքը, այդուհանդերձ դեպքերը շարադրելիս իրեն չափազանց ազատ է զգացել ու իրեն չի սահմանափակել սոսկ թարգմանական աշխատանքով: Այս յուրահատկությունն այնքան ուշագրավ ու զգալի է, որ որոշ բանասերներ ու գրաքննադատներ Բալըամի ստեղծագործությունն անկախ մի գիրք են համարել, որը թե թարգմանություն և թե աշխատասիրություն է: Այդուհանդերձ Բալըամի պատմությունը լինելով հին ստեղծագործություն ինքը պատմական արժեքավոր աղբյուր է ծառայում ու թարգմանության եղանակը դրա արժեքից որևէ բան չի պակսեցնում:

Իրադարձությունը նկարագրելիս մի վկայության գերադասումն ու տարաձայնության առարկա վկայությունների կրճատումը Թաբարիի պատմության թարգմանության ժամանակ Բալըամիի նորարարություններից է: Թաբարին որևէ իրադարձություն նկարագրելիս առանց իր տեսակետը դրան խառնելուն, լիարժեք հավատարմությամբ ներկայացնում է տարբեր ու երբեմն հակասական բոլոր նկարագրություններն ու վարկածները, ինչը սխալն ու ճիշտը զատորոշելու հարցում լուրջ բարդություն է առաջացնում ընթերցողի համար: Սակայն Բալըամի թարգմանության մեջ ընթերցողը շփոթմունքի չի մատնվում ու հեշտությամբ ընկալում է իրադարձության մասին հեղինակի տեսակետը: Թաբարին իր պատմության մեջ իրադարձությունները նկարագրում է ժամանակագրական կարգով ու դա պատճառ է դառնում, որ երբեմն մի իրադարձություն ներկայացվի տարբեր հատվածներում, ինչը տեղի է ունենում այն ժամանակ, երբ այդ իրադարձությունը մի տարուց անցում է հաջորդ տարվան: Բալըամին իր թարգմանության մեջ յուրաքանչյուր տարվա իրադարձությունները ներկայացնում է թեմատիկ ու սեղմ կերպով: Բալըամին նաև փոխել է նյութերի խորագրերը: Բանասերների համոզմամբ Բալըամիի ընտրած խորագրերն ավելի համահունչ են կառույցին ու այդ տեսակետից Բալըամիի աշխատանքն ավելի կատարյալ ու մանրակրկիտ է համարվում: Թարգմանությունը երբեմն տարբերվում է բնագրից: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Բալըամին օգտագործում է Թաբարիի պատմությունից բացի այլ աղբյուրներ: Հակառակ Թաբարիին, որ խուսափում է պատմական իրադարձությունները վերլուծելուց ու դրանց արմատները գտնելուց, Բալըամին իր թարգմանության մեջ երբեմն հիմք ընդունելով պատմական փաստաթղթեր, պարզ ու հստակ վերլուծություններ է կատարում:
Բալըամիի կողմից Թաբարիի պատմության թարգմանությունը հրատարակվել է «Թարիխ Բալըամի» կամ «Բալըամիի պատմությունը», «Թաբարիի պատմության թարգմանությունը» և «Թարիխնամե Թաբարի» երեք տարբեր անուններով: Այս թարգմանությունից պահպանվել են բազմաթիվ ձեռագիր օրինակներ, որոնցից որոշները տարբերվում են մյուսներից: Ըստ երևույթին Բալըամիի պատմության պահպանված ամենահին ձեռագիրը պատկանում է լուսնային հիջրեթի 586 թվականին, որն իրանական 1345 թվականին Մոջթաբա Մինավիի նախաբանով հրատարակվել է Իրանի մշակույթի հիմնադրամի ձեռագրերի պատկերների շարանում: Զոթենբերգն ու Դոբոն այդ աշխատասիրությունը թարգմանել են ֆրանսերենի, որը 1867-ից 1874 թվականների ընթացքում չորս հատորներով հրատարակվել է Փարիզում: